Համարը 
թիվ 22571/05
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.10.13/50(784)
Ընդունման վայրը 
Ստրասբուրգ
Ընդունող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվը 
16.06.2009
Ստորագրող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԹԻՎ 2) ԳՈՐԾՈՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_915

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԹԻՎ 2)

 

(Գանգատ թիվ 22571/05)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

16 հունիսի 2009

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

 

16/09/2009

 

 Սույն վճիռը կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Գասպարյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 2) գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`

Josep Casadevall,Ջոզեփ Կասադեվալ  Նախագահ,

Elisabet Fսra-Sandstöm,Էլիսաբեթ Ֆուրա

Corneliu BÎrsan, Կորնելիու Բիրսան,

Boštjan M. Zupančič,Բ. Զուպանչիչ,

Alvina Gyսlսmyan, Ալվինա Գյուլումյան,

Egbert Myjer,Էգբերթ Միջեր,

Luis López Gսerra,Լուիս Լոպես Գերրա  դատավորներ,

և Stanley Naismitհ, Սթենլի Նեյսմիթ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2009թ. մայիսի 26-ին կայացած դռնփակ նիստում,

Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2004թ. օգոստոսի 18-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի Մաքսիմ Գասպարյանի («դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 22571/05 գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացնում էին Լոնդոնում գործող Մարդու Իրավունքների Քրդական Ծրագրի (KHRP) իրավաբաններ պրն Մ. Մյուլլերը, պրն Թ. Օթթին, պրն Ք. Յիլդիզը և տկն Ա. Սթոքը, և Երևանում գործող փաստաբան պրն Տ. Տեր-Եսայանը: ՀՀ կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2007թ. սեպտեմբերի 5-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1948թ. և ապրում է Երևանում:

5. Դիմումատուի պնդմամբ 2004թ. ապրիլի 5-ին և 9-ին առավոտյան ժամը 9-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տարել են Երևան քաղաքի ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ նրան պահել են մինչև համապատասխանաբար երեկոյան ժամը 7-ը և 6-ը: Դիմումատուն չի հարցաքննվել և որևէ բացատրություն նրա ձերբակալման մասին չի տրվել: Չեն կազմվել ձերբակալման մասին արձանագրությունները: Ըստ դիմումատուի, վերը նշված ձերբակալությունները մտադրություն են ունեցել կանխելու իր մասնակցությունը քաղաքական ընդդիմադիր կուսակցության կողմից այդ օրերին Երևանում կազմակերպված բազմամարդ ցույցերին:

6. 2004թ. մայիսի 20-ին դիմումատուն բերման է ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանության Շենգավիթի բաժին:

7. Համաձայն բերման ենթարկելու մասին արձանագրության` դիմումատուն «բերման է ենթարկվել Նժդեհ փողոցից երեկոյան ժամը 7 անց 45-ին ... հասարակական կարգը խախտելու համար»:

8. Դիմումատուի պնդմամբ` իրականում ձերբակալությունն իրականացվել է իր տանը երեկոյան ժամը 5-ին, երբ ոստիկանության աշխատակիցներն այցելել են իրեն, այնուհետ տարել են ոստիկանության բաժին:

9. Ոստիկանության պետին ուղղված զեկուցագրում ձերբակալությունն իրականացնող ոստիկանները նշել են.

 

«... 2004թ. մայիսի 20-ին ժամը ... [մենք] շրջագայում էինք Նժդեհի հրապարակում, նկատեցինք մի տղամարդու, որը անհասցե բարձրաձայն հայհոյանքներ էր տալիս: Մոտեցանք վերջինիս, փորձեցինք կարգի հրավիրել, սակայն նա չընդունեց մեր դիտողությունները և շարունակեց իր լկտի պահվածքը: Նշված քաղաքացուն բերման ենթարկեցինք ոստիկանություն, որտեղ պարզվեց, որ նա հանդիսանում է [Գասպարյանը] ... »:

 

10. Ոստիկանության աշխատակիցները կազմել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն, որտեղ նշել են, որ դիմումատուն մեղադրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ)182-րդ հոդվածով: Դիմումատուն հրաժարվել է ստորագրել վերը նշված փաստաթղթերը կամ ներկայացնել գրավոր բացատրություն:

11. Դիմումատուն պնդեց, որ ոստիկանության բաժնում սկզբում իրեն տարել են ոստիկանության բաժնի պետի մոտ: Այնուհետ, նա հարցաքննվեց երթերին մասնակցելու և ընդդիմությանն աջակցելու կապակցությամբ: Դիմումատուն հայտնել է ոստիկանության աշխատակիցներին, որ հասարակական կարգը չի խախտել, որին ի պատասխան վերջիններս հայտնել եմ դիմումատուին, որ ինչ որոշված է, այն էլ լինելու է: Դիմումատուն խնդրել է, որպեսզի թույլատրեն իրեն փաստաբան հրավիրել, ինչը, սակայն, մերժվել է նրանց կողմից:

12. Կառավարությունն առարկեց այս պնդման դեմ և հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են դիմումատուին իր դատավարական իրավունքները և խորհուրդ են տվել վերջինիս օգտվել փաստաբան հրավիրելու իր իրավունքից, որից դիմումատուն չի ցանկացել օգտվել:

13. Դիմումատուի պնդմամբ` երեկոյան ժամը 10-ին, իրեն տարել են Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.-ի մոտ, ով, կարճատև նիստից հետո, դիմումատուին մեղավոր է ճանաչել ՎԻՎՕ 182 հոդվածի համաձայն և դատապարտել է 8-օրյա վարչական կալանքի: Դատավորի ողջ եզրահանգումը ներկայացված էր հետևյալ կերպ.

 

«[Դիմումատուն] 2004թ. մայիսի 20-ին երեկոյան ժամը 7-ի սահմաններում, Նժդեհի հրապարակում տվել է անհասցե հայհոյանքներ, իսկ երբ ոստիկանության աշխատակիցները դիտողություն են արել և կարգի հրավիրել նրան, վերջինս այն ցավագին է ընդունել, շարունակել լկտի վարքագիծ դրսևորել, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, որի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին ... »:

 

II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. ՎԻՎՕ համապատասխան դրույթների համառոտ նկարագրությունը տես Գալստյանն ընդդեմ Հայաստանի վճռում (թիվ 26986/03, պարբ. 26, 2007թ. նոյեմբերի 15): ՎԻՎՕ այն դրույթները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում և չեն նկարագրվել վերը նշված վճռում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 182.

Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

 

«Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը կամ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉՍՊԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

15. Կառավարությունը պնդեց, որ 2003թ. մարտի 22-ի որոշման առնչությամբ դիմումատուն չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, քանի որ չի բողոքարկել այն Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին` համաձայն ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի:

16. Դիմումատուն չընդունեց Կառավարության առարկությունները:

17. Դատարանը նշում է, որ նշված հարցը նախկինում քննարկվել է իր կողմից, որի արդյունքում Դատարանը գտել է, որ ՎԻՎՕ 294 հոդվածով նախատեսված բողոքարկման հնարավորությունը չի հանդիսանում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ ներպետական պաշտպանության միջոց (տե´ս Գալստյան, վկայակոչված վերևում, պարբ. 42): Հետևաբար, Կառավարության նախնական առարկությունները պետք է մերժվեն:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

18. Դիմումատուն ներկայացրել է մի շարք բողոքներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առնչությամբ, որը համապատասխանաբար սահմանում է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

 

...

 

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

 

...

 

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

 

...

 

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

 

Ընդունելիությունը

 

 1. Դիմումատուի` 2004թ. ապրիլի 5-ի և 9-ի ենթադրյալ ձերբակալումները

 

19. Դիմումատուն բողոքեց, որ երկու անգամ ենթարկվել է անօրինական ձերբակալումների համապատասխանաբար 2004թ. ապրիլի 5-ին և 9-ին, և վկայակոչեց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը: Դատարանն ի սկզբանե ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ նշված ենթադրյալ ձերբակալումների կապակցությամբ դիմումատուն որևէ բողոք չի ներկայացրել ներպետական դատարան, որն առաջացնում է ներպետական պաշտպանության միջոցների չսպառման խնդիր: Ամեն դեպքում, եթե անգամ ենթադրվի, որ առկա չեն եղել ներպետական պաշտպանության արդյունավետ միջոցներ, գործի նյութերում չկա որևէ ապացույց, որը կհաստատի դիմումատուի այն պնդումը, որ վերը նշված օրերին դիմումատուն ձերբակալվել է:

20. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

 2. Դիմումատուի` 2004թ. մայիսի 20-ի կալանավորումը

 

21. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուի վարչական կալանքը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետին: Դիմումատուի կալանավորման վերաբերյալ գործը քննվել է առաջին ատյանի դատարանի կողմից, որը հանդիսանում է միակ իրավասու մարմինը: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դատական վերահսկողությանը, այն արդեն ներառված է եղել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ:

22. Դիմումատուն բողոքեց, որ իր վարչական կալանքը եղել է կամայական, անօրինական և չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ի կետին: Այնուհետև, նա պնդեց, որ դատավարությունն ընթացել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջների խախտմամբ:

23. Դատարանը հիշեցնում է, որ իր կողմից արդեն քննվել է 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված նմանատիպ գանգատ, որով գտել է, որ դիմումատուն ենթարկվել է վարչական կալանքի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով սահմանված «իրավասու դատարանի կողմից դատապարտվելուց» հետո և օրենքով սահմանված կարգով (տե´ս Գալստյան` վկայակոչված վերևում, պարբ. 47-49): Սույն գործով Դատարանը այդ մոտեցումից շեղվելու պատճառ չի տեսնում: Դատարանն այնուհետ հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ ազատազրկման դատապարտումը նշանակվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով սահմանված «իրավասու դատարանի կողմից դատապարտման» արդյունքում, ապա 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վերահսկողությունն արդեն ներառված է որոշման մեջ (տե´ս Գալստյան` վկայակոչված վերևում, պարբ. 51): Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերը, սույն գործում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի առնչությամբ խնդիր չի առաջանում:

24. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն ներկայացրեց մի շարք բողոքներ իր դեմ հարուցված վարչական վարույթի առնչությամբ` վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի (ա)-ից (դ) ենթակետերը, որոնք համապատասխանաբար սահմանում են.

 

«1. Յուրաքանչյուր ոք, …նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք… անկախ ու անաչառ դատարանի կողմից…

...

 

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

 

(ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

 

(բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

 

(գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով...

 

(դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները...»

 

Ա. Ընդունելիությունը

 

26. Դատարանը գտնում է, որ նշված գանգատներն ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Այնուհետև, Դատարանը նշում է, որ դրանք անընդունելի չեն կարող համարվել որևէ այլ հիմքով: Հետևաբար, նշված գանգատները հայտարարվում են ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

27. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուն ունեցել է արդարացի և հրապարակային դատաքննություն: Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց ի հիմնավորումն իր այն ենթադրության, որ դատավորը չի եղել անաչառ: Դիմումատուն անհապաղ հանգամանորեն տեղեկացվել է իրեն ներկայացված մեղադրանքի մասին: Ավելին, նրան տրամադրվել է բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Մասնավորապես, դիմումատուն ծանոթացել է իր դեմ հարուցված գործի նյութերին, տեղեկացվել է իր դատավարական իրավունքների, ներառյալ միջնորդություններ ներկայացնելու, վկաներ կանչելու, ինչպես նաև փաստաբան հրավիրելու իրավունքների մասին, որոնցից չի ցանկացել օգտվել:

28. Դիմումատուն բողոքեց, որ դատավարությունը չի եղել արդարացի և հրապարակային, իսկ դատարանը` անկախ ու անաչառ: Ավելին, դատավարությունը չի եղել հրապարակային, քանի որ այն տեղի է ունեցել ուշ ժամին` դատավորի աշխատասենյակում: Դատավարության արագությունը, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ու հնարավորություններ չտրամադրելը և այն փաստը, որ նա զրկված է եղել վկաներ կանչելու և հարցաքննելու կամ իր օգտին ցուցմունքներ տալու իրավունքից, նրան դրել են ակնհայտ անհավասար պայմաններում իր հակառակորդի նկատմամբ: Գործի նյութերը, ներառյալ նաև դիմումատուին առաջադրված մեղադրանքը, չեն ներկայացվել իրեն մինչև դատական նիստը, իսկ դատարանի կայացրած վճիռը չի եղել պատճառաբանված: Դիմումատուն չի տեղեկացվել իր դատավարական իրավունքների մասին, դիմումատուն զրկվել է պաշտպան ունենալու իրավունքից ինչպես դատավարությունից առաջ, այնպես էլ` դրա ընթացքում, որը տևել է ընդամենը մի քանի րոպե:

29. Դատարանը նախ և առաջ նշում է, որ նմանատիպ փաստեր և գանգատներ արդեն քննվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված մի շարք գործերով, որոնցով Դատարանը 6-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետի խախտում է ճանաչել 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ (տե´ս Գալստյան` վկայակոչված վերևում, պարբ. 86-88, և Աշուղյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 33268/03, պարբ. 66-67, 2008թ. հուլիսի 17): Սույն գործի հանգամանքները գրեթե նույնական են: Դիմումատուի դեմ հարուցված վարչական գործը արագացված կարգով քննվել է ՎԻՎՕ 277-րդ հոդվածով նախատեսված դրույթներով: Դիմումատուն նույնպես բերման է ենթարկվել և պահվել է ոստիկանության բաժնում, առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի հնարավորության, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանքը, և մի քանի ժամվա ընթացքում տարվել է դատարան և դատապարտվել է: Հետևաբար, սույն գործով Դատարանը մեկ այլ եզրահանգման գալու պատճառ չի տեսնում և, այսպիսով, եզրակացնում է, որ դիմումատուի դատաքննությունը չի եղել արդար, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ նրան չի տրամադրվել բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:

30. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում` զուգորդված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ:

31. Ելնելով նախորդ պարբերությունում ներկայացված եզրակացությունից, Դատարանը անհրաժեշտ չի համարում քննության առնել նաև 6-րդ հոդվածի այլ ենթադրյալ խախտումները:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

32. Դիմումատուն` Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա, բողոքեց, որ հնարավորություն չի ունեցել բողոքարկելու 2004թ. մայիսի 20-ի որոշումը: Դատարանը որոշեց քննել այս գանգատը Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը համապատասխանաբար սահմանում է.

 

«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:

 

Ա. Ընդունելիությունը

 

33. Դատարանը գտնում է, որ նշված գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Այնուհետ, Դատարանը նշում է, որ գանգատն անընդունելի չի կարող համարվել որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն հայտարարվում է ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

34. Կառավարությունը նշեց, որ դիմումատուն, ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված կարգով, իրեն պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման իրավունք է ունեցել:

35. Դիմումատուն առարկեց, որ ՎԻՎՕ 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման ընթացակարգն իրեն չի ընձեռել բողոքարկելու հստակ և մատչելի իրավունք:

36. Դատարանը նշում է, որ սույն գործում դիմումատուի դատապարտումն իրականացվել է միևնույն ընթացակարգով, ինչ վերոնշյալ Գալստյանի գործում, որով Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուին չի ընձեռվել վերանայման այնպիսի հնարավորություն, որը կարող էր համարվել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածին համապատասխան (տե´ս Գալստյան` վկայակոչված վերևում, պարբ. 124-27): Սույն գործով Դատարանը այդ մոտեցումից շեղվելու պատճառ չի տեսնում:

37. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

38. Ի վերջո, դիմումատուն բողոքեց, որ դատապարտման արդյունքում խախտվել են Կոնվենցիայի 11-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները:

39. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, ինչպես նաև նշված գանգատները քննության առնելու իր իրավասության շրջանակները, Դատարանը եզրակացնում է, որ առկա չէ Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների և ազատությունների խախտում: Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

40. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

41. Դիմումատուն պահանջեց 15,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

42. Կառավարությունը նշեց, որ Կոնվենցիայի խախտման ճանաչումը բավարար փոխհատուցում է ոչ նյութական վնասի համար: Ամեն դեպքում, պահանջված գումարը չափազանցված է:

43. Դատարանը գտնում է, որ դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս` անարդար դատաքննության արդյունքում դատապարտվելով, ինչպես նաև հնարավորություն չունենալով բողոքարկել այդ դատապարտումը: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 2,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

44. Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար դիմումատուն պահանջել է` 3,150 ԱՄՆ դոլար որպես իր ներպետական փաստաբանին վճարված գումար (21 ժամ՝ յուրաքանչյուր ժամի համար` 150 ԱՄՆ դոլար), 5,955 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ)` Միացյալ Թագավորությունում գործող իր երեք փաստաբաններին վճարված գումարի համար՝ ներառյալ KHRP-ի երկու իրավաբաններին և մեկ փաստաբանին վճարված գումարը (ընդամենը 7, 4 և 22 ժամ՝ յուրաքանչյուր ժամվա համար համապատասխանաբար 150 ՄԲՖ), ինչպես նաև 385 ՄԲՖ KHRP-ի կրած կազմակերպչական ծախսերի համար: Դիմումատուն իր պահանջը հիմնավորել է ներկայացնելով ժամանակացույցերը, որտեղ մանրամասն նկարագրված են մատուցված ծառայության յուրաքանչյուր ժամի դրույքաչափերը:

45. Կառավարությունը պնդեց, որ ներպետական և արտասահմանյան փաստաբանների կապակցությամբ նշված պահանջները պատշաճ փաստաթղթային հիմնավորում չունեն, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ պայմանագիր, որը կվկայեր իրավաբանների հետ ենթադրյալ ժամավճարով իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնության առկայության փաստի մասին, իսկ ներկայացված ժամանակացույցերը և վճարման հանձնարարագրերը հաստատված չեն ստորագրություններով և կնիքներով: Ավելին, դիմումատուն օգտվել է չափից ավելի շատ իրավաբանների ծառայություններից, չնայած գործն այնքան ծավալուն չէր, որ արդարացներ նման անհրաժեշտությունը: Վերջապես, փաստաթղթային հիմնավորում ներկայացված չի նաև KHRP-ի կրած կազմակերպչական ծախսերի համար:

46. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, դիմումատուին տրամադրվում է ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Սույն գործում Դատարանը գտնում է, որ ոչ բոլոր հայցվող դատական ծախսերն են եղել անհրաժեշտ և ողջամիտ՝ ներառյալ օտարերկրյա և ներպետական իրավաբանների կողմից կրկնակի կատարած աշխատանքը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցերում: Ավելին, գումարի նվազեցում պետք է կատարվի նաև հաշվի առնելով այն փաստը, որ սկզբնական գանգատն ու դրան հաջորդող առարկությունների մեծ մասը ճանաչվել է անընդունելի: Կատարելով իր գնահատումը առկա տեղեկատվության հիման վրա և արդարացիության սկզբունքին համապատասխան՝ Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո կատարված ծախսերի և ծախքերի համար, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

47. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

 ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Հայտարարում է ընդունելի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (ա)-ից (դ) ենթակետերի, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատները, և անընդունելի` գանգատի մնացած մասը,

 

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` զուգորդված 6-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետի հետ առ այն, որ դիմումատուի դատաքննությունը չի եղել արդար, մասնավորապես` իր դեմ հարուցված վարչական վարույթի ժամանակ դիմումատուին չի տրամադրվել բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

 

3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո ներկայացված մնացած գանգատները,

 

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,

 

5. Վճռում է, որ

 (ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները:

 (i) 2,000 (երկու հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

 (ii) 3,000 (երեք հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին,

 (բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար՝ գումարած երեք տոկոս,

 

6. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2009թ. հունիսի 16-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

Սթենլի Նեյսմիթ

Քարտուղարի տեղակալ 

Ջոզեփ Կասադեվալ

 

Նախագահ