Համարը 
թիվ 24173/06
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.10.13/50(784)
Ընդունման վայրը 
Ստրասբուրգ
Ընդունող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվը 
09.02.2010
Ստորագրող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ԱՍԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_915

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԱՍԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 24173/06)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

9 փետրվարի 2010

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

 

09/05/2010

 

 Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործում,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`

 

Josep Casadevall, Ջոզեփ Կասադեվալ  Նախագահ

Elisabet Fura,  Էլիսաբեթ Ֆուրա

Boštjan M. Zupančič, Բ. Զուպանչիչ,

Alvina Gyulumyan,  Ալվինա Գյուլումյան

Ineta Ziemele,Ինետա Զիեմել

Luis López Guerra, Լուիս Լոպես Գերրա

Ann Power,Անն Պաուեր դատավորներ,

և Santiago Quesada, Սանտիագո Քուեսադա  Բաժանմունքի Քարտուղար,

2010թ. հունվարի 19-ին կայացած դռնփակ նիստում,

Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2006թ. մայիսի 22-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի տկն Սիլվա Ասատրյանի («դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 24173/06 գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացնում էր Երևանում գործող փաստաբան պրն Կ. Մեժլումյանը: ՀՀ կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2007թ. դեկտեմբերի 6-ին Երրորդ Բաժանմունքի Նախագահը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Դատարանը որոշեց նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1960թ. և ապրում է Երևան քաղաքում:

5. 2005թ. սեպտեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ին, դիմումատուն ձերբակալվեց սպանության փորձ կատարելու կասկածանքով:

6. 2005թ. սեպտեմբերի 26-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց:

7. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի համապատասխան միջնորդությունը և թույլատրեց դիմումատուի նկատմամբ կիրառել կալանավորում` երկու ամիս ժամկետով, որի սկիզբը պետք է հաշվվեր 2005թ. սեպտեմբերի 23-ից:

8. 2005թ. նոյեմբերի 14-ին քննիչը միջնորդություն հարուցեց առաջին ատյանի դատարան` խնդրելով երկարացնել դիմումատուի կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով:

9. 2005թ. նոյեմբերի 22-ին առաջին ատյանի դատարանը քննեց այս միջնորդությունը և որոշեց մերժել այն: Որոշումը ենթակա էր բողոքարկման:

10. 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 11-ի սահմաններում դիմումատուի փաստաբանն այս որոշման պատճենը ներկայացրեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին, որտեղ պահվում էր դիմումատուն:

11. Նույն օրը դատախազը բողոքարկեց վերոնշյալ որոշումը:

12. Նույն օրն ավելի ուշ` ժամը 17-ն անց 30-ին, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը սկսեց դատախազի ներկայացրած բողոքի քննությունը: Դատական նիստ դիմումատուին ուղեկցում էին ազգային անվտանգության մարմինների չորս աշխատակիցներ ծառայողական ավտոմեքենայով:

13. Դիմումատուի փաստաբանը ներկայացավ նիստին ժամը 17-ն անց 45-ին և խնդրեց տրամադրել տասը րոպե տևողությամբ ընդմիջում դիմումատուի հետ խորհրդակցելու համար: Կառավարությունը նշեց, որ փաստաբանը կանխամտածված ուշացել է նիստից, մինչդեռ դիմումատուն պնդեց, որ իր փաստաբանն այդ նիստի մասին տեղեկացվել է հեռախոսով միայն ժամը 17-ն անց 30-ին:

14. Ժամը 17-ն անց 50-ին լրացավ 2005թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանված դիմումատուի կալանքի ժամկետը:

15. Ընդմիջումից հետո փաստաբանը բացարկ հայտնեց դատարանի կազմին: Նախևառաջ, նա պնդեց, որ դատարանը դիմումատուին բավարար ժամանակ չի տրամադրել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, ինչպես նաև չի ապահովել կողմերի մրցակցային սկզբունքը: Այնուհետև, դատարանի շենքում գտնվող ազգային անվտանգության չորս աշխատակիցներն արգելեցին փաստացի ազատության մեջ գտնվող դիմումատուին դուրս գալ շենքից: Այսպիսով, այն փաստը, որ այս ամենը տեղի էր ունենում Վերաքննիչ դատարանի շենքում, ենթադրում էր, որ դատավարության ելքը կանխորոշված էր:

16. Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ բացարկը քննելու համար, որից հետո վերադարձավ և հայտարարեց այն մերժելու մասին իր որոշումը:

17. Այնուհետև, դատարանը պաշտպանության կողմի համար հայտարարեց քսան րոպե տևողությամբ ընդմիջում` դատախազի բողոքին և գործի նյութերին ծանոթանալու համար: Ընդմիջման ընթացքում շտապ օգնության կանչ արվեց դիմումատուի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նրա արյան ճնշումը բարձրացավ մինչև 180/100, սակայն ներարկում չէր կարելի անել, քանի որ դիմումատուն ալերգիկ էր, ուստի բժիշկը խորհուրդ տվեց հետաձգել նիստը:

18. Նիստը վերսկսվեց ժամը 20-ն անց 03-ին: Դիմումատուի փաստաբանը խնդրեց հետաձգել նիստը` հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակի վատթարացումը, ինչպես նաև իր կողմից դատախազի բողոքի հետ համապատասխան պայմաններում ծանոթանալու հանգամանքը: Դատարանը բավարարեց այս խնդրանքը և հետաձգեց նիստը մինչև 2005թ. նոյեմբերի 24-ը ժամը 13-ը:

19. Դատական նիստն ավարտվեց 20-ն անց 30-ի սահմաններում:

20. Դիմումատուն պնդեց և Կառավարությունը չառարկեց, որ դատական նիստի ողջ ընթացքում դիմումատուին հսկել են ազգային անվտանգության չորս աշխատակիցները և չեն թույլատրել ազատ տեղաշարժվել, ընդմիջումների ընթացքում լքել նիստերի դահլիճը կամ գնալ տուն: Դատական նիստի ավարտից հետո նշված աշխատակիցները նրան հարկադրաբար տարել և նստեցրել են նույն մեքենայի մեջ և տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս ամենը կատարվել է այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը խորհրդակցական սենյակում նախագահող դատավորի հետ անհատական խորհրդատվություն է ունեցել և նրանից ցուցումներ է ստացել:

21. 2005թ. նոյեմբերի 24-ին ժամը 13-ին Վերաքննիչ դատարանը վերսկսեց դատախազի բողոքի քննությունը: Դիմումատուն ներկա չէր նիստին:

22. Դիմումատուի փաստաբանը կրկին վիճարկեց դատարանի կազմի անաչառությունը` պնդելով, որ դատարանը դրսևորել է կողմնակալ վերաբերմունք: Մասնավորապես, մինչև դիմումատուի կալանքի ժամկետի լրանալը դատարանն անհապաղ նիստ նշանակեց դատախազի բողոքը քննելու համար: Այնուհետև, դատարանը ազատ չարձակեց դիմումատուին` չնայած այն հանգամանքին, որ նրա կալանքի ժամկետը չէր երկարացվել: Վերջապես, նիստի ավարտից հետո նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղ խորհրդակցություն ունեցավ ազգային անվտանգության աշխատակցի հետ, որի արդյունքում որոշվեց դիմումատուին կալանքի տակ պահել: Այնուհետև, նրան տեղափոխեցին ազգային անվտանգության մեկուսարան: Փաստաբանները պնդեցին, որ վերոնշյալը ցույց է տալիս, որ Վերաքննիչ դատարանն անաչառ չի եղել:

23. Դատարանը քննեց բացարկը և որոշեց մերժել այն:

24. Այնուհետև դիմումատուի փաստաբաններից մեկը հայտարարություն արեց` նշելով, որ 2005թ. նոյեմբերի 23-ի նիստից հետո ազգային անվտանգության աշխատակիցները դիմումատուին տարել են անորոշ ուղղությամբ` չնայած այն հանգամանքին, որ համաձայն օրենքի նա արդեն ազատ էր: Փաստաբանները հրաժարվեցին մասնակցել նիստին այդպիսի հանգամանքներում և լքեցին նիստերի դահլիճը:

25. Վերաքննիչ դատարանը քննեց դատախազի բողոքը նրանց բացակայությամբ և որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի 2005թ. նոյեմբերի 22-ի որոշումը և երկարացնել դիմումատուի կալանքի ժամկետը ևս երկու ամիս ժամանակով:

26. 2005թ. նոյեմբերի 28-ին դիմումատուի փաստաբաններից մեկը նամակով դիմեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին, նշելով.

 

«... Դուք ..., որպես [դիմումատուին] կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավար, 23.11.05 թ-ին ժամը 17.45-ին ոչ միայն ազատ չեք արձակել նրան, այլև չորս աշխատակիցների հսկողության ներքո 150 ՏՏ 02 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով ուղարկել եք դատարան, [դատական նիստի] ողջ ընթացքում, մինչև [նույն օրը] ժամը 20.30 Ձեր աշխատակիցների միջոցով հսկողություն եք իրականացրել [նրա] նկատմամբ` նրան արգելելով ազատ տեղաշարժվել. նույն աշխատակիցների միջոցով 20.30-ից 20.45-ի սահմաններում Ս. Ասատրյանի և նրա պաշտպան Կ. Մեժլումյանի կամքին հակառակ Ս. Ասատրյանին հարկադրաբար (թևերից բռնած, հրելով) նստեցրել եք վերը նշված ավտոմեքենան և տեղափոխել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու նրան ընդունել եք, մեր տեղեկություններով առանց համապատասխան դատական որոշման: Այդ ընթացքում (ժամը 21.00-ից 23-ի սահմաններում), ի դեպ, պաշտպանական կողմը բազմիցս զանգահարել է Ձեզ և Դուք հայտարարել եք, որ [դիմումատուին] կպահեք մինչև հաջորդ օրվա 13.00-ին նշանակված դատական քննության ավարտը...»:

 

27. 2005թ. դեկտեմբերի 5-ին դիմումատուի փաստաբանները բողոքարկեցին Վերաքննիչ դատարանի որոշումը նյութական իրավունքի խախտման հիմքով: Իրենց բողոքում նրանք կրկին բողոքեցին այն փաստի դեմ, որ 2005թ. նոյեմբերի 23-ին դիմումատուն ազատ չէր արձակվել:

28. 2005թ. դեկտեմբերի 8-ին դիմումատուի փաստաբանները նույնաբովանդակ հայտարարությամբ դիմեցին Գլխավոր դատախազին:

29. 2005թ. դեկտեմբերի 9-ի նամակով ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վճռաբեկ դատարանն այլևս իրավասու չէր այն քննելու:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք (ՔԴՕ)

 

30. ՔԴՕ համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

Հոդված 11. Անձի անձեռնմխելիությունը

 

«5. Դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:»

 

Հոդված 136. Խափանման միջոց կիրառելու կարգը

 

«2. Կալանավորումը ... կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս...»

 

Հոդված 137. Կալանավորումը

 

«5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:

 

Հոդված 138. Կալանքի տակ պահելու ժամկետը

 

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից...

 

...

3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի...

 

4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է երկարացվել մինչեւ 1 տարի:»

 

Հոդված 139. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը

 

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում:

...

3. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:»

 

Հոդված 141.

Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի պարտականությունները

 

«Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` ... (10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանքի տակ պահվող, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց:»

 

Հոդված 142.

Մեղադրյալին կալանքից ազատելը

 

«1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`... (4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը...

 

...

3. ... Սույն հոդվածի առաջին մասի [4-րդ կետով] նախատեսված դեպքերում... մեղադրյալին անմիջապես ազատում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:»

 

Հոդված 150.

Խափանման միջոցների բողոքարկումը

 

«2. Խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:»

 

Բ. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք

 

31. Օրենքի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

Հոդված 13. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները

 

««Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի` ... դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ... դատարանին»:

 

Հոդված 18. Ձերբակալված և կալանավորված անձանց առաջարկությունները, դիմումները, բողոքներն ու դրանք քննարկելու կարգը

 

«...[Դատավորին]... հասցեագրված ... բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են [նրան]»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

32. Դիմումատուն բողոքեց, որ իր կալանավորումը 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ից մինչև այն պահն ընկած ժամանակահատվածը, երբ 2005թ. նոյեմբերի 24-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել կալանավորման ժամկետը, անօրինական է: Նա վկայակոչեց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետը և 4-րդ մասը, որոնք համապատասխանաբար սահմանում են.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

...

(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար;

...

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:»

 

Ա. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետը

 

1. Կողմերի պնդումները

 

33. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուն իսկապես ազատությունից զրկված է եղել 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ից մինչև այն պահն ընկած ժամանակահատվածը, երբ հաջորդ օրը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել նրա կալանքի ժամկետը: Կառավարությունն, այնուամենայնիվ, պնդեց, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատասխանատու էր դիմումատուի շարունակական ապօրինի կալանքի համար` որևէ քայլ չձեռնարկելով նրան ազատ արձակելու համար, չնայած այն փաստին, որ ստացել էր առաջին ատյանի դատարանի` 2005թ. նոյեմբերի 22-ի որոշումը: Դիմումատուն, այնուամենայնիվ, չի բողոքարկել վարչակազմի անգործությունը ներպետական ատյաններում:

34. Կառավարությունն այնուհետև պնդեց, որ 2005թ. նոյեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը արեց ամեն հնարավորը դատախազի բողոքը քննելու և այդ խնդիրը լուծելու համար: Նույնը չի կարելի ասել դիմումատուի և նրա փաստաբանի մասին, ովքեր արեցին ամեն հնարավորը դատախազի բողոքի քննությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, փաստաբանը նիստին ուշ ներկայացավ և մի քանի անգամ պահանջեց ընդմիջում հայտարարել, որը բավարարվեց դատարանի կողմից: Դատարանը չկարողացավ ավարտել դատախազի բողոքի քննությունը և ստիպված եղավ հետաձգել նիստը` հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակը: Այսպիսով, 2005թ. նոյեմբերի 23-ին որոշման կայացման ուշացման և նիստի վերջնական հետաձգման հիմնական պատճառներն էին դիմումատուի փաստաբանի վարքագիծը և դիմումատուի առողջական վիճակի վատթարացումը: Այսպիսի հանգամանքներում, Giսlia Manzoni v. Italy (1997թ. հուլիսի 1, § 25, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-IV) գործում ընդունված մոտեցումը կիրառելի է նաև սույն գործում:

35. Դիմումատուն պնդեց, որ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառած կալանքը, որի ժամկետը չի երկարացվել, սպառվել էր 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ին և օրենքը պահանջում էր, որ նա ազատ արձակվի ոչ ուշ, քան նույն օրը ժամը 17-ն անց 51-ը: Դատարանը ստացավ դատախազի բողոքը այդ օրը կեսօրին և նշանակեց նիստ, որը պետք է կայանար նույն օրը, ինչի վերաբերյալ ժամը 17-ն անց 30-ին փաստաբանները հեռախոսով տեղեկացվեցին: Այնուամենայնիվ, երբ սպառվեց նրա կալանքի ժամկետը, դատարանը նրան ազատ չարձակեց և ազգային անվտանգության աշխատակիցների օգնությամբ նա պահվեց դատական նիստերի դահլիճում: Նրան նույնիսկ չթույլատրեցին լքել դատական նիստերի դահլիճը ընդմիջումների ընթացքում` չնայած պաշտոնապես ազատության մեջ գտնվելուն: Այնուհետև, նախագահող դատավորի հետ խորհրդակցելուց հետո և նրա ցուցումներով ազգային անվտանգության չորս աշխատակիցները հարկադրաբար դիմումատուին հետ տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջինս պահվեց մինչև հաջորդ օրը, երբ Վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել նրա կալանքի ժամկետը:

36. Դիմումատուն նաև պնդեց, որ սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներպետական միջոցները: Մասնավորապես, հաշվի առնելով, որ կալանքի ժամկետը լրանալու պահին նա գտնվում էր Վերաքննիչ դատարանում, որը` չնայած ՔԴՕ-ի 11 հոդվածի 5-րդ մասի պահանջների նրան ազատ չէր արձակել, որի հետևանքով բացարկ էր հայտարարվել դատարանի կազմին: Բացի այդ, նա բողոք է բերել Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ նյութական իրավունքի հիման վրա, որտեղ նա նաև բարձրացրել էր այդ հարցը: Ավելին, Կառավարության կողմից դիմումատուին ազատ չարձակելու մեջ միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին մեղադրելն անհիմն էր, քանի որ նա գտնվում էր դատարանում, երբ նրա կալանքի ժամկետը լրացել էր, և դատարանի պարտականությունն էր նրան ազատ արձակելը: Այսպես, դիմումատուի շարունակական անօրինական կալանքը դատարանի, ազգային անվտանգության աշխատակիցների և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ընդհանուր պարտավորությունն էր:

 

2. Դատարանի գնահատականը

 

(ա) Ընդունելիությունը

 

37. Դատարանն առաջին հերթին նշում է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 24-ին հաջորդած իր կալանքի ենթադրյալ անօրինական լինելն առաջին անգամ բողոքարկել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին Դատարան ներկայացրած իր առարկություններում: Դրանից հետևում է, որ այս բողոքը բերվել է ժամկետից դուրս և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին և 4-րդ մասերի:

38. Ինչ վերաբերում է 2005 թվականի նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշման միջև ընկած կալանքի ժամանակահատվածի ենթադրյալ անօրինական լինելու վերաբերյալ բողոքին, Դատարանը գտնում է, որ Կառավարության` իրավական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պահանջն ուղղակիորեն առնչվում է սույն գանգատի առարկային և, հետևաբար, պետք է միացվի դրա ըստ էության քննությանը:

39. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:

 

(բ) Ըստ էության քննությունը

 

40. Դատարանը կրկնում է, որ ցանկացած կալանք պետք է լինի օրինական: «Օրենքով սահմանված կարգով» արտահայտությունը հիմնականում վերաբերում է ներպետական օրենսդրությանը և սահմանում է պարտականություն` համապատասխանել դրա նյութական և ընթացակարգային դրույթներին, ինչպես նաև ենթադրում է, որ անձին ազատությունից զրկող ցանկացած միջոց պետք է համատեղելի լինի 5-րդ հոդվածի` անձին կամայականություններից պաշտպանելու նպատակի հետ (տե´ս Winterwerp v. the Netherlands, 1979թ. հոկտեմբերի 24, § 39, Սերիա Ա թիվ 33, և Lukanov v. Bulgaria, 1997թ. մարտի 20, § 41, Վճիռների և որոշումների ժողովածու 1997- II):

41. Դատարանն այնուհետև կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված ազատության իրավունքի բացառությունների ցանկը սպառիչ է, և միայն այդ բացառությունների նեղ մեկնաբանությունն է համատեղելի այդ դրույթի նպատակի հետ (տե´ս Quinn v. France, 1995թ. մարտի 22, § 42, Սերիա Ա թիվ 311, վերը վկայակոչված` Giulia Manzoni§ 25, K.-F. v. Germany, 1997թ. նոյեմբերի 27, §§ 70, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-VII, Labita v. Italy [ՄՊ], թիվ 26772/95, § 170, ՄԻԵԴ 2000-IV, և Nikolov v. Bulgaria, թիվ 38884/97, § 80, 2003թ. հունվարի 30):

42. Դատարանը նախկինում ընդունել է, որ նման հանգամանքներում կարող են լինել որոշ ուշացումներ մինչև կալանավորված անձին ազատ արձակելը: Սակայն, դա վերաբերում է այն դեպքերին, երբ կալանքի ժամկետը լրացել է դատարանի կարգադրության` այլ ոչ թե օրենքով սահմանված պայմանների արդյունքում: Դատական նիստերի ընթացքի և ադմինիստրատիվ ընթացակարգերի գործնական դիտարկումներից պարզ է դառնում, որ դատարանի նման որոշման կատարումը կարող է լինել ժամանակատար, ինչը սակայն պետք է հասցվի նվազագույնի, և ցանկացած դեպքում չգերազանցի մի քանի ժամը (տե´ս վերը վկայակոչված` Quinn§ 42, վերը վկայակոչված Giulia Manzoni§ 25, վերը վկայակոչված Labita§ 171, և վերը վկայակոչված Nikolov§ 82): Սակայն, երբ առավելագույն կալանքի ժամկետը և ազատ արձակումը կարգավորված են օրենքով, ի տարբերություն դատարանի որոշման, իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները, որպեսզի երաշխավորեն, որ չգերազանցվի թույլատրված ժամկետը (տե´ս վերը վկայակոչված K.-F., §§ 72, որտեղ նույնիսկ 45 րոպեով ուշացումը համարվել է 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում, քանի որ կալանքի առավելագույն ժամկետը նախապես հայտնի էր և վերջնական):

43. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ համաձայն ՔԴՕ-ի 136 հոդվածի 2-րդ մասի` կալանավորումը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ: Համաձայն ՔԴՕ 138 հոդվածի` կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից և չի կարող լինել երկու ամսից ավելի, քանի դեռ այն չի երկարացվել դատարանի կողմից: Դիմումատուն արգելանքի տակ էր վերցվել 2005թ. սեպտեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ին: Այսպես, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանված նրա կալանքի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2005թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ը: Նոյեմբերի 22-ին առաջին ատյանի դատարանը մերժեց երկարացնել դիմումատուի կալանքի ժամկետը: Սակայն, դիմումատուն ազատ չի արձակվել կալանքից հաջորդ օրը` ժամը 17-ն անց 50-ին: Փոխարենը` նրա կալանքի ժամկետը լրանալուց 20 րոպե առաջ նա տարվել է դատարան` մասնակցելու դատախազի կողմից 2005թ. նոյեմբերի 22-ի որոշման դեմ բերված բողոքի քննության նիստին: Ավելին, նիստը մինչև մոտ 20-ն անց 30-ը հետաձգելուց հետո դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ` չնայած այն փաստին, որ ՔԴՕ 141 հոդվածով պահանջվում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անմիջապես ազատ արձակի կալանավորին, երբ լրացել է նրա` դատարանի որոշմամբ սահմանված կալանքի ժամկետը:

44. Դատարանը դիտարկում է, որ Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուն անկասկած զրկված է եղել իր ազատությունից 2005թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և Վերաքննիչ դատարանի կողմից 2005թ. նոյեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ համարելու և նրա կալանքը երկարացնելու միջև ընկած ժամանակահատվածում: Կառավարությունը, սակայն, պահանջել է, որ կիրառվի վերը վկայակոչված Giulia Manzoni գործով ընդունված մոտեցումը: Դատարանը համաձայն չէ Կառավարության պահանջի հետ: Մասնավորապես, կան նաև այլ համանման գործեր, որոնք վերաբերում են այն իրավիճակին, երբ դատարանը կարգադրել է ազատ արձակել դիմումատուին, բայց այդ որոշումն իրականացնելու համար իշխանություններին անհրաժեշտ էր որոշ ժամանակ` բոլոր համապատասխան ադմինիստրատիվ ընթացակարգերը կատարելու համար: Սույն գործում, սակայն, առաջին ատյանի դատարանն իր 2005թ. նոյեմբերի 22-ի որոշմամբ չի կարգադրել ազատ արձակել դիմումատուին, այլ պարզապես մերժել է երկարացնել նրա կալանքը: Այսպես, դիմումատուի սահմանված կալանքի ժամկետը շարունակվեց և պետք է լրանար հաջորդ օրը, որի վերաբերյալ իշխանությունները տեղյակ էին և պարտավոր էին այն իրականացնել` քանի դեռ առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ չէր հայտարարվել: Այս իմաստով սույն գործն ավելի համանման է վերը վկայակոչված K.-F. գործին, քան Կառավարության կողմից մատնանշված գործին: Սակայն, սույն գործը պետք է տարբերել նույնիսկ նշված գործից` հետևյալ հիմնավորմամբ:

45. Կառավարությունը բերել է այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանում դիմումատուի գործի ուշացած քննությունը փաստաբանների գործողությունների հետևանք էր, մինչդեռ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո` դիմումատուն ինքը չի բողոքարկել վարչակազմի անգործությունը: Դատարանի համար, սակայն, համոզիչ չեն այդ փաստարկները: Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող կողմերը պետք է այնպես ձևավորեն իրենց իրավական համակարգը, որ իրավապահ մարմինները կարողանան կատարել իրենց պարտականությունը, այն է` խուսափել ազատությունից չարդարարված ձևով զրկելուց (տե´ս Shukhardin v. Russia, թիվ 65734/01, § 93, 2007թ. հունիսի 28, և Matyush v. Russia, թիվ 14850/03, § 73, 2008թ. դեկտեմբերի 9): Դատարանը նշում է, որ ՔԴՕ 139 հոդվածով պահանջվում է, որ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվի դատարան և քննության առնվի վերջինիս կողմից ոչ ուշ, քան կալանքի ժամկետը լրանալուց համապատասխանաբար` տասը և հինգ օր առաջ: Սակայն, քննիչը և առաջին ատյանի դատարանը չեն պահպանել ժամկետները` դրանով իսկ առաջացրել են դիմումատուի կալանքի երկարացման հարցի քննության անտեղի ուշացումներ (տե´ս վերը նշված պարբ. 8 և 9): Բացի այդ, դիմումատուն բերվել է Վերաքննիչ դատարան նրա կալանքի ժամկետը լրանալուց միայն 20 րոպե առաջ: Կառավարությունը, սակայն, չի տվել որևէ բացատրություն նշված ուշացումների վերաբերյալ: Նման հանգամանքներում դիմումատուն չի կարող մեղադրվել այն բանում, որ Վերաքննիչ դատարանը թերացել է ավարտել նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցի քննությունը մինչև դրա լրանալը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ամբողջ դատաքննությունը տևել է 20 րոպեից շատ ավելի երկար, այսինքն` մոտ երեք ժամ, և ավելին` արդյունքում այն հետաձգվել է:

46. Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ ընդունենք, որ վերաքննիչ բողոքի դատական քննության սկզբում կարճ ուշացումը կարող է վերագրվել դիմումատուի փաստաբանին` դա չի ազդում այն փաստի վրա, որ դիմումատուի կալանքի ժամկետը լրացել էր նման ուշացումով ծրագրված դատաքննության սկզբից քիչ անց, և օրենքով պահանջվում էր նրան ազատ արձակել: Չնայած դրան` Վերաքննիչ դատարանը շարունակում էր դիմումատուին վերաբերվել ինչպես կալանավորի: Դատարանը նրան ազատ չէր արձակել ոչ միայն ժամը 17-ն անց 50-ին, երբ լրացել էր նրա կալանքի ժամկետը, այլ նաև` դատաքննությունը հետաձգելուց հետո: Ավելին, դիմումատուն պնդել է, և Կառավարությունը չի վիճարկել, որ քրեակատարողական հիմնարկ հետ տեղափոխումը տեղի է ունեցել դատարանի լրիվ իմացությամբ և նույնիսկ` վերջինիս ոչ պաշտոնական կարգադրությամբ: Նման հանգամանքներում, կարելի է ենթադրել, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել ազատ արձակել դիմումատուին մինչև առաջին ատյանի դատարանի 2005թ. նոյեմբերի 22-ի որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Որևէ քայլ չէր ձեռնարկվել դիմումատուին ազատ արձակելու համար, և դրան ուղղված դիմումատուի փաստաբանների բոլոր փորձերը, պարզապես, արհամարհվում էին: Այսպես, սույն գործին չեն վերաբերում որոշակի ուշացումներ, որոնք համապատասխանում են կալանավորի ազատ արձակումը կարգավորող իրավական կանոններին` ինչպես վերը վկայակոչված K.-F. գործով, այլ իշխանությունների` այդ թվում դատարանների կողմից այդ կանոններին չհետևելը:

47. Նման հանգամանքներում կասկածելի է, որ եթե դիմումատուն առանձին բողոք բերեր դատարան` դատաքննությունից հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո վարչակազմի կողմից նրան չազատելու դեմ, ապա դա կարող էր հանգեցնել այլ արդյունքի և ապահովեր նրա ազատ արձակումը: Ավելին, Կառավարությունը չի մատնանշել, թե որ դատավարական ընթացակարգը դիմումատուին կարող էր տրամադրել այնպիսի արդյունավետ և անմիջական իրավական պաշտպանության միջոց, որը կնպաստեր նրա ազատ արձակմանը` ելնելով գործի առանձնահատկություններից: Այս առումով, առաջին հերթին պետք է նշել, որ դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ համեմատաբար ուշ ժամին, և, ամեն դեպքում` սահմանված աշխատանքային ժամից դուրս: Ավելին, քրեակատարողական հիմնարկում նրա ոչ իրավաչափ մնալու ժամկետը համեմատաբար կարճ էր` մոտ 17 ժամ: Այդուհանդերձ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նման դեպքերում չի նախատեսվում անհետաձգելիություն և նույնիսկ թույլատրվում է կալանավորի բողոքները մեկ օրվա ընթացքում ուղարկել դատավորին: Դատարանը կրկնում է, որ սպառման ենթակա են միայն այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք քննարկվող ժամանակահատվածում տեսականորեն և գործնականում արդյունավետ են և մատչելի, կարող են վերականգնել դիմումատուի խախտված իրավունքները, ինչպես նաև առաջարկում են հաջողության իրատեսական հնարավորություններ (տե´ս Kalashnikov v. Russia (որոշում), թիվ 47095/99, 2001 սեպտեմբերի 18, և Melnik v. Ukraine, թիվ 72286/01,  §  67, 2006 մարտի 28): Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը գտնում է, որ Կառավարության պահանջն իրավական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պետք է մերժվի:

48. Դատարանը եզրակացնում է, որ 2005թ. նոյեմբերի 23-ին` ժամը 17-ն անց 50-ի և Վերաքննիչ դատարանի կողմից 2005թ. նոյեմբերի 24-ին դիմումատուի կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու միջև ընկած ժամանակահատվածում նա շարունակել է մնալ անազատության մեջ` չնայած այն փաստին, որ չկար նրան նշված ժամանակահատվածում կալանքի ենթարկելու մասին դատարանի որոշում` ինչպես պահանջվում է օրենքով: Դրանից հետևում է, որ դիմումատուին ազատությունից զրկելն այդ ժամանակահատվածում եղել է անօրինական:

49. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում:

 

Բ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը

 

50. Դատարանը նշում է, որ դիմումատուն նույն փաստերի կապակցությամբ նաև վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը` պնդելով, որ նրա անիրավաչափ կալանքն առաջացնում է նաև այդ դրույթի խախտում:

51. Դատարանը, սակայն, գտնում է, որ սույն գանգատը բխում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի ներքո սույն գործում բարձրացված հիմնական հարցերից: Հաշվի առնելով 5-րդ հոդվածի 1(գ) մասի վերաբերյալ եզրակացությունները` Դատարանը գտնում է, որ սույն գանգատի ընդունելիության և ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն չկա:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

52. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնաս

 

53. Դիմումատուն պահանջել է 5,000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում, քանի որ ներպետական իշխանությունների կողմից իրեն կալանքից ազատ չարձակելու արդյունքում կրել է տառապանք ու ապրել հիասթափություն:

54. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց ի հաստատումն իր այն պնդման, որ նա կրել է ոչ նյութական վնաս: Նույնիսկ եթե նա կրել է նման վնաս, ապա խախտման ճանաչումն ինքնին բավարար փոխհատուցում կլինի: Ամեն դեպքում, պահանջված գումարը չափազանցված է:

55. Դատարանը գտնում է, որ անօրինական կալանքի արդյունքում դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 2,000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

526. Դիմումատուն նաև պահանջել է 6,000 եվրո Դատարանի առջև կրած ծախսերի ու ծախքերի հատուցման համար: Այն ներառում է 5,000 եվրո դատական ծախսերի համար և 1,000 եվրո թարգմանչական և կազմակերպչական ծախսերի համար, ինչպիսիք են` փոստային, լուսապատճենման և այլ ծախսեր: Ինչ վերաբերում է դատական ծախսերին` դիմումատուն նշել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, գործն ընդունած փաստաբանի ծառայություններից չի կարելի հրաժարվել: Նա չի վճարել փաստաբանին ներպետական դատարաններին բողոքներ բերելու և իր գործը Դատարանին ներկայացնելու համար, սակայն փաստաբանը բարեխիղճ մատուցել է իր ծառայությունները: Հետևաբար, չկա վճարումը կատարելու մասին այնպիսի ապացույց, որը կարող էր ներկայացվել Դատարանին:

537. Կառավարությունը պնդել է, որ այս պահանջները պետք է մերժվեն, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որ նա իրականում կատարել է ծախսեր: Նա նաև չի հիմնավորել, որ այդ ենթադրյալ ծախսերը եղել են անհրաժեշտ և ողջամիտ:

5548. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուի դատական ծախսերը հատուցվում են միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ: Սույն գործում դիմումատուն ընդունել է, որ նա չի վճարել իր փաստաբանին, որը նրան ներկայացրել է ներպետական դատարանների և Դատարանի առջև: Նա նաև կաշկանդված չէր որևէ պայմանագրով նման վճարումն ապագայում կատարելու համար: Ինչ վերաբերում է ենթադրյալ թարգմանչական ծախսերին, ապա ի հիմնավորումն այդ ծախսերի դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց: Հետևաբար, այս պահանջները պետք է մերժվեն: Մյուս կողմից` Դատարանը որոշել է դիմումատուին տրամադրել 500 եվրո` Դատարանի առջև կրած ծախսերի համար:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

59. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

 ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Որոշում է միանալ Կառավարության իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու փաստարկներին և մերժել այն.

 

2. Հայտարարում է 2005թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 2005թ. նոյեմբերի 24-ին կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու միջև ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքի անօրինականության վերաբերյալ գանգատն ընդունելի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի ներքո.

 

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում.

 

4. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո գանգատի ընդունելիության և ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն.

 

5. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.

 (i) 2,000 (երկու հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.

 (ii) 500 (հինգ հարյուր) եվրո` գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի հատուցում` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը.

 

6. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2010թ. փետրվարի 9-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

 Սանտիագո Քուեսադա 

 Քարտուղար

Ջոզեփ Կասադեվալ

 

Նախագահ