Համարը 
ՀՕ-220-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1372
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Ծանուցում
04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի համաձայն, սույն օրենքն ուժը կորցնում է 01.01.18 թվականին:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, գրանցման և (կամ) շահագործման կանոնների խախտման դեպքերում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեության կասեցման հիմքերը, կարգը, ինչպես նաև գործունեության կասեցման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:

Հոդված 3. Գործունեության կասեցման մասին օրենսդրությունը

 

Գործունեության կասեցման մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և այլ իրավական ակտեր:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի հիմնական հասկացություններն են`

գործունեության կասեցում` օրենքով լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ որոշակի տարածքում որոշակի ժամկետով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի առևտրային գործունեության իրականացման ժամանակավորապես արգելում.

լիազորված պետական կառավարման մարմին` հարկային մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին).

գործունեության կասեցման օբյեկտ` գործունեության իրականացման վայր, որտեղ գործունեությունն օրենքով սահմանված դեպքում ենթակա է կասեցման.

գործունեության կասեցման սուբյեկտ` կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացրել է այնպիսի գործողություն, որի համար օրենքով նախատեսվում է գործունեության կասեցում.

գործունեության կասեցման ժամկետ` օրենքով սահմանված ժամկետ, որի ընթացքում կասեցվում է գործունեությունը:

(4-րդ հոդվածը փոփ. 27.11.08 ՀՕ-205-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԿԱՍԵՑՄԱՆ

 

Հոդված 5. Գործունեության տեսակները, որոնք ենթակա չեն կասեցման

 

Սույն օրենքին համապատասխան` կասեցման ենթակա չէ հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բուժօգնության և բուժսպասարկման ծառայությունների մատուցումը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ


Հոդված 6. Գործունեության կասեցման հիմքերը և կասեցման մասին որոշումների ընդունումը

 

1. Սույն օրենքի կիրառման իմաստով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցման հիմքերը սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելու օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում:

3. Գործունեության կասեցման մասին որոշման մեջ նշվում են`

ա) կասեցման սուբյեկտը և օբյեկտը.

բ) կասեցման ենթակա գործունեության տեսակը.

գ) կասեցման պատճառները, իրավական հիմքերը և կասեցման ժամկետը (կասեցման առաջին և վերջին օրերը):

4. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի ղեկավարի որոշումը տրվում է կասեցման սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գործունեության կասեցման սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր դիմումի դեպքում, մինչև գործունեության կասեցումը, կասեցման տարածքում գտնվող՝ շուտ փչացող ապրանքները հեռացնելու կամ դրանց պահպանման և ապահովության մասին հոգալու համար լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ տրվում է առավելագույնը եռօրյա ժամկետ: Այդ դեպքում կասեցման ժամկետի սկիզբ է համարվում նշված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը:

6. Գործունեության կասեցումն իրականացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ այլ դրոշմավորման եղանակի կիրառման միջոցով: Այդ միջոցները պետք է բացառեն գործունեության կասեցման օբյեկտ մուտք գործելը կամ մուտք գործելու փորձ կատարելն առանց տեղադրված միջոցները վնասելու: Սույն մասում նշված միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն լիազորված մարմնի կողմից կամ նրա գրավոր թույլտվությամբ:

7. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի որոշման քաղվածքը լիազորված մարմինը փակցնում է կասեցման օբյեկտի մուտքի մոտ՝ հաճախորդների և գնորդների համար տեսանելի մասում, իսկ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության կասեցման դեպքում լիազորված մարմնի որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

8. Գործունեության կասեցման ընթացքում արգելվում է գործունեության կասեցման սուբյեկտների կողմից գործունեության կասեցման օբյեկտում իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ սույն հոդվածի իններորդ մասում նշված դեպքերի:

9. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման սուբյեկտները կասեցման օբյեկտում կարող են իրականացնել այնպիսի գործունեություն, գործառույթ կամ գործողություն, որոնք ուղղված են կասեցման հիմքերը վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն իրականացնելուն: Գործունեության կասեցման ընթացքում սույն մասում նշված գործունեությունը, գործառույթը կամ գործողությունը կասեցման սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք կատարում են լիազորված մարմնի գրավոր թույլտվությամբ:

10. Սույն օրենքով նախատեսված դրույթներից չբխող՝ գործունեության կասեցման մասին որոշումներն անվավեր են:

(6-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-153-Ն)


Հոդված 7. Գործունեության կասեցման վերացումը

 

1. Գործունեության կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման մասին որոշմամբ նախատեսված օրը:

2. Եթե գործունեության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև կասեցման համար խախտման հիմքի վերացումը, ապա կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման սուբյեկտի կողմից խախտման հիմքերը վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերը) լիազորված մարմին մուտքագրելու օրվան հաջորդող երրորդ օրը, եթե այդ ընթացքում լիազորված մարմինն այլ որոշում չի կայացնում կամ ավելի կարճ ժամկետ չի սահմանում:

3. Գործունեության կասեցման սուբյեկտների գործունեության կասեցման ավարտի մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը:

Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

1. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ կիրառված այլ դրոշմավորման եղանակը առաջին անգամ վնասելու և կասեցման օբյեկտում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն առաջին անգամ իրականացնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով։

Նույն որոշմամբ գործունեության կասեցման ընթացքում սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երկու միլիոն դրամի չափով:

2. Տուգանքը նշանակվում է գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ:

3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված տուգանքը, նշանակման օրվանից եռամսյա ժամկետում չվճարվելու դեպքում, կրկնապատկվում է:

4. Սույն հոդվածով սահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:

(8-րդ հոդվածը խմբ. 21.08.08 ՀՕ-153-Ն, լրաց. 27.11.08 ՀՕ-205-Ն)


Հոդված 8.1.  

Տուգանքների հաշվառումը

 

1. Սույն օրենքով սահմանված տուգանքների մասով պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև տուգանքների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

(8.1-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-185-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ


Հոդված 9. Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-220-Ն