Համարը 
N 261-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.03.30/18(821) Հոդ.347
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ (ՄԵԿՆՈՂՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆՈՂՆԵՐ) ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 261-Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ (ՄԵԿՆՈՂՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆՈՂՆԵՐ) ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճանապարհորդներին (մեկնողներ, ժամանողներ) խորհրդատվության տրամադրման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման պայմանագրեր կնքելիս նախատեսել սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված պարտավորությունները սահմանող համապատասխան դրույթներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 23
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 18-ի N 261-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ (ՄԵԿՆՈՂՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆՈՂՆԵՐ) ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջով Հայաստանի Հանրապետությունում ճանապարհորդներին խորհրդատվության և նրանց շրջանում կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում` նաև պատվաստումների իրականացման ապահովման գործընթացը` հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների միջազգային տարածումը, հանրապետություն այդ հիվանդությունների ներբերումը, ներբերման դեպքում` տարածումը կանխարգելելու, ինչպես նաև ճանապարհորդների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով:

2. Մեկնողների և ժամանողների շրջանում կամավոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից:

3. Պետական հիմնարկների կողմից օտարերկրյա պետություն գործուղվող անձանց և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրվող քաղաքացիների խորհրդատվությունն ու կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են գործուղվող անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակներում գործուղման ծախսերի, իսկ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրվող քաղաքացիների դեպքում բժշկական օգնության և սպասարկման պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Մնացած դեպքերում խորհրդատվությունը և կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են վճարովի հիմունքներով:

4. Զբոսաշրջության ոլորտի լիազոր պետական կառավարման մարմինն առողջապահության ոլորտի լիազոր մարմնին տրամադրում է ամենամյա տեղեկատվություն զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների տվյալների և տվյալ կազմակերպության կողմից զբոսաշրջություն իրականացվող երկրների ցանկի վերաբերյալ` լիազոր մարմնի կողմից հարցման դեպքում: Նշված տեղեկատվությունը տրամադրվելու է կազմակերպություններին` զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ իրազեկման և տեղեկատվական աշխատանքներ իրականացնելու համար:

5. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը տեղեկատվություն է տրամադրում միջազգային զբոսաշրջության և ուղևորափոխադրումներ իրականացնող սուբյեկտներին բոլոր այն վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների և առողջության ռիսկերի ու դրանց կանխարգելման միջոցառումների մասին, որոնք արդիական են ճանապարհորդների ժամանման երկրներում:

6. Կազմակերպություններում կազմակերպված իմունականխարգելման կաբինետը (այսուհետ` իմունկաբինետ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված գործառույթները:

 

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ախտահարված տարածք` աշխարհագրական տարածք, որի համար առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաձայն միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) առաջարկում է հանրային առողջապահական միջոցառումներ.

2) ճանապարհորդ` Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձ (զբոսաշրջիկ, միգրանտ, արտագնա աշխատող, ուսանող, արտերկիր գործուղված անձ և այլն).

3) վարակի փոխանցող կամ գործոն` միջատ, կենդանի, սնունդ, օդ, հող, ջուր, քիմիական, ռադիոակտիվ և այլ նյութեր, որոնք նպաստում են վարակի փոխանցմանը և հանրային առողջության վտանգի առաջացմանը.

4) կանխարգելիչ միջոցառում` վարակիչ հիվանդությունների տարածման առաջացման կամ տարածման կանխում` հատուկ միջոցառումների իրականացմամբ, այդ թվում` վարակիչ հիվանդությունների նկատմամբ անընկալության առաջացում` իմունակենսաբանական պատրաստուկների, դեղամիջոցների կամ այլ միջոցների կիրառմամբ.

5) խորհրդատվություն` ճանապարհորդող անձանց սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունն է` մեկնելու և ժամանելու պետություններում համաճարակային իրավիճակի, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների, պահանջվող պատվաստումների, երկրներում առկա ռիսկային գործոնների և ճանապարհորդների առողջության միջազգային կենտրոնների տեղակայման վերաբերյալ:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների միջազգային տարածումը, Հայաստանի Հանրապետություն այդ հիվանդությունների ներբերումը, ներբերման դեպքում տարածումը կանխարգելելու, ինչպես նաև ճանապարհորդների առողջության պահպանմանն ուղղված միջացառումներ իրականացնելու նպատակով իրականացվում են ճանապարհորդների խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ:

9. Ճանապարհորդներն իրավունք ունեն ստանալու խորհրդատվություն, ինչպես նաև ստանալու կանխարգելիչ միջոցառումներ (այդ թվում` նաև պատվաստումներ)` կամավորության սկզբունքով:

10. Կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները ճանապարհորդներին տրամադրում են Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետերում ծավալված սանիտարակարանտինային կետերը, միջազգային զբոսաշրջության ու ուղևորափոխադրումներ իրականացնող սուբյեկտները, ինչպես նաև միգրացիոն պետական ծառայությունը` կազմակերպությունների կողմից տրամադրված խորհրդատվական և կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների միջոցով:

11. Իրականացված պատվաստման և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ կազմակերպությունների կողմից մեկնողներին անվճար տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշմամբ սահմանված ձևի պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայական: Վկայականի համապատասխան բաժնում նշվում է յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար վավերացման ժամկետը:

12. Կազմակերպություններում իրականացված խորհրդատվության, պատվաստումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրականացվում է հաշվառում, և տեղեկությունները լրացվում են խորհրդատվության, պատվաստումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ գրանցամատյանում` համաձայն ձևի:

 

IV. ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Առողջապահության ոլորտի լիազոր մարմնի նախաձեռնությամբ կազմակերպությունների կողմից պարբերաբար տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված նյութերի, դասընթացների և սեմինարների տեղեկատվական բուկլետների, հուշաթերթերի և այլ իրազեկման միջոցներով:

14. Խորհրդատվությունը տրվում է հետևյալ հիմնական ուղղություններով`

1) զրույցի միջոցով պարզվում են ճանապարհորդող անձի ստացած պատվաստումները և այնուհետ տրամադրվում են տվյալ երկրում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ.

2) ներկայացվում են կանխարգելիչ միջոցառումների և (կամ) պատվաստումների իրականացման ընթացքը, կանխարգելիչ պատվաստումների ցուցումները և բժշկական հակացուցումները.

3) բացատրվում են կանխարգելիչ միջոցառումների իրականացման նշանակությունն ու անհրաժեշտությունը և չիրականացնելու դեպքում հետևանքները (անձնական, բժշկական, սոցիալական, հոգեբանական և իրավական).

4) իրազեկվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին:

 

V. ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

15. Օտարերկրյա պետություն մեկնելիս երեխաների պլանային պատվաստումներն ամբողջությամբ իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշմամբ սահմանված պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան: Մինչև 1 տարեկան երեխաների համար ցանկալի է ավարտել երեք դեղաչափ պատվաստումների կուրսը (անհրաժեշտության դեպքում` արագացված):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

__________________________________________________________________

                             (կազմակերպության անվանումը)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Սկիզբը ____ ____________20 թ.

 

Վերջը  ____ ____________20 թ.

NN
 ը/կ

Ամսաթիվը

Անունը, ազգանունը

Հասցեն

Տարիքը

Որ երկիրն է մեկնում

Որտեղից է
ժամանել

Պատվաստումները

Կանխարգելիչ այլ միջոցառումները (նշել)

Խորհրդա-տվության տրամա-դրումը(նշել)

պատվաստ-ման տեսակը (նշել)

դեղաչափը

սերիան

պատվաստ-ման տեսակը(նշել)

դեղաչափը

սերիան

պատվաստ-ման տեսակը (նշել)

դեղաչափը

սերիան

հիվանդու-թյան անվա-նումը

կանխար-գելման միջոցը