«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32011157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
15 դեկտեմբերի 2010 թ. |
N 224-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, ուղեբեռի և բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի N 224-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, ուղեբեռի և բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգ»-ը (այսուհետ` Կանոնակարգ) մշակված է «Օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման մասին» Մոնրեալի Կոնվենցիայի (Մոնրեալ, 1999 թվականի մայիսի 28) և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) հիման վրա:
2. Կանոնակարգը սահմանում է փոխադրողի և ուղևորի կամ բեռ առաքողի հետ համապատասխան պայմանագրի հիման վրա օդային փոխադրումների իրականացման պայմանները և փոխադրողի, օդային փոխադրումների իրականացման մեջ ներգրավված ընկերությունների, ինչպես նաև ուղևորների, բեռ առաքողների և ստացողների իրավունքներն ու պարտականությունները:
3. Փոխադրողները կազմակերպում, ապահովում և իրականացնում են ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումը կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներով:
4. Փոխադրողները կարող են առանձին իրավաբանական անձանց լիազորել/տալ փոխադրումների պայմանագրի իրականացման հետ կապված որոշ իրավունքներ/պարտականություններ կամ դրանց մի մասը (փոխադրումների ամրագրում, ձևակերպում և վաճառք, օդանավակայանում ուղևորների, ուղեբեռների և բեռների հաշվառման և սպասարկման գործունեություն և այլն): Իրավունքներով լիազորված կամ պարտականություններ վերցրած իրավաբանական անձանց գործունեության (անգործության) համար ուղևորների, բեռ առաքողների հանդեպ պատասխանատվություն է կրում փոխադրողը:
5. Միջազգային փոխադրումների ժամանակ սույն Կանոնակարգի դրույթները գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օդային հաղորդակցությունների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերին:
6. Փոխադրումներ իրականացնողները իրավունք ունեն սահմանելու օդային փոխադրումների իրենց կանոնները, որոնք չեն կարող հակասել սույն Կանոնակարգին, օդային փոխադրումների ընդհանուր կանոններին և դրանցով վատթարացնել ուղևորների, բեռներ առաքողների և ստացողների սպասարկման պայմանները:
7. Սույն Կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) Ճամփորդական փաստաթղթեր - անձնագիր կամ պաշտոնական այլ փաստաթուղթ` տրված պետության կամ կազմակերպության կողմից, որը կարող է օգտագործվել այն կրողի կողմից այլ պետություններ մեկնելու դեպքում:
2) Փոխադրում - օդային տրանսպորտային միջոցներով մի կետից ուղևորների և ուղեբեռի կամ բեռի տեղափոխում մեկ այլ կետ:
3) Փոխադրող - ավիաընկերություն, որը իր պատասխանատվության ներքո գտնվող օդային տրանսպորտային միջոցով իրականացնում է փոխադրում:
4) Տոմս- ավիաընկերության և ուղևորի միջև` ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր:
5) Բեռնագիր - ավիաընկերության և բեռ առաքողի միջև` բեռնային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայամանագիր:
II. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Յուրաքանչյուր չվերթով ուղևորների և ուղեբեռների փոխադրման ամրագրումը հանդիսանում է փոխադրման պարտադիր պայման:
9. Ամրագրումը պետք է արձանագրվի փոխադրողի ամրագրման համակարգում և այդ մասին տեղեկատվությունը տրամադրվի ուղևորին:
10. Ամրագրումն իրականացնելու համար ուղևորը տրամադրում է իր ճամփորդական փաստաթղթերը, ինչպես նաև ուղևորի և ուղեբեռի փոխադրման հատուկ պայմանների մասին տեղեկություններ, եթե այդպիսիք կան կամ անհրաժեշտ են:
Ուղևորների և ուղեբեռների փոխադրման հատուկ պայմաններն ու դեպքերը սահմանվում են փոխադրողների կողմից:
11. Բաց ամսաթվով տոմսի ամրագրումն իրականացվում է տվյալ չվերթում ազատ նստատեղերի առկայության դեպքում:
Եթե բաց ամսաթվով տոմս ունեցող ուղևորը դիմում է տոմսի գործողության ժամկետում փոխադրումն իրականացնելու համար ամրագրելու հարցով, իսկ փոխադրողը տոմսի գործողության ժամկետներում ազատ նստատեղեր չունի, ապա փոխադրողը կամ նրա գործակալը պետք է կատարի ամրագրում ուղևորին հարմար մոտակա չվերթով, որտեղ ունի համապատասխան սպասարկման դասի ազատ նստատեղ, համաձայն վճարված սակագնի:
12. Ուղևորի կողմից ճամփորդական փաստաթղթերի կամ անհրաժեշտ տեղեկությունների չտրամադրման դեպքում ամրագրում չի իրականացվում:
13. Ամրագրման դեպքում փոխադրողը կամ նրա գործակալը ուղևորին տրամադրում է ճշգրիտ տեղեկատվություն չվացուցակի, տեղերի առկայության, սակագների և նրանց կիրառման, փոխադրողի կողմից սահմանված փոխադրման կանոնների և պայմանների, օդանավի տիպի և օդանավում սպասարկման պայմանների վերաբերյալ:
14. Փոխադրողը կամ նրա գործակալը իրավունք չունեն ուղևորի կողմից տրամադրված տվյալները տրամադրել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
15. Փոխադրման ամրագրումը առանց ուղևորին զգուշացնելու չեղյալ է համարվում, եթե փոխադրման սակագինը ուղևորի կողմից փոխադրողի կամ նրա գործակալի կողմից սահմանված ժամկետում չի վճարվել և փոխադրումը չի ձևակերպվել:
16. Եթե փոխադրումը բաղկացած է մի քանի հատվածներից, ապա փոխադրման յուրաքանչյուր հատվածից օգտվելու կամ որևէ հատվածից չօգտվելու պայմանները սահմանվում են փոխադրողի կողմից` նախապես տեղեկացնելով ուղևորին:
17. Միջանկյալ վայրէջքներով ուղևորների փոխադրումն ամրագրելու դեպքում, փոխադրողը կամ նրա գործակալը պարտավոր է ամրագրել և ստանալ ամրագրման հաստատում փոխադրման բոլոր միջանկյալ հատվածների համար, այդ թվում նաև այն հատվածների համար, որտեղ փոխադրումն իրականացվում է այլ փոխադրողի կողմից:
18. Եթե մինչ նշանակման օդանավակայան (կետ) ուղևորների փոխադրումը` համաձայն օդային փոխադրման մասին պայմանագրի, իրականացվում է մի քանի փոխադրողների կողմից, ապա այդ փոխադրումը դիտվում է որպես մեկ միասնական փոխադրում անկախ այն բանից, թե տեղի ունեցել է արդյոք ընդմիջում փոխադրման ընթացքում:
19. Յուրաքանչյուր ուղևորի համար ճամփորդական փաստաթղթերի հիման վրա` էլեկտրոնային կամ փաստաթղթային կարգով ձևակերպվում է առանձին տոմս:
20. Ուղևորի նստատեղի ամրագրման ժամանակ, փոխադրողը կամ նրա գործակալը կարող է տոմսի մեջ չնշել նստատեղը: Այդ դեպքում ուղևորի նստատեղը առանձնացվում է օդանավակայանում, հաշվառման գործընթացի ժամանակ:
21. Փոխադրման ձևակերպումը իրականացվում է փոխադրողի կամ նրա գործակալի կողմից, անհրաժեշտ տվյալների էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով գրանցելու միջոցով:
22. Ուղևորի կողմից իր ունեցած ավելի քաշով, հայտարարագրված արժեքով ուղեբեռի և այլ դեպքերի համար կատարված վճարումների կապակցությամբ փոխադրողի կամ նրա գործակալի կողմից օրենսդրությանը համապատասխան պատրաստվում է վճարումները հաստատող փաստաթղթեր:
23. Արտոնյալ կամ հատուկ սակագնով փոխադրման վաճառքի դեպքում տոմսը ձևակերպվում է սույն Կանոնակարգի 19-րդ կետի համաձայն և արտոնությունը կամ հատուկ սակագինը հավաստող փաստաթղթի հիման վրա:
24. Եթե փոխադրողի կամ ուղևորի կողմից փոփոխվել են օդային փոխադրման պայմանագրի պայմանները մինչ փոխադրման իրականացման սկիզբը, ապա վեճի բացակայության դեպքում կարող է ձևակերպվել օդային փոխադրման նոր փաստաթղթեր:
25. Եթե տոմսը ուղևորի կողմից հայտարարվում է սխալ ձևակերպված կամ վնասված, ապա փոխադրողը պետք է արձանագրի և հավաստի ուղևորի օդային փոխադրման իրավունքը:
26. Եթե արձանագրվում է, որ ուղևորի և փոխադրողի միջև օդային փոխադրման պայմանագիր կնքված չի եղել, ապա տոմսը ճանաչվում է անվավեր և ուղևորը չի թույլատրվում փոխադրման:
III. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Կանոնավոր չվերթերով բեռների փոխադրման համար տեղի հատկացումը հանդիսանում է փոխադրման պարտադիր պայման:
28. Փոխադրման տեղի հատկացման մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի բեռ առաքողին, իսկ ամրագրման համակարգի առկայության դեպքում այն պետք է արձանագրվի նաև այդ համակարգում:
29. Փոխադրման համար տեղի հատկացման և/կամ ամրագրման համար բեռ առաքողը փոխադրողին կամ նրա գործակալին պետք է տրամադրի տվյալներ բեռ առաքողի, բեռ ստացողի, բեռի չափսերի, քաշի, քանակի (կտորների), առաքման ենթադրվող ամսաթվերի, ինչպես նաև բեռի փոխադրման հատուկ պայմանների մասին տեղեկություն, եթե այդպիսիք կան կամ անհրաժեշտ են:
30. Բեռ առաքողի կողմից անհրաժեշտ տեղեկությունների չտրամադրման դեպքում փոխադրման տեղի հատկացում և/կամ ամրագրում չի իրականացվում:
31. Մինչև փոխադրման համար տեղի հատկացումը և/կամ ամրագրումը` ներկայացված փաստաթղթերին բեռի կամ վերջինիս մաս(եր)ի համապատասխանության պարզելու նպատակով փոխադրողի կամ նրա գործակալի կողմից բեռն առաքողի ներկայությամբ իրականացվում է բեռի ստուգում:
32. Փոխադրողը կամ նրա գործակալը իրավունք չունեն բեռ առաքողի կողմից տրամադրված տվյալները տրամադրել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
33. Փոխադրման համար տեղի հատկացումը և/կամ ամրագրումը առանց բեռ առաքողին զգուշացնելու չեղյալ է համարվում, եթե բեռ առաքողը փոխադրման սակագինը փոխադրողի կամ նրա գործակալի կողմից սահմանած ժամկետում չի վճարել և փոխադրումը չի ձևակերպվել:
34. Միջանկյալ վայրէջքներով բեռների փոխադրումն ամրագրելու դեպքում, փոխադրողը կամ նրա գործակալը պարտավոր է ամրագրել և ստանալ ամրագրման հաստատում փոխադրման բոլոր միջանկյալ հատվածների համար, այդ թվում նաև այն հատվածների համար, որտեղ փոխադրումն իրականացվում է այլ փոխադրողի կողմից:
35. Յուրաքանչյուր բեռի առաքման դեպքում, սույն Կանոնակարգի 29-րդ և 31-րդ կետերով նախատեսված տեղեկատվության, օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության և նախատեսված գործառույթների անցկացումից հետո ձևակերպվում է բեռնագիր:
36. Բեռնագիրը սահմանում է օդային տրանսպորտով բեռի փոխադրման նպատակով բեռի ընդունման և փոխադրման պայմանները:
37. Բեռնագիրը պարունակում է սկզբնական օդանավակայանից մինչև նշանակման օդանավակայան բեռի փոխադրման, բեռի փոխադրման վճարման վերաբերյալ, ինչպես նաև այլ տեղեկատվություններ:
38. Բեռնագրի առաջին օրինակը մնում է փոխադրողի մոտ, երկրորդ օրինակը նախատեսված է բեռը ստացողի համար և պետք է կցված լինի բեռին, երրորդ օրինակը վերադարձվում է փոխադրողի կողմից բեռն ուղարկողին բեռը ստանալուն պես:
39. Բեռի փոխադրման համար ներկայացվող հայտարարագրում նշվում է վտանգավոր բեռի, բեռում փոխադրման համար արգելված առարկաների և իրերի բացակայության մասին:
40. Եթե փոխադրման հանձնված բեռը ունի հատուկ հատկություններ կամ պահանջում է փոխադրման հատուկ պայմաններ, ապա բեռը ուղարկողը պարտավոր է նշել դրանք բեռի փոխադրման հայտարարագրում:
41. Բեռնագրի ձևակերպման համար բեռը առաքողը պարտավոր է բեռնափոխադրողին տրամադրել բավարար տվյալներ և հավաստի փաստաթղթեր` կապված սահմանային, մաքսային, ներգաղթային, սանիտարակարանտինային, անասնաբուժական և օրենսդրությամբ սահմանված այլ վերահսկողության տեսակների հետ:
42. Բեռնագիրը պետք է ստորագրված լինի փոխադրողի կամ նրա գործակալի ու բեռն առաքողի կողմից:
43. Բեռնագրում բոլոր նշումները պետք է կատարվեն բեռնագրի ձևակերպման պահին և բոլոր օրինակները պետք է լինեն հավասարազոր:
Բեռնագրում փոփոխությունները կարող են կատարվել փոխադրողի կամ նրա գործակալի կողմից` համաձայնեցնելով բեռն առաքողի հետ:
44. Բեռի վիճակի ստուգման ժամանակ հայտնաբերված վնասվածքների և թերությունների վերաբերյալ փոխադրողը կամ նրա գործակալը բեռնագրում կատարում է համապատասխան նշումներ:
45. Բեռի փոխադրման դեպքում, որը համաձայն բեռնագրի առաքվում է տրանսֆերային օդանավակայան մի չվերթով, իսկ այնուհետև նույն կամ այլ փոխադրողի կողմից փոխադրվում է մեկ այլ չվերթով (այսուհետ` տրանսֆերային բեռ), փոխադրողը կամ նրա գործակալը բեռնագրի ձևակերպման ժամանակ նշում են տրանսֆերային օդանավակայանները (կետերը):
46. Եթե մինչ նշանակման օդանավակայան (կետ) բեռների փոխադրումը` համաձայն օդային փոխադրման մասին պայմանագրի, իրականացվում է մի քանի փոխադրողների կողմից, ապա այդ փոխադրումը դիտվում է որպես մեկ միասնական փոխադրում անկախ այն բանից, թե տեղի ունեցել է արդյոք ընդմիջում փոխադրման ընթացքում:
47. Եթե փոխադրողի կամ բեռ առաքողի կողմից փոփոխվել են օդային փոխադրման պայմանագրի պայմանները մինչ փոխադրման իրականացման սկիզբը, ապա վեճի բացակայության դեպքում կարող է ձևակերպվել օդային փոխադրման նոր փաստաթղթեր:
48. Եթե բեռնագիրը բեռ առաքողի կողմից հայտարարվում է սխալ ձևակերպված, վնասված, ապա փոխադրողը պետք է արձանագրի և հավաստի բեռ առաքողի օդային փոխադրման իրավունքը:
49. Փոխադրման համար տեղի հատկացումը և/կամ ամրագրումը, ինչպես նաև փոխադրման ձևակերպումը առանց բեռ առաքողի իմացության կարող է չեղյալ համարվել, եթե բեռ առաքողը բեռը ներկայացրել է առանց օրենսդրությամբ նախատեսված մաքսային, սահմանապահ, սանիտարակարանտինային, ֆիտոսանիտարական և այլ պահանջվող փաստաթղթերի կամ ոչ ճիշտ փաստաթղթերով:
50. Եթե արձանագրվում է, որ բեռ առաքողի օդային փոխադրման պայմանագիրը կնքված չի եղել, ապա բեռնագիրը ճանաչվում է անվավեր և բեռը չի թույլատրվում փոխադրման:
IV. ՈՒՂԵՎՈՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ
51. Փոխադրման համար վճարման ենթակա գումարը (սակագինը) պետք է ավիափոխադրողի կողմից հրապարակված լինի:
52. Փոխադրման վճարման և/կամ ձևակերպման ժամանակ փոխադրողը կամ նրա գործակալը ուղևորին կամ բեռ առաքողին տալիս է փոխադրման պայմանների մասին ճշգրիտ և լիարժեք տեղեկատվություն, այդ թվում`
1) փոխադրման փաստաթղթում նշվող տեղեկությունների վերաբերյալ,
2) անվճար տեղափոխվող ուղեբեռի քաշի, տեղափոխման համար արգելված իրերի, ուղեբեռի կամ բեռի փոխադրման հատուկ պայմանների մասին,
3) սակագների կիրառման պայմանների մասին,
4) փոխադրողի կողմից սահմանված կանոնների մասին,
5) օդանավակայան հասնելու միջոցների մասին,
6) օդանավակայանում ուղևորների հաշվառման սկզբի և ավարտի ժամկետների մասին, ուղեբեռի և բեռի փոխադրման կարգի մասին,
7) սահմանային, մաքսային, էմիգրացիոն, սանիտարակարանտինային և օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջների մասին,
8) ուղևորների և ուղեբեռի ավիացիոն անվտանգության նպատակով ստուգման կանոնակարգի մասին,
9) օդանավում սպասարկման պայմանների մասին,
10) օդանավի տիպի մասին,
11) չվերթի չկայանալու կամ ուշանալու, փոխադրողի, ուղևորի կամ բեռ առաքողի կողմից փոխադրման պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով վեճերի կարգավորման մասին:
V. ՉՎԱՑՈՒՑԱԿԸ, ՉՎԵՐԹԻ ՀԵՏԱՁԳՈՒՄՆ ՈՒ ՈՒՇԱՑՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
53. Կանոնավոր չվերթները իրականացվում են չվացուցակի համաձայն, որը կազմվում է փոխադրողի կողմից և հաստատման նպատակով ներկայացվում են պետական լիազոր մարմնին:
54. Ոչ կանոնավոր չվերթները (չարտերային չվերթներ) իրականացվում են չարտերային փոխադրումների պլանի (գրաֆիկի) համաձայն:
55. Շրջանառության մեջ դրված չվացուցակը պետք է պարունակի յուրաքանչյուր կանոնավոր չվերթի մասին հետևյալ տեղեկությունները`
1) թռիչքի օդանավակայան,
2) նշանակման օդանավակայան,
3) փոխադրման երթուղով տեղակայված օդանավակայան(ներ), որտեղ օդանավերի թռիչքի չվացուցակով նախատեսված է օդանավի վայրէջք,
4) փոխադրողի կոդը,
5) չվերթի համարը,
6) չվերթի իրականացման շաբաթվա օրերը,
7) մեկնման ժամը (տեղական),
8) ժամանման ժամը (տեղական),
9) չվերթի իրականացման ժամանակահատվածը,
10) օդանավերի տիպերը:
Օդանավերի չվերթների չվացուցակը կարող է պարունակել նաև այլ տեղեկություն:
56. Չվացուցակում փոփոխությունների դեպքում փոխադրողը պարտավոր է կիրառել համապատասխան միջոցներ ուղևորներին, բեռ առաքողներին այդ մասին տեղեկացնելու համար, ինչպես նաև չվացուցակի փոփոխության հետևանքով առաջացած ֆինանսական փոխհաշվարկի համար:
57. Փոխադրողը իրավասու է տոմսով կամ բեռնագրով արձանագրված փոխադրումը հետաձգելու, փոխադրման ժամկետները փոփոխելու, օդանավի տիպը փոփոխելու, փոխադրման երթուղին փոխելու, եթե դա բխում է թռիչքային անվտանգության պահանջներից, ինչպես նաև լիազոր պետական մարմինների պահանջներից` իրենց իրավասության սահմաններում:
58. Եթե ուղևորի փոխադրումը տրանսֆերային է, ապա փոխադրողը կամ նրա գործակալը պարտավոր է տեղեկացնել ինչպես այդ մասին, այնպես էլ տրանսֆերային ուղևորին նախաթռիչքային, թռիչքային ընթացակարգերի և պահանջների մասին:
VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՈՒՂԵԲԵՌԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
59. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար փոխադրողը ապահովում է ուղևորների հաշվառումը և ուղեբեռի ձևակերպումը:
60. Ուղևորների հաշվառումը և ուղեբեռի ձևակերպումը իրականացվում է յուրաքանչյուր փոխադրողի կողմից մշակված հաշվառման համակարգով:
61. Եթե փոխադրումն իրականացնելուց առաջ խափանվել է հաշվառման համակարգը և այն չի շտկվել ողջամիտ ժամկետներում, ապա հաշվառումը պետք է իրականացվի օդանավակայանի ուղևորների լոկալ հաշվառման համակարգով:
62. Ուղևորը թույլատրվում է թռիչքի համապատասխան ձևակերպումներ ստացած տոմսի առկայության պարագայում:
63. Ուղևորը պարտավոր է փոխադրումն իրականացնողի կողմից սահմանած ժամկետից ոչ ուշ ներկայանալ թռիչքի համար նախատեսված հաշվառման և ուղեբեռի ձևակերպման վայր, այնուհետ անցնել համապատասխան զննում և օրենսդրությամբ նախատեսված մաքսային, սահմանապահ, սանիտարակարանտինային, ֆիտոսանիտարական և այլ պահանջվող հսկողություններ, այնուհետ ներկայանալ նստեցման:
64. Ուղևորների հաշվառումը և ուղեբեռի ձևակերպումը օդանավակայանում ավարտվում է փոխադրողի կողմից սահմանված և հրապարակված ժամկետներում:
65. Սույն Կանոնակարգի 66-րդ կետում ամրագրված գործառույթների, ինչպես նաև 67-րդ կետում նշված ժամկետների մասին ուղևորը պետք է տեղեկացված լինի նախօրոք:
66. Ուղևորների հաշվառումը և ուղեբեռի ձևակերպումը իրականացվում է տոմսի և ճամփորդական փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի հիման վրա:
67. Ուղևորների հաշվառման ժամանակ վերջիններիս տրվում է նստեցման կտրոն, որում նշվում է ուղևորի տվյալները` ազգանունը, չվերթի համարը, մեկնման և թռիչքի ավարտի ժամանակները, նստեցման ելքի համարը և նստատեղի համարը:
Անհրաժեշտության դեպքում նստեցման կտրոնում կարող է տեղ գտնել նաև այլ տվյալներ:
68. Հաշվառման և ուղեբեռի ձևակերպման ժամանակ ուղևորը պարտավոր է կշռման ներկայացնել ամբողջ ուղեբեռը, բացի սույն Կանոնակարգի 96-րդ կետում նշված դեպքերի:
69. Փոխադրողը կամ սպասարկումն իրականացնողը կարող է ավիատոմսի մաս կազմող ուղեբեռի կտրոնում ուղևորի անուն, ազգանվան հետ միասին նշել նաև ուղեբեռի քաշը, զբաղեցրած տեղ(եր)ի քանակը: Եթե ուղևորը էլեկտրոնային տոմսով է, ապա սույն կետում նշված տեղեկատվությունը նույնպես մուտքագրվում է էլեկտրոնային եղանակով:
70. Ուղեբեռի ձևակերպման ժամանակ ուղևորին տրվում է ուղեբեռի կտրոնի մի մասը, իսկ մյուս մասը փակցվում է փոխադրողի/սպասարկողի կողմից ընդունված ուղեբեռի վրա:
Փոխադրման հատուկ պայմաններ պահանջվող ուղեբեռների վրա փակցվում են նաև հատուկ ուղեբեռային կտրոններ:
71. Ուղևորի հաշվառումից և ուղեբեռի ընդունումից հետո ուղեբեռի նկատմամբ եղած պատասխանատվությունը կրում է փոխադրողը:
72. Անվճար փոխադրվող ուղեբեռի համար պայմանները, այլ ուղեբեռի համար պահանջվող վճարի չափերը սահմանվում են փոխադրողների կողմից ըստ համապատասխան գնացուցակի, ինչը պետք է հանդիսանա հրապարակային տեղեկատվություն:
73. Եթե ուղևորը ուշացել է տվյալ թռիչքի համար նախատեսված հաշվառումից և ուղեբեռի հանձնումից, ապա նա չի թույլատրվում հաշվառման: Եթե ուղևորը հասցրել է հաշվառվել և հանձնել ուղեբեռը, սակայն չի ներկայացել օդանավ, ապա նրա ուղեբեռը իջեցվում է օդանավից և ենթարկվում պարտադիր զննման:
VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
74. Փոխադրողը կամ սպասարկող կազմակերպությունը օդանավակայանում ուղևորներին ապահովում է վիզուալ և/կամ ձայնային տեղեկատվությամբ.
1) օդանավերի ժամանման և մեկնման ժամանակի մասին,
2) տոմսում նշված չվերթի հաշվառման տեղի մասին,
3) հաշվառման սկսման և ավարտման ժամերի մասին,
4) ուղևորների նստեցման տեղի, նստեցման սկսման և ավարտի ժամերի մասին,
5) չվերթի ուշացման կամ չեղյալ լինելու, դրանց պատճառների մասին,
6) ուղևորների և ուղեբեռի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումներ անցկացնելու կարգի և կանոնների մասին,
7) ուղևորների համար կատարման ենթակա այն ընդհանուր կանոնների մասին, որոնք կապված են սահմանապահ, մաքսային, էմիգրացիոն, սանիտարակարանտինային, անասնաբուժական և այլ ծառայությունների ստուգումների հետ:
75. Օդանավակայանում փոխադրողը կամ սպասարկող կազմակերպությունը ապահովում է ուղևորների հաշվառումը և ուղեբեռի ձևակերպումը, ուղևորների ուղեկցումը մինչև օդանավի կանգառ և նստեցումը օդանավ, ուղեբեռի առաքումը մինչև օդանավ, ուղեբեռի բարձումը, դասավորումը և ամրացումը բեռնային խցիկում, ուղեբեռի դուրս բերումը օդանավի բեռնախցիկից, տեղափոխումը և ուղեբեռի տրամադրումը ուղևորին:
76. Օդանավի տիպից և սարքավորումներից կախված փոխադրողը օդանավում ուղևորին մատուցում է ծառայություններ:
Ծառայությունների չափը և դրանց մատուցման կարգը սահմանվում է փոխադրողի կողմից սահմանած կանոնների համաձայն:
77. Փոխադրողը օդանավում պետք է ապահովի ինչպես թռիչքային պայմանների, ուղևորների կարգապահության ընդհանուր կանոնների, օդանավի հիմնական և պահուստային ելքերի, վթարային իրավիճակում օդանավը լքելու պայմանների, օդանավի ներսում տեղադրված անհատական պահպանման միջոցների և փչովի տրապերի տեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ առաջին բժշկական օգնություն:
78. Փոխադրողը օդանավում պետք է ապահովի ըմպելիքների և կերակուրների մատուցում, եթե թռիչքի տևողությունը գերազանցում է երեք ժամը և պարտավոր է կրկնել ամեն չորս ժամը մեկ ցերեկային ժամերին և ամեն վեց ժամը մեկ գիշերային ժամերին:
79. 77-81-րդ կետերում նշված կանոններով նախատեսված ծառայությունների դիմաց հավելյալ վճար չի գանձվում:
80. Օդանավում սնունդ և ըմպելիքներ կարող են չտրամադրվել ուղևորներին, եթե նշված պայմանները սահմանված են փոխադրողի կողմից և ուղևորը մինչև տոմս գնելը տեղեկացված է եղել սպասարկման պայմաններին:
81. Չվերթի չեղյալ համարելու, ուշացման, տեխնիկական կամ այլ պատճառներով երթուղու փոփոխության դեպքերում փոխադրողը մեկնման և տարանցիկ վայրերում ուղևորների համար պարտավոր է առանց հավելյալ գանձման կազմակերպել հետևյալ ծառայությունները`
1) երեխա ունեցող ուղևորին մոր և մանկան առանձնասենյակի հատկացում,
2) տաք սնունդով ապահովում, եթե չվերթը ուշանում է երկու ժամից ավելի և կրկնվում ամեն վեց ժամը մեկ` ցերեկային ժամերին և ամեն ութ ժամը մեկ` գիշերային ժամերին,
3) չորս ժամից` հաղորդակցության միջոցներով (հնարավորություններով) ապահովում,
4) կացարանով ապահովում, եթե չվերթը ուշանում է ութ ժամից ավելի,
5) տրանսպորտային փոխադրում օդանավակայանից մինչև հյուրանոց և հակառակը,
6) ուղեբեռի պահպանման կազմակերպում:
VIII. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
82. Անչափահաս ուղևորը, եթե մեկնում է առանց ծնողի կամ առանց նրան որդեգրողի կամ առանց խնամակալի կամ առանց հոգաբարձուի, ապա պետք է բացի ճամփորդական փաստաթղթերից իր մոտ ունենա վերը նշված անձանցից որևէ մեկի կողմից տրված նոտարական հաստատումով համաձայնագիր: Համաձայնագրում պետք է նշված լինի մեկնման ժամկետը և պետությունը/ները, որը/որոնք նա մտադրված է այցելել:
83. Փոխադրողները կարող են անչափահաս ուղևորների փոխադրման համար սահմանել արտոնյալ պայմաններ և սակագներ, որոնք ենթակա են հրապարակման և չեն կարող հակասել օրենսդրությանը:
84. Փոխադրողի կանոններով կարող է սահմանվել նստասայլակով ուղևորների, պատգարակով հիվանդների, ինչպես նաև որոշակի խումբ ուղևորների տեղափոխման լրացուցիչ պայմաններ, որոնք չեն կարող հակասել օրենսդրությանը:
85. Փոխադրողը իրավունք ունի մերժել ինչպես նստասայլակով, այնպես էլ պատգարակով հիվանդի տեղափոխումը, եթե օդանավի հնարավորությունները թույլ չեն տալիս դա կատարելու:
86. Տեսողություն և/կամ լսողություն չունեցող ուղևորը պետք է ունենա կամ ուղեկցող կամ պետք է գտնվի փոխադրողի հսկողության ներքո, եթե նման տեղափոխում ընդհանրապես նախատեսված է փոխադրողի կողմից: Տեսողություն չունեցող ուղևորը նաև կարող է մեկնել ուղեկցող շան հետ, իսկ շունը փոխադրվում է անվճար:
IX. ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
87. Ուղևորի ուղեբեռը ընդունվում է փոխադրման նրա հաշվառման` մեկնման օդանավակայանում, տրանսֆերային օդանավակայանում, կանգառի օդանավակայանում կամ այլ հաշվառման կետում:
88. Նորմայից ավելի, սահմանված չափերից մեծ և ծանր ուղեբեռը, եթե ամրագրման ժամանակ համաձայնեցված չի եղել փոխադրողի հետ` համապատասխան վճարի գանձման պարագայում և օդանավի բեռնվածության թույլատրելիության, ազատ համապատասխան ծավալի առկայության դեպքում կարող է փոխադրվել:
89. Եթե ուղևորը ներկայացրել է ուղեբեռ ավելի քիչ քաշով և/կամ չափով, քան ամրագրվել և վերջինիս համար վճարվել էր, ապա ամրագրված և փաստացի ուղեբեռի քաշի և/կամ չափի վճարների տարբերությունը ենթակա է հետ վերադարձման ուղևորին:
90. Արտաքին վնասվածություն ունեցող ուղեբեռը, ուղեբեռի պարունակության և վնասվածության վերաբերյալ ուղևորի հավաստմամբ` ստորագրությամբ և փոխադրողի համաձայնությամբ կարող է ընդունվել փոխադրման որպես հաշվառված ուղեբեռ:
91. Փոխադրողի կամ նրա գործակալի կողմից ուղևորին պետք է խորհուրդ տրվի հաշվառվող ուղեբեռի մեջ կոտրվող և շուտ փչացող իրերի, դրամական միավորների, ոսկերչական զարդերի, թանկարժեք մետաղների, արժեքավոր թղթերի և այլ արժեքների, գործնական փաստաթղթերի, բանալիների և այլ նման իրերի դնելու անցանկալիության մասին:
92. Որպես ձեռքի ուղեբեռ ընդունվում են այն իրերը, որոնց քաշը և չափը սահմանված է փոխադրողի կողմից և նրանց անվտանգ տեղավորումը հնարավոր է օդանավի սրահում:
93. Ուղևորը իրավունք ունի ձեռքով անվճար տեղափոխել իրեր և/կամ առարկաներ, որոնք ընդգրկված են փոխադրողի կողմից սահմանված համապատասխան ցանկում:
Նշված իրերը և/կամ առարկաները չեն ներկայացվում կշռման, ձևակերպման ենթակա չեն և չեն մակնիշավորվում կտրոններով:
94. Նորմային անհամապատասխան չափերով ուղեբեռի, ծանր քաշով ուղեբեռի, կենդանիների և թռչունների փոխադրումը` բացառությամբ ուղեկցող շների, որոնք ուղեկցում են տեսողություն չունեցող ուղևորներին, վճարվում են փոխադրողի կողմից սահմանած սակագների համաձայն:
95. Փոխադրման չի թույլատրվում այն ուղեբեռը, որի քաշը, քանակը, չափերը, փաթեթավորումը կամ որի պարունակությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին, ինչպես նաև այն պետության օրենսդրության պահանջներին, որոնց տարածք, տարածքից կամ տարածքի վրայով իրականացվում է ուղեբեռի փոխադրումը:
96. Փոխադրման ժամանակ ուղևորին չի թույլատրվում մոտենալ ուղեբեռին` ուղեբեռի հանձնման պահից սկսած մինչև նրա ստացման պահը` բացառությամբ, երբ նույնականացման կամ լրացուցիչ զննման խնդիրներ են ի հայտ եկել:
97. Փոխադրողի համաձայնությամբ օդանավի ներսում կարող է տեղափոխվել ուղևորի այնպիսի ուղեբեռ, որը պահանջում է հատուկ զգուշությամբ տեղափոխում կամ մշակման հատուկ պայմաններ:
98. Օդանավի սրահում տեղափոխվող ուղեբեռը տեղավորվում է հատուկ նշանակված տեղերում (հատվածամասերում), իսկ դրանց բացակայության դեպքում` առանձին ուղևորային նստարանի վրա: Առանձին ուղևորային նստարանի վրա ուղեբեռի տեղափոխման դեպքում, ուղևորը պարտավոր է այդ ուղեբեռի համար վճարել առանձին ուղևորային նստարանի/ների գումարը համաձայն փոխադրողի սահմանած կանոնների, և ուղեբեռի քաշը չպետք է գերազանցի 80 (ութսուն) կիլոգրամը:
99. Դիվանագիտական ուղեբեռի փոխադրումը իրականացվում է օրենսդրության և փոխադրողի մշակած կանոնների համաձայն:
100. Սահմանված չափերից տարբերվող ուղեբեռը փոխադրման համար ընդունվում է այն պայմանով, երբ օդանավի տեխնիկական հնարավորություններից ելնելով հնարավոր է այդ ուղեբեռը բեռնել և տեղադրել օդանավում, բեռնաթափել օդանավից:
X. ՀԱՇՎԱՌՎԱԾ ՈՒՂԵԲԵՌԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՆՈՒՄԸ
101. Փոխադրողը պարտավոր է ուղևորին ապահովել տեղեկատվությամբ, նշանակված օդանավակայանում հաշվառված ուղեբեռի տրամադրման տեղի, կանգառի կամ տարանցման, ուղեբեռի տրամադրման հետ կապված ցանկացած ուշացման տևողության պատճառների վերաբերյալ, ինչպես նաև ուղևորների ցանկության դեպքում պարտավոր է ապահովել ուղեբեռի տրամադրումը ուղևորներին:
102. Հաշվառված ուղեբեռի տրամադրումը կատարվում է օդանավակայանում: Եթե թռիչքը տրանսֆերային է, ապա ուղևորի խնդրանքով հաշվառված ուղեբեռը կարող է տրվել կամ տրանսֆերային կամ տարանցիկ կամ ժամանման օդանավակայանում, եթե ուղեբեռի տրամադրումը այդ կետերում արգելված չէ:
103. Եթե ուղևորը չի կարող տրամադրել ուղեբեռի կտրոն կամ առանձնացվող կտրոնի համարակալած ուղեբեռի պիտակը, փոխադրողը այդպիսի ուղևորին կարող է տրամադրել ուղեբեռը այն պայմաններում, եթե ուղևորը ապացուցի իր իրավունքները այդ ուղեբեռի նկատմամբ:
104. Հաշվառված ուղեբեռի պահպանումը ապահովում է փոխադրողը կամ սպասարկող կազմակերպությունը: Ուղևորի չստացված ուղեբեռի պահպանման հետ կապված ծախսերի վճարումը կարգավորվում է օրենսդրության համաձայն:
105. Եթե հաշվառված ուղեբեռը, համապատասխան համարակալված ուղեբեռի պիտակով, ժամանել է նշանակված օդանավակայան (կետ) և ուղևորի կողմից չի վերցվել կամ պահանջվել, փոխադրողը ապահովում է հաշվառված ուղեբեռի տիրոջ որոնումը:
Եթե որոնումը տվել է դրական արդյունք, ապա փոխադրողը ապահովում է տիրոջ ծանուցումը` նշելով ուղեբեռի ստացման և առաքման կարգը: Նշված ծանուցումն ուղարկելուց հետո հաշվառված ուղեբեռը պահպանվում է վեց ամիս, իսկ այն դեպքում, երբ հաշվառված ուղեբեռի տերը չի գտնվում, ապա հաշվառված ուղեբեռի հետագա ճակատագիրը որոշվում է օրենսդրությանը համապատասխան:
106. Մաքսային հսկողության ենթակա ուղեբեռի պահպանումը և տնօրինումը իրականացվում է ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
107. Այն դեպքում, եթե օդանավակայանում հայտնվի առանց փաստաթղթերի ուղեբեռ, փոխադրողը պետք է ապահովի համապատասխան փաստաթղթերի կազմումը և համապատասխան հանձնաժողովի միջոցով գործառույթների իրականացումը (ակտի կազմում, ուղեբեռի կշռում, բացում, պարունակության արձանագրում, կնքում և այլն):
108. Ստուգված ուղեբեռի տիրոջ որոնման ընթացքում, երբ ուղեբեռի պարունակությունը փչանում է կամ գտնվում է փչանալու վտանգի տակ, փոխադրողը իրավասու է ոչնչացնել ամբողջ շուտ փչացող ուղեբեռը կամ դրա մի մասը:
XI. ԲԵՌԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄԸ
109. Օդային փոխադրման ժամանակ ընդունվում է բեռ, որը իր որակով, հատկություններով, ծավալով, կշռով և փաթեթավորմամբ թույլ է տրված քաղաքացիական օդանավերով փոխադրման` գործող միջազգային կանոնների և իրավական ակտերի համաձայն:
110. Բեռը ընդունվում է փոխադրման հետևյալ պայմաններով`
1) բեռի չափսերը պետք է լինեն այնպիսին, որպեսզի վերջինս չգերազանցի տվյալ օդանավի համար նախատեսված նորմերը` ազատ ներբեռնվի օդանավ, տեղավորվի բեռնատար խցիկում, ամրացվի, ինչպես նաև փաթեթավորվի,
2) բեռը, որը պահանջում է տեղափոխման հատուկ պայմաններ, պետք է ունենա նաև հատուկ նշաններով պիտակներ,
3) փոխադրման ժամանակ բեռը չպետք է վտանգ ներկայացնի ուղևորների և այն օդանավի անձնակազմի անդամների համար, որով այն փոխադրվում է, ինչպես նաև այն ուղեբեռի և բեռի նկատմամբ, որը տեղափոխվում է նրա հետ համատեղ,
4) բեռի ներմուծումը, արտահանումը, փոխադրումը կամ էլ տեղափոխումը պետք է թույլատրվի այն երկրի կանոններով, որի տարածքով, տարածքից կամ տարածքում պետք է իրականացվի փոխադրումը:
111. Բեռի փոխադրման ընդունումը հաստատվում է բեռնագրով:
112. Բեռի փոխադրման ընդունումը իրականացվում է փոխադրողի կամ նրա գործակալի կողմից և ընդունման դեպքում իրականացվում են բեռի վերաբերյալ ներկայացված հայտի և փաստաթղթերի համապատասխանության որոշում, բեռի փաստացի վիճակի գնահատում, բեռի կշռում և չափում:
113. Բեռի փոխադրման ընդունելու դեպքում փոխադրողը կամ նրա գործակալը պետք է կշռի բեռը այն ուղարկողի ներկայությամբ և բեռի իրական քաշը նշի բեռնագրում: Եթե բեռի կշռման դեպքում արձանագրվել է ուղարկողի նշած քաշի հետ տարբերություն, ապա որպես վերջնական քաշ ընդունվում է այն քաշը, որը արձանագրել է փոխադրողը կամ նրա ներկայացուցիչը:
114. Տեղափոխմանը նախապատրաստած փաթեթավորված բեռը նշագրվում է սույն Կանոնակարգի XII գլխի կանոնների համաձայն:
115. Բեռի վերամշակումը իրականացվում է փոխադրողի կամ սպասարկող կազմակերպության միջոցով` համաձայն պայմանագրի:
XII. ԲԵՌԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՇԱԳՐՈՒՄԸ
116. Բեռները պետք է ունենան համապատասխան փաթեթավորում, որով վերջիններս փոխադրման և առաքման ժամանակ ապահովվելու են վնասումից, փչանալուց և կորստից:
117. Բեռի փաթեթավորումը պետք է ունենա մաքուր մակերես, չպետք է ունենա սուր անկյուններ, ելուստներ, որոնք կարող են վնասել կամ կեղտոտել ինքնաթիռը և նրա սարքավորումները, ինչպես նաև նրա հետ համատեղ փոխադրվող բեռը, ուղեբեռը:
118. Առանց փաթեթավորման` փոխադրողի կամ նրա գործակալի համաձայնությամբ կարող է փոխադրվել ծանրաքաշ և/կամ ոչ ստանդարտ բեռ, եթե դա թույլատրված է նրա փոխադրման տեխնիկական պայմաններով:
119. Փոխադրողը տրանսպորտային նշագրմամբ նշում է տեղեկություններ ուղարկման օդանավակայանի /կետի/, ստացման օդանավակայանի /կետի/, բեռների տեղերի քանակի, բեռնային տեղի կարգային համարի, բեռնային տեղի քաշի և համարի մասին:
Փոխադրողը նշում է նաև հավաստի տեղեկություններ բեռը ուղարկողի և բեռը ստացողի հասցեի և ազգանվան, անվան, հայրանվան, ինչպես նաև բեռի բնորոշմանը հատուկ պիտակներով փոխադրման յուրահատուկ պայմաններ պահանջելու մասին: «Ուղարկվող պիտակը» պետք է պարունակի բեռի հետ վարվելու կանոնների մասին նշաններ:
120. Փաթեթավորված բեռը, որը գնահատված հանձնվում է փոխադրման, պետք է կնքված լինի փոխադրողի կողմից: Կնիքները պետք է լինեն ստանդարտ, պետք է ունենան պարզ թվային կամ տառային նշաններ:
121. Ավիացիոն և թռիչքային անվտանգության նկատառումներից ելնելով, լիազոր պետական մարմինների պահանջով, բեռի ամբողջականության պահպանման նպատակով փոխադրողը կամ սպասարկող կազմակերպությունը համապատասխան հանձնաժողովով իրավունք ունի բացել բեռի փաթեթավորումը:
122. Փաթեթավորումը բացելուց հետո բեռը պետք է կրկին փաթեթավորվի և կնքվի փոխադրողի կամ սպասարկող կազմակերպության կողմից:
Բեռի փաթեթավորման մասին կազմվում է ակտ, որում նշվում է բեռի ներքին պարունակությունն ու վիճակը: Ակտը ստորագրվում է փոխադրողի կողմից:
123. Եթե տրանսֆերային փոխադրվող բեռը օդանավակայան է հասել փաթեթավորմամբ, որով չի կարող ապահովվել նրա հետագա անվնաս փոխադրումը, ապա բեռը հետագա փոխադրման հանձնող փոխադրողը պետք է ապահովի բեռի վերափաթեթավորումը և վերացնի անբավարարությունը:
Վերափաթեթավորման և անբավարարությունների վերացման կապակցությամբ կազմվում է համապատասխան ակտ և կցվում է բեռնագրին:
124. Բեռի վրա սխալ տրանսպորտային դրոշմանիշի հայտնաբերման, փաթեթավորման խախտման, կնիքի խախտման, առանց փաստաթղթի հայտնաբերման, ստուգման գրքույկում ներառված բեռի կամ բեռնագրի բացակայության, տեղ չհասցվելու, փոխադրողի կամ սպասարկող կազմակերպության կողմից բեռի վնասվելու դեպքում կազմվում է ակտ:
XIII. ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
125. Բեռ առաքողը գործող օրենսդրության համաձայն իրավունք ունի`
1) փոխադրմանը հանձնված բեռը նախքան ուղարկվելը հետ ստանալ,
2) փոփոխել բեռնագիրը մինչև բեռի լիազորված անձին հանձնելը,
3) պաշտպանել իր շահերը բեռի չընդունման կամ ընդունման ժամանակ անհարկի ձգձգման դեպքում:
126. Բեռի օդային փոխադրման պայմանագրով նախատեսված պայմանների փոփոխության դեպքում փոխադրողը պարտավոր է դրա մասին տեղեկացնել բեռը ուղարկողին և բեռը ստացողին` միևնույն ժամանակ տեղեկացնելով բեռի հետ կապված նրանց գործողությունների մասին:
127. Բեռնափոխադրողի կարգադրությունները` կապված բեռի փոխադրման հետ պետք է իրականացվեն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հրահանգները չեն բխում օրենսդրությունից և կարող են վնաս հասցնել փոխադրողներին կամ երրորդ անձանց:
128. Եթե կարգադրության կամ պահանջի իրականացումը փոխադրողի համար ընդունելի չէ, ապա փոխադրողն իրավունք ունի հրաժարվել դրանցից և պարտավոր է անմիջապես նախազգուշացնել բեռն ուղարկողին նրա կարգադրության կամ պահանջի անիրականանալի լինելու մասին:
129. Բեռների նկատմամբ իրավունքը պետք է հավաստվի բեռնագրի բնօրինակի առկայությամբ: Բեռի տնօրինման և բեռի նկատմամբ առկա բոլոր կարգադրություններն ու պահանջները պետք է ձևակերպվեն գրավոր:
130. Ծախսերը, որոնք կապված են բեռների տեղափոխման հետ հատուցվում են բեռ առաքողի կողմից` բացառությամբ այն դեպքերի, երբ բեռների փոխադրումն ուղեկցվում է բեռների օդային փոխադրումների պայմանագրի խախտմամբ:
131. Բեռ առաքողը ազատվում է բեռի տնօրինման պարտականությունից այն բեռ ստացողին հանձնելու պահից, կամ բեռ ստացողի այն գործողության պահից, որով բեռ ստացողը պահանջել է բեռը կամ ցուցաբերել է իր իրավունքը առաքվող բեռի հանդեպ:
XIV. ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
132. Թանկարժեք, արագ սպառվող, ծանրակշիռ, ոչ մասշտաբային, ծավալային, վտանգավոր բեռների, մարդկային մասունքների, դիակների, կենդանիների, կենդանիների մնացորդների փոխադրումը պահանջում է օդային տրանսպորտի փոխադրման հատուկ պայմաններ:
133. Բեռները, որոնց փոխադրման համար պահանջվում է օդային փոխադրման համար հատուկ պայմաններ, ընդունվում են փոխադրման, եթե նրանց փոխադրումը թույլատրված է միջազգային և ազգային օրենսդրությամբ:
134. Բեռն առաքողը արագ փչացող բեռների փոխադրման ժամանակ պարտավոր է յուրաքանչյուր բեռնափոխադրման համար ապահովել բեռների փաստաթղթերը, որոնցով պետք է հավաստվեն, որ արագ փչացող բեռները պայմանագրով սահմանված օդային փոխադրումների ժամանակ չեն կորցնի իրենց որակական հատկանիշները:
135. Եթե փոխադրողը չի կարող ապահովել արագ փչացող բեռների ժամանակին փոխադրումը` բեռի որակական հատկանիշներից ելնելով, ապա բեռ փոխադրողը պարտավոր է նման կարգի բեռները չընդունել փոխադրման նպատակով:
136. Եթե փոխադրման նպատակով ընդունված արագ փչացող բեռը չի կարող փոխադրվել բեռնագրում սահմանված ժամկետում, ապա փոխադրողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել բեռն առաքողին և նրան վերադարձնել բեռը և փոխադրավճարը:
137. Եթե արագ փչացող բեռը փչացման վտանգի տակ է գտնվում, ապա փոխադրողը բեռն առաքողի և իր շահերից ելնելով բեռն առաքողի հետ համաձայնեցված կարգով պետք է ձեռնարկի համապատասխան միջոցառումներ:
138. Կենդանիները փոխադրման են ընդունվում բեռն առաքողի կողմից միջազգային և ազգային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի առկայության, համապատասխան տարաներով ներկայացման (կոնտեյներներ, տրանսպորտային վանդակներ և այլն) և օդանավի ունեցած հնարավորությունների պարագայում:
139. Զենքի, զինամթերքի, պայթուցիկների, թունավոր, դյուրահրկիզվող և այլ վտանգավոր նյութերի և առարկաների օդային փոխադրումները իրականացվում են միջազգային և ազգային օրենսդրության պահանջների համաձայն:
140. Օրենսդրությանը համաձայն փոխադրման են ընդունվում միայն պատշաճ կերպով դասակարգված, իդենտիֆիկացված, փաթեթավորված, նշագրված, փաստաթղթերով ձևակերպված վտանգավոր բեռները:
141. Մարդկային աճյուններով դագաղները, աճյուններով արկղերը, աճյունասափորները, այլ առարկաներով մասունքները, ինչպես նաև կենդանիների մարմիններով արկղերը, օդային փոխադրման են ընդունվում միայն անվտանգության և սանիտարական նորմերի պատշաճ ապահովման պարագայում:
142. Սույն Կանոնակարգի 143-րդ կետում նշված փոխադրումները փոխադրման են ընդունվում միջազգային և ազգային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի և/կամ այն երկրի օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տրամադրման պայմանով, որի տարածք, որի տարածքից կամ որի տարածքով իրականացվում է փոխադրումը:
143. Սույն Կանոնակարգի XIV գլխում ամրագրված փոխադրումները չի թույլատրվում իրականացնել ուղևորների հետ միևնույն սրահում:
144. Բազմաբնույթ առարկաներ և ապրանքներ պարունակող բեռնային փոխադրումներում չի թույլատրվում ներառել` արժեքավոր բեռներ, սույն Կանոնակարգի 142-րդ և 143-րդ կետերում ամրագրված առարկաներ և բեռներ:
XV. ԲԵՌԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
145. Բեռի փոխադրումը համարվում է իրականացված բեռի օդային փոխադրման պայմանագրում նշված պայմաններին համապատասխան բեռը բեռ ստացողին հանձնելուց/տրամադրելուց հետո:
146. Փոխադրողը պարտավոր է ապահովել նշանակման օդանավակայան ժամանած բեռի պատշաճ պահպանումը մինչև սույն Կանոնակարգով, փոխադրողի կանոններով կամ բեռի օդային փոխադրման պայմանագրով սահմանված ժամկետում այն բեռ ստացողին փոխանցելը/հանձնելը:
147. Փոխադրողը պարտավոր է բեռ ստացողին ծանուցել բեռի ժամանման մասին ոչ ուշ, քան 12 ժամ անց բեռի ժամանումից հետո, իսկ փոխադրման հատուկ պայմաններ պահանջող բեռի (բացառությամբ` ծանր և մեծածավալ բեռի) դեպքում ժամանման պահից ոչ ուշ, քան 3 ժամ անց:
148. Բեռը բեռ ստացողին է հանձնվում միայն բոլոր վճարումների և պահանջների կատարումից հետո, որոնք օրենսդրության համաձայն կապված են սահմանային, մաքսային, էմիգրացիոն, սանիտարակարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողությունների հետ:
149. Օրենսդրության համաձայն սահմանային, մաքսային, էմիգրացիոն, սանիտարակարանտինային, անասնաբուծական ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողությունների հետ կապված պահանջների և վճարումների կատարման համար` բեռնագիրը (մեկական բնօրինակ փոխադրողի և բեռ ստացողի համար), ինչպես նաև բեռին վերաբերող այլ փաստաթղթերը փոխադրողի կամ սպասարկող կազմակերպության կողմից բեռ ստացողին է հանձնվում միայն ստորագրությամբ:
150. Փաթեթավորման, բեռն առաքողի կնիքի վնասվածքների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են ազդել բեռի վիճակի վրա, փոխադրողը բեռ ստացողի մասնակցությամբ պարտավոր է կշռել վնասված բեռնատեղը, բացել այն և հաշվարկել պարունակությունը:
151. Բեռը ստացողին է հանձնվում բեռնագրում նշված տվյալների հիման վրա: Ընդ որում, փոխադրողի բեռնագրի բնօրինակը «բեռի ստացման հաստատում» նշումով և բեռ ստացողի ստորագրությամբ վերադարձվում է փոխադրողին կամ սպասարկող կազմակերպությանը:
152. Բեռ ստացողը պարտավոր է բեռն ընդունել և տեղափոխել: Բեռ ստացողն իրավունք ունի հրաժարվելու վնասված կամ փչացած բեռը ստանալուց, եթե հաստատվի, որ բեռի որակն այնքան է փոփոխվել, որ բացառվում է դրա լրիվ և (կամ) մասնակի կիրառումը նախնական նշանակմանը համապատասխան:
XVI. ԲԵՌԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՆՈՒՄԸ
153. Եթե բեռ ստացողը չի ստացել ժամանած բեռը` իր հասցեին բեռի ժամանման մասին ծանուցման ուղարկմանը հաջորդող օրվանից երեք օրվա ընթացքում, կամ փոխադրողի կանոններով կամ բեռի փոխադրման պայմանագրով սահմանված այլ ժամկետում, կամ հրաժարվել է այն ընդունելուց, փոխադրողը պարտավոր է ծանուցել բեռն առաքողին, բեռը թողնել իր մոտ պահպանման` բեռն առաքողի միջոցների հաշվին և նրա ռիսկի ներքո:
154. Եթե բեռ ստացողը չի պահանջել բեռը իր հասցեով ուղարկել` բեռի ժամանման մասին ծանուցմանը հաջորդող տասնօրյա ժամկետում, ապա փոխադրողը բեռ ստացողին տեղեկացնում է բեռի ստացման անհրաժեշտության մասին:
155. Եթե բեռի ստացման անհրաժեշտության մասին տեղեկացումն ուղարկելուց հետո տասնօրյա ժամկետում բեռը այն ստացողի կողմից չի պահանջվել կամ բեռ ստացողը հրաժարվել է այն ընդունելուց, ապա փոխադրողը ծանուցում է բեռն առաքողին այն մասին, որ բեռը չի հանձնվել: Նշված ծանուցումը պետք է պարունակի նաև նախազգուշացում բեռի հնարավոր իրացման կամ ոչնչացման մասին:
156. Բեռը չհանձնելու ծանուցման ուղարկման օրվանից երեսուն օրվա ընթացքում բեռն առաքողի կարգադրությունների բացակայության կամ տրված կարգադրությունների կատարման անհնարինության դեպքում, բեռը ճանաչվում է չպահանջված և կարող է իրացվել կամ ոչնչացվել` օրենսդրությանը համապատասխան:
157. Առանց բեռնագրի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի (այսուհետ` չփաստաթղթավորված բեռ), ոչ հստակ նշագրմամբ կամ դրա բացակայությամբ բեռի օդանավակայան ժամանելու դեպքում, փոխադրողը միջոցներ է ձեռնարկում դրա պահպանման համար փաստաթղթերի, բեռն առաքողի և/կամ բեռը ստացողին փնտրելու ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան չփաստաթղթավորված բեռը փոխադրած օդանավի օդանավակայան ժամանելու ամսաթվից վաթսուն օրվա ընացքում:
158. Մաքսային հսկողությանը ենթակա բեռի պահպանումը և դրա տնօրինումն իրականացվում է օրենսդրությանը համապատասխան:
159. Եթե նշանակման կամ տարանցման օդանավակայան բեռի ժամանելուն պես հայտնաբերվի բեռնագրում նշված բեռի և/կամ բեռնագրի բացակայությունը, բեռն առանց բեռնագրի և/կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի, բեռնագիրը և/կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերն առանց բեռի, կամ բեռը հնարավոր չէ ճանաչել բեռի վրա ոչ հստակ տրասնպորտային նշագրման, կամ նշագրման բացակայության հետևանքով, ապա փոխադրողը պարտավոր է իրականացնել և ապահովել բեռի և/կամ բեռնագրի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի փոխադրումը դեպի նշանակման կամ տարանցման օդանավակայան:
160. Բեռի/բեռնագրի, անհրաժեշտ այլ փաստաթղթերի որոնման միջոցառումները ձեռնարկվում են սույն Կանոնակարգով նախատեսվող ակտը կազմելու պահից անմիջապես, և ներառում է հետևյալ փուլերը`
1) առաքման օդանավակայանին չվերթով բեռի փոխադրման ժամանակ տեղ գտած խափանումների մասին ծանուցման ուղարկումը (չվերթ, որով փոխադրվել է/ չի փոխադրվել բեռը/բեռնագիրը, անհրաժեշտ այլ փաստաթղթերը),
2) որոնողական գործի ձևակերպում,
3) այն օդանավակայաններին հարցումների ուղարկում, որոնցից կարող էր առաքվել բեռը/բեռնագիրը, անհրաժեշտ այլ փաստաթղթերը կամ որին կարող էին ուղարկվել բեռը/բեռնագիրը, անհրաժեշտ այլ փաստաթղթերը,
4) ուղարկված բեռի/բեռնագրի, անհրաժեշտ այլ փաստաթղթերի հայտնաբերման դեպքում բեռի/բեռնագրի, անհրաժեշտ այլ փաստաթղթերի տնօրինման գծով կարգադրությունների ուղարկում:
XVII. ՉՊԱՀԱՆՋՎԱԾ ԲԵՌԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
161. Բեռը ենթակա է իրացման կամ ոչնչացման այն դեպքում, եթե այն ճանաչվել է չպահանջված, ինչպես նաև սույն Կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում:
162. Բեռի իրացման կամ ոչնչացման որոշումը կայացնում է փոխադրողի կողմից ստեղծված հանձնաժողովը, որի կազմի մեջ են մտնում սպասարկող կազմակերպության, փորձագիտական կազմակերպության ներկայացուցիչները, իսկ բեռի իրացման դեպքում` նաև գնահատողը: Օրենսդրության պահանջների համաձայն հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ:
163. Հանձնաժողովը պետք է ճշտի բեռի պատկանելիությունը պարզելու համար ձեռնարկած միջոցառումների ժամանակին և լիարժեք լինելը հաստատող փաստաթղթերի և նյութերի առկայությունը, և սահմանի, որ առկա նյութերը բավարար են բեռի իրացման կամ ոչնչացման համար:
164. Բեռի իրացման կամ ոչնչացման հարցը լուծելիս` հանձնաժողովը պարտադիր կարգով ուսումնասիրում է հետևյալ փաստաթղթերը.
1) սույն Կանոնակարգին համապատասխան կազմված ակտերը,
2) բեռնագիրը (դրա առկայության դեպքում),
3) որոնողական գործը,
4) փորձագիտական կազմակերպության` բեռի փորձարկման ակտերը,
5) բեռն առաքողի կարգադրությունները, բեռի ստացումից բեռ ստացողի կողմից հրաժարվելու փաստաթղթերը (դրանց առկայության պարագայում),
6) օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
165. Հանձնաժողովի որոշումը բեռի իրացման կամ ոչնչացման վերաբերյալ ձևակերպվում է իրացման ակտով կամ ոչնչացման ակտով:
166. Բեռն իրացվում է հանձնաժողովի կողմից սահմանված գնահատմամբ: Իրացումը կատարվում է առևտրային կազմակերպությունների միջոցով:
167. Ոչնչացման համար բեռը փոխանցվում է մասնագիտացված կազմակերպություններին:
169. Բեռի իրացման ժամանակ փոխադրողն իրավունք ունի ստացված գումարներից իրեն և այլ անձանց հասանելիք բոլոր գումարները պահելու` բեռը չստանալու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար, իսկ մնացած գումարը փոխանցելու բեռն առաքողին:
Բեռի իրացումը չի ազատում բեռն առաքողին փոխադրողին և այլ անձանց ծախսերի փոխհատուցումից, որոնք չեն ծածկվել բեռի իրացումից ստացված ծախսերի հաշվին:
XVIII. ՈՒՂԵՎՈՐԻ ԵՎ ԲԵՌԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
170. Ուղևորի կողմից փոխադրումից հրաժարվելը կարող է կրել կամավոր և հարկադրական բնույթ, ինչին հետևող հարաբերությունները կարգավորվում են միջազգային և ազգային օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև փոխադրողի կողմից այդ հարաբերությունների կապակցությամբ սահմանված նորմերով:
171. Փոխադրումից ուղևորի հրաժարվելը համարվում է հարկադրված եթե`
1) տոմսում նշված չվերթը հանվել կամ ուշացել է,
2) փոխադրողի կողմից փոխադրման երթուղին փոփոխվել է,
3) չվերթի ոչ չվացուցակով կատարման դեպքում,
4) տոմսում նշված չվերթի և օրվա համար տեղի տրամադրման անհնարինության դեպքում,
5) օդանավակայանում տևական զննման անցկացման պատճառով ուղևորի ուշացման դեպքում, եթե ուղեբեռի կամ անձնական զննման ընթացքում չեն հայտնաբերվել փոխադրման համար արգելված նյութեր և առարկաներ,
6) միասնական փոխադրման պարագայում փոխադրողի կողմից չվերթների համակցումը չապահովելու դեպքում,
7) ուղևորի անսպասելի հիվանդացման կամ նրա հետ օդանավով ճամփորդող ընտանիքի անդամի մահվան դեպքում, ինչն ապացուցված է բժշկական փաստաթղթերով,
8) ուղևորին տոմսում նշված կարգով սպասարկում չապահովելու դեպքում,
9) փոխադրողի կամ նրա լիազորված գործակալի կողմից տոմսի սխալ ձևակերպման դեպքում:
172. Ուղևորի` փոխադրումից հարկադրված հրաժարման դեպքում փոխադրողը տոմսում կատարում է նշում կամ ուղևորին է տրամադրում փաստաթուղթ, որով հաստատվում են սույն Կանոնակարգի 173-րդ կետում նշված հանգամանքները:
173. Սույն Կանոնակարգի 173-րդ կետում չսահմանվող դեպքերում ուղևորի հրաժարումը փոխադրումից ճանաչվում է որպես փոխադրումից կամավոր հրաժարում:
174. Փոխադրողը կարող է օդային փոխադրման պայմանագիրը խզել միակողմանիորեն հետևյալ դեպքերում`
1) ուղևորի, բեռի սեփականատիրոջ, բեռն առաքողի կողմից օրենսդրությամբ սահմանված անձնագրային, մաքսային, սանիտարական և այլ պահանջների խախտում,
2) ուղևորի, բեռի սեփականատիրոջ, բեռն առաքողի կողմից ավիացիոն իշխանությունների առաջադրված պահանջների խախտելը կամ չկատարելը,
3) եթե օդանավի ուղևորի առողջական վիճակը պահանջում է օդային փոխադրման հատուկ պայմաններ կամ սպառնում է հենց ուղևորի կամ այլ անձանց առողջությանը, ինչը հաստատվում է բժշկական փաստաթղթերով, ինչպես նաև ստեղծում է անկարգություն և չվերացվող անհարմարություններ այլ անձանց համար,
4) ուղևորի հրաժարումը վճարելու իր ուղեբեռի փոխադրման վարձը, որի քաշը գերազանցում է ուղեբեռի անվճար փոխադրման սահմանված չափը,
5) օդանավի ուղևորի կողմից օդանավում վարքագծի կանոնների խախտումը, որը ստեղծում է օդանավի անվտանգ թռիչքի սպառնալիք կամ վտանգ այլ անձանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև օդանավի ուղևորի կողմից օդանավի հրամանատարի հրահանգների չկատարելը, որոնք ներկայացվում են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն,
6) ուղևորի մոտ գտնվող իրերում, ինչպես նաև ուղեբեռում, բեռում օդային փոխադրման համար արգելված առարկաների կամ նյութերի առկայությունը:
XIX. ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
175. Փոխադրման համար վճարված դրամական գումարների վերադարձումն իրականացվում է փոխադրողի կամ նրա հանձնարարությամբ լիազորված գործակալի կողմից ըստ փոխադրման դիմաց վճարի կատարման վայրի, ինչպես նաև փոխադրողի կանոններով նախատեսված վայրերում:
176. Գումարների վերադարձումը կատարվում է չօգտագործված (մասնակի օգտագործված) փոխադրումային փաստաթղթի, տարբեր գանձումների, ուղեբեռի ավելցուկի վճարման անդորրագրի, տարբեր գանձումների անդորրագրի հիման վրա` ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը, կամ լիազորված անձի համար` անձը հաստատող փաստաթուղթ և դրամական գումարների ստացման իրավունքը հաստատող փաստաթուղթ:
177. Սույն Կանոնակարգի համաձայն փոխադրման նախապես վճարման դեպքում, գումարների վերադարձումը կատարվում է այն անձին, որը վճարել է փոխադրման դիմաց կամ վերջինիս կողմից լիազորված անձին կամ փոխադրման դիմաց վճարած անձի մահվան դեպքում վերջինիս ժառանգին և/կամ իրավահաջորդին:
Գումարների վերադարձը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:
178. Փոխադրման ժամկետների ուշացման հետ կապված փոխադրումից կամ դրա մի մասից ուղևորի հարկադրված հրաժարվելու դեպքում ուղևորին վերադարձվում է փոխադրման դիմաց վճարված ամբողջ գումարը` բացառությամբ դեպքերի, երբ ուղևորի փոխադրումն իրականացվել է մասնակի և ուղևորն ընդունել է կատարված փոխադրումը: Եթե ուղևորն ընդունել է փոխադրման կատարված հատվածը, ապա նրան է վերադարձվում փոխադրման չկատարված հատվածի գումարը:
Փոխադրման ժամկետների ուշացման հետ չկապված փոխադրումից ուղևորի հարկադրված հրաժարվելու դեպքում ուղևորին վերադարձվում է փոխադրման դիմաց վճարված ամբողջ գումարը, եթե փոխադրումը չի կատարվել ոչ մի հատվածում, կամ փոխադրման չկատարված հատվածի համար գումարը, եթե փոխադրումը կատարվել է մասնակի:
179. Ուղևորի կամ բեռ առաքողի կողմից` փոխադրողի սահմանած ժամկետներում, փոխադրումից կամ փոխադրման որևէ հատվածից կամավոր հրաժարվելու դեպքերում փոխադրողի սահմանած կարգով և չափով ուղևորին կամ բեռ առաքողին է վերադարձվում փոխադրման համար վճարված գումարը կամ դրա մի մասը:
180. Փոխադրողի նախաձեռնությամբ ուղևորի կամ բեռ առաքողի օդային փոխադրման պայմանագրի գործողության դադարեցման դեպքում, ուղևորին կամ բեռն առաքողին է վերադարձվում փոխադրման համար վճարված գումարը` բացառությամբ սույն Կանոնակարգով նախատեսված դեպքերի:
181. Փոխադրողի նախաձեռնությամբ ուղևորի օդային փոխադրման պայմանագրի գործողության դադարեցման դեպքում` կապված օդանավի սրահում ուղևորի կողմից վարքագծի կանոնների խախտման հետ, որոնք վտանգ են ստեղծում օդանավի անվտանգ թռիչքի համար կամ սպառնալիք այլ անձանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև օդանավի ուղևորի կողմից օդանավի հրամանատարի օրինական հրահանգների չկատարելը, ապա փոխադրման համար վճարված գումարը ուղևորին չի վերադարձվում:
182. Փոխադրողի մեղքով ուղևորի սպասարկման կարգի ցածրացման դեպքում վճարվում է վճարված սակագնի և կիրառված սակագնի միջև տարբերությունը: