1) Սանիտարական կարանտինային կետը Քաղավիացիային տեղեկատվություն է տրամադրում դեպքի կամ Փոխանցողների առկայության և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
2) Սանիտարական կարանտինային կետը իրականացնում է
ա. վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարումով կասկածելի ուղևորի/ուղևորների զննում:
բ. զննման արդյունքում հայտնաբերված հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների մեկուսացում.
գ. հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների հոսպիտալացման կազմակերպում:
3) Սանիտարական կարանտինային կետը հսկողություն է իրականացնում բոլոր կոնտակտավորների նկատմամբ:
4) Բոլոր կոնտակտավոր ուղևորները, սանիտարական կարանտինային կետի առաջարկությամբ, լրացնում են բնակավայրի հաստատման հասցեական քարտեր:
5) Օդանավի հրամանատարը կամ նրա ներկայացուցիչը լրացված հասցեական քարտերը տրամադրում է սանիտարական կարանտինային կետին:
6) Հանրային առողջապահական նպատակներով վարակի աղբյուրի կոնտակտավորների կողմից սանիտարական կարանտինային կետ են ներկայացվում՝
ա. ուղևորության վերջնակետի մասին տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում նրա հետ կապ հաստատելու նպատակով.
բ. երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև ժամանումն ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ հնարավոր շփումների պարզաբանման նպատակով.
գ. առողջապահական փաստաթղթերի ստուգման արդյունքները (պատվաստման կամ կանխարգելման միջազգային հավաստագիր, պատվաստումից ազատման հավաստագիր, բժշկական զննությունը և լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթուղթ):
7) Սանիտարական կարանտինային կետը անհրաժեշտության դեպքում կազմակերպում է օդանավի կայանումը սանիտարական կանգառ, և վերջինիս նկատմամբ իրականացվող ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման աշխատանքները:
8) Սանիտարական կարանտինային կետն իրականացնում է ախտահարված օդանավով ժամանած՝ վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների տվյալների համակարգչային գրանցում և արխիվացում «Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստրում»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3 հավելվածի:
9) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի համաձայն` ՀՀ կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշման պահանջների համաձայն: |