Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կոնվենցիա
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/4(12)
Ընդունման վայրը 
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
09.12.1948
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԿՈՆՎԵՆՑԻԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պայմանավորվող կողմերը,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն,

ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և

համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն.

 

սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար։

 

Հոդված 2

 

Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների սպանությունը,

(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։

 

Հոդված 3

 

Պատժելի են հետևյալ արարքները՝

(ա) ցեղասպանությունը,

(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,

(գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը,

(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,

(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։

 

Հոդված 4

 

Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք։

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իրենց սահմանադրություններին համապատասխան անհրաժեշտ օրենսդրություն և, մասնավորապես, սահմանել արդյունավետ պատժամիջոցներ ցեղասպանության մեջ կամ 3-րդ հոդվածում նշված մյուս արարքներից որևէ մեկում մեղավոր անձանց համար։

 

Հոդված 6

 

Այն անձինք, որոնք մեղադրվում են ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիսի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն Կոնվենցիայի՝ այդ իրավազորությունը ճանաչած կողմերի նկատմամբ։

 

Հոդված 7

 

Ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված մյուս արարքները հանձնման նպատակների համար չեն դիտվում որպես քաղաքական հանցագործություններ։

Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հանձնումն իրականացնել իրենց օրենսդրության և գործող պայմանագրերի համաձայն։

 

Հոդված 8

 

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու և ճնշելու համար։

 

Հոդված 9

 

Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը՝ վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով։

 

Հոդված 10

 

Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, թվագրված է 1948թ. դեկտեմբերի 9-ին։

 

Հոդված 11

 

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման մինչև 1949թ. դեկտեմբերի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի և Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետության համար, որն ստացել է Գլխավոր ասամբլեայի հրավերը՝ ստորագրելու Կոնվենցիան։

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

1950թ. հունվարի 1-ից սկսած սույն Կոնվենցիային կարող է միանալ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ և այդ Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որն ստացել է վերոհիշյալ հրավերը։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 12

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այն բոլոր տարածքների կամ ցանկացած տարածքի նկատմամբ, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։

 

Հոդված 13

 

Այն օրը, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ են հանձնվում վավերացման և միանալու մասին առաջին քսան փաստաթղթերը, Գլխավոր քարտուղարը պատրաստում է արձանագրություն, որի պատճեններն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և անդամ չհանդիսացող բոլոր այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածում։

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը՝ հաշված վավերացման կամ միանալու քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից։

Դրանից հետո կատարված ցանկացած վավերացում կամ միանալ ուժի մեջ է մտնում վավերացման և միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը։

 

Հոդված 14

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է 10 տարի՝ սկսած նրա ուժի մեջ մտնելու օրվանից։

Հաջորդ հնգամյակներում Կոնվենցիան ուժի մեջ է մնում այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք այն չեղյալ չեն հայտարարում նրա ուժի մեջ լինելու ընթացիկ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ։ Չեղյալ հայտարարելը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով։

 

Հոդված 15

 

Եթե չեղյալ հայտարարելու հետևանքով սույն Կոնվենցիայի մասնակիցների թիվը տասնվեցից նվազի, Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը վերջին չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրը։

 

Հոդված 16

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ներկայացնել սույն Կոնվենցիան վերանայելու պահանջ՝ Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով։

Գլխավոր ասամբլեան որոշում է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել նման պահանջի առնչությամբ, եթե դրանց կիրառումն անհրաժեշտ է համարում։

 

Հոդված 17

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և Կազմակերպության անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածում, ծանուցում է.

(ա) 11-րդ հոդվածին համապատասխան ստացված ստորագրման, վավերացման և միանալու մասին փաստաթղթերի վերաբերյալ,

(բ) 12-րդ հոդվածին համապատասխան ստացված բոլոր ծանուցումների մասին,

(գ) սույն Կոնվենցիայի՝ 13-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու մասին,

(դ) 14-րդ հոդվածին համապատասխան ստացված չեղյալ հայտարարումների մասին,

(ե) Կոնվենցիան 15-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարելու մասին,

(զ) 16-րդ հոդվածին համապատասխան ստացված ծանուցումների մասին։

 

Հոդված 18

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ։ Կոնվենցիայի վավերացված պատճեններն ուղարկվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և Կազմակերպության անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածով։

 

Հոդված 19

 

Սույն Կոնվենցիան գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը՝ նրա ուժի մեջ մտնելու օրը։

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 23-ից: