Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կոնվենցիա
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/4(12)
Ընդունման վայրը 
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.1968
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
26.11.1968
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԿՈՆՎԵՆՑԻԱ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ պատերազմական հանցագործներին հանձնելու և պատժելու մասին 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1947թ. հոկտեմբերի 31-ի 170 (II) բանաձևերը, Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի կանոնադրությամբ և Դատարանի դատավճռով ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքները հաստատող 1946թ. դեկտեմբերի 11-ի 95 (I) բանաձևը և 1966թ. դեկտեմբերի 12-ի 2184 (XXI) և 1966թ. դեկտեմբերի 16-ի 2202 (XXI) բանաձևերը, որոնք, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, հստակ կերպով դատապարտում են, մի կողմից, տեղական բնակչության տնտեսական և քաղաքական իրավունքների խախտումը և, մյուս կողմից, ապարտեիդի քաղաքականությունը,

վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ պատերազմական հանցագործներին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց պատժի մասին 1965թ. հուլիսի 28-ի 1074 D (XXXIX) և 1966թ. օգոստոսի 5-ի 1158 (XLI) բանաձևերը,

նշելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար հետապնդման և պատժի մասին հանդիսավոր հռչակագրերից, փաստաթղթերից կամ կոնվենցիաներից ոչ մեկը չի բովանդակում վաղեմության ժամկետին վերաբերող դրույթ,

համարելով, որ պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային իրավունքի համաձայն, ծանրագույն հանցագործություններ են,

համոզված լինելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար արդյունավետ պատիժը կարևոր գործոն է այդօրինակ հանցագործությունները կանխելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, վստահությունը խրախուսելու, ժողովուրդների միջև համագործակցությանն աջակցելու և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար,

նշելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի՝ սովորական հանցագործություններին վերաբերող ներպետական իրավական նորմերի կիրառումը համաշխարհային հասարակական կարծիքի լուրջ մտահոգության հարց է, քանի որ դա խոչընդոտում է այդպիսի հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց հետապնդմանն ու պատժին,

ընդունելով, որ անհրաժեշտ ու տեղին է սույն Կոնվենցիայի միջոցով միջազգային իրավունքում սահմանել պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու սկզբունքը և ապահովելու դրա համընդհանուր կիրառումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.

(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների»,

(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝ անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, զինված հարձակման կամ բռնազավթման միջոցով արտաքսման և ապարտեիդի քաղաքականության հետևանքով անմարդկային գործողությունների ու ցեղասպանության հանցագործության, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայում, եթե անգամ այդ գործողությունները չեն համարվում այն երկրի ներպետական իրավունքի խախտում, որտեղ դրանք կատարվել են։

 

Հոդված 2

 

1-ին հոդվածում հիշատակված հանցագործություններից ցանկացածի կատարման դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են պետական իշխանության ներկայացուցիչների և առանձին անձանց նկատմամբ, որոնք, որպես հանցագործություն կատարողներ կամ հանցակիցներ, մասնակցում են կամ անմիջականորեն դրդում են այլ անձանց՝ կատարելու այդ հանցագործություններից ցանկացածը, կամ հրահրում են դրանց կատարումը՝ անկախ ավարտվածության աստիճանից, և այն պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, որը թույլ է տվել դրանց կատարումը։

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել օրենսդրական կամ այլ բնույթի բոլոր անհրաժեշտ ներպետական միջոցները՝ հնարավոր դարձնելու սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված անձանց հանձնումը միջազգային իրավունքի համաձայն։

 

Հոդված 4

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրենց սահմանադրական ընթացակարգին համապատասխան ընդունել ցանկացած օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ վաղեմության կամ այլ ժամկետները չկիրառվեն սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հանցագործությունների համար հետապնդման և պատժի նկատմամբ, և որպեսզի նման ժամկետները վերացվեն այնտեղ, որտեղ դրանք գոյություն ունեն։

 

Հոդված 5

 

Սույն Կոնվենցիան մինչև 1969 թ. դեկտեմբերի 31-ը բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության կամ նրա մասնագիտացված հաստատությունների ցանկացած անդամի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամի, Միջազգային դատարանի ստատուտի մասնակից ցանկացած պետության և ցանկացած այլ պետության համար, որը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հրավիրվել է դառնալու սույն Կոնվենցիայի մասնակից։

 

Հոդված 6

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 7

 

Սույն Կոնվենցիան բաց է միանալու 5-րդ հոդվածում նշված ցանկացած պետության համար։ Միանալու փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 8

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը։

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է նրան տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։

 

Հոդված 9

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո ցանկացած Պայմանավորվող պետություն ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել սույն Կոնվենցիայի վերանայման խնդրանք՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան որոշում է, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն այդպիսի խնդրանքի վերաբերյալ։

 

Հոդված 10

 

1. Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի հաստատված պատճեններն ուղարկում է 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին։

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալի մասին.

(ա) սույն Կոնվենցիան ստորագրելու և 5, 6 և 7-րդ հոդվածներին համապատասխան ի պահ հանձնված վավերագրերի և միանալու վերաբերյալ փաստաթղթերի մասին,

(բ) սույն Կոնվենցիայի՝ 8-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին,

(գ) 9-րդ հոդվածին համապատասխան ստացված հաղորդումների մասին։

 

Հոդված 11

 

Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, թվագրվում է 1968թ. նոյեմբերի 26-ին։

Ի հավաստումն որի՝ այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան։

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 21-ից: