Համարը 
ՀՕ-247
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.12.03/37(169) Հոդ.907
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.10.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.11.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) և համայնքային կառավարչական հիմնարկների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և գործունեության կարգը:

(1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)

 

Հոդված 2. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Համայնքային կառավարչական հիմնարկների մասով սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:

(2-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)

 

 

Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը, իսկ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` նաև «աշխատակազմ» բառը:

Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև «քաղաքապետարանի» (քաղաքային համայնքների համար) կամ «գյուղապետարանի» (գյուղական համայնքների համար) «աշխատակազմ» բառերը:

4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Հոդված 4. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ

 

1. Հիմնարկի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հիմնարկին գույքը հանձնվում է վարչական ակտին համապատասխան, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից հիմնարկին հանձնված գույքը:

Հիմնադրի որոշմամբ հիմնարկին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

2. Հիմնարկն իրավունք ունի սույն օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

3. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման` կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 5. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմնարկն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

2. Հիմնարկը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնարկի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական կամ տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից, բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական մարմինների: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

4. Հիմնարկի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

(5-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.03.12 ՀՕ-144-Ն) 

 

Հոդված 6. ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը):

(6-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հոդված 7. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

1. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը):

Հայաստանի Հանրապետության անունից հիմնարկի հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) հանդես են գալիս համապատասխանաբար`

Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հիմնարկներինը` Հանրապետության Նախագահը.

Ազգային ժողովի աշխատակազմի հիմնարկինը` Ազգային ժողովի նախագահը.

սահմանադրական դատարանի աշխատակազմի հիմնարկինը` սահմանադրական դատարանի նախագահը.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնարկինը` Մարդու իրավունքների պաշտպանը. 

դատական դեպարտամենտ հիմնարկինը` վճռաբեկ դատարանի նախագահը.

օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող կոլեգիալ պետական մարմինների հիմնարկներինը` տվյալ կոլեգիալ մարմինները.

կառավարության աշխատակազմի, գործադիր իշխանության մարմինների, դատախազության և սույն հոդվածով չնշված այլ հիմնարկներինը (այսուհետ` գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկներ)` կառավարությունը.

քաղաքապետարանի կամ գյուղապետարանի աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:

2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ: Գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են նաև համապատասխան պետական մարմնի լիազորությունները:

3. Հիմնարկը կառավարության սահմանած կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

(7-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Հոդված 8. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմնարկը գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

2. Հիմնարկի կանոնադրությունը ներառում է`

ա) հիմնարկի անվանումը.

բ) հիմնարկի գտնվելու վայրը.

գ) հիմնարկի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.

դ) հիմնարկի կառուցվածքը.

ե) հիմնարկի կառավարման մարմինների կազմը և լիազորությունները.

զ) հիմնարկին ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

է) հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման կարգը:

Հիմնարկի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Հիմնարկի կանոնադրությունում փոփոխությունները հաստատում է հիմնադիրը:

 

Հոդված 9. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:

3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից): Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից) ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա:

6. Հիմնադրի որոշմամբ հիմնարկի ենթակայությանը կարող են հանձնվել պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություններ:

(9-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 10. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկի կառավարումը` նաև համապատասխան պետական մարմնի ղեկավարը (այսուհետ` պետական մարմնի ղեկավար):

Հիմնարկի ղեկավարումն իրականացնում է հիմնարկի գործադիր մարմնի աշխատակազմի ղեկավարը:

Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ստեղծվում են կոլեգիալ խորհրդակցական մարմիններ:

Հիմնարկի կոլեգիալ խորհրդակցական մարմնի ձևավորման, գործունեության կարգը և լիազորությունները սահմանվում են հիմնարկի կանոնադրությամբ:

(10-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Հոդված 11. ՀԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴԻՐը

 

1. Հիմնադիրը`

ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը.

բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) պետական մարմնի` օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) նշանակում և ազատում է հիմնարկի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` հիմնարկի այլ աշխատողներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.

զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ը) կասեցնում է կամ ուժը կորցրած է ճանաչում հիմնարկի աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.

ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները.

ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Կառավարությունը հիմնարկի հիմնադրի` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր լիազորությունները կարող է վերապահել համապատասխան պետական մարմնի ղեկավարին, բացառությամբ 1-ին կետի «ա»-«դ» և «զ» ենթակետերով սահմանվածների:

Սույն կետի դրույթը չի տարածվում համայնքային կառավարչական հիմնարկի վրա:

(11-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Հոդված 12. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Պետական մարմնի ղեկավարը`

ա) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված հիմնարկի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում հիմնադրին.

բ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

դ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությանը համապատասխան սահմանում է հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ե) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների  միջև.

զ) օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում հաստատում է հիմնարկի տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

է) օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հիմնարկի աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և պետական մարմնի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և պետական մարմնի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Հիմնարկի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է հիմնադիրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: 

3. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:

4. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, պետական մարմնի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

5. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը հիմնադրի որոշմամբ, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկինը` համապատասխան պետական մարմնի ղեկավարի որոշմամբ:

 

Հոդված 14. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.

բ) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությանը համապատասխան սահմանում է հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին.

զ) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) հիմնադրի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ը) հիմնադրին և պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 2. Գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկի աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերով նախատեսված հաշվետվությունը, հաշվեկշիռը և առաջարկությունները ներկայացնում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին: Գործադիր իշխանության և այլ մարմնի աշխատակազմի ղեկավարը չի իրականացնում սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված լիազորությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(14-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Հոդված 15. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԱԶԱՏՈՒՄԸ
 

1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի ոչ պակաս, քան հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2. Հիմնարկի աշխատակազմի ղեկավար չի կարող նշանակվել այն անձը`

ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

բ) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելը.

գ) որը եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

3. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են, եթե`

ա) նա դիմում է այդ մասին.

բ) լրացել է նրա 65 տարին.

գ) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

ե) նա ավելի քան երեք օր չի ներկայացել աշխատանքի.

զ) նշանակվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանգամանքները.

է) նա իր գործառույթներն իրականացնելիս պետությանը հասցրել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ավելի վնաս.

ը) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ժա) մեկ տարվա ընթացքում օրենսդրության պահանջների խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.

ժբ) դադարել է հիմնարկի գործունեությունը:

Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

3. Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակազմի ղեկավարի վրա, ինչպես նաև քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի վրա:

(15-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

 

Հոդված 16. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հոդված 17. ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա:

Հիմնարկը կարող է միացվել, միաձուլվել նաև ոչ կառավարչական հիմնարկի հետ: Հիմնարկից կարող են առանձնացվել ոչ կառավարչական հիմնարկներ, կամ դա կարող է բաժանվել նաև ոչ կառավարչական հիմնարկի (հիմնարկների): Հիմնարկը կարող է վերակազմավորվել ոչ կառավարչական հիմնարկի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաբանական անձի:

2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները:

3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

7. Հիմնարկը ոչ կառավարչական հիմնարկի կամ իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում նոր առաջացած հիմնարկին կամ իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված հիմնարկի իրավունքները և պարտականությունները` վերակազմավորման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան:

 

Հոդված 18. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Համապատասխան կառավարչական պետական մարմնի գործունեության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի գործունեությունը դադարեցված լինելու դեպքում` կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Գործունեությունը դադարեցրած հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարության:

Համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:

2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:

(18-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 19. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-247