Համարը 
N 25
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.10.15/26(439)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
14.09.2012
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.09.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայնեցված է

 ՀՀ ֆինանսների նախարար

 

__________________ Վ. Գաբրիելյան

26 սեպտեմբերի 2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________________ Գ. Խաչատրյան

14 սեպտեմբերի 2012 թ.

N 25

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) առանձին դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների մասով արտոնագրային վճար վճարողներ են համարվում ՀՀ ռեզիդենտ և ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

2. Արտոնագրային վճարների կիրառման ենթակա դրույքաչափերի որոշման համար հիմք են ընդունվում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Արտոնագրային վճարների չափի հաշվարկման համար Օրենքի N 1, N 2 և N 8 հավելվածներով սահմանված սահմանամերձ բնակավայրեր և սահմանամերձ գյուղեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ սահմանված գյուղական բնակավայրերը:

3. Այն անձինք, որոնք իրականացնում են բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեություն հարկային մարմին ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, ինչպես նաև մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում:

4. Օրացուցային տարվա որևէ ժամանակահատվածում Օրենքի N 7 և N 8 հավելվածներին համապատասխան արտոնագրային վճար վճարող համարվելու դեպքում տվյալ ժամանակահատվածի համար անհատ ձեռնարկատերը ընդհանուր սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

5. Բացառապես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելի չեն` անկախ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու հանգամանքից:

6. Հանրային սննդի գործունեության մեկ վայրում (օբյեկտում) միաժամանակ բացօթյա վայրի և ոչ բացօթյա սրահի միջոցով հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքերում հանրային սննդի գործունեության տվյալի վայրը (օբյեկտը) համարվում է գործունեության իրականացման մեկ վայր և այդ վայրի մասով ելակետային տվյալը որոշվում է բոլոր սրահների մակերեսների հանրագումարով, բացառությամբ սույն պարզաբանման 7-րդ կետում նշված դեպքերի:

7. Գործունեության իրականացման մեկ վայրում մեկից ավելի այնպիսի օբյեկտների միջոցով հանրային սննդի գործունեություն իրականացվելու դեպքում, որոնց համար Օրենքով նախատեսված են տարբեր գործակիցներ՝ գործունեության այդ օբյեկտները (հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող, սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրեր և (կամ) այլ վայրեր) հայտարարությունում լրացվում են որպես գործունեության իրականացման տարբեր վայրեր` համապատասխան ելակետային տվյալներով:

8. Մեկ շենքում (շինությունում) գտնվող՝ Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող, բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված՝ մեկից ավելի սրահների միջոցով հանրային սննդի գործունեություն իրականացվելու դեպքերում հանրային սննդի գործունեության համար ներկայացվում է մեկ հայտարարություն` սրահների մակերեսների հանրագումարով:

9. Գործունեության իրականացման տարբեր ժամանակահատվածների (մեկ ամիս կամ հաջորդական ամիսներ) համար ներկայացվում են առանձին Հայտարարություններ:

10. Ելակետային տվյալի ավելացման դեպքում Օրենքի N 8 հավելվածի 8-րդ կետին համապատասխան արտոնագրային վճար վճարողը ներկայացնում է նոր Հայտարարություն` լրացնելով ելակետային տվյալի ընդհանուր մեծությունը (նախկինում ներկայացված և ավելացվող ելակետային տվյալի մեծության հանրագումարը):

11. Բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահների միջոցով իրականացվող գործունեության մասով ամսվա կոնկրետ օրերի համար արտոնագիր ստանալու դեպքում հարկ վճարողը Հայտարարությունը ներկայացնում է յուրաքանչյուր ամսվա համար` պարտադիր լրացնելով նաև տվյալ ամսվա կոնկրետ օրացուցային օրերը: Հայտարարություն ներկայացվում է այն օրերի համար, որի 00.00 ժամից մինչև օրվա ավարտը ընկած որևէ (ցանկացած) ժամանակահատվածում գործունեություն է իրականացվելու՝ անկախ այդ ժամանակահատվածում իրականացվող գործունեության տևողությունից:

12. Բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահի միջոցով իրականացվող հանրային սննդի գործունեության մասով արտոնագիր տրամադրվում է մեկ ամսվա կամ հաջորդական ամիսների համար, եթե այդ սրահի մակերեսը պակաս է Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2 , այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2 , սահմանամերձ գյուղերում 100 մ2  մակերեսից:

13. Առողջարաններում, հանգստյան և մասնագիտացված ճամբարներում կամ տներում, պանսիոններում, մանկապատանեկան բնակատեղիներում, ճամբարային բնակատեղիներում իրականացվող Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում (հիմք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ չափանիշներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 7-ի N 530-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 268-Ն հրաման):

14. Եթե Հայտարարությունը ներկայացվում է մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար, ապա մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրային վճարի չափի հաշվարկման համար Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված 1.0 գործակիցը մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար նվազեցվում է 0.02 գործակցով:

Օրինակ՝ եռամսյա ժամանակահատվածում ներառված ամիսների համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է`

- 1-ին ամսվա համար` արտոնագրային վճարի ամսական չափը բազմապատկելով 1.0 գործակցով,

- 2-րդ ամսվա համար` արտոնագրային վճարի ամսական չափը բազմապատկելով 0.98 գործակցով (1-1*0.02),

- 3-րդ ամսվա համար` արտոնագրային վճարի ամսական չափը բազմապատկելով 0.96 գործակցով (1-2*0.02):

Այդ ժամանակահատվածում ներառված ամիսների համար վճարման ենթակա արտոնագրային վճարը կորոշվի որպես ամիսների համար վերը նշված կարգով հաշվարկված վճարների հանրագումար:

Սույն օրինակի նմանությամբ հաշվարկվում է նաև երեք ամսից ավելի այլ ժամանակահատվածների համար վճարման ենթակա արտոնագրային վճարի չափը:

15. Անհատ ձեռնարկատիրոջ և նրա բնակության հասցեում հաշվառված այլ անձի (անձանց) կողմից միևնույն թեթև մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքերում անհատ ձեռնարկատիրոջ բնակության հասցեում հաշվառված այլ անձի (անձանց) համար վճարվող գումարի նկատմամբ Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված՝ 0.02 նվազեցնող գործակիցը չի կիրառվում:

16. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը: Ընդ որում, հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման համար նախատեսված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):

 Բացօթյա վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում սպասարկման ընդհանուր մակերես է համարվում՝

 - որևէ կերպ սահմանազատված (պատ, պարիսպ, ցանկապատ կամ համանման այլ ձևերով) տարածքի մակերեսը, կամ

 - ծայրամասային (եզրային) սեղանների, տաղավարների (բեսեդկա) կամ համանման ժամանակավոր այլ կառույցների (ներառյալ դրանցում մեկ կամ մի քանի սեղաններ ներառող), ինչպես նաև այլ օժանդակ կառույցների (խոհանոց, հաճախորդների ժամանցի համար նախատեսված կառույցների և այլն) եզրակետերով տարված առավելագույն շրջագծում ընդգրկվող տարածքի մակերեսը:

 Բացօթյա վայրում երկու և ավելի հարթակների (կառույցի հարկերի) վրա կամ միաժամանակ` սահմանազատված և չսահմանազատված տարածքներում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում` որպես սպասարկման սրահի մակերես ընդունվում է յուրաքանչյուր հարթակի համար բացօթյա վայրերի համար սույն կետում նշված կարգով որոշված մակերեսների հանրագումարը:

17. Այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և չեն կազմակերպում դրանց սպառումը (չունեն համապատասխան սպասարկման սրահ), արտոնագրային վճար վճարող չեն հանդիսանում և գործունեության մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

18. Այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և իրականացնում են պատրաստված խոհարարական արտադրանքի մի մասի սպառման կազմակերպում (համապատասխան սպասարկման սրահի միջոցով)` արտոնագրային վճար վճարող են հանդիսանում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման մասով, իսկ առանց սպառման կազմակերպման իրացված արտադրանքի մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

19. Վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի 96.02.0 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է տղամարդկանց և կանանց մազերի լվանալը, հարթեցնելը, կտրելը, հարդարումը, ներկելը, գանգրացնելը, ուղղելը և համանման ծառայությունները, սափրելը և մորուքը հարթեցնելը, դեմքի մերսումը, դիմահարդարումը, ձեռնեղունգները ստածելը, ոտների մատները հարդարելը և այլն:

20. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի 45.20.1 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ: Արտադրական գործընթացի փուլ համարվող ավտոմեքենաների նորոգման ծառայությունների մասով արտոնագրային վճարով հարկման կարգը չի կիրառվում և այդ գործունեության մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

21. Արտոնագրային վճար վճարողների կողմից ելակետային տվյալների պակաս հայտարարագրման դեպքերում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են կատարել ելակետային տվյալների ճշգրտումներ, բացառությամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերի և այն դեպքերի, երբ ելակետային տվյալների ճշգրտման արդյունքում նվազեցվում է ելակետային տվյալը: