Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.11.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0081/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0081/01/11

գործ թիվ ԵԿԴ/0081/01/11

 
Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան  
                 Դատավորներ` Գ. Ավետիսյան  

                  Ս. Չիչոյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

     
 

մասնակցությամբ 

 

  տուժող

 Ի. ԲաբաջանՅԱՆԻ

պաշտպան

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մելինե Միշայի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13130110 քրեական գործը:

2010 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Մելինե Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով:

Քննիչի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ թիվ 13130110 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 15101210 քրեական գործը:

2010 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 13130110 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Իրինա Բաբաջանյանի և մյուսների վերաբերյալ մասն անջատելու մասին, և քրեական գործին շնորհվել է 15116210 համարը:

2011 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ թիվ 15116210 քրեական գործը միացվել է թիվ 13130110 քրեական գործին:

2011 թվականի ապրիլի 13-ին որոշում է կայացվել Ի.Բաբաջանյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ և 178-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2011 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ամբաստանյալ Մ.Մարգարյանի հետ տուժող Ա.Ստեփանյանի հաշտվելու պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճռով ամբաստանյալ Մ.Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով` գույքի կեսի բռնգրավմամբ, սակայն ոչ ավելի 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամից: Վճռվել է նաև տուժող և քաղաքացիական հայցվոր Ի.Բաբաջանյանի քաղաքացիական հայցը մերժել, իսկ տուժող և քաղաքացիական հայցվոր Կ.Զաքարյանի քաղաքացիական հայցը` թողնել առանց քննության:

3. Ամբաստանյալ Մ.Մարգարյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանը և տուժող Ի.Բաբաջանյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Մ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2009 թվականի հունիսից մինչև 2010 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մ.Խորենացի թիվ 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցների վստահությունը չարաշահելու՝ նրանց ոսկե զարդերը վերավաճառելու և գումարները վճարելու, կամ գրավադրելու, ապա վերադարձնելու կամ իբրև պարտք գումարներ վերցնելու ու վերադարձնելու պատրվակով, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 67.117.994 ՀՀ դրամին համարժեք ոսկեղեն և գումար: Այսպես`

2009 թվականի հունիսից-օգոստոս ամիսների ընթացքում Ի.Բաբաջանյանի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վերավաճառելու և գումարը վճարելու պատրվակով «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք 961,5 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս վերադարձրել է 9.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է:

2009 թվականի հուլիսի 4-ից մինչև 2010 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Գոհար Գալստյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և չորս օրը մեկ 100-150-ական ԱՄՆ դոլարով գումարը վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 41.299 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության, 1652 գրամ ընդհանուր քաշով տարբեր տեսակի ոսկե զարդեր, որոնց դիմաց որպես վստահության երաշխիք` նույն ժամանակահատվածում մաս-մաս վերադարձրել է 12.799 ԱՄՆ դոլար, իսկ մնացած` 28.500 ԱՄՆ դոլար գումարին համարժեք ոսկյա զարդերը հափշտակել է։ Բացի այդ, 2010 թվականի մարտի 25-ին՝ մեկ օրով գրավ դնելու և վերադարձնելու պատրվակով նրանից վերցրել է 47.000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր արժեքով, 500 գրամ քաշով ադամանդե և այլ թանկարժեք քարերով տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն հիշյալ ոսկյա զարդերը նույնպես հափշտակել է։ Այսպիսով, խարդախությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 75.500 ԱՄՆ դոլարին համարժեք 28.740.893 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկե զարդեր։

2009 թվականի սեպտեմբերին Վահագն Միքայելյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը մինչև 2009 թվականի դեկտեմբերը վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 2.800.000 ՀՀ դրամին համարժեք 432 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն խոշոր չափերի՝ ընդհանուրը 2.800.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է։

2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Գոհարիկ Մկրտչյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը մինչև 2010 թվականի ապրիլի 15-ը վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 1.200.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 120 գրամ քաշով տարբեր տեսակի ոսկե զարդեր և իբր որպես պարտքի գումար՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.000.000 ՀՀ դրամ, սակայն առանձնապես խոշոր չափերի` 3.200.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկե զարդերն ու գումարը հափշտակել է։

2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում Նելլի Գևորգյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և 100-ական ԱՄՆ դոլարով գումարը վճարելու պատրվակով պարբերաբար վերցրել է 4.395 ԱՄՆ դոլարին համարժեք 56 գրամ` 585 հարգի, և 61.6 գրամ` 750 հարգի, ոսկե զարդեր, որոնց դիմաց որպես վստահության երաշխիք` մաս-մաս տվել է 800 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած զարդերը հափշտակել է։ Բացի այդ, 2010 թվականի մարտի 26-ին այս անգամ արդեն գրավադրելու և մինչև ապրիլի 15-ը վերադարձնելու պատրվակով վերցրել է 10.496 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 301 գրամ` 585 հարգի և 39 գրամ` 750 հարգի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն հիշյալ ոսկե զարդերը նույնպես հափշտակել է: Այսպիսով, Ն.Գևորգյանից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.263.961 ՀՀ դրամի ոսկե զարդեր։

2010 թվականի փետրվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Լիլիթ Ավետիսյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը մինչև նույն տարվա մարտի 25-ը վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 1.080.000 ՀՀ դրամին համարժեք 69 գրամ քաշով` 750 հարգի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն հափշտակել է խոշոր չափերի՝ ընդհանուր 1.080.000 ՀՀ դրամի ոսկե զարդեր։

2010 թվականի մարտի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Կարինե Զաքարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` գրավադրելու և 10 օր անց ոսկեղենը վերադարձնելու պատրվակով «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 17.390.000 ՀՀ դրամին համարժեք 1350 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս տվել է 788.420 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած առանձնապես խոշոր չափերի` 16.601.580 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է:

2010 թվականի մարտի սկզբին Զալվարդ Դավթյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը 10 օր անց վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 555.000 ՀՀ դրամին համարժեք 55 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն խոշոր չափերի` ընդհանուր 555.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է:

2010 թվականի ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Պարգև Նազարյանի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վերավաճառելու և գումարը վճարելու պատրվակով «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 2.200.000 ՀՀ դրամին համարժեք 237 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն խոշոր չափերի` ընդհանուր 2.200.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է:

2010 թվականի ապրիլի 2-ին Ջուլիետա Քոչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել 1.419.156 ՀՀ դրամին համարժեք 135 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս տվել է 2.600 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած զգալի չափերի` ընդհանուր 380.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է։

2010 թվականի ապրիլի սկզբին Լուսինե Մանուչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը նույն ամսվա վերջին վճարելու պատրվակով, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 1.539.200 ՀՀ դրամին համարժեք 4.160 ԱՄՆ դոլարի 157 գրամ քաշով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս տվել է 3.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած զգալի չափերի` ընդհանուր 429.200 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է։

Բացի այդ, նա 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի 36դ շենքի 21 բնակարանում սույն գործով նրա դեմ տրված ցուցմունքների շուրջ անհիմն վիճաբանել է Արմենուհի Ստեփանյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 259-261, 310-312):

6. Դատաքննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տուժողներ Իրինա Բաբաջանյանից և Պարգև Նազարյանից խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դրվագներով ամբաստանյալ Մ.Մարգարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, նշված արարքների կատարման մեջ Մ.Մարգարյանին մեղավոր ճանաչելու համար բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, ուստի Առաջին ատյանի դատարանը դրանք հանել է Մ.Մարգարյանին առաջադրված մեղադրանքի ընդհանուր ծավալից` նրան մեղավոր ճանաչելով մյուս դրվագներով առաջադրված մեղադրանքում (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 191):

7. Առաջին ատյանի դատարանը դատավճռի` «Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները» բաժնում արձանագրել է. «Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.

Ամբաստանյալ Մելինե Միշայի Մարգարյանը, իրեն վերագրվող ինը դրվագներից հինգով միանձնյա, իսկ չորս դրվագներով` հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ, 2009 թվականի հունիսից մինչև 2010 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Մ.Խորենացի թիվ 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, շարունակաբար, վերավաճառելու և նույն ժամանակահատվածում գումարները վերադարձնելու, ինչպես նաև կարճ ժամանակով գրավադրելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն վերավաճառելու պատրվակով վերցրած ոսկեղենը, ինչպես նաև գրավատներում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարների` առանձնապես խոշոր չափ կազմող մասը չեն վերադարձրել, որպես վստահության երաշխիք` 100-ական ԱՄՆ դոլար գումարներ են վերադարձրել և բերելով տարբեր պատճառաբանություններ` հուսադրել են, իբրև թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը, սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք։ Բացի այդ, հայտարարելով, իբրև թե շահավետ գործարքի համար սեղմ ժամկետով շտապ գումար է անհրաժեշտ, Մ.Մարգարյանն այդ պատրվակով նույնպես կանխիկ գումար է վերցրել և հափշտակել։ Այսպիսով, ամբաստանյալ Մ.Մարգարյանը որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ կամ միանձնյա, տարբեր դրվագներով տուժողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 59.050.634 /հիսունինը միլիոն հիսուն հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և կանխիկ գումար հետևյալ հանգամանքներում.

Ի.Բաբաջանյանի միջոցով ծանոթանալով վերջինիս բարեկամուհի Գ.Գալստյանի հետ` 2009 թվականի հուլիսի 4-ից մինչև 2010 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ի.Բաբաջանյանի հետ միասին Գ.Գալստյանի վստահությունը չարաշահելու եղանակով (…) Մ.Մարգարյանը և Ի.Բաբաջանյանը տուժող Գ.Գալստյանից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 75.500 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարին համարժեք 28.740.893 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր։

(…)

2010 թվականի մարտի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալ Մ.Մարգարյանը և տուժող Ի.Բաբաջանյանը տուժող Կարինե Զաքարյանի վստահությունը չարաշահելու եղանակով (…) առանձնապես խոշոր չափերի` 16.601.580 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկյա զարդերը հափշտակել են։

(…)

Բացի այդ, ամբաստանյալ Մ.Մարգարյանը և որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանը, հանցավոր համաձայնությամբ, 2010 թվականի ապրիլի 2-ին, տուժող Ջուլիետա Քոչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով`(…) զգալի չափերի` 380.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկյա զարդերը հափշտակել են։

(…)

2010 թվականի ապրիլի սկզբին, ամբաստանյալ Մելինե Մարգարյանը և որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանը, հանցավոր համաձայնությամբ, տուժող Լուսինե Մանուչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` (…) զգալի չափերի` 429.200 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկյա զարդերը հափշտակել են (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 181-182):

8. Քննիչի 2011 թվականի ապրիլի 13-ի որոշման մեջ արձանագրված է. «(…) Վերոգրյալը հիմնավորվել է նաև Ի.Բաբաջանյանի ցուցմունքներով, ինչպես նաև նրա դեմ հաղորդում և ցուցմունք տված անձանց հետ առերես հարցաքննություններով, որ իրականում նրանց ոսկեղենն ու գումարները խարդախությամբ հափշտակել է Մ.Մարգարյանը, այսինքն, որ Ի.Բաբաջանյանն ինքն է տուժել Մ.Մարգարյանի հանցավոր գործողությունների հետևանքով և որ հիշյալ անձանցից գույք հափշտակելու դիտավորություն չի ունեցել և չի հափշտակել, ուստի Ի.Բաբաջանյանի արարքում բացակայում են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի հանցակազմի հատկանիշները»:

Վերոգրյալի հիման վրա քննիչը որոշում է կայացրել Ի.Բաբաջանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 227-229):

9. Քննիչի` «Լազերային սկավառակը ներկայացնելու և զննելու մասին» 2010 թվականի հունիսի 8-ի արձանագրության համաձայն` Ի.Բաբաջանյանը ներկայացրել է լազերային սկավառակ, հայտարարելով, որ. «դրանում արտատպված է Մ.Մարգարյանի կողմից կատարված խոսակցությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 137):

Քննիչի՝ «Դատաձայնագրառման փորձաքննություն նշանակելու մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի որոշման համաձայն՝ «(…) Ի.Բաբաջանյանն իր բացատրությանը կից ներկայացրել է «PRINCO BUDGET» մակնիշի CD-R80 տեսակի լազերային սկավառակ, որի վրա արտատպված է իր ամուսնու կողմից իրենց բնակարանում կատարած Մ.Մարգարյանի խոսակցության ձայնագրառումը (…)»:

Նշված որոշմամբ այդ սկավառակը տրամադրվել է փորձագետներին` դրանում առկա խոսակցության բովանդակությունը, տևողությունը, հնարավոր մասնակիցներին պարզելու նպատակով փորձաքննություն կատարելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 19):

Նշված որոշման հիման վրա ստացված փորձագետի թիվ 10-1728 եզրակացությունը և դրան որպես հավելված կցված` ձայնագրության մեջ լսվող խոսակցության վերծանումը, նախաքննական մարմինը դրել է մեղադրյալ Մ.Մարգարյանի մեղադրանքի հիմքում` նշելով. «Հիշյալ վերծանումներով հիմնավորվել է մեղադրյալ Մ.Մարգարյանի կողմից գործով տուժողներից ոսկե զարդեր վերցնելու և գումարները չտալու հանգամանքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 297):

10. Քննարկելով վկա Վլադիմիր Բաբայանի կողմից կատարված, Մ.Մարգարյանի հետ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի հիման վրա կատարված փորձագետի թիվ 10-1728 եզրակացության` որպես ապացույցի թույլատրելիության հարցը՝ Առաջին ատյանի դատարանն այն ճանաչել է անթույլատրելի ապացույց` պատճառաբանելով. «Վերոհիշյալ ձայնագրությունը կատարվել է քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձ, վկա Վ.Բաբաջանյանի կողմից, չի պահպանվել այդ գործողության օրենքով սահմանված կատարման կարգը: Հետևաբար այդ ձայնագրության հիման վրա կատարված տեսաձայնագրառման փորձաքննության թիվ 10-1728 եզրակացությունը մեղադրանքի հիմքում դրվել և որպես ապացույց օգտագործվել չի կարող» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 190):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Տուժող Ի.Բաբաջանյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

12. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 21-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 309-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտերում տեղ գտած «(…) հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Ի.Բաբաջանյանի հետ (…)» և նման այլ ձևակերպումները փաստում են անմեղության կանխավարկածի, ինչպես նաև օրինականության սկզբունքների խախտմամբ իրեն «քրեական մեղադրանք» առաջադրելու մասին:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ իր կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերից մեկը եղել է ստորադաս դատարանի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը, սակայն Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել՝ բավարարվելով միայն վերաքննիչ բողոքի հիմնավորումների շարադրանքով:

13. Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ, 114-րդ, 122-րդ հոդվածները՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով վկայի կողմից կատարված՝ իր և Մ.Մարգարյանի խոսակցության ձայնագրության հիման վրա քննիչի կողմից նշանակված տեսաձայնագրառման փորձաքննության թիվ 10-1728 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի խախտում:

14. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ, եթե Վճռաբեկ դատարանը կգտնի, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները բավարար են իր իրավունքի խախտումը վերականգնող դատական ակտ կայացնելու համար, ապա՝ կայացնել համապատասխան ակտ:

15. Ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին:

16. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներով, նրա արարքում բացակայում է հանցակազմը, իսկ ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել քրեական օրենքը, մասնավորապես՝ ճիշտ չեն որակել իր պաշտպանյալի արարքը: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը առերևույթ հակասում են Վճռաբեկ դատարանի նախկինում՝ 2007 թվականի փետրվարի 27-ին ընդունված թիվ ՎԲ-05/07, 2011 թվականի փետրվարի 24-ին ընդունված թիվ ԵԿԴ/0176/01/09, 2012 թվականի հունիսի 8-ին ընդունված թիվ ԵՇԴ/0070/01/11 որոշումներին:

17. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել, Մ.Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Նախքան վճռաբեկ բողոքներում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերների կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքներից առաջինն առնչվում է դատական քննության սահմանների, անմեղության կանխավարկածի, ինչպես նաև մրցակցության սկզբունքների խախտմամբ բողոքաբեր Ի.Բաբաջանյանին «քրեական մեղադրանք» առաջադրելու, ինչպես նաև տեսաձայնագրառման փորձաքննության թիվ 10-1728 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի խախտում թույլ տալու հարցերին (դատավարական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 12-13-րդ կետերը), իսկ երկրորդ բողոքը վերաբերում է ամբաստանյալ Մ.Մարգարյանի արարքը ոչ ճիշտ որակելու հարցին (նյութական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով դատավարական իրավունքի խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարագայում հնարավոր է, որ այն ազդեցություն ունենա ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպանի կողմից բարձրացված նյութական իրավունքի խախտման հարցի վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության սահմանների, անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման, ինչպես նաև ապացույցի թույլատրելիության հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները դատական քննության սահմանների համատեքստում.

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ Մ.Մարգարյանն իրեն մեղսագրվող չորս դրվագներով, որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ, տուժողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր և կանխիկ գումար, թո՞ւյլ է տվել արդյոք դատական քննության սահմանների անցում և տուժող Ի.Բաբաջանյանի անմեղության կանխավարկածի խախտում:

20. Անմեղության կանխավարկածի սկզբունքը սահմանող` ՀՀ Սահմանադրության 21-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) [Ա]րդար դատական քննության հիմնարար իրավունքի ապահովումն առանց անմեղության կանխավարկածի պահպանման հնարավոր չէ: Նշված սկզբունքը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով նախատեսված կարգով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը կանխորոշում է քրեական գործի դատաքննության ողջ բովանդակությունը և էությունը` անկախ քրեական հետապնդման իրավական ելքից:

Անմեղության կանխավարկածի բովանդակությունն արտացոլված է միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում ստացած «կասկածը մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի» (in dubiօ pro reo) կանոնի մեջ: (…):

(…)[Ա]նմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջն առաջին հերթին վերաբերում է դատարանին՝ որպես գործն ըստ էության լուծող անկողմնակալ մարմնի: Ուստիև դատարանը, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահը, իր գործողություններով, այդ թվում որոշումներով որևէ կերպ չպետք է սուբյեկտիվ դիրքորոշում հայտնի ամբաստանյալին ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ, 270-րդ, 309-րդ հոդվածներով ամրագրված` մեղադրանքի և դրա սահմանների վերաբերյալ հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Պապյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, որոնց նկատմամբ կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Սա պայմանավորված է, մի կողմից, մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն իրական և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից, այն հանգամանքով, որ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, չի կարող ինքնուրույն ձևակերպել նոր մեղադրանք՝ փոխարինելով քրեական հետապնդման մարմիններին: Ընդ որում, դատական քննության սահմաններն ընդգծելու և մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման և դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: (…)» (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ /0115/01/09 որոշման 23-րդ կետը):

Դատական քննության սահմանների հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով կայացված որոշման մեջ՝ նշելով, որ «(…) թեև մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները և կայացված որոշումները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, այդուհանդերձ, մինչդատական վարույթի արդյունքները կանխորոշում են դատական քննության սահմանները, այսինքն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն նրան առաջադրված մեղադրանքի սահմաններում:

(…) [Դ]ատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները և դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը, և եթե ապացույցների հետազոտման արդյունքում մեղսագրվող արարքը կհաստատվի, դատարանը պարտավոր է կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե ոչ: (…)» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 21-րդ, 23-րդ կետերը):

21. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի, ինչպես նաև Ա. Պապյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, ում նկատմամբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում` այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Հետևաբար, դատարանն իրավասու չէ դուրս գալ դատական քննության՝ մեղադրական եզրակացությամբ նախանշված սահմաններից: Հակառակ պարագայում դատարանը կիրականացնի քրեական հետապնդման գործառույթ՝ այդպիսով խախտելով մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի սկզբունքները, ինչպես նաև մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անմեղության կանխավարկածի իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներից է, որը գործում է քրեական դատավարության ողջ ընթացքում: Անմեղության կանխավարկածը նախևառաջ հանդիսանում է դատավարական երաշխիք, սակայն նրա կիրառման ոլորտը դուրս է գալիս այդ շրջանակից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմնարար սկզբունքը պաշտպանում է յուրաքանչյուրին՝ պետական պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարման մեջ մեղադրվելուց՝ նախքան օրենքին համապատասխան կայացված դատարանի դատավճիռը:

22. Վճռաբեկ դատարանի՝ սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես, Վուլախը և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «պարոն Վիտալի Վուլախը դատարանի առաջ չի կանգնել: Նա ինքնասպանություն է գործել իր ենթադրյալ հանցակիցների ձերբակալման օրը` 2002 թվականի մարտի 25-ին: Պարոն Վիտալի Վուլախի մահվանից երեք ամիս անց նրա նկատմամբ քրեական վարույթը դադարեցվել է: Այս կապակցությամբ արձանագրվել է, որ 6-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակները չեն սահմանափակվում ընթացիկ քրեական դատավարություններով, այլ նաև տարածվում են այն դատական որոշումների վրա, որոնք ընդունվել են քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո (…):

(…) Դատարանը կրկնում է, որ քրեական իրավունքի հիմնարար կանոններից մեկն այն է, որ քրեական պատասխանատվություն չի կարող լինել, եթե չկա հանցանք կատարած անձ (…): Այնուամենայնիվ, պարոն Վիտալի Վուլախի հանցակիցների նկատմամբ իրականացվող վարույթի ընթացքում Կրասնոդարի ռեգիոնալ դատարանը կարծիք է արտահայտել այն մասին, որ պարոն Վիտալի Վուլախը «բանդա է ստեղծել», որ «դրամական միջոցներ է ունեցել» և, որ «ֆինանսավորել է բանդան և բանդայի յուրաքանչյուր անդամին վարձատրել է կատարված հանցագործությունների համար (…)»: Նշված ձևակերպումները չեն հանդիսացել պարոն Վիտալի Վուլախի դեմ ներկայացված «կասկածի արձանագրում». առանց որևէ պայմանի կամ վերապահման՝ որպես հաստատված հանգամանք է ներկայացվել այն, որ նա հանդիսացել է հանցավոր խմբավորման ղեկավար և որ նա համակարգել և ֆինանսավորել է հանցավոր խմբավորման գործունեությունը:

(…) Տուժողներին պատճառված նյութական և ոչ նյութական վնասների հատուցման նպատակով ներկայացված հայցերի քննությանն ուղղված քաղաքացիական վարույթների ընթացքում օգտագործված ձևակերպումներն ավելի հստակ են եղել: Կուրգանսկի շրջանային դատարանը, վկայակոչելով գործով կայացված դատավճիռը, ոչ միայն կրկնել է, որ պարոն Վիտալի Վուլախը «հանդիսացել է զինված հանցավոր խմբի (բանդայի) ղեկավար», այլ նաև շարունակել է՝ ասելով, որ «նրա ղեկավարության տակ բանդան ծանր հանցագործություններ է կատարել», այդ թվում՝ սպանություն և սպանության փորձ (…):

(…) Դատարանը շեշտում է, որ վերջնական մեղադրական դատական ակտի բացակայության պայմաններում առկա է հիմնարար տարբերություն անձի կողմից հանցանք կատարված լինելու վերաբերյալ կասկած արտահայտելու և դատական ակտում անձի կողմից տվյալ հանցանքը կատարված լինելու վերաբերյալ հստակ ձևակերպում տալու միջև: Հաշվի առնելով շրջանային և ռեգիոնալ դատարանների դատական ակտերում առկա ձևակերպումների հստակ և անվերապահ բնույթը՝ Դատարանը գտնում է, որ դրանք հանդիսացել են պարոն Վիտալի Վուլախի մեղքի վերաբերյալ դատողություն, որը կատարվել է նախքան նրան օրենքով սահմանված կարգով մեղավոր ճանաչելը: Դատարանն ընդգծում է, որ դատարանի կողմից նման բնույթի ժամանակավրեպ դատողություն անելու համար որևէ արդարացում չի կարող լինել (…):

(…) Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում» (տե՛ս Vulakh and Օthers v. Russia գործով 2012 թվականի հունվարի 10-ի վճիռը, գանգատ թիվ 33468/03, կետեր 33-37):

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի թիվ 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցների վստահությունը չարաշահելու՝ նրանց ոսկե զարդերը վերավաճառելու և գումարները վճարելու, կամ գրավադրելու, ապա վերադարձնելու կամ իբրև պարտք գումարներ վերցնելու ու վերադարձնելու պատրվակով, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 67.117.994 ՀՀ դրամին համարժեք ոսկեղեն և գումար հափշտակելու, ինչպես նաև Ա.Ստեփանյանին ծեծի ենթարկելու համար նախաքննական մարմինը Մելինե Մարգարյանին մեղադրանք է առաջադրել և գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկել է Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռից երևում է, որ քննության արդյունքներով հաստատված է համարվել, որ ամբաստանյալ Մ.Մարգարյանն իրեն վերագրվող ինը դրվագներից չորսով տուժող Ի.Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար և ոսկյա զարդեր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Մ.Մարգարյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վերաքննիչ բողոքները, 2012 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ դրանք մերժել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ի.Բաբաջանյանը սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված չի եղել, այլ անձի հետ հանցավոր համաձայնությամբ տուժողների առանձնապես խոշոր չափերի գումարները և ոսկյա զարդերը խարդախությամբ հափշտակելու մեջ չի մեղադրվել, նման մեղադրանքի շուրջ չի հարցաքննվել և մեղադրանքից չի պաշտպանվել: Ավելին, նախաքննական մարմինը 2011 թվականի ապրիլի 13-ին որոշում է կայացրել Ի.Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ և 178-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նախաքննական մարմնի այդ որոշումը չի վերացվել: Սույն գործում Ի.Բաբաջանյանն ունեցել է տուժողի դատավարական կարգավիճակ, հետագայում ևս նախաքննական մարմնի կողմից նրան մեղադրանք չի առաջադրվել (տե՛ս սույն որոշման 1-ին, 8-րդ կետերը):

Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը դատաքննության արդյունքներով որպես հաստատված փաստ է համարել տուժող Ի.Բաբաջանյանի կողմից հանցագործություն, տվյալ դեպքում` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հանգամանքը` իր դատավճռում տալով այնպիսի ձևակերպումներ, որոնք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հավասարազոր են քրեական մեղադրանք առաջադրելուն:

Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ և մեղադրական եզրակացությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ և ոսկյա զարդեր խարդախությամբ տուժող Ի.Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ հափշտակելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն նշվել, Մ.Մարգարյանին այդպիսի որակյալ հատկանիշ չի մեղսագրվել և առաջադրված մեղադրանքի ծավալի մեջ չի ներառվել:

24. Սույն որոշման 20-22-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, իր դատական ակտում հաստատված համարելով վերոգրյալ փաստը, խախտել է դատական քննությունը միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն առաջադրված մեղադրանքի սահմաններում կատարելու քրեադատավարական պահանջը: Մ.Մարգարյանին ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունն ստուգելուց զատ դատարանն իր վրա է վերցրել նաև մեղադրողի գործառույթներ, ինքնուրույն ձևակերպել է նոր մեղադրանք` ամբաստանյալ Մ.Մարգարյանին և տուժող Ի.Բաբաջանյանին մեղսագրել է խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակությունը հանցավոր համաձայնությամբ կատարելու փաստը: Վերոնշյալ ձևակերպումներով Առաջին ատյանի դատարանը խախտել է տուժող Ի.Բաբաջանյանի անմեղության կանխավարկածի իրավունքը և մրցակցության սկզբունքը, ինչպես նաև վատթարացրել է ամբաստանյալ Մ.Մարգարյանի վիճակը՝ նրան զրկելով վերոգրյալ չորս դրվագներով իր պաշտպանությունն իրական և արդյունավետ կազմակերպելու հնարավորությունից:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` քրեական հետապնդման մարմիններն են` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:

3. Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

(…)»:

25. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ի.Բաբաջանյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հետևությունը կրել է հստակ և անվերապահ բնույթ, ինչը հանգեցրել է դատական քննության սահմանների, մրցակցության սկզբունքի, ինչպես նաև տուժող Ի.Բաբաջանյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման:

Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ Մ.Մարգարյանն իրեն մեղսագրվող չորս դրվագներով որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ տուժողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր և կանխիկ գումար, թույլ է տվել դատական քննության սահմանների անցում և տուժող Ի.Բաբաջանյանի անմեղության կանխավարկածի խախտում:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի վերոնշյալ խախտման մասին տուժող Ի.Բաբաջանյանը նշել է նաև վերաքննիչ բողոքում՝ բերելով համապատասխան հիմնավորումներ: Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում շարադրել է բողոքաբերի հիմնավորումները, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանք ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել:

 

 II. Ապացույցի թույլատրելիությունը.

 

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք տեսաձայնագրառման փորձաքննության 2010 թվականի թիվ 10-1728 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:

27. ՀՀ Սահմանադրության 23-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 279-րդ և 281-րդ հոդվածներով երաշխավորված` անձնական կյանքի, այդ թվում՝ այլ անձանց հետ ցանկացած եղանակով հաղորդակցվելու անձեռնմխելիության իրավունքի հետ կապված հարցերին անդրադարձել են ինչպես ՀՀ սահմանադրական դատարանը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վերջինս սահմանում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման.

ա/ օրենքով սահմանված դեպքերում,

բ/ օրենքով սահմանված կարգով,

գ/ դատարանի որոշմամբ:

Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն:

ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվում է անձի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները լսելու երկու իրավական ռեժիմ՝ որպես քննչական գործողություն և որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում: Ընդ որում, երկու իրավական ռեժիմների դեպքում էլ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը երաշխավորում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը՝ դրանց սահմանափակման համար, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համահունչ, որպես պարտադիր պայման նախատեսելով դատարանի համապատասխան որոշման առկայությունը:

(…)

Դատարանի որոշման առկայության` որպես ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված իրավունքի սահմանափակման համար նախատեսված պայմանի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինս հետապնդում է հետևյալ իրավաչափ նպատակները.

նախ, այն նպատակ ունի պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից,

երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ [քրեական դատավարության] օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն` նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու և հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում կազմված արձանագրությունները քրեական դատավարության ընթացքում օգտագործվում են որպես ապացույց և արդյունքում կարող են կիրառվել հաղորդակցվող անձի կամ նրա ընդդիմախոսի դեմ, սահմանադիրն առանձնակի կարևորություն է տվել հիշյալ միջոցառումների իրականացման օրինականության նկատմամբ դատական վերահսկողությանը,

երրորդ, որպես կանոն, նշված միջոցառումները կրում են գաղտնի բնույթ, ինչը /ինչպես դա շեշտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը/ որոշ դեպքերում կարող է հանգեցնել դրանց չարաշահումների, որոնց կանխման արդյունավետ միջոցներից է նաև դրանց օրինականության նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման 4-5-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը Վ.Խաչատրյանի գործով կայացված որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքը անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից: Ընդ որում՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն իրավաչափ հիմքերի՝ պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտության դեպքում: Ըստ այդմ էլ, անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքի երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը: Վերջինիս իմաստով՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա» (տե՛ս Վահագն Հրաչիկի Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/11 որոշման 13-րդ կետը):

28. Ապացույցների թույլատրելիության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում:

(…)

[Ս]ույն գործով Քրեական դատարանն անձի դատապարտման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունն ամբողջությամբ բխում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունից:

(…) Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբողջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին» (տե՛ս Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշման 15-րդ, 17-րդ կետերը):

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործի քննության ընթացքում տուժող Ի.Բաբաջանյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր ամուսնու կողմից կատարված` իր և ամբաստանյալ Մ.Մարգարյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրառումը պարունակող լազերային սկավառակը: Քննիչը, նպատակ ունենալով պարզել սկավառակի վրա առկա խոսակցության բովանդակությունը, խոսակցության մասնակիցներին, որոշում է կայացրել դրա հիման վրա դատաձայնագրառման փորձաքննություն նշանակելու մասին` փորձագետին տրամադրելով նշված լազերային սկավառակը:

Քրեական գործով ստացված դատաձայնագրառման փորձաքննության թիվ 10-1728 եզրակացությանը որպես հավելված կցվել է սկավառակի վրա առկա` ձայնագրառման վերծանումը: Նշված եզրակացությունը կից հավելվածով նախաքննական մարմինը դրել է մեղադրյալ Մ.Մարգարյանի մեղադրանքի հիմքում` գտնելով, որ դրանով հիմնավորվել է մեղադրյալ Մ.Մարգարյանի կողմից գործով տուժողներից ոսկե զարդեր վերցնելու և գումարները չտալու հանգամանքը:

Փաստորեն, նախաքննական մարմինն ամբաստանյալ Մ.Մարգարյանի և տուժող Ի.Բաբաջանյանի խոսակցության ձայնագրառումը թեև որպես ապացույց չի դիտել և Մ.Մարգարյանի մեղադրանքի հիմքում չի դրել, սակայն այդ ձայնագրառման հիման վրա նշանակված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությունը և խոսակցության բովանդակությունը արտացոլող հավելվածը համարել է Մ.Մարգարյանի մեղքը հիմնավորող ապացույց:

Առաջին ատյանի դատարանը դատաձայնագրառման փորձաքննության թիվ 10-1728 եզրակացությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց` պատճառաբանելով, որ ձայնագրությունը կատարվել է քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձ` վկա Վ.Բաբաջանյանի կողմից, չի պահպանվել այդ գործողության օրենքով սահմանված կատարման կարգը: Հետևաբար, այդ ձայնագրության հիման վրա կատարված դատաձայնագրառման փորձաքննության թիվ 10-1728 եզրակացությունը մեղադրանքի հիմքում դրվել և որպես ապացույց օգտագործվել չի կարող (տես սույն որոշման 9-10-րդ կետերը):

30. Սույն որոշման 27-28-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 29-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի որոշմամբ փորձաքննության ներկայացված լազերային սկավառակը ձեռք է բերվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Մասնավորապես, սույն գործով Մ.Մարգարյանի և Ի.Բաբաջանյանի խոսակցությունների լսման և ձայնագրառման միջնորդություն դատարան չի ներկայացվել, դատարանը համապատասխան որոշում չի կայացրել: Լազերային սկավառակը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել Ի.Բաբաջանյանը, ով հայտնել է, որ ձայնագրառումը կատարվել է իր ամուսնու կողմից: Այսինքն, նշված փաստական տվյալը ձեռք է բերվել տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունցող անձի կողմից, անձանց հաղորդակցվելու ձայնագրառման քրեադատավարական կարգի էական խախտմամբ:

Նշվածը հիմք է տալիս պնդելու, որ փորձագետի եզրակացությունը թույլատրելի ապացույց չէ, քանի որ եզրակացության հիմքում ընկած փաստական տվյալը` լազերային սկավառակի բովանդակությունը կազմող տեղեկատվությունը, ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսաձայնագրառման փորձաքննության 2010 թվականի թիվ 10-1728 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ է:

31. Սույն որոշման 20-24-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մելինե Միշայի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

32. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքում բարձրացված՝ քրեական օրենքի կիրառման, Մ.Մարգարյանի արարքի որակման վերաբերյալ փաստարկները՝ բավարարելով միայն ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու վերաբերյալ վերջինիս խնդրանքը (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Մելինե Միշայի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

 

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան