Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պայմանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունման վայրը 
Մինսկ
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
04.06.1999
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
04.06.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին

 

Սույն Պայմանագրի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,

գիտակցելով ահաբեկչական ակտերի վտանգավորությունը,

նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև ահաբեկչության տարբեր դրսևորումների դեմ պայքարին վերաբերող միջազգային բնույթի այլ փաստաթղթերը,

ձգտելով այս բնագավառում հնարավորին չափ լայն աջակցություն ցուցաբերել միմյանց և բարձրացնել համագործակցության արդյունավետությունը՝

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Պայմանագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են՝

«ահաբեկչություն»` հակաօրինական, քրեորեն հետապնդելի գործողություն, որը կատարվում է հասարակական անվտանգությունը խախտելու, իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման վրա ազդելու, բնակչությանը սարսափեցնելու նպատակով և արտահայտվում է՝

ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ բռնությամբ կամ դրա կիրառման սպառնալիքով,

մարդկանց զոհվելու վտանգ առաջացնող՝ գույքի և այլ նյութական օբյեկտների ոչնչացմամբ (վնասմամբ) կամ ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով,

նշանակալի գույքային վնաս պատճառելով կամ այլ հասարակայնորեն վտանգավոր հետևանքներ առաջացնելով,

պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ ոտնձգությամբ, որը կատարվում է նրա պետական կամ այլ քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով կամ նման գործունեության համար վրեժխնդրությունից ելնելով,

օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային պաշտպանությունից օգտվող միջազգային կազմակերպության աշխատակցի վրա, ինչպես նաև միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց ծառայողական շինությունների կամ տրանսպորտային միջոցների վրա հարձակվելով,

այլ գործողություններով, որոնք Կողմերի ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված այլ համընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավական ակտերին համապատասխան, մտնում են ահաբեկչության հասկացության մեջ,

«տեխնոլոգիական ահաբեկչություն»` միջուկային, ռադիոլոգիական, քիմիական կամ այլ բակտերեոլոգիական (կենսաբանական) զենքի կամ դրա բաղադրամասերի, պաթոգեն միկրոօրգանիզմների, ռադիոակտիվ և մարդկանց առողջության համար վնասակար այլ նյութերի օգտագործում կամ օգտագործման սպառնալիք՝ ներառյալ տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության միջուկային, քիմիական կամ այլ օբյեկտներ, քաղաքների և այլ բնակավայրերի կենսաապահովման համակարգեր զավթելը կամ շարքից հանելը և քանդելը, եթե այդ գործողությունները կատարվել են հասարակական անվտանգությունը խաթարելու, բնակչությանը սարսափեցնելու, իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման վրա ազդելու նպատակով, քաղաքական, շահադիտական կամ ցանկացած այլ նպատակների հասնելու համար, ինչպես նաև նույն նպատակներով վերը թվարկված հանցագործություններից որևէ մեկի կատարման փորձը, ղեկավարումը, ֆինանսավորումը կամ մասնակցությունը որպես դրդիչ, հանցակից կամ օժանդակող անձ, որը կատարում է կամ փորձում է կատարել նման հանցագործություն,

«տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության օբյեկտներ»` ձեռնարկություններ, շինություններ, սարքավորումներ և այլ օբյեկտներ, որոնց շարքից դուրս գալը կարող է հանգեցնել մարդկային զոհերի, բնակչության առողջության վնասմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը կամ իրադարձության ապակայունացմանը կոնկրետ տարածաշրջանում կամ կոնկրետ պետությունում ամբողջությամբ վերցրած,

«հատուկ հակաահաբեկչական կազմավորումներ»` մասնագետների խմբեր, որոնք, ազգային օրենսդրությանը համապատասխան, ձևավորում են Կողմերը՝ ահաբեկչական գործողությունների դեմ պայքարելու համար,

«հատուկ միջոցներ և ապահովման նյութեր»` նյութեր, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ, հատուկ հակաահաբեկչական կազմավորումների հանդերձավորում՝ ներառյալ զենքը և ռազմամթերքը, հատուկ միջոցները և սարքավորումները:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն ահաբեկչական ակտերի կանխման, հայտնաբերման, խափանման և քննության հարցերում՝ սույն Պայմանագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Կողմերից յուրաքանչյուրը, սույն Պայմանագիրը ստորագրելիս կամ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելիս, կնշի սույն Պայմանագրի դրույթները կատարելու համար պատասխանատու իր իրավասու մարմինները։

Կողմերն անհապաղ կտեղեկացնեն ավանդապահին իրենց իրավասու մարմինների բոլոր փոփոխությունների մասին։

2. Սույն Պայմանագրի դրույթները կատարելիս Կողմերի իրավասու մարմինները միմյանց հետ շփվում են անմիջականորեն։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. Ահաբեկչական ակտերի դեմ պայքարում, այդ թվում՝ դրանք կատարած անձանց հանձնելու հարցերով համագործակցելիս, Կողմերը համապատասխան արարքները դիտում են միայն որպես քրեական։

2. Ահաբեկչական ակտում մեղադրվող անձի քաղաքացիությունը որոշվում է այն կատարելու պահին ունեցած քաղաքացիությամբ։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Սույն Պայմանագրին, այլ միջազգային պայմանագրերին և ազգային օրենսդրությանը համապատասխան, Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են և աջակցում միմյանց՝

ա) տեղեկության փոխանակման,

բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարման,

գ) ահաբեկչական ակտերը կանխելու, հայտնաբերելու, խափանելու կամ քննելու համար համաձայնեցված միջոցներ մշակելու և ձեռնարկելու ու այդ միջոցների մասին փոխադարձաբար միմյանց տեղեկացնելու,

դ) մյուս Կողմի տարածքում կատարելու նպատակով իր տարածքում նախապատրաստվող ահաբեկչական ակտերի կանխարգելման և խափանման համար միջոցներ ձեռնարկելու,

ե) տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության օբյեկտների ֆիզիկական պաշտպանվածության համակարգի վիճակը գնահատելու, այդ համակարգը կատարելագործելու համար միջոցներ մշակելու և իրականացնելու գործում օժանդակություն ցուցաբերելու,

զ) նորմատիվ իրավական ակտեր և դրանց կիրառման պրակտիկայի մասին նյութեր փոխանակելու,

է) ահաբեկչական ակտերի խափանման և դրանց հետևանքների դեմ պայքարելու գործում գործնական օգնություն ցուցաբերելու համար, շահագրգիռ Կողմերի միջև համաձայնությամբ, հատուկ հակաահաբեկչական կազմավորումներ ուղարկելու,

ը) ահաբեկչական ակտերի կանխման և դրանց դեմ պայքարի փորձի փոխանակման, ներառյալ՝ դասընթացների, սեմինարների, խորհրդատվությունների և գիտագործնական համաժողովների անցկացման,

թ) աշխատակիցների պատրաստման և որակավորման բարձրացման,

ժ) տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության օբյեկտների ֆիզիկական պաշտպանվածության համակարգերի և միջոցների մշակման ուղղությամբ, Կողմերի համաձայնությամբ, համատեղ ֆինանսավորման և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներ անցկացնելու,

ժա) հակաահաբեկչական գործունեություն ապահովելու համար, պայմանագրային հիմունքներով, հատուկ միջոցներ, տեխնիկա և սարքավորումներ մատակարարելու միջոցով։

2. Հանձնման մասին հարցումներ ուղարկելու և կատարելու, քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու և քրեական հետապնդում սկսելու կարգը սահմանվում է միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են շահագրգիռ Կողմերը։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը, փոխադարձ խորհրդակցությունների միջոցով, համատեղ մշակում են առաջարկություններ՝ ահաբեկչական ակտերի նախազգուշացման և դրանց դեմ պայքարի հարցերի նորմատիվ - իրավական կանոնակարգման համաձայնեցված մոտեցումների հասնելու համար։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Սույն Պայմանագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին շահագրգիռ Կողմի հարցման հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, թե նման աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար։

2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր։ Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են հաղորդվել բանավոր, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում՝ տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ։

Հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկած ծագելիս կարող է պահանջվել լրացուցիչ հաստատում։

Հարցումը պետք է պարունակի՝

ա) աջակցություն հարցում անող իրավասու մարմնի և հարցվող իրավասու մարմնի անվանումը, գործի էության շարադրանքը, հարցման նպատակը և հիմնավորումը, հարցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,

բ) ցանկացած այլ տեղեկություն, որ կարող է օգտակար լինել հարցումը պատշաճորեն կատարելու համար։

3. Աջակցություն ցուցաբերելու մասին հաղորդված կամ գրավոր հաստատված հարցումը ստորագրվում է հարցում անող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում հարցում անող իրավասու մարմնի զինանշանային կնիքով։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար։

Հարցում անող Կողմն անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին։

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող իրավասու մարմնի իրավասության մեջ, ապա նա հարցումը փոխանցում է իր պետության այն մարմնին, որն իրավասու է դա կատարելու, և այդ մասին անհապաղ տեղեկացնում է հարցում անող իրավասու մարմնին։

3. Հարցվող Կողմն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տվյալներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատշաճորեն կատարելու համար։

4. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն, հարցում անող Կողմի խնդրանքով, կարող է կիրառվել նրա օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի օրենսդրության հիմնական սկզբունքներին կամ միջազգային պարտավորություններին։

5. Եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ, հարցում անող Կողմի հետ խորհրդակցելուց հետո, դրա կատարումը կապել անհրաժեշտ ճանաչված պայմանների պահպանման հետ։ Եթե հարցում անող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պարտավոր է պահպանել այդ պայմանները։

6. Հարցվող Կողմը հարցում անող Կողմի խնդրանքով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ հարցում ստանալու փաստի, այդ հարցման բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու փաստի գաղտնիությունն ապահովելու համար։

Առանց գաղտնիության պահպանման հարցումը կատարելու անհնարինության դեպքում հարցվող Կողմն այդ մասին տեղեկացնում է հարցում անող Կողմին, որն էլ որոշում է՝ արժե՞ արդյոք հարցումը կատարել նման պայմաններով։

7. Հարցվող Կողմը, հնարավորինս սեղմ ժամկետում, տեղեկացնում է հարցում անող Կողմին հարցումը կատարելու արդյունքների մասին։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1. Սույն Պայմանագրի շրջանակներում հարցման կատարումը մերժվում է ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կամ հակասում է իր օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին։

2. Աջակցություն ցուցաբերելը կարող է մերժվել, եթե արարքը, որի կապակցությամբ ստացվել է հարցումը, ըստ հարցվող Կողմի օրենքի, հանցագործություն չէ։

3. Հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է հարցման կատարման ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման մասին՝ սույն հոդվածի 1-ին կետում թվարկված մերժման պատճառների նշումով։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք փակ բնույթ են կրում, կամ հաղորդող Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը։ Նման տեղեկության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը։

2. Սույն Պայմանագրի հիման վրա ստացված հարցման կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որի համար դրանք պահանջվել և տրամադրվել են։

3. Սույն Պայմանագրի հիման վրա Կողմերից մեկի ստացած տվյալները երրորդ կողմին հաղորդելու համար, պահանջվում է այդ տվյալները տրամադրող Կողմի նախնական համաձայնությունը։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերի իրավասու մարմինները տեղեկատվություն են փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին, այդ թվում՝

ա) իրենց պետությունների տարածքում տարածվող ահաբեկչական վտանգի մասին տվյալներ պարունակող նյութերի, նախապատրաստվող և կատարված ահաբեկչական ակտերի, ահաբեկչական ակտ կատարելու մտադրություն ունեցող առանձին անձանց, անձանց խմբերի կամ կազմակերպությունների հայտնաբերման մասին,

բ) Կողմերի պետությունների ղեկավարների, միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, պետական այցելությունների, միջազգային և ազգային քաղաքական, սպորտային և այլ միջոցառումների մասնակիցների դեմ նախապատրաստվող ահաբեկչական ակտերի մասին,

գ) միջուկային նյութերի, քիմիական, բակտերիոլոգիական (կենսաբանական) զենքի կամ դրա բաղադրիչների, խիստ թունավոր քիմիական նյութերի, պաթոգեն միկրոօրգանիզմների անօրինական շրջանառության փաստերի մասին,

դ) իրենց պետությունների անվտանգության համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների, խմբերի և առանձին անձանց մասին, ահաբեկչական կազմակերպությունների, խմբերի կամ առանձին անձանց միջև կապեր հաստատելու մասին,

ե) ահաբեկչական գործունեության մեթոդներն օգտագործող անօրինական զինված կազմավորումների, դրանց կառուցվածքի, անդամների, նպատակների և խնդիրների մասին,

զ) ահաբեկչական գործունեության հայտնաբերված մեթոդների, հնարքների և միջոցների մասին,

է) ապահովելու և զինելու միջոցների մասին, որ Կողմերը կարող են միմյանց տրամադրել իրենց հնարավորությունների սահմաններում,

ը) սույն Պայմանագրի առարկայի հետ կապված հարցերի օրենսդրական և այլ նորմատիվ կարգավորման պրակտիկայի մասին,

թ) ֆինանսավորման և իրենց պետությունների տարածքներ զենք և ահաբեկչական ակտեր կատարելու այլ միջոցներ անօրինական մատակարարելու՝ հայտնաբերված և ենթադրվող ուղիների մասին,

ժ) Կողմերի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ահաբեկչական ոտնձգությունների մասին,

Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։

 

Հ ո դ վ ա ծ  12

 

1. Կողմերը հարցմամբ կամ շահագրգիռ Կողմի համաձայնությամբ կարող են իրենց իրավասու մարմինների ներկայացուցիչներին, ներառյալ՝ հատուկ հակաահաբեկչական կազմավորումները, սույն Պայմանագրին համապատասխան, գործուղել՝ մեթոդական, խորհրդատվական կամ գործնական օգնություն ցուցաբերելու։

Ընդ որում, ընդունող Կողմը գրավոր ծանուցում է մյուս Կողմին իր պետական սահմանը հատելու տեղի, ժամանակի, կարգի և առաջադրված խնդիրների բնույթի մասին, աջակցում և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում դրանց արդյունավետ լուծման համար՝ ներառյալ մարդկանց, հատուկ միջոցների ու ապահովման նյութերի անարգել փոխադրումը, ինչպես նաև անվճար տեղավորումը, սնունդը և ընդունող Կողմի տրանսպորտային ենթակառուցվածքից օգտվելը։

Ընդունող Կողմի տարածքում հատուկ հակաահաբեկչական կազմավորման կամ այդ կազմավորման առանձին անդամների ցանկացած տեղաշարժ հնարավոր է միայն ընդունող Կողմի իրավասու մարմնի ղեկավարի հատուկ թույլտվությամբ և վերահսկողությամբ։

2. Օգնություն ցուցաբերելու համար օդային, ավտոմոբիլային, երկաթուղային, գետային և ծովային տրանսպորտից օգտվելու կարգը որոշվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ ընդունող Կողմի շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցմամբ։

 

Հ ո դ վ ա ծ  13

 

1. Օգնություն ցուցաբերելիս, արդյունավետության և օպերատիվության նպատակով, Կողմերը հատուկ հակաահաբեկչական կազմավորումների կողմից պետական սահմանը հատելիս կապահովեն ազգային օրենսդրությամբ սահմանված ձևականությունների արագ իրականացում։

2. Հատուկ հակաահաբեկչական կազմավորման ղեկավարը պետական սահմանը անցնելու անցագրային կետում ներկայացնում է ուղարկող Կողմի իրավասու մարմինների կողմից հաստատված՝ խմբի անվանական ցուցակը և հատուկ միջոցների ու ապահովման նյութերի ցանկը՝ նշելով ընդունող Կողմի տարածք կազմավորման ժամանելու նպատակը, իսկ կազմավորման բոլոր անդամները ներկայացնում են ազգային անձնագրեր և ահաբեկչության դեմ պայքարի գծով իրավասու մարմիններին պատկանելը հաստատող փաստաթղթեր։

3. Հատուկ միջոցները և ապահովման նյութերը ազատվում են մաքսային տուրքերից և մուծումներից և պետք է կամ օգտագործվեն աջակցություն ցուցաբերելու միջոցառման ժամանակ, կամ՝ դրա ավարտից հետո դուրս տարվեն ընդունող Կողմի տարածքից։

Եթե, հատուկ հանգամանքների բերումով, հնարավոր չէ դուրս տանել հատուկ միջոցները և ապահովման նյութերը, ապա ուղարկող Կողմի իրավասու մարմինները դրանք հանձնում են ընդունող Կողմի իրավասու մարմիններին։

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Պայմանագրի շրջանակներում հատուկ միջոցառումներ անցկացնելու կարգի մասին որոշումը կայացնում է ընդունող Կողմի իրավասու մարմինը՝ հաշվի առնելով մյուս Կողմից ժամանած հակաահաբեկչական կազմավորման ղեկավարի կարծիքը։ Եթե այդ կարծիքն ուշադրության չի արժանանում, ապա ղեկավարն իրավունք ունի հրաժարվելու հատուկ միջոցառման անցկացմանը մասնակցելուց։

 

Հ ո դ վ ա ծ  15

 

1. Ընդունող Կողմը հրաժարվում է օգնություն տրամադրող Կողմի նկատմամբ ցանկացած պահանջից, այդ թվում՝ ընդունող Կողմի տարածքում գտնվող ֆիզիկական անձանց մահվան, մարմնական վնասվածքի կամ նրանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված ցանկացած այլ վնասի հատուցումից, ինչպես նաև իրավաբանական անձանց և հենց ընդունող Կողմին, եթե նման վնաս հասցվել է սույն Պայմանագրի իրականացման հետ կապված խնդիրները կատարելիս։

2. Եթե ուղարկող Կողմի հատուկ հակաահաբեկչական կազմավորման մասնակիցը սույն Պայմանագրի իրագործման հետ կապված խնդիրները կատարելիս ընդունող Կողմի տարածքում վնաս է հասցնում որևէ անձի կամ կազմակերպության, ապա վնասը, համաձայն ազգային օրենսդրության դրույթների, որոնք կկիրառվեին նմանատիպ հանգամանքներում ընդունող Կողմի հակաահաբեկչական կազմավորումների մասնակիցների կողմից վնաս հասցվելու դեպքում, հատուցում է ընդունող Կողմը։

3. Ուղարկող Կողմի կրած ծախսերի՝ ներառյալ բերված հատուկ միջոցների և ապահովման նյութերի կորստի, ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացման հետ կապված ծախսերի հատուցման կարգը սահմանվում է շահագրգիռ Կողմերի միջև պայմանավորվածության հիման վրա։

4. Այն դեպքում, երբ Կողմերից մեկը համարում է, որ հատուկ հակաահաբեկչական կազմավորումների գործողությունների պատճառով հասցված վնասը չի համապատասխանում միջոցառման նպատակներին, ապա ծագած տարաձայնությունները լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ երկկողմ հիմունքներով։

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Պայմանագրի կատարման նպատակով Կողմերի իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում, կարող են անցկացնել խորհրդակցություններ և աշխատանքային հանդիպումներ։

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ և առանձին պայմանավորվածությունների հիման վրա, կարող են անցկացնել հատուկ հակաահաբեկչական կազմավորումների համատեղ վարժանքներ և մյուս Կողմի ներկայացուցիչների համար փոխադարձ հիմունքներով դասընթացներ կազմակերպել իրենց ազգային հակաահաբեկչական ստորաբաժանումներում։

 

Հ ո դ վ ա ծ  18

 

1. Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի իրավասու մարմինների կողմից ստացված նյութերը, հատուկ միջոցները, տեխնիկան և սարքավորումները կարող են հանձնվել երրորդ կողմին՝ միայն այդպիսի հատուկ միջոցներ, տեխնիկա և սարքավորումներ տրամադրած իրավասու մարմնի համաձայնությամբ և նրա պայմաններով։

2. Հրապարակման ենթակա չեն սույն Պայմանագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու համար օգտագործվող հատուկ հակաահաբեկչական կազմավորումների օպերատիվ-հետախուզական գործողությունների մեթոդների, հատուկ ուժերի և միջոցների, ապահովման նյութերի բնութագրերի մասին տվյալները։

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Անհրաժեշտության դեպքում շահագրգիռ Կողմերը կհամաձայնեցնեն սույն Պայմանագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու ֆինանսական, կազմակերպատեխնիկական և այլ պայմանները։

 

Հ ո դ վ ա ծ  20

 

1. Սույն Պայմանագիրը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ կնքելու սույն Պայմանագրի առարկա հանդիսացող հարցերի մասին երկկողմ միջազգային պայմանագրեր և չի շոշափում Կողմերի՝ այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակից են նրանք։

2. Կողմերի իրավասու մարմինները կարող են միմյանց հետ կնքել սույն Պայմանագրի կատարման կարգն առավել մանրամասն կանոնակարգող համաձայնագրեր։

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ ծագող վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ ավանդապահին համապատասխան ծանուցում հանձնելու օրվանից։ Նման ընթացակարգեր կատարելու անհրաժեշտության մասին Կողմերը սույն Պայմանագրի ստորագրման պահից հետո երեք ամսվա ընթացքում ծանուցում են ավանդապահին։

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Սույն Պայմանագիրը գործում է ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի, և դրա գործողությունն ինքնին կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերն այլ կարգ չեն սահմանում։

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Պայմանագրից՝ այդ մասին‚ դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ‚ գրավոր ծանուցելով ավանդապահին, կարգավորելով սույն Պայմանագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները։

Ընդ որում, սույն Պայմանագրի 18-րդ հոդվածի դրույթները շարունակում են գործել Պայմանագրից դուրս եկող Կողմերի համար դեռևս տաս տարի, իսկ 10-րդ հոդվածինը՝ անժամկետ։

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, Կողմերի համաձայնությամբ, դրան կարող են միանալ այլ պետություններ, այդ թվում նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացողները՝ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով։ Միանալը համարվում է ուժի մեջ մտած այդ միացմանը համաձայն լինելու մասին Կողմերի վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր հետո։

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Ավանդապահն անհապաղ կտեղեկացնի Կողմերին սույն Պայմանագրին միանալու կամ այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու, Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի, ինչպես նաև այլ ծանուցումներ և փաստաթղթեր ստանալու մասին։

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ՝ ռուսերեն բնօրինակով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Պայմանագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

*Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 28-ից: