Համարը 
թիվ 165-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.03.15/8(421) Հոդ.97
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.02.2012
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.02.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11812133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 փետրվարի 2012 թ.

 թիվ 165-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի փետրվարի 23-ի

N 165-Ն հրամանի

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում ներքին աուդիտի համակարգի ներդրումն ապահովելու նպատակով` աուդիտի ստորաբաժանումն ստեղծվում է հանրային հատվածի հետևյալ կազմակերպություններում.

1) ՀՀ պետական կառավարման մարմիններում,

2) համայնքներում:

2. Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում` բացառությամբ Լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի, ներքին աուդիտի ստորաբաժանումը`

1) ՀՀ նախարարություններում՝ առնվազն 3 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է,

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված պետական կառավարման մարմինների աշխատակազմերում` առնվազն 2 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է,

3) 15000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների աշխատակազմերում` առնվազն 2 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է,

4) սույն կետի 3-րդ ենթակետում չնշված համայնքներում ստեղծվում է առնվազն 1 հաստիքային միավորով:

(2-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն, լրաց. 29.03.13 թիվ 252-Ն)

2.1 Համայնքում, ներքին աուդիտի ստորաբաժանման ստեղծման անհնարինության դեպքում` փոխադարձ համաձայնությամբ, ներքին աուդիտի գործառույթները կարող են իրականացվել այլ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից: Իսկ վերջինիս անհնարինության դեպքում համայնքում ներքին աուդիտ կարող է իրականացվել այն մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, որի վարչական սահմաններում գտնվում է նշված համայնքը:

(2.1-ին կետը լրաց. 26.11.12 թիվ 1035-Ն)

3. ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ համայնքների համակարգում գործող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգը գործում է համապատասխանաբար տվյալ կազմակերպության ընդհանուր կառավարումը կամ բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող լիազորված պետական մարմնի «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 1-ին մասով սահմանված ղեկավարի, իսկ համայնքներում՝ համայնքի ղեկավարի ենթակայությամբ:

4. Սույն պահանջների 3-րդ կետում նշված պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի գործառույթն իրականացվում է հրավիրված անձանց կողմից:

5. Հանրային հատվածի պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում հրավիրված անձինք են հանդիսանում՝ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կամ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներից և որպես փորձագետ ներգրավված մասնագետներից կազմված և պետական մարմնի կամ համայնքի ղեկավարի կողմից տվյալ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կամ բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություն գործուղված խումբը:

Ընդ որում.

1) բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ այն կազմակերպություններում, որոնց նախորդ տարվա շրջանառությունը կամ համախառն եկամուտը գերազանցել է 2 միլիարդ ՀՀ դրամը, բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ համայնքներում՝ համայնքի ղեկավարը, պետք է ապահովի ներքին աուդիտի ստորաբաժանման առնվազն մեկ աշխատակցի գործուղված լինելը նշված կազմակերպություն,

2) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, որոնց ընթացիկ տարվա նախահաշվի ընթացիկ ծախսերը գերազանցում են 2 միլիարդ ՀՀ դրամը կամ աշխատակիցների (ներառյալ պայմանագրային հիմունքներով) թվաքանակը գերազանցում է 200-ը, ընդհանուր կառավարումն իրականացնող համապատասխան լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ համայնքներում՝ համայնքի ղեկավարը, պետք է ապահովի ներքին աուդիտի առնվազն մեկ աշխատակցի գործուղված լինելը նշված կազմակերպություն:

(5-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն, 24.07.13 թիվ 611-Ն)

6. Այն հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում, որոնք թվարկված չեն սույն գլխի 5-րդ կետում, սակայն որտեղ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է իրականացվի ներքին աուդիտ, բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, իսկ համայնքներում՝ համայնքի ղեկավարի որոշմամբ ներքին աուդիտի իրականացումը կարող է պատվիրվել մասնավոր կազմակերպություններին, եթե դրանք ունեն «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված ներքին աուդիտի որակավորում և առնվազն 3 տարվա ներքին աուդիտի փորձ ունեցող՝ առնվազն երեք աշխատակիցներ:

(6-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն)

7. Մինչև 2013թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստում անցած ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ստորաբաժանման աշխատակիցները համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած և ենթակա են գրանցման 2013թ. հունվարի 1-ից վարվող «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված ցանկում: Որակավորում չունեցող անձինք 2013 թվականի հունվարի 1–ից ներքին աուդիտի ստորաբաժանումում կարող են զբաղեցնել միայն ժամանակավոր թափուր պաշտոն ուսուցանվող աուդիտորի կարգավիճակով` մինչև համապատասխան որակավորում ստանալը:

(7-րդ կետը խմբ. 26.11.12 թիվ 1035-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ

 

8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և սույն պահանջների 6-րդ կետում նշված անձինք պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում.

1) Հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների աշխատակիցների (այդ թվում՝ Վերահսկիչ պալատի, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական ծառայությունների, ՀՀ բանկերի վերահսկողության և ներքին աուդիտի ստորաբաժանումների), պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ամբողջական մեկ տարվա փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին,

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված՝ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների երկու ամբողջական տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:

(8-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն)

8.1 Համայնքների մասով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և սույն պահանջների 6-րդ կետում նշված անձինք պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մեկ տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:»:

(8.1-ին կետը լրաց. 26.11.12 թիվ 1035-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում.

1) ներքին աուդիտի կոմիտեն պետք է ունենա առնվազն 3 անդամ,

2) ներքին աուդիտի կոմիտեի անդամները պետք է ունենան սույն պահանջների 8-րդ կետով սահմանված ներքին աուդիտի փորձին հավասարեցվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:

10. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մասնակցում է ներքին աուդիտի կոմիտեի նիստերին քարտուղարի կարգավիճակով` առանց քվեարկելու իրավունքի։

11. Աուդիտի ենթարկված ստորաբաժանումների ղեկավարները, եթե հանդիսանում են ներքին աուդիտի կոմիտեի անդամ, իրենց ղեկավարած ստորաբաժանումում կատարված աուդիտի արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելու քվեարկությանը չեն մասնակցում:

12. Այն պետական կառավարման մարմինները, որտեղ մարմնի ղեկավարին կից գործում է կոլեգիա, ներքին աուդիտի կոմիտեի լիազորությունները, մարմնի ղեկավարի որոշմամբ, կարող են վերապահվել կոլեգիային:

13. Տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի կոմիտեի լիազորությունները կարող են վերապահվել համայնքի ավագանուն:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.11.12 թիվ 1035-Ն, լրաց. 29.03.13 թիվ 252-Ն, փոփ. 24.07.13 թիվ 611-Ն)