Համարը 
N 2338-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.228
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.02.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
13.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2338-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 23.01.14 N 81-Ն)

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման N 2 հավելվածում նշվածների, տեղափոխման հետ կապված խնդիրները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 46-րդ կետի երկրորդ պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով» բառերով:

2. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 23.01.14 N 81-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 2
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
(վերնագիրը լրաց. 23.01.14 N 81-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձան) տեղափոխմանն և փոփոխմանն առնչվող փաստաթղթերի կազմման, հաստատման և գործառույթների իրականացման կարգը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(1-ին կետը լրաց. 23.01.14 N 81-Ն)

2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է բացառիկ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական ռազմավարական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

(2-րդ կետը լրաց. 23.01.14 N 81-Ն)

2.1. Հուշարձանը փոփոխվում է բացառիկ` նրա` սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործման անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցման դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:

(2.1-ին կետը լրաց. 23.01.14 N 81-Ն)

3. Հուշարձանը տեղափոխվում և փոփոխվում է լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա: Հուշարձանի տեղափոխման և հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման աշխատանքները` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:

(3-րդ կետը խմբ. 23.01.14 N 81-Ն)

4. Հուշարձանի տեղափոխումն և փոփոխումն իրականացվում է հուշարձանի սեփականատիրոջ, օգտագործողի կամ հուշարձանի տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալող կառուցապատողի (այսուհետ` ձեռնարկող) միջոցներով:

Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանի տեղափոխումը և փոփոխումն, որպես պատվիրատու, իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(4-րդ կետը լրաց. 23.01.14 N 81-Ն)

5. Հուշարձանի տեղափոխումն և փոփոխումն իրականացվում է լիազորված մարմնի հսկողությամբ:

(5-րդ կետը լրաց. 23.01.14 N 81-Ն)


II. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

6. Լիազորված մարմինը հուշարձանի տեղափոխման համար եզրակացություն է տալիս հուշարձանի վերականգնմանը (վերստեղծմանը) հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում` հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը:

7. Գիտանախագծային աշխատանքները կատարող կազմակերպությունն ու մասնագետները նախագծի իրականացման ամբողջ ընթացքում, պատվիրատուի հետ կնքած պայմանագրի համաձայն սահմանված կարգով կատարում են նաև գիտական ղեկավարում և հեղինակային հսկողություն, իսկ տեխնիկական հսկիչները` համապատասխանաբար տեխնիկական հսկողություն:

8. Հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքը, նախագծանախահաշվային փաստաթղթերին, գիտամեթոդական ու տեխնոլոգիական պահանջներին, սահմանված նորմերին, պահանջվող որակին և ժամկետներին կատարված աշխատանքների համապատասխանությունը, ինչպես նաև դիտողությունների ու թերությունների մասին տեղեկությունները, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունները պարբերաբար փաստագրվում և գրանցվում են հեղինակային ու տեխնիկական հսկողության մատյանում` համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողության և շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման վերաբերյալ գործող իրավական ակտերի:

9. Հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերակառուցման ընթացքում հուշարձանապատկան բեկորների ու տարրերի անվթարության ապահովման պատասխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնողը:


III. ԳԻՏԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

10. Հուշարձանը` նպատակահարմար տարածք տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլտվություն ստանալուց հետո ձեռնարկողը հուշարձանը վերականգնող հեղինակի հետ մշակում է դրա տեղափոխման նախագծային առաջադրանքը՝ հաշվի առնելով լիազորված մարմնի առաջադրած պայմաններն ու դիտողությունները:

Առաջադրանքում պարտադիր նախատեսվում են հուշարձանի ու դրա տարածքի ուսումնասիրում (տեղահանույթ, ճարտարապետահնագիտական չափագրություն, լուսանկարում, մատենագիտական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի հավաքում, հնագիտական, նյութաբանական հետազոտություններ), ինչպես նաև նոր տարածքի երկրաբանական, հնագիտական, հետազոտական աշխատանքների կատարում, որոնք պետք է նախորդեն և հիմք ծառայեն տեղափոխման նախագիծ կազմելու համար:

Առաջադրանքում նշվում է նաև նախագծի կազմը (ճարտարապետաշինարարական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական մասեր, շինարարական աշխատանքների կազմակերպման նախագիծ, նախահաշիվներ և այլն):

11. Գիտանախագծային փաստաթղթերի կազմումը՝ համապատասխան գիտամեթոդական հիմնավորմամբ, իրագործվում է 2 փուլով՝

ա) էսքիզային նախագծային փուլ,

բ) աշխատանքային գծագրերի մշակման փուլ:

Փոքրածավալ և ոչ խնդրահարույց աշխատանքների դեպքում (խաչքար, տապանաքար և այլն) փաստաթղթերի կազմումը թույլատրվում է մեկ` աշխատանքային գծագրեր փուլով:

12. Նախագծի համաձայնեցումների ու հաստատման, նախագծային փաստաթղթերի կազմը, դրանց կատարման և իրականացման, կատարված աշխատանքների գնահատման և ընդունման, կատարված աշխատանքներում բացահայտված խախտումների ու թերությունների վերացման, գիտական հաշվետվությունների կազմման, փաստաթղթերի արխիվավորման պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգին համապատասխան:


 IV. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Ձեռնարկողը հուշարձանի տեղափոխման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավում է վերականգնման բնագավառում մասնագիտացված, համապատասխան նախագծային և շինարարական լիցենզիա ունեցող կազմակերպությունների ու անձանց:

14. Ձեռնարկողը կարող է իր իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

15. Ձեռնարկողն ապահովում և լիազոր մարմին է ներկայացնում հուշարձանի տեղափոխման համար պետական մարմինների համապատասխան որոշումները` վերականգնման տարածքի հատկացման փաստաթղթերը, հուշարձանի տեղափոխման և նոր տեղում վերականգնման (վերստեղծման) ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինժեներաերկրաբանական, տեխնիկական, հնագիտական պայմանները, հեղինակային իրավունքի նորմերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

16. Հուշարձանի տեղափոխման աշխատանքները կատարում է ձեռնարկողը` իր միջոցներով` սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և տեղափոխման ու վերականգնման շինարարական աշխատանքների կատարման թույլտվության հիման վրա:

17. Մինչև հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն սկսելը ձեռնարկողը պարտավոր է համաձայնության գալ հուշարձանի տեղափոխման հետևանքով վնասներ կրող սուբյեկտներին հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

18. Պետական մարմնի հետ համաձայնեցնելով` ձեռնարկողն իր միջոցներով մինչև տեղափոխելը կազմակերպում և ֆինանսավորում է հուշարձանի ուսումնասիրման, չափագրման, քարերի համարակալման, քանդման, տարածքի պեղման, ինչպես նաև տեղափոխման համար հատկացված տարածքի հնագիտական, երկրաբանական, հետախուզման և հուշարձանի վերականգնման նախագծային աշխատանքները:

 

V. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
(գլուխը լրաց. 23.01.14 N 81-Ն)

 

19. Հուշարձանի փոփոխում է համարվում ցանկացած այնպիսի միջամտություն, որն առնչվում է հուշարձանի հատակագծային, ծավալատարածական կամ նյութական որևէ տարրի մեկ այլ լուծմամբ` մասնակի կամ ամբողջական փոփոխելուն, կամ հավելելուն՝ հաշվի առնելով հուշարձանի պատմական միջավայրի պահպանման և գեղարվեստական ընկալման խնդիրները:

20. Հուշարձանների փոփոխման աշխատանքների կատարման համար որպես պատվիրատու հանդես են գալիս դրա սեփականատերը և (կամ) նրա համաձայնությամբ` օգտագործողը:

21. Պետական սեփականություն հանդիսացող և օգտագործվող հուշարձանների փոփոխման դեպքում` օգտագործողը, իսկ պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանների փոփոխման դեպքում` հուշարձանի կամ դրա տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալողը դիմում է լիազորված մարմին: Դիմումում նշվում են նախատեսվող աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը: Դիմումին կից ներկայացվում են`

1) հուշարձանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը (եթե դիմողն օգտագործողն է).

2) հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.

3) լիցենզավորված անձանց կողմից կազմված` հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը, դրա հիման վրա` պատվիրատուի և հեղինակի կողմից կազմված` հուշարձանի փոփոխման առաջադրանքի նախագիծը.

4) էսքիզային առաջարկի նախագիծը և բացատրագիրը (մեկ` թղթային` ցուցադրական, և մեկ` էլեկտրոնային կրիչի վրա):

22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու, դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքերում լիազորված մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

23. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

24. Լիազոր մարմինը սույն կարգի 21-րդ կետում նշված փաստաթղթերը 14 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է գիտամեթոդական խորհրդի նիստում: Գիտամեթոդական խորհուրդը նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հուշարձանի փոփոխման վերաբերյալ եզրակացություն:

25. Գիտամեթոդական խորհրդի`

1) դրական եզրակացության դեպքում` հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխման թույլտվություն ստանալու համար լիազոր մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` կցելով իր եզրակացությունը.

2) բացասական եզրակացության դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է վերադարձնում ներկայացված փաստաթղթերը` կցելով եզրակացությունը:

26. Տեղական նշանակության հուշարձանի փոփոխման դեպքում լիազոր մարմինը եզրակացությունը և փաստաթղթերը տրամադրում է պետական կառավարման համապատասխան տարածքային մարմնին: Պետական կառավարման տարածքային մարմինը, եզրակացությունը և փաստաթղթերը համաձայնեցնելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, ստացված կարծիքների հիման վրա` օրենքով սահմանված կարգով և ժամկետում ընդունում է հուշարձանի փոփոխման թույլտվություն տալու կամ այն մերժելու մասին որոշում:

(գլուխը լրաց. 23.01.14 N 81-Ն)

(հավելվածը լրաց., խմբ. 23.01.14 N 81-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան