Համարը 
N 7-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.03.03/5(484) Հոդ.85
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվը 
16.01.2014
Ստորագրող մարմինը 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 84-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11514104

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունվարի 2014 թ.

N 7-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 84-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրության 2-րդ կետի.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը»՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 117-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 84-Ն հրամանը։

3. Սույն հրամանի հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանին։

 

  Ա. Ասատրյան

 

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

16 հունվարի 2014 թ.

N 7-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարի աշխատակազմի և նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների համար:

3. Աշխատակազմի ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը` աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:

4. Պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայկական համակարգչային «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակներով:

5. Համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ յուրաքանչյուր աշխատողի աշխատակազմի ղեկավարի կողմից երկօրյա ժամկետում տրվում է համակարգից օգտվողի անուն:

6. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը):

7. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատակցին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը) ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին: Փոխարինող անձի տվյալները նշվում են նաև հրամանում:

8. Աշխատակցի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:

9. Աշխատանքից ազատվելու դեպքում, աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից համակարգում իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթերը պետք է փոխանցի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված համապատասխան ընթացակարգով:

10. Աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկել համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքներ:

11. Աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանումում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

12. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. Մտից փաստաթղթերի գրանցումն աշխատակազմում և ներքին փաստաթղթաշրջանառությունը

 

13. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`

1) գրություններ.

2) դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից.

3) ՀՀ կառավարության որոշումներ.

4) ՀՀ վարչապետի որոշումներ.

5) ՀՀ օրենք.

6) ՀՀ վարչապետի հանձնարարականներ.

7) ՀՀ Նախագահի հրամանագրեր.

8) ՀՀ Նախագահի կարգադրություններ.

9) ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումները.

10) քաղվածք ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից.

11) արձանագրություններ.

12) օրակարգեր.

13) իրավական ակտերի նախագծեր.

14) դատական ծանուցագրեր.

15) շրջաբերականներ.

16) հանձնարարականներ.

17) զեկուցագրեր, տեղեկանքներ.

18) այլ:

14. Նախարարությունում ստացված թղթակցությունը, բացի «գաղտնի» մակագրությամբ ծրարներից, ընդունվում է աշխատակազմի քարտուղարության կողմից:

15. Աշխատակազմի քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

16. Քարտուղարության աշխատակիցները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի ելից համարները ծրարի վրա նշված համարների հետ: Փաստաթղթի բացակայության կամ վնասման դեպքում կազմվում է ակտ: Էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված անճշտությունների, ոչ «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակների, ինչպես նաև գործավարության կարգի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում աշխատակազմի քարտուղարության պետը կամ ընդհանուր բաժնի պետը չեղարկում է փաստաթուղթը և հանձնարարում գրանցողին ելից գրությամբ տեղյակ պահել ուղարկող մարմնին տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին:

17. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին կցվում, ինչպես նաև պատկերամուտով մուտքագրվում են (սկանավորվում) այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի բնակության վայրը, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

18. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության աշխատակիցը կից նյութերով գրանցում է համակարգում` նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Մտից փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը): Մտից համարը բաղկացած է համակարգի հերթական համարից և տարեթվից:

19. Նախարարի և նախարարի առաջին տեղակալի բացակայության դեպքում նախարարին հասցեագրված մեկօրյա ժամկետով շտապ թղթակցությունը հանձնվում է աշխատակազմի ղեկավարին` փաստաթղթի համապատասխան ընթացքն ապահովելու համար:

20. Գրանցման ենթակա չեն աշխատակազմ ներկայացված պայմանագիրը, ընդունման-հանձնման ակտերը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, գրություններին կից թերթերը, տեղեկատվական բնույթի (տեղեկագրեր, բրոշյուրներ, վիճակագրական ժողովածուներ, աղյուսակներ և այլն) փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշվում միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք թղթային տարբերակով, գրանցամատյանի գրանցմամբ ու ստորագրությամբ հանձնվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին: Սույն կարգով նախատեսված պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերն ուղեկցող գրությունները համակարգ են մուտքագրվում սահմանված ընթացակարգով:

21. Օտար լեզուներով ստացված թղթակցությունը համակարգով հանձնվում է աշխատակազմի միջազգային կապերի բաժին` փաստաթղթի ուղեկցող գրության և (կամ) կից նյութի համառոտ թարգմանության (մինչև մեկ էջի սահմաններում), որից հետո հետ է վերադարձվում աշխատակազմի քարտուղարություն` սահմանված կարգով ընթացքն ապահովելու համար:

22. Համակարգով, էլեկտրոնային տարբերակով ստացված մտից փաստաթղթերը պետք է հաստատված լինեն ուղարկող մարմնի համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

23. Նախարարության աշխատակիցների էլեկտրոնային հասցեներով ստացված և ուղարկված փաստաթղթերը պաշտոնական թղթակցություն չեն համարվում և իրավական հետևանքներ չեն առաջացնում: Նշված փաստաթղթերը պաշտոնական ընթացք ստանալու համար ենթակա են համակարգում պարտադիր գրանցման` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

24. Աշխատակազմ ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին և ամսաթվին:

25. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո համակարգով հանձնվում է աշխատակազմի քարտուղարության պետին կամ նրա հանձնարարությամբ` ընդհանուր բաժնի պետին:

26. Աշխատակազմի քարտուղարության պետը կամ նրա հանձնարարությամբ՝ ընդհանուր բաժնի պետը ստացված փաստաթուղթն ըստ բովանդակության համակարգով ուղարկում է մակագրության` փաստաթղթում նշված հասցեատիրոջը (բացառությամբ նախարարին ուղղված փաստաթղթերի)՝ անհրաժեշտության դեպքում համակարգով տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին:

27. Նախարարին ուղղված փաստաթղթերն աշխատակազմի քարտուղարության պետը կամ նրա հանձնարարությամբ՝ ընդհանուր բաժնի պետը համակարգով հանձնում է աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից դրանք նախարարին մակագրության ուղարկելու համար:

28. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան նախարարության որևէ ելից փաստաթղթի, որի վրա հստակ նշված են նախարարության ելից փաստաթղթի համարն ու ամսաթիվը, ապա աշխատակազմի քարտուղարության աշխատակիցը համակարգի «ի պատասխան (առնչվող) դաշտում» այն կցում է համապատասխան ելից փաստաթղթին: Նախարարության փաստաթղթի ելից համարի ու ամսաթվի բացակայության դեպքում, քարտուղարության աշխատակիցը կցումը կատարում է կատարող ստորաբաժանման ղեկավարի կողմից «տեղեկացնել» կոճակով ուղարկված հաղորդագրության հիման վրա:

29. Համակարգի միջոցով փաստաթղթի սկզբնական վերջնաժամկետը նշանակվում է տվյալ աշխատանքի կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան: Հասցեատերը, փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկելով կատարող ստորաբաժանման ղեկավարին` անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել կատարման առավել սեղմ ժամկետ` ընթացիկ վերջնաժամկետ:

30. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են քարտուղարությունում` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Այն փաստաթղթերը, որոնք աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի ստորաբաժանումներին տրամադրվում են ստորագրությամբ` թղթային տարբերակով:

31. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները իրավաբանական ստորաբաժանմանը (իրավախորհրդատուներին) տրամադրվում են էլեկտրոնային տարբերակներով:

32. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` նախարարին կամ տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու համարվող պաշտոնատար անձին` նախարարի տեղակալին կամ աշխատակազմի ղեկավարին (այսուհետ` համակարգող) ուղղված ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը, ինչպես նաև հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից տրված հանձնարարականներն ու շրջաբերականները ստորագրությամբ և աշխատակազմի ղեկավարի նշագրումով (բացառությամբ աշխատակազմի ղեկավարին ուղղված փաստաթղթերի) թղթային տարբերակով ներկայացվում են աշխատակազմի քարտուղարություն:

33. Քարտուղարությունը, ներքին շրջանառության փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցում, ըստ անհրաժեշտության՝ պատկերամուտով մուտքագրում և փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով հանձնում է տվյալ մարմնում համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (բացառությամբ հանձնարարականների և շրջաբերականների):

34. Ներքին շրջանառության փաստաթղթերը (բացառությամբ հանձնարարականների և շրջաբերականների) հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում, վերջինս համապատասխան մակագրություն է ուղարկում քարտուղարության պետին` տվյալ փաստաթղթի ընթացքն ավարտելու համար` միաժամանակ տեղեկացնելով համապատասխան ստորաբաժանման ղեկավարին և (կամ) կատարողին:

35. Հանձնարարականներն ու շրջաբերականները սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելուց, պատկերամուտով մուտքագրելուց հետո հանձնվում են քարտուղարության պետին: Քարտուղարության պետը «համաձայն կից ներկայացված հանձնարարականի» կոճակով փաստաթուղթն ուղարկում է հասցեատերերին, միաժամանակ տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին, իսկ նախարարի կամ համակարգողի կողմից ստորագրված հանձնարարականների ու շրջաբերականների դեպքում՝ նաև համակարգողին կամ նախարարին:

36. Աշխատակազմ մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ նախարարը կարող է համակարգով աշխատակազմի ղեկավարին փոխանցել հանձնարարական` նշված փաստաթղթերի առնչությամբ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:

 

III. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումն ու շարժը

 

37. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնություն հանդիսացող օրենքների, կառավարության կողմից ներկայացվող օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումների նախագծերը (այսուհետ` նախագիծ)` կից փաստաթղթերով (հիմնավորում, տեղեկանք, եզրակացություն, ամփոփաթերթ, կարգավորման ազդեցության գնահատական և այլն) նախապատրաստած աշխատակիցը դրանք ներկայացնում է անմիջական ղեկավարի հաստատմանը:

38. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատակցին` խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:

39. Աշխատակիցը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

40. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումներին կարծիք, այնուհետև իրավաբանական վարչություն (իրավախորհրդատուին)` եզրակացություն ներկայացնելու համար:

41. Շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքներն ու եզրակացությունը ստանալուց հետո, կատարող ստորաբաժանման ղեկավարն այն ներկայացնում է համակարգողի համաձայնեցմանը:

42. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարող ստորաբաժանումում կամ համակարգողի կամ նախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:

43. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:

44. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումների, այնուհետև համակարգողի համաձայնեցմանը:

45. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 83-րդ կետով նախատեսված ընթացակարգով այն նախարարին հանձնելու համար:

46. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկանը ներկայացվող նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով, սույն կարգով նախատեսված ընթացակարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

IV. ՀՀ Նախագահից, ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ վարչապետից ստացված հանձնարարականների կատարման ապահովումը

 

47. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեի նիստի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է պաշտոնատար այն անձը, ում հասցեագրված է հանձնարարականը:

48. Եթե հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախարարն է, ապա ստացված հանձնարարականը մակագրությամբ ուղարկվում է աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից նախարարին ուղարկելու համար: Մնացած դեպքերում հանձնարարականն ուղարկվում է մակագրության պաշտոնատար այն անձին, ում հասցեագրված է հանձնարարականը:

49. Նախարարը կամ համակարգողը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ......ո-րդ կատարող(ներ)» մակագրությամբ` համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումների: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:

50. Եթե հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախարարն է, հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը ներկայացնում է համակարգողի և քարտուղարության պետի համաձայնեցմանը, որից հետո համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 83-րդ կետով նախատեսված ընթացակարգով այն նախարարին հանձնելու համար: Մնացած դեպքերում ձևավորված փաստաթուղթը ներկայացվում է համակարգողի հաստատմանը:

51. Հանձնարարականի հաստատված պատասխանը հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետին` հանձնարարականում նշված հասցեատիրոջն առաքումն ապահովելու համար:

52. Հանձնարարականում դրա կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման վերջնաժամկետ սահմանվում է 15-րդ աշխատանքային օրը:

53. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը կարող է սահմանել կատարման ընթացիկ վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:

54. Հանձնարարականը սահմանված ժամկետներում հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում, հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը միջնորդել հանձնարարականը տված պաշտոնատար անձին` հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:

55. Հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգելու մասին հանձնարարականը տված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում, հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգվում է: Նախորդ հանձնարարականը համարվում է ավարտված, երբ ստացվում է ժամկետի փոփոխման վերաբերյալ նոր հանձնարարական և նախորդ հանձնարարականը կցվում է նոր ստացված փաստաթղթին:

56. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից:

 

V. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի նախապատրաստումն ու դրանց շարժը

 

57. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

58. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, կատարող ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) նախապատրաստումը:

59. Կատարող ստորաբաժանման ղեկավարը, կարծիք ստանալու նպատակով նախագիծը համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, իրավաբանական ստորաբաժանման ղեկավարին (իրավախորհրդատուին), անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարին, որից հետո ստացված կարծիքներով նախագիծը ներկայացվում է համակարգողի համաձայնեցմանը, այնուհետև աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

60. Քարտուղարությունը, հիմք ընդունելով համակարգով ներկայացված և աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված տարբերակը, կատարող ստորաբաժանման ղեկավարին տվյալ հրամանի համար տրամադրում է հաշվառված ձևաթուղթ:

61. Աշխատակազմի քարտուղարությունում հաշվառված ձևաթուղթը գրանցվում է գրանցամատյանում և ստորագրությամբ հանձնվում ստորաբաժանման ղեկավարին:

62. Ստորաբաժանման ղեկավարը հաշվառված ձևաթղթի վրա տպված նախագիծը` ստորաբաժանման ղեկավարի, համակարգողի, աշխատակազմի շահագրգիռ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին:

63. Նախարարի կողմից ստորագրման ենթակա նախագծերը նշագրում է նաև աշխատակազմի ղեկավարը և ներկայացնում նախարարին:

64. Հրամանները տպագրվում են ներքոհիշյալ համարակալված ձևաթղթերի վրա`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հրաման:

65. Հրամանների ձևաթղթերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:

66. Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, իր կողմից ստացված հաշվառված ձևաթղթերի խոտանման դեպքում կազմում է համապատասխան ակտ և խոտանված ձևաթղթի հետ միասին հանձնում քարտուղարության պետին:

67. Հաշվառված ձևաթղթերի վերջին էջի հակառակ երեսին համապատասխան ստորաբաժանման կողմից նշվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի հրամանը, որից հետո ըստ հասցեատերերի քանակի, կից փաստաթղթերով ներկայացվում է քարտուղարություն` առաքման և (կամ) համապատասխան ստորաբաժանման կողմից պատրաստված շրջաբերական նամակով սույն կարգով նախատեսված ընթացակարգով ուղարկվում է հասցեատերերին:

68. Հրամանները ձևակերպվում են աշխատակազմի քարտուղարությունում, բացառությամբ կադրային հրամանների, որոնք ձևակերպվում են աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում: Հրամանները գրանցվում են համապատասխան մատյաններում, բնօրինակները կարվում են առանձին գործերում: Կադրային հրամանները, հաստատվելուց հետո, համակարգով «տեղեկացնել» կոճակով ուղարկվում են հասցեատիրոջը (հասցեատերերին):

69. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները հաշվառվում են առանձին: Հրամանի համարը ձևավորվում է հերթական հաշվառման համարից, հրամանի բնույթի անվան առաջին տառից, իսկ անհատական հրամանների դեպքում նաև ստորագրողի պայմանանշից:

70. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

71. Նորմատիվ բնույթի հրամաններն ընդունվելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման: Հրամանները երեք բնօրինակից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Հրամանի յուրաքանչյուր օրինակը թելակարվում է և կնքվում նախարարության կնիքով:

72. Հրամանները ձևակերպվում են առանձին հաշվառման մատյաններում (այսուհետ՝ հաշվառման մատյաններ), որտեղ ըստ հերթականության նշվում են օրենսդրությամբ սահմանված տվյալները:

73. Հաշվառման մատյանները խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Դրանք պետք է լինեն կարված (ժապավենված), իսկ թերթերը՝ համարակալված: Թերթերի թիվը հաստատվում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կնիքով:

74. Հաշվառման մատյաններում նշումները կատարվում են առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Արգելվում է հրամաններում ուղղումներ և ջնջումներ, ինչպես նաև մատիտով գրանցումներ կատարել:

75. Չխախտելով հերթական հաշվառումը, ստորաբաժանումների նախապատրաստած հրամանները հաշվառվում, թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են քարտուղարությունում, անձնակազմի կառավարման բաժնի նախապատրաստած հրամանները` անձնակազմի կառավարման բաժնում:

 

VI. Աշխատակազմի ելից փաստաթղթերի շարժն ու առաքումը

 

76. Ելից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`

1) գրություն.

2) դիմումների պատասխաններ.

3) ՀՀ կառավարության որոշումների նախագծեր.

4) ՀՀ վարչապետի որոշումների նախագծեր.

5) ՀՀ օրենքների նախագծեր.

6) իրավական ակտերի նախագծեր` հրամաններ, պայմանագրեր.

7) կատարողականի գնահատման զեկուցագիր.

8) այլ:

77. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրում են նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը:

78. Առանձին դեպքերում, նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա փաստաթղթերը կարող են ստորագրել նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

79. Ստորաբաժանումների ղեկավարները կարող են ստորագրել քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների (այսուհետ՝ դիմում) պատասխանները:

80. Աշխատակազմի կատարող ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից, ինչպես նաև նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է անհրաժեշտ տեղեկությունը:

81. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան նախարարություն ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա ելից փաստաթուղթը ձևավորվում է տվյալ մտից փաստաթղթի հիմքով` «պատասխանել» կամ «պատրաստել միջանկյալ գրություն» կոճակներով:

82. Ելից փաստաթուղթը ձևավորելիս, կցվող նյութի անվանումը գրվում է լատինատառ և համապատասխանեցվում փաստաթղթի տեսակին, բովանդակությանը և (կամ) ուղարկվող մարմնի անվանմանը (օրինակ` nakhagits, ezrakacutyun, econom, migration):

83. Նախարարի, նախարարի տեղակալների կողմից ստորագրվելիք ելից փաստաթղթերը կատարող ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կարծիքները ստանալուց հետո փաստաթուղթն ուղարկում է համակարգողի, այնուհետև՝ աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնեցմանը: Համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարը էլեկտրոնային ձևաթղթով ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` գնահատման: Գնահատումից հետո վերջինս այն ուղարկում է ստորագրման:

84. Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվելիք ելից փաստաթղթերը կատարող ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կարծիքները ստանալուց հետո փաստաթուղթն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնեցմանը: Համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարը էլեկտրոնային ձևաթղթով ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` գնահատման և ստորագրման:

85. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին` ելքագրումն ու առաքումն ապահովելու համար: Ընդհանուր բաժնի պետը անճշտություններ նկատելու դեպքում մինչ ելքագրումը, իրավասու է հետ վերադարձնել փաստաթուղթը` վերախմբագրման: Ելքագրման գործընթացն ավարտելուց հետո փաստաթղթի ելքագրման մասին տեղեկացվում է կատարողին:

86. Պետական այն մարմիններ, որոնց հետ իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փաստաթուղթն ուղարկվում է էլեկտրոնային առաքմամբ: Էլեկտրոնային առաքումը կատարվում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի կողմից:

87. Էլեկտրոնային տարբերակով ՀՀ օրենսդրությամբ հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերի ելքագրման ժամանակ, որպես կից նյութ կցվում է միայն պաշտոնական գրությունը, իսկ առդիր թերթերն ու նյութերն ուղարկվում են թղթային տարբերակով, փակ ծրարով` այդ մասին նշում անելով պաշտոնական գրության մեջ:

88. Ելից փաստաթուղթը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից համակարգում հաստատված և ստորագրված փաստաթղթի թղթային տարբերակի առաքման համար, կատարող ստորաբաժանումը աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին է ներկայացնում տպված` էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված փաստաթուղթը (կից նյութերով)` որը վավերացվում է աշխատակազմի քարտուղարության կնիքով: Առանձին դեպքերում, փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի հանձնարարությամբ, թղթային տարբերակով առաքվող փաստաթուղթը համակարգով ստորագրվելուց և հաստատվելուց հետո ստորագրման է ներկայացվում նաև թղթային տարբերակով:

89. Համակարգի կողմից տրամադրվող ելից փաստաթղթի հերթական համարը պարունակում է հետևյալ տեղեկությունները` ստորագրողի, կատարող ստորաբաժանման ղեկավարի և կատարողի պայմանանիշերը, փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը:

90. Պետական մարմիններից ստացված գրություններին «ի պատասխան» ուղարկվող գրությունների վրա կատարող ստորաբաժանման կողմից ձևաթղթի վերևի ձախ անկյունում նշվում է ստացված գրության համարը և ամսաթիվը:

91. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:

92. Աշխատակազմի կատարող ստորաբաժանումում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

93. Ստորաբաժանումների ղեկավարներին ուղղված` ստորաբաժանումների միջև կատարվող ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է համակարգով` նոր ելից փաստաթուղթ ձևավորելով:

94. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից պայմանագրերի նախագծերը ներկայացվում են սույն կարգի V-րդ գլխի կետերով սահմանված ընթացակարգով:

95. Առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները պայմանագրի նախագիծը շահագրգիռ ստորաբաժանումներին ուղարկելու հետ միաժամանակ այն ուղարկում են նաև աշխատակազմի ղեկավարին: Վերջինս անհրաժեշտության դեպքում կարող է այն ներկայացնել նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցմանը:

96. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից տրված լիազորագրերն ու տեղեկանքները համակարգում չեն գրանցվում: Դրանք համարակալվում են ըստ հերթական համարների` սկսած յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա առաջին լիազորագրից և (կամ) տեղեկանքից, իսկ պատճենները կարվում են առանձին թղթապանակներում:

 

VII. Քաղաքացիների դիմումների գրանցումը, առցանց նամակագրության համակարգով դիմումների ընթացքին հետևելը

 

97. Քաղաքացիների դիմումների (այդ թվում` քաղաքացիներից ստացված առաջակություններ, բողոքներ), ինչպես նաև կազմակերպություններից ստացված գրությունների (այսուհետ` դիմում) պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում են սույն գործավարության կարգով նախատեսված ընթացակարգով:

98. Կոլեկտիվ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

99. Դիմումները, որոնք չեն համապատասխանում օրենքով` դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջներին, գրանցման ենթակա չեն:

100. Քաղաքացիների դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

101. Դիմումի ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):

102. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12-նիշանոց ծածկագիր-համար, որը կամ դիմումատուն ստորագրությամբ ստանում է անձամբ կամ փոստային հասցեով ծանուցվում է վերջինիս:

103. Դիմումատուն, մուտքագրելով նշված 12-նիշանոց ծածկագիր-համարը, առցանց համակարգով կարող է տեսնել նախարարությունում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

104. Եթե դիմումատուին տրվել է պատասխան, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, համարը, պատասխանի բովանդակությունը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

105. Նախարարության «Գրեք նամակ» բաժնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո, էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված դիմումները ավտոմատ կերպով մուտքագրվում են նախարարության համակարգ և սույն կարգով սահմանված ընթացակարգով շրջանառվում են աշխատակազմում: Դրանք քննության են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դիմումատուն առցանց համակարգով կարող է հետևել իր դիմումի ընթացքին:

106. Նախարարության «Գրեք նամակ» բաժնից առանց էլեկտրոնային թվային ստորագրության ուղարկված դիմումներին ընթացք չտալու դեպքում, դիմումը համակարգ մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացվում է դիմումատուին:

 

 VIII. Հսկողական փաստաթղթերի, դիմումների կատարման ժամկետները

 

107. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`

1) մեկօրյա ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը` մինչև ժամը 15.00.

2) մինչև 3 օր ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու օրը` մինչև ժամը 15.00.

3) 3 օրից ավելի ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետի նախորդ աշխատանքային օրը (եթե ընթացիկ վերջնաժամկետով այլ ժամկետ նախատեսված չէ): «Հավաք» նշումով (եթե հավաքն ապահովում է նախարարությունը) փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու օրը` մինչև ժամը 15.00.

4) մեկից ավելի ստորաբաժանումների` համակատարողների մակագրված հանձնարարականների պատասխանը համակատարողների կողմից առաջին կատարող նշանակված ստորաբաժանմանը ներկայացվում է սահմանված ժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 15.00:

108. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման ժամկետները երկարացվում են սույն կարգի 54-րդ և 55-րդ կետերով սահմանված ընթացակարգով:

109. Նախարարության կողմից դրված վերջնաժամկետները կարող են երկարացվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված առավելագույն ժամկետով: Կատարող ստորաբաժանման ղեկավարը «վերջնաժամկետի փոփոխման առաջարկ» կոճակով դիմում է քարտուղարության պետին: Քարտուղարության պետը փոխում է վերջնաժամկետը` անհրաժեշտության դեպքում ստանալով տվյալ հանձնարարությունը տված պաշտոնատար անձի համաձայնությունը:

110. «Ի գիտություն» մակագրությամբ փաստաթղթերի համար պատասխան չի ակնկալվում: Այդ փաստաթղթերը ավարտվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից:

 

IX. Փաստաթղթերի էլեկտրոնային պահպանումն ու արխիվացումը

 

111. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում` արխիվացվում է համակարգում` երեք տարի ժամկետով:

112. Ցանկացած ժամանակ ըստ համակարգից օգտվելու հասանելիության` համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:

113. Երեք տարին լրանալուց հետո նախարարությունն իր համակարգում պահպանված՝ արխիվացված բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով փոխանցում է աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ։