Համարը 
N 337-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.04.17/20(960) Հոդ.322
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ), ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1281-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 337-Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ), ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1281-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը)` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության ազգային նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո:

(3-րդ կետը փոփ. 19.03.14 N 282-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 14-ի N 337-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են համապատասխանության ազգային նշանի (այսուհետ` համապատասխանության նշան) կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն այն իմաստը, որը սահմանված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում:

3. Համապատասխանության նշանը կիրառվում է կանոնակարգվող ոլորտում արտադրանքի (այսուհետ` արտադրանք) համար և ցույց է տալիս, որ արտադրանք արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցիչը գործող տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջներով համոզվել է արտադրանքի համապատասխանության մեջ` տվյալ արտադրանքը ենթարկելով համապատասխան տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգերին:

4. Այն արտադրանքի համար, որի վրա տարածվում են համապատասխանության նշանի կիրառում նախատեսող մի քանի տեխնիկական կանոնակարգեր, տվյալ նշանով մակնշումը ցույց է տալիս տվյալ արտադրանքի` բոլոր կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանությունը:

5. Կանոնակարգվող ոլորտի այն արտադրանքը, որի տեխնիկական կանոնակարգը նախատեսում է համապատասխանության նշանի կիրառում, պետք է մակնշվի համապատասխանության նշանով:

6. Համապատասխանության նշանը դրոշմվում է տեխնոլոգիական ցանկացած եղանակով, որն ապահովում է արտադրանքի շահագործման ամբողջ ընթացքում պատկերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը:

7. Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և դրա օբյեկտ հանդիսացող ամբողջ արտադրանքի համար: Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության նշանը տրամադրելիս կցում է այդ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը:

8. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապատասխանության նշանը կարող է կիրառել միայն արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը:

9. Համապատասխանության նշանի տրամադրման կամ օգտագործման համար վճար չի գանձվում:

10. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվում է գովազդային նյութերում:

11. Համապատասխանության նշանով նույն արտադրանքը միաժամանակ կարող է կրել նաև այլ համապատասխանությունը փաստող օտարերկրյա նշաններ` պայմանով, որ համապատասխանության նշանի հետ տվյալ նշանները թյուրիմացություն չեն առաջացնի: Այլ նշաններ կարող են կիրառվել այն պայմանով, որ նշանների կիրառման հետևանքով համապատասխանության նշանի տեսանելիությունն ու հստակությունը չեն վատթարանա:

12. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի և գործընթացների համար արգելվում է համապատասխանության նշանի կիրառումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 14-ի N 337-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ)

 

1. Համապատասխանության նշանը բաղկացած է հետևյալ տառերից` Հ, Տ և Կ, ինչը համապատասխանաբար նշանակում է «Հայաստանի տեխնիկական կանոնակարգ»:

2. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը ներկայացված է N 1 ձևում:

3. Համապատասխանության նշանը կիրառելիս պետք է ապահովվի համապատասխանության նշանի հստակությունը և տեսանելիությունը, ինչպես նաև մակնշվածքի ամրությունը:

4. Համապատասխանության նշանի տառերն իրարից տարանջատվում են սպիտակ ֆոնով: Համապատասխանության նշանի յուրաքանչյուր տառի արտաքին և ներքին շերտերը սև են` մեջտեղում տարանջատվելով սպիտակ ֆոնով:

5. Համապատասխանության նշանի բարձրության և լայնության միջև պետք է պահպանվի 2:5 հարաբերակցություն: Համապատասխանության նշանի բարձրությունը պետք է լինի 5 մմ-ից ոչ պակաս:

6. Համապատասխանության նշանի ներքևի մասում պետք է նշվի տվյալ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը:

Ձև 1. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկեր

 

Ներմուծեք նկարագրությունը_2237

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան