Համարը 
N 2
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.07.15/16(495)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
07.07.2014
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հուլիսի 2014 թ.

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) N 7 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը:

Օրենքի N 7 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն արտոնագրային վճար վճարողների համար նույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

Օրենքի N 8 հավելվածի 9-րդ կետի համաձայն արտոնագրային վճարը հաշվարկվում և վճարվում է գործունեության արդյունքներից անկախ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի և պարագաների (նյութերի) օտարման գործարքների մասով «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելի չեն և այդ մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հաշվարկվում և վճարվում է արտոնագրային վճար «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով:

2. Հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում ավտոմեքենաներ իրացնողի կողմից ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման (այդ թվում՝ անհատույց) ծառայությունների մասով հաշվարկվում և վճարվում է արտոնագրային վճար «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով, իսկ ավտոմեքենաների փոխարինվող մասերի և պարագաների (նյութերի) օտարման մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան