Համարը 
N 993-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.08.06/46(849).1 Հոդ.1156.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.07.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 993-Ն

 

ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թույլատրելի սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ընդունել և հրապարակել սննդային հավելումների նմուշառման կարգերը և փորձարկման մեթոդները, ինչպես նաև սննդամթերքում սննդային հավելումների հայտնաբերման ու դրանց քանակների որոշման մեթոդները սահմանող ազգային ստանդարտները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո՝ բացառությամբ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 25
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 7-ի N 993-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծված և իրացվող սննդամթերքի և սննդային հավելումների վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում թույլատրելի սննդային հավելումները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտագործմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները և նույնականացման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված Հայաստանի Հանրապետությունում թույլատրելի սննդային հավելումները ենթակա են համապատասխանության գնահատման:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) սննդային հավելման օրական սպառման թույլատրելի չափաքանակ (այսուհետ` ՍՀՕՍԹՉ)` Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի սննդային հավելումների գծով փորձագետների (այսուհետ` ԿԱՍՀՓ) գնահատականներով` մարմնի կշռին (կգ) համապատասխան սահմանված սննդային հավելման չափաքանակ, որն առողջության համար վտանգ չի ներկայացնում անգամ կյանքի ընթացքում ամենօրյա սննդակազմում օգտագործելու դեպքում.

2) չսահմանված ՍՀՕՍԹՉ` կիառվում է այն սննդային հավելումների համար, որոնք ըստ քիմիական, կենսաբանական, թունաբանական և գիտականորեն հաստատված այլ տվյալների ունեն շատ ցածր աստիճանի թունավորման հատկություն և ըստ ԿԱՍՀՓ գնահատականների` անհրաժեշտ արդյունքի հասնելու նպատակով սննդամթերքի մշակման, վերամշակման կամ պատրաստման գործընթացում դրանց օգտագործման ընդհանուր չափաքանակն սպառողների առողջության համար վտանգ չի ներկայացնում.

3) սննդային հավելումների օգտագործման առավելագույն թույլատրելի չափաքանակ` հաշվի առնելով ՍՀՕՍԹՉ-ը, ըստ ԿԱՍՀՓ-ի` սպառողների առողջության համար վտանգ չներկայացնող, հումքի բաղադրիչներում պարունակվող և վերամշակման ընթացքում ուղղակիորեն ավելացվող սննդային հավելումների գումարային առավելագույն խտությունը պատրաստի արտադրանքում` արտահայտված միլիգրամներով 1 կիլոգրամ պատրաստի արտադրանքում (մգ/կգ).

4) արտադրական պատշաճ գործելակերպի (այսուհետ` ԱՊԳ) (Gօօd Manսfacturing Practices (GMP)) հիմնական սկզբունքներ` սննդային հավելումների օգտագործմանը ներկայացվող հետևյալ սկզբունքները`

ա. ցանկալի արդյունքի հասնելու համար սննդամթերքին հնարավորինս նվազագույն քանակությամբ սննդային հավելման ավելացում,

բ. սննդամթերքի արտադրության, մշակման կամ փաթեթավորման ընթացքում սննդամթերքի բաղադրամաս դարձած, ֆիզիկական կամ տեխնիկական այլ ազդեցության նպատակով չօգտագործված սննդային հավելումը վերջնական արտադրանքում հնարավորինս նվազագույն քանակի հասցնում,

գ. օգտագործվող սննդային հավելման, որպես սննդամթերքի բաղադրիչ, սննդամթերքի որակին ներկայացվող պահանջներին համապատասխան մշակում.

5) սննդամթերքի համակարգված դասակարգում` սննդային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջների սահմանումը պարզեցնելու նպատակով սննդամթերքի բոլոր տեսակների պայմանական խմբավորում:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Սննդային հավելումների օգտագործումը չպետք է ավելացնի սպառողի առողջության վրա մթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը և իջեցնի սննդամթերքի սննդարարության ցուցանիշները (բացառությամբ հատուկ և դիետիկ նշանակության որոշակի տեսակի սննդամթերքի):

6. Հաշվի առնելով ԱՊԳ-ի հիմնական սկզբունքները՝ սննդային հավելումները սննդամթերքին ավելացվում են անհրաժեշտ տեխնոլոգիական արդյունք ստանալու նպատակով, տեխնոլոգիական հրահանգով և (կամ) բաղադրագրով հաստատված չափաքանակներով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակում նշված առավելագույն թույլատրելի չափաքանակները:

7. Սննդային հավելման օգտագործումը հիմնավորվում է, եթե այն գերադասելի է, բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ և օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես և տեխնիկապես հասանելի այլ միջոցներով`

1) սննդամթերքի բնական և սննդարար հատկությունները պահպանելու, սննդային արժեքը կանխամտածված նվազեցնելու (բացառապես 2-րդ ենթակետում նշված սննդամթերքի համար), ինչպես նաև այն դեպքում, երբ սննդամթերքը չի կազմում ընդունված օրաբաժնի նշանակալի մաս.

2) հատուկ դիետա պահպանող սպառողների առանձին խմբի համար նախատեսված սննդամթերքում որոշ բաղադրամասերի կամ սննդարար տարրերի (սննդային նյութերի) կանխամտածված ավելացնելու կամ պակասեցնելու.

3) սննդամթերքի կայունությունն ապահովելու, պահման ժամանակահատվածն ավելացնելու կամ զգայորոշման ցուցանիշները բարելավելու համար` պայմանով, որ սննդամթերքի տեսքը, բնույթը, որակը չեն փոխվելու և սպառողին մոլորության մեջ չեն գցելու.

4) նախապատրաստման, մշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման, պահման և այլ գործընթացներում անհրաժեշտ որոշակի նպատակների համար՝ պայմանով, որ սննդային հավելումը չի թաքցնելու անորակ հումքի օգտագործումը կամ արտադրական շղթայում անցանկալի (այդ թվում` ոչ հիգիենիկ) գործընթացները:

8. Արգելվում է հումքից կամ այլ բաղադրիչներից սննդային հավելումների փոխանցումն սպառողների հետևյալ խմբերի համար նախատեսված սննդամթերքում, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակում նշված խմբերի`

1) կաթնային խառնուրդներ նորածինների (մինչև 12 ամսական երեխաներ) համար, կաթնային խառնուրդներ և հատուկ բուժիչ կաթնային խառնուրդներ վաղ տարիքի երեխաների (6-12 ամսական երեխաներ) համար.

2) լրացակեր վաղ տարիքի երեխաների և մանուկների (1-3 տարեկան երեխաներ) համար:

9. Սննդային հավելումները մթերքում կարող են մնալ ամբողջությամբ կամ մասնակի անփոփոխ, կամ սննդամթերքի բաղադրամասերի և հավելումի քիմիական փոխազդեցության հետևանքով առաջացած նյութերի ձևով:

10. Մթերքի վերականգնման կամ սննդային արժեքի բարձրացման նպատակով սննդամթերքին ավելացվող նյութերը (օրինակ` վիտամիններ, ամինաթթուներ, որոշ միկրոէլեմենտներ և այլն) սննդային հավելումներ չեն համարվում:

11. Այն սննդային հավելումները, որոնց համար ՍՀՕՍԹՉ սահմանված չեն, ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 3 աղյուսակում:

12. Այն սննդամթերքը կամ սննդամթերքի խմբերը, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 3 աղյուսակում նշված սննդային հավելումների օգտագործումը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակին համապատասխան, ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 4 աղյուսակում:

 

IV. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(բաժինը լրաց. 25.09.14 N 1046-Ն)

 

13. Հայաստանի Հանրապետության տարածքում սննդային հավելումների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

(13-րդ կետը լրաց. 25.09.14 N 1046-Ն)

14. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող սննդային հավելումները պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:

(14-րդ կետը լրաց. 25.09.14 N 1046-Ն)

 

IV. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

13. Սննդամթերքի համակարգված դասակարգումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակ) սննդամթերքի բոլոր տեսակների ոչ պաշտոնական պայմանական խմբավորում է, որը չի կարող օգտագործվել մակնշման նպատակով և հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`

1) ստորակարգային (հիերարխիկ) է, այսինքն, եթե սննդային հավելումը թույլատրվում է օգտագործել սննդամթերքի որևէ խմբի կամ ենթախմբի սննդամթերքում, և որևէ սահմանափակում նախատեսված չէ, ապա այդ սննդային հավելումը թույլատրվում է օգտագործել նաև դրանց ենթախմբերի սննդամթերքում.

2) հիմնված է իրացվող սննդամթերքի տեսակների և տարատեսակների նույնականացման հնարավորության վրա, եթե այլ բան նշված չէ.

3) հաշվի է առնված փոխանցման սկզբունքը, այսինքն համակարգը չի ներառում խառը բաղադրամասերով սննդամթերքը (օրինակ՝ պիցցան, քանի որ այն համամասնորեն կարող է պարունակել բաղադրամասերի համար թույլատրված բոլոր սննդային հավելումները)՝ բացառությամբ այն սննդամթերքի, որը կարիք ունի այնպիսի սննդային հավելման, որի օգտագործումը թույլատրված չէ բաղադրիչներից որևէ մեկի համար:

 

V. ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային հավելումների մակնշումը պետք է համապատասխանի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշմամբ և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

15. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա նույնականացնելու տվյալ խմբաքանակն ու դրա արտադրողին կամ ներմուծողին:

16. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդային հավելումների մակնշման ժամանակ պետք է նշվեն E դասիչը և անվանումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման N 2 հավելվածի: Եթե որևէ սննդային հավելում ունի ընդհանուր կիրառություն ստացած (հանրահայտ) անվանում, ապա կարող է նշվել այդ անվանումը:

17. Համակցված սննդային հավելումներում երկու կամ ավելի սննդային հավելումների առկայության դեպքում դրանց անվանումներն ու քանակները պետք է ներկայացվեն ցանկով` ըստ տարայի ընդհանուր պարունակությունում դրանց տեսակարար կշռի ցուցանիշի նվազման: Եթե համակցված սննդային հավելումները պարունակում են նաև սննդային բաղադրամասեր, ապա դրանք ևս նույն կարգով պետք է նշված լինեն սննդային հավելումների ցանկում:

18. Համային կամ բուրավետացնող խառնուրդների վրա սույն կանոնակարգի 17-րդ կետի պահանջը չի տարածվում: Այս դեպքում բավական է նշել տեխնոլոգիական ֆունկցիան (օրինակ` «բուրավետացնող նյութ») և համի կամ բույրի բնույթը: Համաբուրավետիչ նյութերը պետք է պարունակեն նաև դրանց ծագումը բնութագրող «բնական», «բնականին նույնականացված» կամ «արհեստական» արտահայտությունները կամ դրանց զուգակցությունը` կախված կոնկրետ դեպքերից: Սույն դրույթը չի տարածվում համի ձևափոխիչների վրա:

19. Մակնշվածքի կամ պիտակի տեսանելի մասում պետք է զետեղվի «Սննդում օգտագործման համար» կամ դրան համարժեք այլ տեղեկատվություն:

20. Սննդային հավելումների զտաքաշը պետք է նշվի՝

1) հեղուկ, կիսապինդ կամ մածուցիկ սննդային հավելումների համար` ծավալով կամ կշռով.

2) պինդ, այդ թվում՝ հաբերի տեսքով վաճառվող սննդային հավելումների համար` կշռով: Հաբերի տեսքով վաճառվող սննդային հավելումների դեպքում պետք է նշվի նաև փաթեթվածքում պարունակվող հաբերի քանակը:

21. Արգելվում է E 127, E 154, E 160b, E 161g, E 173 և E 180 սննդային հավելումների (ներկանյութեր) իրացումը մանրածախ առևտրի կետերում:

22. Ագելվում է E 410, E 412, E 415 և E 417 սննդային հավելումների օգտագործումը ջրազրկված` մինչև ուտելը թրջում պահանջող սննդամթերքում:

23. Արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412, E 413, E 414, E 415, E 417, E 418 և (կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում:

24. Արգելվում է E 425 սննդային հավելման օգտագագործումը դոնդողանման հրուշակեղենում և փոքր տարաներում փաթեթավորված դոնդողներում:

25. Եթե սննդային հավելումը մշակվել է իոնային ճառագայթներով, ապա մակնշվածքում պետք է նշվի դրա մասին:

26. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքում սննդային հավելումների առկայության դեպքում մակնշման ժամանակ պետք է նշվեն սննդային հավելման անվանումը և E դասիչը (օրինակ` տարտրազին E 102, սորբինաթթու E 200) կամ տեխնոլոգիական ֆունկցիան և E դասիչը (օրինակ` ներկանյութ` E 102, պահածոյացնող նյութ` E 200):

27. Եթե սննդային հավելումն ունի մի քանի տեխնոլոգիական ֆունկցիաներ, ապա նշվում է այն տեխնոլոգիական ֆունկցիան, որը համապատասխանում է տվյալ արտադրանքում դրա օգտագործման նպատակին:

 

VI. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

28. Սննդային հավելումների նույնականացումը պետք է իրականացնեն դրա, ինչպես նաև սննդամթերքի արտադրման, պահման, փոխադրման և իրացման փուլերում` իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սննդային հավելումների և սննդամթերքի համապատասխանության գնահատման և պետական վերահսկողության մարմինները:

(28-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

29. Նույնականացումն իրականացնում են`

1) գնահատման նշանակված մարմինները՝ համապատասխանության գնահատման ժամանակ.

2) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելիս, իրենց իրավասության սահմաններում.

3) այլ մարմիններ և կազմակերպություններ` նախաձեռնության կարգով, սննդային հավելումների կամ սննդամթերքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:

(29-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

30. Կախված նույնականացման խնդիրներից` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`

1) փաստաթղթային փորձաքննություն.

2) սննդային հավելման կամ սննդամթերքում դրա պարունակության փորձարկում:

31. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն սննդային հավելման կամ սննդամթերքի սպառողական և փոխադրական տարաների կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:

32. Սննդային հավելման կամ սննդամթերքում դրա պարունակության փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սննդային հավելումների նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով սահմանված զգայորոշման բնութագրերի, ֆիզիկաքիմիական ցուցանիշների և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքում թույլատրվող սննդային հավելումների օգտագործման սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առավելագույն թույլատրելի չափաքանակների:

33. Նույնականացման արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել`

1) արտադրանքի անվանումը.

2) արտադրողի մասին տեղեկատվությունը.

3) արտադրության թվականը և պահման ժամկետը.

4) փաստաթղթերի փորձաքննության կամ արտադրանքի փորձարկման արդյունքները.

5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի և (կամ) խմբակային տարայի և (կամ) անհատական տարայի տարողությունը և քանակությունը.

6) սննդամթերքի կամ սննդային հավելման տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը:

 

VII. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

34. Վտանգավոր և (կամ) ժամկետանց սննդային հավելումների օգտահանումը և ոչնչացումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշմամբ հաստատված կարգով:

 

VIII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

35. Սույն տեխնիկական կանոնակարգի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին սննդային հավելման համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:

(35-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

36. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

37. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

38. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

39. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

40. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

41. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

42. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

43. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

44. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Սույն տեխնիկական կանոնակարգով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին սննդային հավելման համապատասխանության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(45-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 25.09.14 N 1046-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 7-ի N 993-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան