Համարը 
N 1111-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.10.22/56(1069) Հոդ.939
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇՏԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2014 թվականի N 1111-Ն

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇՏԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվություններում կատարել ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների դրույթների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ջրօգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում, օդերևութաբանական վերլուծության արդյունքում, երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

5. Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. հոկտեմբերի 16
Երևան