Համարը 
N 108-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.02.25/10(1099) Հոդ.121
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.02.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2015 թվականի N 108-Ն

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թ.) ներդրման և Հայաստանի Հանրապետությունում լաբորատորիաներում կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և հաստատել`

1) լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության օրինակելի ձեռնարկներ ու գործողությունների ստանդարտ ընթացակարգեր.

2) «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ» սանիտարական նորմերը.

3) «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային ազդակների հետ աշխատող լաբորատորիաներում առաջին բժշկական օգնության միջոցներին ներկայացվող պահանջները և առաջին բժշկական օգնության միջոցների ցանկը և դրանց կիրառման հրահանգը» մեթոդական ցուցումները.

 4) «Քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում քիմիական նյութերի պահեստավորմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ» մեթոդական ուղեցույցը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և համատեղ հրամանով հաստատել «Քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում օգտագործվող անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների պիտանիությանը ներկայացվող պահանջներ» մեթոդական ուղեցույցը` լաբորատոր աշխատանքներ իրականացնող այն կազմակերպությունների համար, որոնց կառավարման լիազորությունները վերապահված են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 12-ի N 108-Ն որոշման

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության` լաբորատոր աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն պահանջները մասնավոր լաբորատորիաների համար կարող են սահմանվել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերով:

3. Սույն իրավական ակտում օգտագործվել են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման համակարգ` համակարգային գործողությունների և ընթացակարգերի համապարփակ ամբողջություն, որը գործադրվում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող լաբորատորիաներում կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման համար.

2) լաբորատոր կենսաանվտանգություն` մեկուսացման ապահովման սկզբունքների, տեխնոլոգիաների և աշխատակարգերի համալիր, որը կիրառվում է` կանխարգելելու համար կենսաբանական հարուցիչների և թունանյութերի հետ պատահական շփումը կամ դրանց պատահական արտահոսքը.

3) լաբորատոր կենսաապահովություն` կենսաբանական ազդակների և թույների պաշտպանության, հսկողության ու հաշվառման ապահովման համալիր՝ կորստի, գողության, ոչ ճիշտ օգտագործման, դիվերսիայի, չարտոնված մուտքի կամ չարտոնված, կանխամտածված արտահոսքի կանխման նպատակով՝ դրանով իսկ պաշտպանելով կազմակերպության աշխատողներին, հանրությանն ու շրջակա միջավայրը.

4) լաբորատոր քիմիական անվտանգություն՝ գործընթացների և աշխատակարգերի համալիր, որը կիրառվում է` ապահովելու համար քիմիական նյութերի հետ անվտանգ աշխատանքը, բացառում է քիմիական թունավորումները լաբորատոր աշխատողների շրջանում, տեխնոլոգիական վթարային իրավիճակները և քիմիական նյութերի պատահական արտանետումները շրջակա միջավայր.

5) լաբորատոր ճառագայթային անվտանգություն՝ լաբորատոր պայմաններում իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների իրականացման ժամանակ ճառագայթային անվտանգության պահանջների ապահովում.

6) կենսաանվտանգության պատասխանատու՝ բարձրագույն կրթություն ունեցող լաբորատոր ոլորտի մասնագետ, որն ունի լաբորատոր կենսաանվտանգության ոլորտում աշխատանքային փորձ, մասնակցել է կենսաանվտանգության և կենսաապահովության դասընթացների և համակարգում է կոնկրետ կազմակերպության կենսաանվտանգության և կենսաապահովության գործընթացները.

7) քիմիական անվտանգության պատասխանատու՝ լաբորատոր ոլորտին առնչվող բարձրագույն քիմիական կրթություն ու որակավորում, կարողություններ և ունակություններ ունեցող լաբորատոր ոլորտի մասնագետ, ով համակարգում է կոնկրետ քիմիական լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպության քիմիական անվտանգության գործընթացները.

8) ճառագայթային անվտանգության պատասխանատու՝ լաբորատոր ոլորտին առնչվող համապատասխան կրթություն ու որակավորում, կարողություններ և ունակություններ ունեցող լաբորատոր ոլորտի մասնագետ, ով համակարգում է կոնկրետ ճառագայթային լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպության ճառագայթային անվտանգության գործընթացները.

9) կենսաբանական ազդակ` ցանկացած միկրոօրգանիզմ, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված, բջջային կուլտուրա և էնդոմակաբույծ, որոնք կարող են ախտահարել մարդկանց կամ կենդանիներին, կամ բույսերին:

4. Կազմակերպություններում բոլոր գործընթացները փաստաթղթավորվում են` տվյալ կազմակերպության տնօրենի կողմից հաստատվող ձեռնարկների և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ձևով՝ ապահովելով դրանց մատչելիությունը բոլոր աշխատողների համար:

5. Կազմակերպություններում ներդրվում են տվյալ կազմակերպության տնօրենի կողմից հաստատվող` վթարների, պատահարների և անկանխատեսելի իրավիճակների արձագանքման ծրագրեր ու անհատական պաշտպանության միջոցների կիրառման սխեմաներ՝ ելնելով կազմակերպության կենսաանվտանգության մակարդակից՝ ըստ գործունեության ուղղվածության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշների:

6. Յուրաքանչյուր կազմակերպությունում սահմանվում է ըստ ուղղվածության կենսաանվտանգության կա՛մ կենսաապահովության, կա՛մ քիմիական, կա՛մ ճառագայթային անվտանգության պատասխանատուի հաստիք:

7. Յուրաքանչյուր կազմակերպության տնօրենի կողմից հաստատվում և յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ վերանայվում են տվյալ կազմակերպության աշխատողների համապատասխանաբար կենսաանվտանգության կամ կենսաապահովության կամ քիմիական կամ ճառագայթային անվտանգության հարցերին վերաբերող շարունակական զարգացման ծրագրերը:

8. Յուրաքանչյուր կազմակերպությունում իրականացվում է վտանգների, սպառնալիքների և ռիսկերի գնահատում: Այն իրականացվում է կազմակերպության լաբորատոր մասնագետների կողմից՝ կենսաանվտանգության, քիմիական կամ ճառագայթային անվտանգության պատասխանատուների ղեկավարությամբ՝ կիրառելով տվյալ կազմակերպության տնօրենի կողմից հաստատվող համապատասխան գնահատման գործիքներ:

9. Վտանգների, սպառնալիքների և ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա` տվյալ կազմակերպության տնօրենի կողմից սահմանվում են դրանց դիմակայման և նվազեցման միջոցառումներ, ընտրվում են համապատասխան պաշտպանության միջոցներ, մշակվում ստանդարտ ընթացակարգեր, որոնց նպատակն առավել անվտանգ աշխատանքի ապահովումն է:

10. Յուրաքանչյուր կազմակերպությունում տնօրենի կողմից ստեղծվում է ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողով, որը համակարգում է կենսաանվտանգության ոլորտում գործընթացները: Կախված կազմակերպության հզորությունից կամ գործունեության նշանակությունից (ռեֆերենս կամ լաբորատոր ցանցում ընդգրկված կազմակերպություն)՝ կարող են ստեղծվել նաև առանձին քիմիական և ճառագայթային անվտանգության հանձնաժողովներ կամ քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերը կարող են համակարգվել կենսաանվտանգության հանձնաժողովի կողմից՝ համապատասխան մասնագետների ընդգրկմամբ:

11. Կազմակերպության աշխատողները ենթարկվում են բժշկական զննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումների պահանջների:

12. Կազմակերպության գազամատակարարման, էլեկտրամատակարարման, օդափոխության, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը պետք է գործեն անխափան:

13. Կազմակերպության տեսանելի վայրում պետք է փակցվեն հնարավոր տարհանման սխեմաները:

14. Կազմակերպության տեսանելի և հասանելի վայրում դրվում է առաջին բժշկական օգնության միջոցների լրակազմը, որը հաստատվում է առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

15. Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող կազմակերպության աշխատողների շրջանում կենսաանվտանգության, քիմիական և ճառագայթային անվտանգության պատասխանատուների կողմից` տվյալ կազմակերպության տնօրենի սահմանած ժամանակացույցի համաձայն իրականացվում են կենսաանվտանգության, կենսաապահովման, քիմիական, ճառագայթային, հրդեհային, էլեկտրասարքավորումների հետ աշխատանքների անվտանգության կանոնների վերաբերյալ ուսուցում և ձեռք բերած գիտելիքների ստուգում:

16. Կազմակերպությունը պետք է ապահովվի հակահրդեհային պաշտպանության, առաջին բժշկական օգնության և անհատական պաշտպանության միջոցներով՝ ըստ իրենց ուղղվածության:

17. Կազմակերպության անձնակազմը պետք է տիրապետի հրդեհային անվտանգության կանոններին, հակահրդեհային պաշտպանության միջոցառումներին և տեխնիկական անվտանգության կանոններին, առաջին բժշկական օգնության սկզբունքներին, անհատական պաշտպանության միջոցների օգտագործմանը: Կազմակերպությանը հասանելի վայրերում տեղադրվում են կրակմարիչներ, և լաբորատոր անձնակազմն անցնում է համապատասխան ուսուցում կրակմարիչների օգտագործման վերաբերյալ:

18. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատվում են կենսաանվտանգության և կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման աշխատանքներին ներկայացվող պահանջները, որոնց հիման վրա յուրաքանչյուր կազմակերպության տնօրեն հաստատում է տվյալ կազմակերպության կենսաանվտանգության և կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության պատասխանատուի աշխատանքին ներկայացվող պահանջները, որոնք ամրագրված են նրա պաշտոնի անձնագրում կամ սահմանված են առանձին ակտերով:

 

II. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Կենսաբանական գործոնի հետ աշխատող յուրաքանչյուր կազմակերպության տնօրենի կողմից հաստատվում են`

1) լաբորատոր կենսաանվտանգության և կենսաապահովության ծրագիրը, որը ներառում է տվյալ կազմակերպությունում կենսաանվտանգության և կենսաապահովության համար իրականացվող բոլոր գործընթացները.

2) լաբորատոր կենսաանվտանգության և կենսաապահովության ձեռնարկները, «Կենսաանվտանգության ոլորտի մասնագետի կարողությունները» ձեռնարկը, (հիմք ընդունելով CWA 16335:2011 ստանդարտների պահանջները), կենսաբանական ռիսկերի գնահատման ստանդարտները (հիմք ընդունելով CWA15793 ստանդարտների պահանջները).

3) կազմակերպությունում վարակի հսկողության ծրագիրը, որը ներառում է նաև ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող անձնակազմի բժշկական հսկողության հարցերը (պարտադիր բժշկական զննություն, իմունականխարգելում, շնչադիմակներ օգտագործող անձնակազմի հատուկ բժշկական զննություն՝ համաձայն շնչառական օրգանների պաշտպանության պլանի).

4) կենսաբանական թափոնների վարման ընթացակարգը.

5) կենսառիսկերի գնահատման գործիք-ձևաթղթերը (մշակվում են ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրամադրվող կենսառիսկերի գնահատման օրինակելի գործիք-ձևաթղթերի հիման վրա).

6) կազմակերպությանը կենսաանվտանգության և կենսաապահովության, քիմիական ու ճառագայթային անվտանգության պատասխանատուի աշխատանքին ներկայացվող պահանջները.

7) կազմակերպության անձնակազմի կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերին վերաբերող շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը:

20. Յուրաքանչյուր կազմակերպությունում կիրառվում են վարակի տարածումը կանխող պաշտպանիչ սարքավորումներ` կենսաանվտանգության պահարաններ, կաթոցավորման միանվագ օգտագործման ավտոմատ սարքավորումներ և այլ լաբորատոր սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ, որոնց շահագործման և վարման համար ընդունվում են գործողությունների ստանդարտ ընթացակարգեր:

21. Կազմակերպությունում կարճաժամկետ կամ երկարաժամկետ պահվող նմուշները կամ ախտածին կուլտուրաները հաշվառելու և պահելու համար տվյալ կազմակերպության տնօրենի կողմից հաստատվում են գործողությունների ստանդարտ ընթացակարգեր, որոնց համաձայն իրականացվում են այդ գործընթացները:

22. Կազմակերպության տնօրենը հաստատում է միջատների և կրծողների դեմ պայքարի ծրագրեր: Միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Քիմիական լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունը տեղակայվում է առնվազն երկրորդ կարգի հրակայունություն ունեցող շենքում՝ ելնելով օգտագործվող նյութերի հրավտանգավորությունից և դյուրավառությունից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից հաստատած «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի:

24. Լաբորատոր աշխատատեղերը և սարքավորումներն ունենում են աշխատանքի նշանակության մակնիշներ և կենսաանվտանգության միջազգային նշանը:

25. Քիմիական գործոնի հետ աշխատող յուրաքանչյուր կազմակերպության տնօրենի կողմից հաստատվում են`

1) լաբորատոր քիմիական անվտանգության ծրագիրը, որը ներառում է տվյալ լաբորատորիայում քիմիական անվտանգության համար իրականացվող բոլոր գործընթացները.

2) լաբորատոր քիմիական անվտանգության ձեռնարկը.

3) քիմիական ռիսկերի գնահատման ստանդարտները.

4) լաբորատորիայում քիմիական ախտահարման հսկողության ծրագիրը.

5) քիմիական թափոնների վարման ընթացակարգը.

6) քիմիական լաբորատորիայում քիմիական ռիսկերի գնահատման ձևաթղթերը տվյալ լաբորատորիայի համար, որոնք մշակվում են քիմիական ռիսկերի գնահատման օրինակելի գործիքների հիման վրա:

26. Քիմիական լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունը պետք է ապահովված լինի քիմիական ռեագենտների չեզոքացնող նյութերի պահուստային քանակով:

27. Աշխատանքից հետո աշխատողները` ներառյալ հերթապահը և անվտանգության պատասխանատուն, պարտավոր են ստուգել աշխատատեղերի վիճակը:

28. Կազմակերպության անվտանգության պատասխանատուն հերթապահի հետ միասին աշխատանքային օրվա վերջում փակում է կազմակերպությունը, միացնում ազդանշանային համակարգը և կազմակերպության շենքը հանձնում պահպանության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության բաժնի հետ կնքած պայմանագրի հիման վրա:

29. Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող կազմակերպության աշխատողները տարեկան մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշմամբ հաստատված ճառագայթային անվտանգության կանոններով սահմանված կարգով անցնում են բժշկական զննություն:

30. Ռադիոակտիվ նյութերի հետ իրականացվող աշխատանքների համար նախատեսված կազմակերպությունը տեղակայվում է առանձին շինությունում կամ ընդհանուր նշանակության շինության այլ սենքերից առանձնացված մասում կամ հարկում:

31. Կազմակերպությունն ապահովում է առկա ռադիոիզոտոպային աղբյուրների ու ժամանակավոր պահվող ռադիոակտիվ թափոնների ֆիզիկական պաշտպանությունը. ռադիոիզոտոպային աղբյուրները պահվում են հուսալի կողպվող մետաղյա պահարաններում, իսկ այդ պահարանների և ռադիոակտիվ թափոններ պարունակող կոնտեյների գտնվելու սենքերը կողպվում են, կապարակնքվում, ինչպես նաև կահավորվում հուսալի աշխատող տեսահսկողության և ահազանգման սարքավորումներով:

32. Կազմակերպությունն առկա ռադիոիզոտոպային աղբյուրներն ու ժամանակավոր պահվող ռադիոակտիվ թափոնները հաշվառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Կազմակերպության էլեկտրամատակարարման վահանակները, ինչպես նաև ջրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման և այլ ընդհանուր համակարգերի կառավարման կետերը գտնվում են աշխատանքային սենքերից դուրս:

34. Կազմակերպության բոլոր սենքերն ապահովվում են արտաձիգ օդափոխությամբ և օդի ֆիլտրման հարմարանքով` արտաքին միջավայր ռադիոակտիվ նյութերի արտանետումը կանխելու նպատակով:

35. Կազմակերպության առկա կահույքը, սարքավորումները, սարքերն ու գործիքներն ամրակցվում են այն սենքի վրա, որտեղ դրանք հիմնականում օգտագործվում են: Դրանք ունենում են համապատասխան պիտակավորում և այլ սենք դրանք կարող են տեղափոխվել միայն դրանց ռադիոմետրիկ հսկողության և եղած պիտակի փոխարինման դեպքում:

36. Կազմակերպությունը մշտապես ապահովում է ապաակտիվացնող նյութերի վթարային պահուստ:

37. Կազմակերպության աշխատակազմը տիրապետում է ճառագայթային անվտանգության կանոններին:

38. Ճառագայթային գործոնի հետ աշխատող յուրաքանչյուր կազմակերպության տնօրենի կողմից հաստատվում են`

1) լաբորատոր ճառագայթային անվտանգության ծրագիրը, որը ներառում է տվյալ կազմակերպությունում ճառագայթային անվտանգության համար իրականացվող բոլոր գործընթացները.

2) ռադիոակտիվ թափոնների վարման ընթացակարգը.

3) կազմակերպությունում ճառագայթային ռիսկերի գնահատման ձևաթղթերը տվյալ կազմակերպության համար, որոնք մշակվում են ճառագայթային ռիսկերի գնահատման օրինակելի գործիքների հիման վրա.

4) ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների ավարտից հետո լաբորատորիայի անձնակազմի ռադիոակտիվ աղտոտվածության ստուգման ընթացակարգը.

5) ճառագայթային գործոնների հետ աշխատող կազմակերպության աշխատողների անհատական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները.

6) ճառագայթային անվտանգության մասին հրահանգները (մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշմամբ հաստատված ճառագայթային անվտանգության կանոնների պահանջների համաձայն` կազմակերպության ճառագայթային անվտանգության պատասխանատուի կողմից, և համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի հետ):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան