Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
22 հունվարի 2015 թվականի N 2
5. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հայեցակարգեր, ռազմավարություններ, ծրագրեր մշակելիս՝ առաջնորդվել սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 5
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թ.
հունվարի 22-ի նիստի N 2
արձանագրային որոշման |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԾՐԱԳՐԵՐԻ
ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) նպատակն է ապահովել միասնական մոտեցում՝ հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման գործընթացում:
2. Ուղեցույցում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Հայեցակարգ՝ կոնկրետ ոլորտի (խնդիրների) գծով ուսումնասիրության արդյունքներ և առաջարկվող լուծումներ (ակտիվ կամ պասիվ) կամ լուծումներից ձեռնպահ մնալու առաջարկներ պարունակող ամփոփ փաստաթուղթ:
2) Ռազմավարություն՝ նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունները և միջոցառումներն ընդհանրական նկարագրող փաստաթուղթ:
3) Ծրագիր՝ նախանշված նպատակների իրագործման կոնկրետ միջոցառումները, դրանց արդյունքները և ժամկետները մանրամասն նկարագրող փաստաթուղթ:
II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
3. Որոշակի բնագավառում առկա խնդիրների համակարգային վերլուծությունների և գնահատման հիման վրա նախաձեռնող մարմնի կողմից մշակվում է այդ բնագավառում առկա խնդիրների համակարգային վերլուծությունները և գնահատումը կամ նոր մոտեցումները կամ առկա մոտեցումներում իրականացվելիք փոփոխությունները նկարագրող հայեցակարգ:
4. Հայեցակարգը բովանդակում է`
1) վերնագիր (անվանում).
2) մշակող մարմնի անվանումը.
3) ամփոփ համառոտագիրը, որը 1-2 էջի շրջանակներում համառոտ նկարագրում է հայեցակարգի բովանդակությունը.
4) ներածություն, որում պետք է համառոտ կերպով մատնանշվի հայեցակարգի նպատակը, համապատասխան ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը.
5) իրականացվելիք բարեփոխումների մոտավոր ժամկետը (սկիզբը և ավարտը), եթե այդպիսիք նախատեսվում է իրականացնել,
6) հիմնական նպատակները, որում՝
ա. նկարագրվում են տվյալ բնագավառում առկա իրավիճակը և կարգավորումները, որոնց նկարագրությունն իրականացվում է օգտագործելով տվյալ ոլորտում առկա վիճակագրական տվյալները, իսկ գործող հայեցակարգի պարագայում վերլուծության է ենթարկվում դրա բացասական կամ դրական ազդեցությունը հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառների և շահառուների խմբերի նկատմամբ, տրվում է դրանց ֆինանսական գնահատականը.
բ. հիմնավորվում են համապատասխան բնագավառում իրականացվող ոլորտային քաղաքականության (այդ թվում` հստակ քաղաքականության բացակայության) խնդրահարույց լինելը, դրանցում առկա բացերը, խնդիրները, հակասությունները (առկայության դեպքում),
7) առկա խնդիրները, առաջարկվող լուծումները, հավանական ռիսկերը ենթադրվող հետևանքները, որտեղ՝
ա. հստակ սահմանվում են հայեցակարգով առաջ քաշվող այն խնդիրները, որոնց կարգավորման նպատակով նախատեսվում է նոր քաղաքականության մշակում և իրականացում,
բ. նկարագրվում է համապատասխան բնագավառում առկա Հայաստանի Հանրապետության փորձը (առկայության դեպքում)՝ նշելով քննարկվող բնագավառում հայեցակարգի մշակմանը նախորդած խնդիրները, դրանց լուծման համար իրականացված քայլերը, դրանց լուծման համար հատկացված ֆինանսական ռեսուրսները (առկայության դեպքում) և դրանց ծախսման արդյունավետությունը (առկայության դեպքում),
գ. նկարագրվում է համապատասխան բնագավառում առկա միջազգային փորձը, նշելով առնվազն` առաջադեմ երկրներում և Հայաստանի Հանարապետության հետ սոցիալ-տնտեսական համադրելի մակարդակ ունեցող երկրներում բնագավառի խնդիրները, դրանց լուծման համար ձեռնարկված քայլերը և դրանց արդյունավետությունը՝ արտահայտված կոնկրետ ցուցանիշներով, դրանց առկայության դեպքում,
դ. մատնանշվում են այն ոլորտները, որոնցում նախատեսված նպատակին հասնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ (եթե այդպիսիք նախատեսվում են),
ե. հստակ տրվում է տվյալ հայեցակարգի մշակման համար հիմք հանդիսացող խնդրների վերլուծությունը /«ախտորոշումը»/, որտեղ մասնավորապես պարզաբանվում է, թե որն է խնդրի առաջացման պատճառը և ներկայացվում ու հիմնավորվում է ըստ հայեցակարգը մշակող մարմնի` խնդրի լուծման լավագույն տարբերակը,
զ. Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները հաշվի առնելով` ներկայացվում են բարեփոխումների ուղիները (եթե հայեցակարգով հիմնավորվում է համապատասխան բարեփոխումների իրականացման պահանջը) կամ հիմնավորվում է բարեփոխումներ չիրականացնելու և առկա իրավիճակը նույնությամբ թողնելու նպատակահարմարությունը,
է. նկարագրվում են հայեցակարգով առաջարկվող առավելագույնը 3 տարբերակ և դրանցից յուրաքանչյուրի իրականացման դեպքում հնարավոր հետևանքները և հավանական ռիսկերը՝ արտահայտված ֆինանսական գնահատականներով, այդ թվում` օգտագործվելիք ֆինանսական և այլ ռեսուրսները, ներդրումները և այլ ծախսերը,
ը. եթե հայեցակարգից բխում է կոնկրետ իրավական ակտերի մշակում, ապա պետք է՝
●
ներկայացվի ապագա իրավական ակտի նպատակները, կարգավորման առարկան, ինչպես նաև դրա նախնական կառուցվածքը,
●
ուրվագծվի նաև ապագա իրավական ակտի նախագծի կիրարկման արդյունքում ենթադրվող հետևանքների վերլուծությունը,
թ. սահմանվում է ակնկալվող արդյունքը, դրա ֆինանսական գնահատականը, ծախսերի և օգուտների վերլուծությունը և վերստուգելի չափանիշը (առաջարկվող միջոցառումների արդյունավետության ստուգման չափանիշը):
5. Հայեցակարգում ներկայացվում են առաջարկվող քաղաքականության հիմնական դրույթները, որտեղ պետք է տրվի մանրամասն եզրակացություն առաջարկվող լուծումների և դրանց հիմնավորվածության վերաբերյալ: Առաջարկվող քաղաքականություն մշակելու և իրականացնելու, դրա իրականացումը հետաձգելու կամ չիրականացնելու հիմնավորվածությունը պետք է հստակ ամրագրվի հայեցակարգով, որի համար հիմք են ընդունվում կոնկրետ որոշումների կայացման (քաղաքականությունն իրականացնելու, դրա իրականացումը հետաձգելու կամ այն չիրականացնելու) ֆինանսական գնահատականները և առավելությունները:
6. Հայեցակարգի տեխնիկական կառուցվածքը հետևյալն է՝
1) վերնագիր,
2) մշակող մարմնի անվանում,
3) ամփոփ համառոտագիր,
4) ներածություն,
5) նախապատմություն,
6) խնդիրներ և նպատակներ,
7) առաջարկվող լուծումներ,
8) առավելություններ,
9) ֆինանսական գնահատական,
10) ամփոփ եզրակացություն,
7. Եթե հայեցակարգով հիմնավորվում է համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը, ապա վերադաս մարմինը կարող է հանձնարարել հայեցակարգը մշակող մարմնին` ձեռնամուխ լինել համապատասխան քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ ռազմավարության մշակմանը, որին պետք է հաջորդի դրա իրականացման համար անհրաժեշտ ծրագրի կազմումը:
III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
8. Հայեցակարգով հաստատված խնդիրների լուծման լավագույն տարբերակի իրականացման համար հայեցակարգը մշակած մարմինը ձեռնամուխ է լինում դրա իրականացման ռազմավարության մշակմանը:
9. Ռազմավարությունում հայեցակարգով նախատեսված տեղեկություններից բացի`
1) հստակ սահմանվում է ռազմավարության հիմնական նպատակը,
2) հստակ մատնանշվում են իրականացվելիք գործողությունները (այդ թվում` ընդունվելիք նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ և լրացումներ, ենթակառուցվածքային փոփոխությունների կատարումը, անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը (անհրաժեշտության դեպքում) և այլն),
3) ռազմավարության շահառուների (շահառու խմբերի) անվանումները/անունները և վերջիններիս հետ քննարկումների արդյունքները,
4) նկարագրվում են մատուցվող ծառայությունները (առկայության դեպքում),
5) ռազմավարության կատարողականի ցուցանիշները,
6) ռազմավարության նախատեսված միջոցառումների ղեկավարման, մոնիտորինգի և դրանց հաշվարկների իրականացման ընթացակարգերը,
7) ռազմավարությամբ իրականացվող միջոցառումների փուլերի հստակ ժամկետները, կոնկրետ փուլի ավարտին ակնկալվող իրավիճակը և արդյունքը,
8) ռազմավարության իրականացման ռիսկերը:
10. Ռազմավարության գնահատման չափանիշներն են՝
1) տնտեսական ոլորտում առկա մրցակցությունը.
2) տնտեսական վիճակը.
3) տեխնիկական հնարավորությունները.
4) մարդկային ռեսուրսները.
5) իրավական խնդիրները,
6) սոցիալական խնդիրները,
7) կազմակերպչական խնդիրները,
8) կարգավորման ազդեցությունը:
IV. ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
12.Ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով մշակվում է ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիր:
13. Ծրագրում նշվում են՝
1) միջոցառման անվանումը, նպատակը, խնդիրը և կոնկրետ ոլորտում իրականացվելիք միջոցառման նկարագիրը,
2) կոնկրետ ոլորտում միջոցառման կատարման համար պատասխանատու մարմնի (համակատարողների) անվանումը,
3) միջոցառման կատարման ժամկետները,
4) ֆինանսավորման աղբյուրը (ֆինանսավորող մարմին)` առկայության դեպքում,
5) յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը՝ կից հաշվարկ-հիմնավորումներով (հայտնի լինելու դեպքում),
6) միջոցառման կատարման վերստուգելի չափանիշը (առաջարկվող միջոցառումների արդյունավետության ստուգման չափանիշը),
7) նախատեսվող միջոցառումների իրականացմամբ ակնկալվող վերջնական արդյունքը:
14. Սույն Ողեցույցի 13-րդ կետից ելնելով` ծրագիրը պետք է հնարավորինս ներառվի նաև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կազմվող ծրագրերում:
V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
15. Սույն Ուղեցուցով սահմանված հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերը նախքան դրանք ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը մշակող մարմնի կողմից ուղարկվում են շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիք ստանալու նպատակով:
16. Հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերը մշակող մարմինը պետք է կազմակերպի հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ, որի նպատակը դրանց մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:
17. Հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերը շրջանառության մեջ դնելու և հանրային քննարկումներն իրականացնելու իրավահարաբերությունների վրա տարածվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13 արձանագրային որոշմամբ սահմանված կանոնները: