Համարը 
N 752-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.07.20/45(1134) Հոդ.624
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.07.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2015 թվականի N 752-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը հաստատելու մասին» N 589 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 14

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 8-ի N 752-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտների (այսուհետ` հավակնորդ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հետ կապված հարաբերությունները:

2. Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է`

1) մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը.

2) վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` սույն կարգով կրթությունը շարունակելու դեպքի:

3. Հավակնորդի կրթության շարունակման գործընթացն ապահովելու համար բուհի (բուհերի) և ՄՄՈՒՀ-ի միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) (բացառությամբ ԲՈՒՀ-ի և տվյալ հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող համապատասխան ստորաբաժանման), որում ներառվում են նաև այն մասնագիտությունները` համապատասխան առարկայական տարբերություններով, որոնցով հնարավոր է շարունակել կրթությունը: Համաձայնագիրն ըստ անհրաժեշտության կարող է վերանայվել:

4. Հավակնորդը բուհի և ՄՄՈՒՀ-ի միջև համագործակցության համաձայնագրի բացակայության դեպքում կրթությունը կարող է շարունակել իր նախընտրած բուհում` պահպանելով սույն կարգի 2-րդ, 13-րդ և 16-րդ կետերի պահանջները:

5. Պետական կամ ոչ պետական հավատագրմագրված բուհում կարող են սույն կարգով ուսումը շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված ՄՄՈՒՀ-ների հավակնորդները:

 

 II. ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

 

6. Բուհը յուրաքանչյուր տարի, մինչև ապրիլի 15-ը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն գրավոր ներկայացնում է բուհում հավակնորդների կրթության շարունակման համապատասխան տեղերի թիվը, որը չպետք է գերազանցի տվյալ մասնագիտությամբ նախատեսված և տվյալ ուսումնական տարվա համար հատկացված ընդունելության տեղերի 20 տոկոսը` հաշվի առնելով նաև բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության գծով Հայաստանի Հանրապետության կառավարություն 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից լիցենզիայով տրված սահմանային տեղերի թիվը:

7. ՄՄՈՒՀ-ը յուրաքանչյուր տարի, մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն գրավոր ներկայացնում է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հավակնորդը կարող է շարունակել կրթությունը բուհում:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը բուհերի և ՄՄՈՒՀ-ների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը հաստատում է համապատասխան բուհում կրթությունը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` ըստ հաստատությունների և մասնագիտությունների, ինչպես նաև ՄՄՈՒՀ-ներում ուսուցանվող այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հավակնորդը կարող է շարունակել կրթությունը բուհում:

9. ՄՄՈՒՀ-ը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցանկի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է ՄՄՈՒՀ-ից համապատասխան բուհերում կրթությունը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` ըստ մասնագիտությունների և առարկայական տարբերությունների:

10. Հավակնորդը բուհ տեղափոխվելու մասին դիմումը ՄՄՈՒՀ-ի ղեկավարին է ներկայացնում պետական ամփոփիչ ստուգման քննաշրջանից առնվազն 10 օր առաջ` նշելով նախընտրած բուհը և նախընտրելի մինչև 2 մասնագիտություն՝ առաջին հայտի գերակայության սկզբունքով:

11. Հավակնորդների դիմումների հիման վրա ՄՄՈՒՀ-ը հրավիրում է համապատասխան բուհից ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հուլիսի 21-ի N 638-Ն հրամանով ձևավորվող պետական որակավորող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Ներկայացուցչի չմասնակցելու դեպքում բուհը պաշտոնապես տեղեկացնում է ՄՄՈՒՀ-ին: Պետական որակավորող հանձնաժողովի կազմում բուհի ներկայացուցչի բացակայությունը հիմք չէ հավակնորդների՝ տվյալ բուհում սույն կարգով կրթությունը շարունակելու մերժման համար:

12. ՄՄՈՒՀ-ի պետական որակավորող հանձնաժողովը պետական ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կազմում է արձանագրություն և հրապարակում սույն կարգով կրթությունը բուհում շարունակող հավակնորդների ցանկը:

13. Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։

14. Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված ռեկտորին.

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.

3) արձանագրության պատճենը.

4) չորս լուսանկար (3x4 չափսի).

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

15. Դիմումները քննարկելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

16. Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝

1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորների հանրագումար.

3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:

17. Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։

18. Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 20-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է: Մրցույթով անցած ուսանողները բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:

19. Առարկայական տարբերությունները դրական հանձնելու դեպքում բուհի ռեկտորը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է ուսանողին, որից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ համաձայն սույն կարգի ձևի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների (բուհի անվանումը) երկրորդ կուրսում՝ հեռակա ուսուցմամբ կրթությունը շարունակելու վերաբերյալ

Անունը, ազգանունը, հայրանունը

Ուսումնառած ՄՄՈՒՀ-ի անվանումը

ՄՄՈՒՀ-ում ուսումնառած տարեթիվը

Ուսումնառած մասնագիտության անվանումը և որակավորումը

Բուհի համապա-տասխան մասնագի-
տության անվանումը
և որակա-վորումը

Այլ տվյալներ