Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.09.08/57(1146).1 Հոդ.816.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.03.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ  ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ/0204/01/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0204/01/13

ՍԴ/0204/01/13

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

Դատավորներ`

 Ս. Համբարձումյան

 Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի մարտի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամայիս Արտավազդի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 41109912 քրեական գործը Արամայիս Հարությունյանի կողմից Անժելա և Անուշ Սագիյաններին ծեծելու փաստի առթիվ:

2012 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19122412 քրեական գործը Ա. Հարությունյանի կողմից 18 տարին չլրացած Անուշ Սագիյանին շահագործելու փաստի առթիվ:

2012 թվականի դեկտեմբերի 25-ին թիվ 41109912 և թիվ 19122412 քրեական գործերը միացվել են, և գործի քննությունը շարունակվել է թիվ 19122412 համարով:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Ա. Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով, այնուհետև Ա. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2013 թվականի հոկտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Ա. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ա. Սագիյանը և Ս. Քոչինյանը:

3. Ամբաստանյալ Ա. Հարությունյանի, ամբաստանյալ Ա. Սագիյանի և նրա պաշտպան Ռ. Ղազարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 31-ի որոշմամբ Ա. Սագիյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ Ա. Հարությունյանի վերաքննիչ բողոքը` բավարարել, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը: Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մարտի 31-ի որոշման դեմ մեղադրող Ա. Մարուխյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մարտի 31-ի որոշումը Ա. Հարությունյանի մասով բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

5. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, պատժի մասով փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը, ամբաստանյալ Ա. Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

6. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ամբաստանյալ Ա. Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել, և նա դատապարտվել է այն բանի համար, որ «(…) հանդիսանալով Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Կապանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության տնօրեն, երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, ավտոդպրոցի տարածքում գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը, 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը որպես կացարան պարբերաբար տրամադրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ` Անժելա Արմենակի Սագիյանին, Սիրուն Էդիկի Քոչինյանին, Հեղինե Սերյոժայի Օդաբաշյանին և Մարիամ Ալեքսու Ծատուրյանին, ովքեր վարձատրության դիմաց պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել նույն ավտոդպրոցի ավտոկայանատեղիում հանգրվանած` ԻԻՀ-ից ժամանած ազգությամբ պարսիկ բեռնատար ավտոմեքենաների վարորդների հետ:(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 89):

8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0297/01/11 դատավճռով Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 250.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, հաստատապես տեղյակ լինելով Անուշ Սագիյանի 16 տարին լրացած չլինելու հանգամանքի մասին, 2009 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի ավտոդպրոցի տարածքում տեղադրված տնակում, «Վանատուր» կոչվող հյուրանոցում և Վանաձոր քաղաքի Տարոն 2, ՔՇՀ 3, 12/15 բնակարանում պարբերաբար, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 14-ին ծնված Անուշ Սագիյանի հետ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 107-109):

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռի համաձայն` «Ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը:

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է կատարած հանցագործությունների համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը:

Արամայիս Հարությունյանը բնութագրվում է դրականորեն, վատառողջ է` 2-րդ խմբի հաշմանդամ: Մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ՀՀ և ԼՂՀ նախագահների ու պաշտպանության նախարարների հրամաններով պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշանով: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով:

Վերլուծելով և գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով (…) Արամայիս Հարությունյանի կատարած հանցագործությ[ան] վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից, դատարանը գտնում է, որ [նրա] ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժ[ը] կրելու պայմաններում» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 102-103):

10. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն` «(...) Ամբաստանյալ Ա. Հարությունյանը իր բնակության վայրի` Կապանի համայնքի ղեկավարի կողմից 26.11.2014թ-ին տրված բնութագրի համաձայն` հանցանքը կատարելուց հետո /երկու տարվա ընթացքում/ իրեն դրսևորել է դրական, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ներկայումս զբաղվում է հանրօգուտ աշխատանքով, իր կողմից դրսևորած վարքագծով ու պահվածքով հավատ է ներշնչել համայնքում, որ ուղղվել և ցանկանում է ապրել որպես օրինավոր բնակիչ և քաղաքացի:

Կապանի զինվորական կոմիսարի կողմից տրված 26.11.2014թ-ի տեղեկանքի համաձայն` Արամայիս Արտավազդի Հարությունյանը 1993-1997թթ. ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 84029 /54122/ զորամասում, որպես 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, որի ընթացքում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:

Ա. Հարությունյանը 1997թ-ի մարտի 10-ին զորացրվել է պահեստազոր` վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է /զրկված է աջ աչքի տեսողությունից/ /հիմք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության N 818440 տեղեկանքը` տրված 15.07.2010թ. անժամկետ/ /1-ին հատոր, գ.թ. 90/, բացի այդ, դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության թիվ 93/13 եզրակացության համաձայն` տառապում է «Անձի օրգանական խանգարում դեպրեսիվ էպիզոդներով անամնեզում» գլխուղեղի օրգանական հիվանդությամբ /հատոր 2 գ.թ. 224-228/, խնամքին է գտնվում չաշխատող կինը, իսկ ինքը ընտանիքի միակ կերակրողն է, պարգևատրվել է կառավարական և գերատեսչական մի շարք մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով, այդ թվում` ՀՀ նախագահի 27.01.2006թ-ի N 2947 և ԼՂՀ նախագահի 2011թ-ի N 6287 հրամանագրերով` «Մարտական Ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության «Ծովակալ Հ. Ս. Իսակով» N 0542 /10.01.2008թ./, «Մարշալ Հ. Ք. Բաղրամյան» /11.01.2005թ./, «Գարեգին Նժդեհ» N 0245 /30.09.2004թ./ մեդալներով և «ՀՀ զինված ուժերի 20 տարի» /24.12.2011թ./ հոբելյանական մեդալով:

(…)

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա. Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

Ամբաստանյալ Ա. Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև գործի կոնկրետ տվյալները, այն, որ Ա. Հարությունյանը դատապարտված լինելով ազատազրկման հետ չկապված պատժի շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանը, պահպանելով ապացույցների ստուգման ու գնահատման օրենսդրական դրույթների պահանջները, ինչպես նաև ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները, այդ թվում` ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցները, հանգում է այն հետևության, որ դրանք սույն գործով վերաբերելի և թույլատրելի են:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատական քննության այս փուլում սույն քրեական գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են` մասնավորապես ամբաստանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները հաստատող և ապացուցողական նշանակություն ունեցող վերոշարադրյալ ապացույցները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այդպիսի իրավունքով օժտված դատավարության մասնակցի` ամբաստանյալի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացնելը և Վերաքննիչ դատարանի հրապարակային դատաքննությամբ, կողմերի մասնակցության ապահովմամբ, դրանք հետազոտելը:

(...) քննության առնելով ամբաստանյալ Ա. Հարությունյանի անձը բնութագրող օբյեկտիվ, գոյություն ունեցող վերոգրյալ առանձին հատկանիշներն իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանը դրանք դիտում է որպես ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, դրանք իրական են և ողջամտորեն նվազեցնում են ամբաստանյալի անձի հասարակական վտանգավորության աստիճանը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 100-101):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործի բոլոր փաստական հանգամանքները և անհիմն կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը, որի հետևանքով չհիմնավորված որոշում է կայացրել Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Նշվածի արդյունքում, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում:

Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքի հեղինակը նշել է, որ Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող է համարել այնպիսի հանգամանքներ, որոնք չեն կարող գնահատվել որպես այդպիսին: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել Կապանի զինվորական կոմիսարի, Կապանի համայնքի ղեկավարի գրությունները, ինչպես նաև Ա. Հարությունյանի կառավարական և գերատեսչական մեդալներով պարգևատրված լինելու հանգամանքը, որոնք չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը՝ Ա. Հարությունյանին վերագրվող արարքի բնույթով պայմանավորված:

12. Բողոքաբերը նշել է նաև, որ Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով սույն գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշումը, պատշաճ գնահատականի չի արժանացրել այն, որ Ա. Հարությունյանը, դատված լինելով ազատազրկման հետ չկապված պատժի, չի ուղղվել և շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է Ա. Հարությունյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տևող կամ շարունակվող հանցագործություն կատարած անձի արարքում հանցագործությունների ռեցիդիվի (ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդված) առկայության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 

I. Հանցագործությունների ռեցիդիվը.

 

15. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ բացակայում են ամբաստանյալ Ա. Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներն այն պայմաններում, երբ Ա. Հարությունյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակահատվածում՝ մինչև այն ավարտելը, կատարել է այլ դիտավորյալ հանցագործություն և դատապարտվել դրա համար:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգաման[ք է] հանցանքը կատարելու ռեցիդիվը (…)»:

Նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հանցագործությունների ռեցիդիվը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է: Վերջինս պայմանավորված է նրանով, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում անձը, իր նախկին հակաօրինական գործունեությանը պետության կողմից տրված բացասական գնահատականի պայմաններում նոր հանցանք կատարելով, արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ, որով և դրսևորվում է նրա՝ հանրային բարձր վտանգավորությունը:

Հանցագործությունների ռեցիդիվն առկա է այն դեպքում, երբ անձը.

ա) դատարանի կողմից դատապարտվել է դիտավորությամբ հանցանք կատարելու համար,

բ) (ա) կետում նշված հանցանքի համար դատապարտվելուց հետո մինչև դատվածությունը հանվելը կամ մարվելը կատարել է դիտավորյալ հանցագործություն:

Վերոգրյալ չափանիշներից առաջինը ենթադրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն, որով անձը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ հանցանք կատարելու համար:

Երկրորդ չափանիշը ենթադրում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անձը կատարել է դիտավորյալ հանցագործություն, և նախորդ հանցագործության համար անձի դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ (ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդված): Այլ խոսքով՝ ռեցիդիվի առկայության դեպքում անձը կատարում է դիտավորյալ հանցագործություն այլ դիտավորյալ հանցագործության համար դատապարտվելուց հետո, սակայն մինչև վերջինի հետևանքով առաջացած դատվածությունը հանվելը կամ մարվելն ընկած ժամանակահատվածում:

17. Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցին, թե որն է համարվում հանցանքը կատարելու ժամանակը:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:

Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքը (գործողությունը կամ անգործությունը) իրականացնելու ժամանակը: Վերջինից հետևում է, որ «հանցագործությունը կատարելու ժամանակ» հասկացությունը չի նույնանում դրա ավարտի հետ (ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդված), չնայած որոշ դեպքերում ժամանակային առումով դրանք կարող են համընկնել (օրինակ՝ որոշ ձևական հացակազմերի դեպքում):

18. Վճռաբեկ դատարանը, Սիրաժ Ղամբարյանի և մյուսների գործով կայացված որոշման շրջանակներում անդրադառնալով տևող և շարունակվող հանցագործությունների առանձնահատկություններին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Տ]ևող հանցագործությունները դրսևորվում են հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության` տևական ժամանակահատվածում անընդմեջ իրականացմամբ, զուգորդվում են օրենքով հանցավորի վրա դրված պարտականությունների տևականորեն չկատարմամբ և ավարտված են համարվում արարքի դադարման պահից, որը կարող է պայմանավորված լինել ինչպես հանցավորի գործողություններով (օրինակ` մեղայականով ներկայանալով), այնպես էլ նրանից անկախ հանգամանքներով (օրինակ` իրավապահ մարմինների միջամտությամբ և այլն):

Շարունակվող հանցագործությունները բաղկացած են մեկից ավելի նույնական արարքներից, որոնցից յուրաքանչյուրը թեկուզև ինքնուրույն հանցակազմ է պարունակում, բայց ընդգրկված են միասնական դիտավորության մեջ, հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ, հետևաբար դիտվում են իբրև մեկ հանցագործություն, որն ավարտված է համարվում հանցավորի դիտավորությամբ ընդգրկված վերջին արարքի կատարման պահից: (…)» (տե՛ս Սիրաժ Գաբրիելի Ղամբարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է վերը մեջբերված դիրքորոշումն առ այն, որ տևող հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքը կրում է ոչ թե մեկանգամյա բնույթ, այլ դրա իրականացումը բնութագրվում է տևական ժամանակահատվածում անընդհատ իրականացվող գործընթացով: Հետևաբար տևող հանցագործությունների դեպքում հանցանքը կատարելու ժամանակ պետք է դիտել հանցավոր արարքը իրականացնելու ամբողջ ժամանակահատվածը՝ սկսելու պահից մինչև դրա դադարման պահը: Այլ խոսքով՝ տևող հանցագործության կատարման ժամանակ պետք է հասկանալ դրա իրականացման ժամանակահատվածի ցանկացած միավորը մինչև դրա դադարումը:

Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործություններին, ապա դրանց օբյեկտիվ կողմը բաղկացած է մեկից ավելի նույնական հանցավոր արարքներից, հետևաբար շարունակվող հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքը իրականացնելու ժամանակ կհամարվի դրա բաղկացուցիչ արարքներից յուրաքանչյուրի իրականացման ժամանակը: Այլ խոսքով՝ շարունակվող հանցագործության կատարման ժամանակի տակ պետք է հասկանալ դրա բաղկացուցիչ մասը կազմող արարքների իրականացման ժամանակը:

19. Հաշվի առնելով տևող և շարունակվող հանցագործությունների վերոնշյալ առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձը տևող կամ շարունակվող հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքի (առաջին արարքի) կատարումը սկսելուց հետո, սակայն մինչև դրա դադարելը կատարում է դիտավորյալ հանցագործություն և օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվում դրա համար, ապա անձի արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ:

Վերջին դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն, որ տևող կամ շարունակվող հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքի կատարումը (շարունակումը) ցանկացած պահի կարող է դադարեցվել հանցավորի կամահայտնությամբ: Մինչդեռ դիտավորյալ հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտված անձը, շարունակելով իրականացնել մինչ այդ սկսած տևող կամ շարունակվող հանցագործությունը, արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ:

20. Սույն գործի փաստերից հետևում է, որ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Կապանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության տնօրեն, երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը` որպես կացարան, 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը պարբերաբար տրամադրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ` Անժելա Արմենակի Սագիյանին, Սիրուն Էդիկի Քոչինյանին, Հեղինե Սերյոժայի Օդաբաշյանին և Մարիամ Ալեքսու Ծատուրյանին, ովքեր վարձատրության դիմաց պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել նույն ավտոդպրոցի ավտոկայանատեղիում հանգրվանած, Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած, ազգությամբ պարսիկ` բեռնատար ավտոմեքենաների վարորդների հետ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Թիվ ԼԴ/0297/01/11 քրեական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 15-ի դատավճռով Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 250.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, հաստատապես տեղյակ լինելով Անուշ Սագիյանի 16 տարին լրացած չլինելու հանգամանքի մասին, 2009 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի ավտոդպրոցի տարածքում տեղադրված տնակում, «Վանատուր» կոչվող հյուրանոցում և Վանաձոր քաղաքի Տարոն 2, ՔՇՀ 3, 12/15 բնակարանում պարբերաբար, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 14-ին ծնված, ակնհայտ 16 տարին չլրացած Անուշ Սագիյանի հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա. Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել հանցանքը կատարելու ռեցիդիվը և գտել, որ նրա ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժը կրելու պայմաններում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ նշելով, որ Ա. Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև այն, որ Ա. Հարությունյանը, դատապարտված լինելով ազատազրկման հետ չկապված պատժի, շարունակել է իր հանցավոր գործունեությունը, արձանագրել է, որ Ա. Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Շարադրված փաստերի վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալ Ա. Հարությունյանը սույն գործով իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը պոռնկությամբ զբաղվելու համար որպես կացարան պարբերաբար տրամադրելը, սկսել է իրականացնել 2008 թվականից և ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 13-ին: Նշված հանցագործության իրականացման ընթացքում՝ 2009 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, Ա. Հարությունյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված դիտավորյալ հանցագործություն և Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 15-ի դատավճռով դատապարտվել դրա համար (դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ): Նրա նկատմամբ քրեական վարույթ սկսվելու, դատավճիռ կայացվելու, այն ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում, ինչպես նաև պատիժը փաստացի կատարելուց հետո Ա. Հարությունյանը շարունակել է իրականացնել մինչ այդ սկսված հանցավոր գործունեությունը, և այն ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 13-ին:

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստերը գնահատելով 16-19-րդ կետերում կատարված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Հարությունյանի արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ, հետևաբար Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա. Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք գնահատելով հանցանքը կատարելու ռեցիդիվը, եկել է հիմնավորված եզրահանգման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ բացակայում են ամբաստանյալ Ա. Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներն այն պայմաններում, երբ Ա. Հարությունյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակահատվածում՝ մինչև այն ավարտելը, կատարել է այլ դիտավորյալ հանցագործություն և դատապարտվել դրա համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 63-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման:

 

II. Պատիժը պայմանականորեն չկիրառելը.

 

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

23. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակներն իրագործելու հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել՝

ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,

բ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,

գ) հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,

դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,

ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,

զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը,

է) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն:

24. Այսպիսով, նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջներից է այն, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (հանցագործության` հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, պատճառված վնասի չափի, մեղքի ձևի և տեսակի, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը):

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու կամ պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար, եթե բացակայում են նույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նույն արարքը կատարելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով նախատեսված է որպես հանցակազմը ծանրացնող հանգամանք:

Նշված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.

- արարքի կատարման եղանակը (հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված այլընտրանքային արարքներից որն է առկա),

- արարքների քանակը (հանցանքը դրսևորվել է հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքներից մեկով, թե մի քանիսով),

- արարքի կատարման տևականությունը կամ պարբերականությունը,

- պոռնկությամբ զբաղվող անձանց քանակը:

25. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող է գնահատել հետևյալ հանգամանքները.

 ա) ամբաստանյալ Ա. Հարությունյանն իր բնակության վայրի` Կապանի համայնքի ղեկավարի կողմից 26.11.2014 թվականին տրված բնութագրի համաձայն` հանցանքը կատարելուց հետո (երկու տարվա ընթացքում) իրեն դրսևորել է դրական, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ներկայումս զբաղվում է հանրօգուտ աշխատանքով, իր կողմից դրսևորած վարքագծով ու պահվածքով հավատ է ներշնչել համայնքում, որ ուղղվել և ցանկանում է ապրել որպես օրինավոր բնակիչ և քաղաքացի,

բ) Կապանի զինվորական կոմիսարի կողմից տրված 26.11.2014 թվականի տեղեկանքի համաձայն` Արամայիս Արտավազդի Հարությունյանը 1993-1997թթ. ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 84029 (54122) զորամասում որպես 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, որի ընթացքում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին,

գ) Ա. Հարությունյանը 1997 թվականի մարտի 10-ին զորացրվել է պահեստազոր վատառողջ լինելու պատճառաբանությամբ,

դ) ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է «Անձի օրգանական խանգարում դեպրեսիվ էպիզոդներով անամնեզում» գլխուղեղի օրգանական հիվանդությամբ, խնամքին է գտնվում չաշխատող կինը, իսկ ինքը ընտանիքի միակ կերակրողն է, պարգևատրվել է կառավարական և գերատեսչական մի շարք մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

26. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 20-21-րդ կետերում շարադրված փաստերը և վերլուծությունները գնահատելով 23-24-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, որպես մեղմացնող հանգամանքներ հաշվի առնելով ամբաստանյալի մարտական գործունեության, առողջական վիճակի, ընտանեկան դրության, ինչպես նաև հանցանքը կատարելուց հետո դրսևորված վարքագծի վերաբերյալ տվյալները, պատշաճ գնահատման չի ենթարկել.

- Ա. Հարությունյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը: Մասնավորապես Ա. Հարությունյանի արարքը դրսևորվել է ավտոդպրոցի տարածքում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը՝ որպես կացարան, չորս անձանց պոռնկությամբ զբաղվելու համար շուրջ չորս տարի շարունակ (2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը) պարբերաբար տրամադրելով:

- Ա. Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի՝ ռեցիդիվի առկայությունը (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքների պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող հաշվի առնված հանգամանքները բավարար չեն եզրահանգելու, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը օրինական և հիմնավորված չէ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջները:

27. Ամփոփելով սույն որոշման 21-րդ և 26-րդ կետերում շարադրված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Ա. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ, 63-րդ, հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված խախտումները, որոնք ազդել են պատիժը կրելու նպատակահարմարության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Ա. Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, 2-րդ խմբի հաշմանդամ է, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշանով, որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք գնահատելով հանցանք կատարելու ռեցիդիվը, նրա նկատմամբ իրավացիորեն նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ՝ 3 տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը):

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Արտավազդի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան