Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.09.08/57(1146).1 Հոդ.816.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.02.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ  ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ5/0005/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ5/0005/01/14

ԳԴ5/0005/01/14

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

Դատավորներ`

 Գ. Ավետիսյան

 Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

   

 

2015 թվականի փետրվարի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Ղլիջյանի պաշտպան Արթուր Խաչիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում (այսուհետ՝ Սևանի քննչական բաժանմունք) ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 42100214 քրեական գործը:

2014 թվականի հունվարի 21-ին վերը նշված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանը և Սարգիս Հովհաննեսի Անտոնյանը:

2014 թվականի հունվարի 23-ին Գ. Ղլիջյանը և Ս. Անտոնյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

 Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 23-ի որոշումներով Գ. Ղլիջյանի և Ս. Անտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2014 թվականի մարտի 4-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Գ. Ղլիջյանին և Ս. Անտոնյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին: Նույն օրը նրանք որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2014 թվականի մարտի 5-ին Վիտալի Վորոնցովի Աբրահամյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 42100214 քրեական գործից մաս անջատելու մասին:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) ստացվել է 2014 թվականի մարտի 7-ին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 25-ի դատավճռով Գ. Ղլիջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով Ս. Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Ս. Անտոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Գ. Ղլիջյանի պաշտպան Ա.Խաչիկյանի և ամբաստանյալ Ս. Անտոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ բողոքները մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 25-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Ղլիջյանի պաշտպան Ա. Խաչիկյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանը մեղադրվում է այն բանի համար, որ. «(…) նա նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Սարգիս Հովհաննեսի Անտոնյանի հետ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում գտնվող նույն գյուղի բնակիչ Վարդան Բորիսի Բալյանի հայրիկին` Բորիս Գրիգորի Բալյանին պատկանող առանձնատնից գողություն կատարելու մեջ 2014 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը իրեն պատկանող Վազ 21 Նիվա մակնիշի ավտոմեքենայով Մովսես գյուղից գնացել են Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում գտնվող Վարդան Բորիսի Բալյանի հայրական տուն, կացնի հարվածներով կոտրել առանձնատան մուտքի դռան փականը և, ապօրինի մուտք գործելով առանձնատուն, այնտեղից գողացել (…) [մի շարք իրեր] և գողացված իրերը տեղափոխելով և տեղավորելով առանձնատնից 600 մետր հեռավորության վրա կայանված Նիվա մակնիշի ավտոմեքենայի մեջ հեռացել են Տավուշի մարզի Մովսես գյուղ, որի հետևանքով Վարդան Բորիսի Բալյանին պատճառվել է զգալի չափերի հասնող, ընդհանուրը 111.540 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 222-230):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «Ամբաստանյալ Սարգիս Հովհաննեսի Անտոնյանը իրեն լիովին մեղավոր ճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ Գրիգոր Ղլիջյանին չի ասել թե ուր և ինչի համար են գնում: Միայն ասել է, որ ծանոթի տնից իրեր կան բերելու: Ճանապարհին` գերեզմանոցների մոտ, մեքենայի ակը ծակվել է: Ինքը Գրիգոր Ղլիջյանին թողել է այդտեղ և միայնակ գնացել և կատարել է գողությունը, որից հետո գողացված իրերը բերել և դրել է մեքենայի մեջ և այդտեղից գնացել են դեպի Մասրիկ գյուղ` իրենց տուն: Առանձնատան սենյակներում գումար է փնտրել, դրանից հետո գողացված իրերը լցրել է երկու պարկերի մեջ և երկու անգամ, շալակած, տարել դեպի մեքենան: Այդ ժամանակ Գրիգոր Ղլիջյանը քնած է եղել և ինքը բացել է մեքենայի բեռնախցիկը և իրերը դրել այնտեղ: (…) Հայտնեց, որ գողությունը ինքն է կատարել, դա եղել է իր մտադրությունը (…): Նշել է, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում հայտնել է, որ Գրիգոր Ղլիջյանի հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, քանի որ քննիչն է այդպես գրել, իսկ ինքը չի հասկացել, քանի որ գրել չգիտի, սակայն ցուցմունքների սկզբում ինքն է գրել, որ ցուցմունքը իր խնդրանքով արձանագրվի քննիչի կողմից, իսկ վերջում գրել է, որ ցուցմունքը գրված է իր խնդրանքով, ճիշտ է, որի համար ստորագրում է, որովհետև այդքանը կարող է գրել, հայերեն կարդում է, բայց ոչ այդքան լավ:

Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննված Սարգիս Հովհաննեսի Անտոնյանի` դատաքննության ընթացքում հրապարակված և հետազոտված 2014 թվականի հունվարի 21-ի և հունվարի 22-ի ցուցմունքներ[ի համաձայն՝] (…) ինքը և Գրիգոր Ղլիջյանը որոշել են գնալ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ, Վիտալիկի ծանոթի առանձնատուն և այնտեղից գողություն կատարել: Նախնական պայմանավորվածության համաձայն, հունվարի 16-ին, ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, ինքը և Գրիգոր Ղլիջյանը, վերջինիս պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել Տավուշի մարզի Մովսես գյուղից և ուղևորվել դեպի Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ: Հասնելով նշված գյուղ մեքենան կանգնեցրել են գյուղի գերեզմանատան մոտ: Գրիգոր Ղլիջյանը մնացել է մեքենայի մեջ, իսկ ինքը ոտքով գնացել է դեպի Վիտալիկի ծանոթի առանձնատուն: Հասնելով առանձնատան մոտ (…) կացնով հարվածելու միջոցով, կոտրել է առանձնատան մուտքի դռան փականը և ներս մտել: Ներս մտնելուց հետո (…) [վերցրել է տարբեր իրեր]: Այդ ամենը երկու պայուսակի մեջ դնելուց հետո նույն ճանապարհով դուրս է եկել առանձնատնից և գնացել Գրիգոր Ղլիջյանի մոտ, որից հետո, երկուսով, անմիջապես հեռացել են այդտեղից` իրենց հետ տանելով գողացված ապրանքները: Հասնելով Տավուշի մարզի Մովսես գյուղ, գողոնը բաժանել երկու մասի` իր և Գրիգոր Ղլիջյանի միջև: (…)

Ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանը իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ իրականում ինքը չի իմացել, որ Սարգիս Անտոնյանը գնում է գողություն կատարելու և եթե իմանար վերջինիս հետ չէր գնա: Նրա հետ գնացել է, քանի որ համագյուղացի են և վերջինս իր մեքենան նորոգել է և քանի որ նրան պարտք է եղել, այդ պատճառով չի մերժել Սարգիս Անտոնյանի խնդրանքը և հետը գնացել է Անտառամեջ գյուղ: (…) Հասնելով Անտառամեջ գյուղ մեքենայի անվադողը ծակվել է, ինքը դուրս է եկել մեքենայից, որպեսզի փոխի վնասված անվադողը, իսկ Սարգիս Անտոնյանը այդ ընթացքում գնացել է իրերը բերելու: Հետո ինքը քնել է մեքենայի մեջ: Վերադառնալով, Սարգիս Անտոնյանը արթնացրել է իրեն և նրանք հեռացել են: (…) Հայտնել է, որ չնայած նրան, որ նախաքննական ցուցմունքում գրված է, որ ինք[ն էլ] է Սարգիս Անտոնյանի հետ գնացել գողության կատարման, սակայն դա գրվել է քննիչի թելադրանքով, բայց ցուցմունքի սկզբում ինքն է գրել, որ ցուցմունքը արձանագրվի քննիչի կողմից իր խնդրանքով և ստորագրել, իսկ վերջում գրել է, որ ցուցմունքը գրված է իր բառերից, ճիշտ է, որի համար էլ ստորագրել է: (…)

Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննված Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանի` դատաքննության ընթացքում հրապարակված և հետազոտված 2014 թվականի հունվարի 21-ի ցուցմունք[ի համաձայն] (…) հունվարի 15-ին Սարգիս Անտոնյանը (…) խնդրել է իրեն աջակցել (…) առանձնատնից գողություն կատարելուն, քանի որ ինքը մեքենա ունի և ինքը համաձայնվել է, քանի որ Սարգիս Անտոնյանին պարտք է եղել` տարբեր ժամանակահատվածներում նրա կողմից իր մեքենան վերանորոգելու համար: Հունվարի 16-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դուրս են եկել իրենց գյուղից և ուղևորվել դեպի Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ: Հասնելով նշված գյուղ մեքենան կայանել են գյուղի գերեզմանատան մոտ, որից հետո ինքը մնացել է մեքենայի մեջ, իսկ Սարգիս Անտոնյանը գնացել է դեպի Վիտալիկի ծանոթի առանձնատուն: Մոտ մեկ ժամ հետո Սարգիս Անտոնյանը վերադարձել է` ձեռքին ունենալով երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարբեր իրեր: Այդ իրերը մեքենայի մեջ տեղավորելուց հետո իրենք վերադարձել են Տավուշի մարզի Մովսես գյուղ: (…) Երբ հասել են գյուղ, Սարգիս Անտոնյանը վերցրել է գողոնի մի մասը, իսկ մնացած մասը տվել իրեն, որպեսզի առավոտյան որոշեն թե դրանք ինչ են անելու: Դրանից հետո գողացված իրերի մյուս մասը տարել է իրենց տուն և դրել տան նկուղում:

 (...) դատարանը ապացուցված է համարում, որ (…) Գ. Ղլիջյանը կատարել (…) [է] հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար ենթակա (…) [է] քրեական պատասխանատվության և պատժի այդ հոդվածով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 202-207):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) ստորադաս դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալ Գրիգոր Ղլիջյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, նրան մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատականը ճիշտ է տրվել, ամբաստանյալին արդարացնելու հիմքերը բացակայում են, իսկ դատավճիռն այդ մասով օրինական և հիմնավորված է: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 282-288):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 48-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեին, չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեին, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 35-րդ, 360-րդ, 365-րդ, 366-րդ և 393-րդ հոդվածները, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտմանը: Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանների հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ և 38-րդ հոդվածներին տրված մեկնաբանություններին:

Վճռաբեկ բողոքի հեղինակն ի հիմնավորումն իր փաստարկների՝ պնդել է, որ ստորադաս դատարանների հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, Գ. Ղլիջյանի մեղավորության վերաբերյալ դատարանները եկել են սխալ եզրահանգման, և նրան մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատականը ճիշտ չի տրվել: Մասնավորապես, ըստ Գ. Ղլիջյանին ներկայացված մեղադրանքի` նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով մուտք է գործել բնակարան, մինչդեռ ըստ դեպքի նկարագրության` Գ. Ղլիջյանը ավտոմեքենայով կանգնած է եղել մոտ 600 մետր հեռավորության վրա և այդ պայմաններում չէր կարող որևէ կերպ օժանդակել բնակարան մուտք գործելուն, խոչընդոտներ վերացներ կամ այլ կերպ ապահովեր Ս. Անտոնյանի մտադրության իրականացումը: Բողոքաբերը շեշտել է, որ գործի նյութերում իսպառ բացակայում են Գ. Ղլիջյանի կողմից իրեն մեղսագրված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն (բնակարան ապօրինի մուտք գործելը և գույքին տիրանալը) կատարելու վերաբերյալ փաստեր և ապացույցներ:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների թույլ տված խախտումները խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, մինչդեռ այդպիսի խախտումներ թույլ չտալու դեպքում ստորադաս դատարանները Գ. Ղլիջյանին պետք է ճանաչեին անմեղ, քանի որ վերջինիս արարքում առկա է ընդամենը օժանդակության ձևական հանցակազմ:

9. Ելնելով վերոշարադրյալից` վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Գ. Ղլիջյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ Գ. Ղլիջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչելով անմեղ կամ կարճելով գործի վարույթը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Գ. Ղլիջյանը, որպես համակատարող, անմիջականորեն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված արարք:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը սահմանում է. «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն.

«1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

(...)

5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ՝ դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ.«(…) Եթե կատարողները երկու կամ ավելի անձինք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատարում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օբյեկտիվ կողմը: Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը:

Համակատարում չէ հանցագործությանը այնպիսի մասնակցությունը, երբ անձանցից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը:

(…)

 Օժանդակողը կատարողից տարբերվում է այն բանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու պրոցեսում, կամ դրա ավարտման փուլում կատարողին օգնություն է ցույց տալիս հանցագործության ավարտման ռեալ (իրական) հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Օժանդակողը հանցագործության անմիջական կատարմանը չի մասնակցում, այլ տրամադրելով հանցագործության կատարման համար անհրաժեշտ միջոցներ կամ գործիքներ, վերացնելով խոչընդոտները և այլն, օգնում է կատարողին իրականացնել հանցակիցների դիտավորությունը: (…)» (տե՛ս Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 29-30-րդ կետերը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն`

«1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`

պատժվում է [համապատասխան պատժով]:

(...)

3. Գողությունը, որը կատարվել է՝

(...)

1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,

(...)

պատժվում է [համապատասխան պատժով]»:

Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատասխանատվություն է նախատեսված բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու համար:

Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «հափշտակություն» հասկացությունը բնորոշվում է որպես ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել: Իսկ դրանից հետևում է, որ գողության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը` գործողությունը, դրսևորվում է նրանում, որ ուրիշի գույքը հանցավորի կողմից վերցվում և հանցավորինը կամ այլ անձինն է դարձվում: Ընդ որում, տվյալ գործողությունները կարող են կատարվել բազմաթիվ եղանակներով, սակայն արարքն ավարտված կհամարվի այն պահից, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո այն տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն ունենա (տե՛ս Դ.Ղամբարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 31-րդ կետը):

Ինչ վերաբերում է քննարկվող արարքի կատարման եղանակին՝ բնակարան ապօրինի մուտք գործելուն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մուտք գործելու հիմնական ձևերից է համարվում հանցավորի ֆիզիկական ներթափանցումը կամ ներս մտնելը բնակարան: Միաժամանակ հարկ է նկատել, որ մուտք գործելը կհամարվի ապօրինի, եթե իրականացվի առանց համապատասխան իրավական հիմքերի:

13. Սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով նախորդ կետում քննարկված հանցակազմը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը կատարվում է մեկից ավելի անձանց կողմից, արարքը կարող է որակվել որպես համակատարում, երբ անձը լրիվ կամ մասամբ կատարում է հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ:

Հակառակ պարագայում անձի գործողությունները համապատասխան հանգամանքների առկայության դեպքում կարող են որակվել հանցակցության այլ ձևերով: Մասնավորապես, եթե հանցակիցը հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն չի կատարել, սակայն հանցագործության կատարմանն աջակցել է, օրինակ, խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով (օրինակ՝ հսկում է դրսում, որպեսզի կատարողն առանց խոչընդոտի կատարի հափշտակությունը, սպասում է ավտոմեքենայի մեջ կատարողի կողմից գողացված իրերը հետագայում նրա հետ միասին ապահով վայր տեղափոխելու նպատակով և այլն), ապա նրա արարքը պետք է որակվի որպես բնակարան ապօրինի մուտք գործելով գողության օժանդակություն:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Գ. Ղլիջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Ս. Անտոնյանի հետ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում գտնվող առանձնատնից գողություն կատարելու համար, 2014 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերն իրեն պատկանող ավտոմեքենայով գնացել են նշված առանձնատուն, կացնի հարվածներով կոտրել վերջինիս մուտքի դռան փականը և, ապօրինի մուտք գործելով առանձնատուն, այնտեղից գողացել են տարբեր իրեր, իսկ գողացված իրերը տեղափոխելով և տեղավորելով առանձնատնից 600 մետր հեռավորության վրա կայանված ավտոմեքենայի մեջ՝ հեռացել են Տավուշի մարզի Մովսես գյուղ, որի հետևանքով Վ.Բալյանին պատճառվել է զգալի չափերի հասնող, ընդհանուր՝ 111.540 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ս. Անտոնյանի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ ինքը և Գ. Ղլիջյանը որոշել են գնալ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ և գողություն կատարել առանձնատնից: Հասնելով նշված գյուղ` մեքենան կանգնեցրել են գյուղի գերեզմանատան մոտ: Գ. Ղլիջյանը մնացել է մեքենայի մեջ, իսկ ինքը ոտքով գնացել է դեպի առանձնատուն: Հասնելով առանձնատան մոտ` կացնով կոտրել է վերջինիս մուտքի դռան փականը և ներս մտել: Վերցրած իրերը երկու պայուսակի մեջ դնելուց հետո դուրս է եկել առանձնատնից և գնացել Գ. Ղլիջյանի մոտ, ապա երկուսով անմիջապես հեռացել են այնտեղից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Գ. Ղլիջյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել առ այն, որ Ս. Անտոնյանը խնդրել է իրեն աջակցել առանձնատնից գողություն կատարելուն, քանի որ ինքն ավտոմեքենա ունի: Ինքը համաձայնել է: Հասնելով Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ` մեքենան կայանել են գյուղի գերեզմանատան մոտ, ինքը մնացել է մեքենայի մեջ, իսկ Ս. Անտոնյանը գնացել է դեպի առանձնատուն: Մոտ մեկ ժամ հետո Ս. Անտոնյանը վերադարձել է` ձեռքին ունենալով երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարբեր իրեր: Այդ իրերը մեքենայի մեջ տեղավորելուց հետո իրենք վերադարձել են գյուղ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Դատարանում Գ. Ղլիջյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում ինքը չի իմացել, որ Ս. Անտոնյանը գնում է գողություն կատարելու և եթե իմանար, վերջինիս հետ չէր գնա: Բացի այդ, վերջինս նշել է, որ հասնելով Անտառամեջ գյուղ՝ մեքենայի անվադողը ծակվել է, ինքը դուրս է եկել մեքենայից, որպեսզի փոխի վնասված անվադողը, իսկ Ս. Անտոնյանը այդ ընթացքում գնացել է իրերը բերելու: Հետո ինքը քնել է մեքենայի մեջ: Վերադառնալով Ս. Անտոնյանն արթնացրել է իրեն, և նրանք հեռացել են: Իսկ համաձայն Ս. Անտոնյանի դատարանում տված ցուցմունքների՝ վերջինս Գ. Ղլիջյանին չի ասել, թե ուր և ինչի համար են գնում: Միայն ասել է, որ ծանոթի տնից իրեր կան բերելու: Ճանապարհին` գերեզմանոցների մոտ, մեքենայի ակը ծակվել է: Ինքը Գ. Ղլիջյանին թողել է այդտեղ և միայնակ գնացել ու կատարել է գողությունը, որից հետո գողացված իրերը բերել և դրել է մեքենայի մեջ, ու այդտեղից գնացել են (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ դատարանն ամբաստանյալ Գ. Ղլիջյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, նրան մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատականը ճիշտ է տրվել, ամբաստանյալին արդարացնելու հիմքերը բացակայում են, իսկ դատավճիռն այդ մասով օրինական և հիմնավորված է (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

ա) ստորադաս դատարանները հաստատված են համարել Գ. Ղլիջյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը, մինչդեռ վերջիններիս կողմից դատական ակտերում շարադրված ապացույցներից որևէ մեկում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, որ Գ. Ղլիջյանն ապօրինի մուտք է գործել Բ.Բալյանին պատկանող առանձնատուն,

բ) դեպքի նկարագրությունը բովանդակող ապացույցներից (ամբաստանյալների ցուցմունքները) հետևում է, որ հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման ընթացքում Գ. Ղլիջյանը Ս. Անտոնյանին սպասել է առանձնատնից որոշակի հեռավորության վրա գտնվող մեքենայում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը),

գ) (բ) կետում վկայակոչված ապացույցները ստորադաս դատարանների կողմից անթույլատրելի կամ անարժանահավատ չեն ճանաչվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, առանց ամբաստանյալի կողմից հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները լրիվ կամ մասամբ կատարելու հանգամանքի վերաբերյալ որևէ ապացույցի, հաստատված են համարել նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Գ. Ղլիջյանը, որպես համակատարող, անմիջականորեն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված արարք, անհիմն են:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ. Ղլիջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրական դատավճիռ կայացնելով՝ Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 38-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական և չհիմնավորված դատական ակտերի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված դատական սխալներ:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումներն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գնահատելով գործում առկա ապացույցները, Գ. Ղլիջյանին մեղսագրվող արարքի իրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան եզրահանգման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան