Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
17.07.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
17.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0540/02/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0540/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0540/02/12

2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նորիկ Սողոմոնյանի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Նորիկ Սողոմոնյանի` անհիմն հարստացման գումարը և նախապես վճարված պետական տուրքի գումարը վերադարձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Հովհաննիսյանը պահանջել է Նորիկ Սողոմոնյանից բռնագանձել 7.000 ԱՄՆ դոլար` որպես անհիմն հարստացման գումար, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 19.09.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2015 թվականի որոշմամբ Նորիկ Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորիկ Սողոմոնյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1099-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Նորիկ Սողոմոնյանն Արթուր Հովհաննիսյանի օգտին կատարել է որոշակի գործողություն, որի դիմաց Արթուր Հովհաննիսյանից ստացել է գումար: Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերի միջև գոյություն են ունեցել պարտավորական հարաբերություններ: Մինչդեռ ակնհայտ է, որ Արթուր Հովհաննիսյանն իր կամքով է Նորիկ Սողոմոնյանին գումար տվել, հստակ իմացել է, որ գումարը տալու որևէ պարտականություն չունի, գիտակցել է, որ այդ գումարը տալիս է որպես առևտրային կաշառք, ինչը միանշանակորեն վկայում է Արթուր Հովհաննիսյանի և Նորիկ Սողոմոնյանի միջև միայն քրեաիրավական նորմերով կարգավորվող հարաբերությունների գոյությունը և բացառում է քաղաքացիաիրավական որևէ բնույթի հարաբերությունների առկայությունը:

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, ապա այդ դեպքում ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով` նշված գումարը չի կարող ենթակա լինել վերադարձման:

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2013 թվականի թիվ ԵԷԴ/0055/01/12 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են հետևյալ հանգամանքները.

- Նորիկ Սողոմոնյանն աշխատել է «Երևան ջուր» ՓԲԸ-ի Նուբարաշենի ենթատեղամասում` որպես շահագործման գծով տեղամասի պետ,

- Արթուր Հովհաննիսյանն ապօրինի ջրօգտագործում իրականացնելու նպատակով առևտրային կաշառք է տվել Նորիկ Սողոմոնյանին և վերջինիս գիտությամբ խմելու ջրով ոռոգել է ծիրանի այգիները,

- Արթուր Հովհաննիսյանը նշված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, արբիտրին, այդ թվում` օտարերկրյա պետության` արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող արբիտրին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն` ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար) (հատոր 2-րդ, գ.թ. 35-43):

2. Էրեբունու քննչական բաժնի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 14.03.2012 թվականի որոշման համաձայն` Նորիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով` առևտրային կաշառք ստանալու համար: Նույն որոշմամբ Նորիկ Սողոմոնյանի կողմից առևտրային կաշառք ստանալու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` համաներման ակտ ընդունվելու հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 6-11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

2) ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք որպես առևտրային կաշառք տրամադրված գումարը կարող է հանդիսանալ անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույք, որն էլ առևտրային կաշառք ստացած անձից ենթակա լինի բռնագանձման այդպիսի կաշառք տված անձին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավական հարցադրմանը պատասխանելու համար պետք է, նախևառաջ, քննարկել այն հարցը, թե արդյո՞ք անհիմն հարստացման և առևտրային կաշառքի արդյունքում ձեռք բերված գույքերի (գումարների) իրավական կարգավիճակները, դրանց բնույթն ու էությունը որևէ պարագայում կարող են նույնացվել, թե` ոչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են անհիմն հարստացման հետևանքով:

Վերը նշված հոդվածով նախատեսված իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել քաղաքացիական շրջանառության սուբյեկտների ինչպես իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ գործողություններից: Այդպիսին է, մասնավորապես, անհիմն հարստացման արդյունքում ծագած պարտավորությունը, որը թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չէ, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անհիմն հարստացման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից մեկն է, որի նպատակը քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանության իրականացումն ապահովելն ու դրան նպաստելն է:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներից առևտրային կաշառքի առանձնահատկություններին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է նույն օրենսգրքով:

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերը նշված հոդվածը, արձանագրում է, որ հանցագործության հատկանիշներն են` ա) հանրային վտանգավորությունը, բ) քրեական հակաիրավականությունը, գ) մեղավորությունը: Այսպիսով, առևտրային կաշառքը, ինչպես ցանկացած այլ հանցագործություն, քրեական օրենսդրությամբ պաշտպանվող հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հանրության համար վտանգավոր ոտնձգություն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, արբիտրին, այդ թվում` օտարերկրյա պետության` արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող արբիտրին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն` ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ըստ այդմ, վերոնշյալ հոդվածի իրավական վերլուծությունից հետևում է, որ հիշյալ հանցագործության անմիջական օբյեկտը առևտրային կամ այլ կազմակերպությունների օրինական գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Նշված հանցակազմի իմաստով` վկայակոչված հոդվածում թվարկված անձանց ապօրինաբար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն է խոստացվում, առաջարկվում կամ տրամադրվում, որպեսզի նրանք կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին կատարեն կամ չկատարեն որոշակի գործողություններ: Ընդ որում, նշված հանցագործությունում ի թիվս այլնի՝ դրամը և այլ գույքը հանդիսանում են որպես հանցագործության առարկա:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ` հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ` հանձնվում են պետությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-114-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց 103.1-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է. «Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, նույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման` հօգուտ պետության»:

Վկայակոչված քրեական և քրեադատավարական իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչ օրենսդրական վերը նշված փոփոխությունը և դրանից հետո օրենսդրի կամքն ուղղված է առևտրային կաշառքի պարագայում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը (դրամ, այլ արժեքներ և առարկաներ) հօգուտ պետության բռնագանձելուն, բացառությամբ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման դեպքի: Մասնավորապես, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, հօգուտ պետության ենթակա է բռնագանձման հանցավոր գործունեության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները և այլն:

Վերոգրյալից հետևում է, որ քննարկվող դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձն օրենքի ուժով զրկվում է իր գույքի (հանցագործության առարկա հանդիսացող) նկատմամբ սեփականության իրավունքից և հետագայում քաղաքացիաիրավական որևէ ինստիտուտի, այդ թվում նաև՝ անհիմն հարստացման ինստիտուտի միջոցով որևէ պահանջ ներկայացնել չի կարող:

Այսպիսով, ամփոփելով վերը շարադրված քաղաքացիաիրավական և քրեաիրավական նորմերի բովանդակության շուրջ կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն հարստացման (քաղաքացիաիրավական) և առևտրային կաշառքի (քրեաիրավական) ինստիտուտները տարբեր իրավական ինստիտուտներ են, որոնց առանձնահատկությունները դրսևորվում են նաև սուբյեկտների, օբյեկտների, նպատակների և ծագման հիմքերի հարցում: Մասնավորապես, եթե անհիմն հարստացման դեպքում տուժող է համարվում այն անձը, ում հաշվին ձեռք է բերվել կամ խնայվել գույք, ապա առևտրային կաշառքի պարագայում տուժողը պետությունն է, քանի որ առևտրային կաշառքն, առաջին հերթին, ուղղված է պետության և հասարակության շահերի դեմ: Եթե անհիմն հարստացման օբյեկտը տուժողի գույքային իրավունքներն են, ապա առևտրային կաշառքի օբյեկտ են հանդիսանում առևտրային կամ այլ կազմակերպությունների օրինական գործունեությանն ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Ընդ որում, եթե անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գույքի վերադարձման հիմնական և առաջնային նպատակը քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանությունն ապահովելն ու դրա իրականացմանը նպաստելն է, ապա որպես առևտրային կաշառք տրամադրված գույքի բռնագանձումը հօգուտ պետության, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հարկադրանք, նպատակ է հետապնդում վերականգնելու սոցիալական արդարությունը, կանխարգելելու հնարավոր հանցագործությունները:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարբեր են նաև այս երկու իրավական ինստիտուտների ծագման հիմքերը: Անհիմն հարստացման իրավահարաբերության ծագման հիմք կարող են լինել տարատեսակ իրավաբանական փաստեր, որոնց արդյունքում տեղի է ունենում մեկ անձի հարստացում մեկ այլ անձի հաշվին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով անհիմն հարստացման ինստիտուտին, փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս, Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես առևտրային կաշառք տրամադրված գույքը հանդիսանում է հանցագործության առարկա, որը քաղաքացիական իրավունքի տեսանկյունից չի կարող բնորոշվել որպես անհիմն հարստացում, առավել ևս այդ հիմքով այն չի կարող ենթակա լինել վերադարձման առևտրային կաշառքի գումարը տված անձին:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2013 թվականի թիվ ԵԷԴ/0055/01/12 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես` Արթուր Հովհաննիսյանն ապօրինի ջրօգտագործում իրականացնելու նպատակով առևտրային կաշառք է տվել Նորիկ Սողոմոնյանին և վերջինիս գիտությամբ խմելու ջրով ոռոգել է ծիրանի այգիները: Արթուր Հովհաննիսյանը նույն դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար: Էրեբունու քննչական բաժնի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 14.03.2012 թվականի որոշման համաձայն` Նորիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով` առևտրային կաշառք ստանալու համար: Նույն որոշմամբ Նորիկ Սողոմոնյանի կողմից առևտրային կաշառք ստանալու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` համաներման ակտ ընդունվելու հիմքով:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ պատասխանողը հայցվորից ստացել է գումար ոչ թե ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության, այլ հայցվորի օգտին առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու դիմաց: Ըստ այդմ, Դատարանը եկել է այն եզրահանգմանը, որ սույն քաղաքացիական գործով պարզվել և հիմնավորվել է պատասխանողի կողմից անհիմն հարստացմամբ 7.000 ԱՄՆ դոլար գումարը ստանալու փաստը, ինչն էլ հիմք է հանդիսանում հայցը բավարարելու համար:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունը, գտել է, որ ստորադաս դատարանն արդարացիորեն չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածը, քանի որ կողմերի միջև գոյություն են ունեցել պարտավորական հարաբերություններ, մասնավորապես` Նորիկ Սողոմոնյանն Արթուր Հովհաննիսյանի օգտին կատարել է որոշակի գործողություն, որի դիմաց Արթուր Հովհաննիսյանից ստացել է որոշակի գումար: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով առկա են անհիմն հարստացման վերաբերյալ իրավանորմի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2013 թվականի թիվ ԵԷԴ/0055/01/12 օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով Արթուր Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեորեն հետապնդելի արարքի կատարման համար: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չի հետազոտել և գնահատել Էրեբունու քննչական բաժնի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 14.03.2012 թվականի որոշումը, համաձայն որի` Նորիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով` առևտրային կաշառք ստանալու համար, որով քրեական հետապնդումը դադարեցվել է` համաներման ակտի ընդունման հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արթուր Հովհաննիսյանը գիտակցել է, որ իր կողմից դրամական միջոցների տրամադրումը Նորիկ Սողոմոնյանին կոնկրետ շահ է հետապնդում, իրենից առևտրային կաշառք է ներկայացնում, քանի որ դրանով համապատասխան անձը նպատակ է ունեցել վերջինիս գիտությամբ ապօրինաբար խմելու ջրով ոռոգելու ծիրանի այգիները, ուստի միանշանակ է, որ Արթուր Հովհաննիսյանի և Նորիկ Սողոմոնյանի միջև բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորական հարաբերությունները:

Միաժամանակ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածով սահմանված` անհիմն հարստացման չվերադարձման դեպքերին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ նորմով նախատեսված կարգավորման կիրառելիության հարցը ենթակա է քննության միայն անհիմն հարստացման փաստի առկայության հիմնավորվածության պայմաններում, մինչդեռ սույն գործով դրա բացակայության դեպքում արդեն իսկ միանշանակ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածը կիրառվել չի կարող:

Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն քաղաքացիական գործի փաստերը, ինչպես նաև ամփոփելով վերոգրյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Նորիկ Սողոմոնյանին քրեաիրավական օրենսդրության պահանջների խախտման հետևանքով կատարված գործողության` առևտրային կաշառքի արդյունքում ապօրինաբար տրամադրված գույքը (տվյալ դեպքում` գումարը) չի կարող համարվել որպես անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գույք և, հետևաբար, այն չի կարող այդ հիմքով ենթակա լինել վերադարձման: Մինչդեռ ստորադաս դատարանները վերոնշյալի անտեսմամբ սխալ եզրահանգման են եկել հայցի` հիմնավոր լինելու վերաբերյալ, այն պարագայում, երբ վերը շարադրված պատճառաբանությունների և կատարված իրավական վերլուծությունների հիմքով ներկայացված հայցապահանջը ենթակա էր մերժման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.06.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ, Արթուր Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

4. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` Արթուր Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Նորիկ Սողոմոնյանի` անհիմն հարստացման գումարը և նախապես վճարված պետական տուրքի գումարը վերադարձնելու պահանջների մասին, մերժել:

2. Արթուր Հովհաննիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.06.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան