Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.18
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
17.07.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
17.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0068/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0068/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0068/02/13

2015 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ««Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Սարգիս Ցականյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 1.063.590 ՀՀ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Սիմոնյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 10.10.2013 թվականի որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործի քննության ընթացքում ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերում հայցի մերժման համար հիմք է հանդիսացել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև համակարգային առումով այդ իրավանորմից բխող այլ նորմեր, միաժամանակ նկատի ունենալով, որ վկայակոչված իրավանորմը ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր, հետևաբար առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքը՝ սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից 15.01.2014 թվականին կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ինչը կհանգեցնի նաև Ընկերության` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության խախտված իրավունքի վերականգմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 22.03.2011 թվականի թիվ ԱՐԴ/0001/04/11 վճռով բավարարվել է պահանջատեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումը` պարտապան Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, և վերջինս ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 57-60)։

2. Նույն դատարանի 30.09.2011 թվականի որոշմամբ հաստատվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը, որում պարտատերեր են գրանցվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը, Կարեն Հարությունյանը, Արմավիրի քաղաքապետարանը (հատոր 1-ին, գ.թ. 61-64)։

3. Նույն դատարանի 30.07.2012 թվականի թիվ ԱՐԴ/0001/04/11 վճռի համաձայն` հաստատվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը: Կազմակերպության սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է, և վերջինս համարվել է ֆինանսապես առողջացած (հատոր 1-ին, գ.թ. 106-109)։

4. Դատարանի 20.06.2013 թվականի վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվոր Ընկերությունն օրենքով սահմանված ժամկետում թիվ ԱՐԴ/0001/04/11 գործի շրջանակներում չի դիմել իրեն որպես պահանջատեր պարտատերերի ցուցակում ընդգրկելու դիմումով, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայցվոր Ընկերությունը զրկվել է Կազմակերպության՝ որպես առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իր իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 114-116)։

5. Վերաքննիչ դատարանը 10.10.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել և Դատարանի 20.06.2013 թվականի թիվ ԱՐԴ/0068/02/13 վճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ Կազմակերության վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է վերջինիս առողջացմամբ, հետևաբար և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Կազմակերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնք չեն ներկայացվել սնանկության գործընթացում (հատոր 2-րդ, գ.թ. 23-25)։

6. Ընկերության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ որոշել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «…և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են նույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից` բացառությամբ նույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է, որ Ընկերությունն իր պահանջը դատարան ներկայացրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի խախտմամբ, այսինքն` նա իր պահանջը պետք է ներկայացներ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին հայտարարություն տալուց հետո մեկ ամսվա ընթացքում, և Կազմակերպության կառավարչի կողմից այն պետք է ընդգրկվեր պարտատերերի պահանջների նախնական ցուցակում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան, մինչդեռ Ընկերությունն օրենքով սահմանված ժամկետում չի դիմել դատարան՝ որպես պահանջատեր պարտատերերի ցուցակում ընդգրկելու դիմումով, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Ընկերությունը զրկվում է Կազմակերպության` որպես առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իր իրավունքից:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 20.06.2013 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ եթե սնանկության գործն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա վերջինս ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, իսկ տվյալ դեպքում Կազմակերպության վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է վերջինիս առողջացմամբ, հետևաբար և Կազմակերպությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնք չեն ներկայացվել սնանկության գործընթացում:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 15.01.2014 թվականի որոշմամբ վերադարձրել է Վերաքննիչ դատարանի 10.10.2013 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքը։

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Ընկերության դիմումը, 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ որոշել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «…և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման և Վերաքննիչ դատարանի 10.10.2013 թվականի որոշման բեկանման հիմք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 10.10.2013 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան