Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.19
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.11.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ/0529/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0529/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0529/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

Դատավորներ`

Ս. Միքայելյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

 

 

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Յունիբանկ» ԲԲԸ) (այսուհետ` Բանկ) և Օվսաննա Առաքելյանի ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ Գեղամ և Մարետա Առաքելյանների հայցի ընդդեմ Բանկի, Օվսաննա Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` սեփականության իրավունքը վերականգնելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գեղամ և Մարետա Առաքելյանները պահանջել են վերականգնել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ, անվավեր ճանաչել նշված հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մխիթարյան) (այսուհետ՝ Դատարան) 21.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2015 թվականի որոշմամբ Գեղամ և Մարետա Առաքելյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 21.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի և Օվսաննա Առաքելյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Գեղամ և Մարետա Առաքելյանների ամուսնության ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի գրավի պայմանագրերը թեև կնքվել են ամուսիններից մեկի` Գեղամ Առաքելյանի կողմից, այնուամենայնիվ վերջինիս կինը` Մարետա Առաքելյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, տվել է իր համաձայնությունը գույքը գրավադրելու վերաբերյալ: Մասնավորապես` Մարետա Առաքելյանն իր համաձայնությամբ հայտնել է, որ վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում կհրաժարվի գրավադրված անշարժ գույքի նկատմամբ իր համասեփականության իրավունքից և համաձայն է գույքի արտադատական իրացմանը: Ավելին, 05.09.2012 թվականին Գեղամ Առաքելյանն իր իսկ կամքով դիմել է Բանկին` հայտնելով իր համաձայնությունը գրավի առարկայի արտադատական իրացման վերաբերյալ, որպիսի դիմումի բոլոր էջերը ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից, ինչը ևս մեկ անգամ հավաստում է համատեղ սեփականության գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2015 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 21.10.2014 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի ամունության ակտերի գրանցման գրքում առկա 16.04.1983 թվականի գրանցման և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրված թիվ || СЛ 353085 ամունության վկայականի ռուսերենից թարգմանության համաձայն` Գեղամ և Մարետա Առաքելյաններն ամուսիններ են (հատոր 1-ին, գ.թ. 9)։

2) 20.07.2007 թվականի թիվ 068-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գոհար Կուջոյանի և Գեղամ Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որով Բանկը Գեղամ Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 14-20):

3) «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 20.07.2007 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակատարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գռավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու (հատոր 1-ին, գ.թ. 176)

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2356476 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցված է Գեղամ Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 22)

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված գրավի, հիփոթեքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցված է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 23):

6) Բանկի և Գեղամ Առաքելյանի միջև 12.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի թիվ 270-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկը Գեղամ Առաքելյանին տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է 50.000 ԱՄՆ դոլար վարկ` մինչև 12.10.2011 թվականը մարելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 24-26):

7) «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 12.10.2009 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակտարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու (հատոր 1-ին, գ.թ. 175):

8) Բանկի կողմից 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկված և վերջինիս կողմից ստացված թիվ 269 բռնագանձման ծանուցման համաձայն` Գեղամ Առաքելյանի կողմից 10-օրյա ժամկետում պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում Բանկը ծանուցումը հանձնելուց 2 ամիս հետո իրավունք ունի ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իր օգտին գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տունը (հատոր 1-ին, գ.թ. 173):

9) Գեղամ Առաքելյանի կողմից 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումի համաձայն` վերջինս համաձայն է, որ Բանկում գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան բռնագանձումը տարածվի առանց դատարան դիմելու, և Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված: Դիմումի բոլոր էջերը ստորագրված են նաև Մարետա Առաքելյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 180-182):

10) 17.10.2012 թվականի թիվ 858/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գեղամ Առաքելյանի և Օվսաննա Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի պայմանագիր, Բանկն Օվսաննա Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 27-34):

11) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 20.09.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցված է Օվսաննա Վոլոդյայի Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասության համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն կետի երկրորդ նախադասության համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը` ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի` գույքի տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տե՛ս, Անուշ Արտաշեսյանի հայցն ընդդեմ Արմենուհի Ստեփանյանի, ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Լյուդվիկ Հովհաննիսյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0275/02/08 որոշումը, ինչպես նաև Հասմիկ Ղազարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի` հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրվել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`

1) համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն.

2) գործարքի մյուս կողմի` այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, ըստ Թագուշ Պետրոսյանի հայցի ընդդեմ Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանի հայցի ընդդեմ Թագուշ Պետրոսյանի և Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-459(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Հասմիկ Ղազարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի` հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոգրյալ նորմի վերլուծությանը և արձանագրել, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ (տե՛ս, Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի թիվ ՎԴ3/0092/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Գեղամ և Մարետա Առաքելյաններն ամուսիններ են: 20.07.2007 թվականի թիվ 068-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գոհար Կուջոյանի և Գեղամ Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որով Բանկը Գեղամ Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար: «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 20.07.2007 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակատարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2356476 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցվել է Գեղամ Առաքելյանի սեփականության իրավունքը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված գրավի, հիփոթեքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը: Բանկի և Գեղամ Առաքելյանի միջև 12.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի թիվ 270-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկը Գեղամ Առաքելյանին տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է 50.000 ԱՄՆ դոլար վարկ` մինչև 12.10.2011 թվականը մարելու պայմանով: «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 12.10.2009 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակատարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գռավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու: Բանկի կողմից 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկված և վերջինիս կողմից ստացված թիվ 269 բռնագանձման ծանուցման համաձայն` Գեղամ Առաքելյանի կողմից 10-օրյա ժամկետում պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում Բանկը ծանուցումը հանձնելուց 2 ամիս հետո իրավունք ունի ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իր օգտին գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տունը: Գեղամ Առաքելյանի կողմից 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումի համաձայն` վերջինս համաձայնել է, որ Բանկում գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան բռնագանձումը տարածվի առանց դատարան դիմելու, և Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված: Դիմումի բոլոր էջերը ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից: 17.10.2012 թվականի թիվ 858/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գեղամ Առաքելյանի և Օվսաննա Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի պայմանագիր, որով Բանկն Օվսաննա Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 20.09.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցվել է Օվսաննա Վոլոդյայի Առաքելյանի սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործը նոր քննության ուղարկելով, պատաճառաբանել է, որ «գրավառուն Մարետա Առաքելյանին չի հասցեագրել բռնագաձման ծանուցում` քաջատեղյակ լինելով «որ վերջինս օրենքի ուժով հանդիսանում է գրավի առարկա հանդիսացող գույքի համասեփականատեր: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 բնակելի տունը ձեռք է բերվել Գեղամ Առաքելյանի և Մարետա Մարգարյանի (ամուսնությունից հետո` Առաքելյան) համատեղ ամուսնության ընթացքում: Այսինքն` անկախ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում սեփականատեր գրանցված լինելու հանգամանքից` վերոնշյալ գույքի սեփականատեր, հետևաբար նաև գրավատու է հանդիսացել Մարետա Առաքելյանը, ինչի մասին ակնհատորեն տեղեկացված է եղել նաև բանկը, քանի որ պահաջել է, որպեսզի վերջինիս ստորագրի նոտարական կարգով համաձայնություն»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի հաշվառմամբ արձանագրում է, որ Գեղամ Առաքելյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, ունենալով վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ, տնօրինել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը, հետևաբար Բանկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 249-րդ հոդվածի իրավակարգավորումները հաշվի առնելով, ինչպես նաև առաջնորդվելով Մարետա Առաքելյանի կողմից 20.07.2007 և 12.10.2009 թվականներին նոտարական վավերացմամբ տրված համաձայնություններով, 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկել է թիվ 269 բռնագանձման ծանուցումը` պատշաճ կատարելով իր` որպես գրավառուի պարտականությունը, այն է` գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը: Ավելին, Գեղամ Առաքելյանը 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումով հայտնել է իր համաձայնությունը` Բանկում գրավադրված` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձումը տարածելու կապակցությամբ, միաժամանակ նշելով, որ Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված, որպիսի դիմումի բոլոր էջերը ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից: Այսինքն` նման պայմաններում, երբ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից` Մարետա Առաքելյանը, գրավի պայմանագրով նախատեսված արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման առնչությամբ Գեղամ Առաքելյանի կողմից Բանկին ուղղված դիմումը ստորագրել է և գրավով ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքներից հրաժարվել է, գրավատուի իրավունքների խախտման մասին պնդումները չեն կարող հիմնավոր դիտվել և հիմք հանդիսանալ գրավի առարկայի համասեփականատիրոջ` որպես գրավատուի իրավունքի խախտման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը բեկանվում և օրինական ուժ է տրվում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2014 թվականի վճռին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Գեղամ և Մարետա Առաքելյաններից համապարտության կարգով հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Օվսաննա Առաքելյանի պետք է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2014 թվականի վճռին:

2. Գեղամ և Մարետա Առաքելյաններից համապարտության կարգով հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Օվսաննա Առաքելյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
   

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան