Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.10/9(1189).1 Հոդ.74.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/1457/02/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1457/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1457/02/10
2015թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Չիլինգարյանի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2014 թվականի որոշման դեմ` ըստ Մելքոն Շիթիլյանի դիմումի` Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող 314,2քմ մակերեսով հողամասի և 166,7քմ մակերեսով շինության` Թորոս Շիթիլյանին սեփականության իրավունքով պատկանող 1/2 բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Նաիրա Չիլինգարյանի ընդդեմ Մելքոն Շիթիլյանի` սեփականության իրավունքի գրանցման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մելքոն Շիթիլյանը պահանջել է Թորոս Շիթիլյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող 314,2քմ մակերեսով հողամասի և 166,7քմ մակերեսով շինության 1/2 բաժնեմասի` որպես տիրազուրկ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը (քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1457/02/10):

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մերանգուլյան) 19.01.2011 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) 28.11.2013 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Չիլինգարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում Նաիրա Չիլինգարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Մելքոն Շիթիլյանի` սեփականության իրավունքի գրանցման խոչընդոտները վերացնել պարտավորեցնելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1742/02/13):

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2014 թվականի որոշմամբ թիվ ԵԷԴ/1457/02/10 և թիվ ԵԷԴ/1742/02/13 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում, և գործի քննությունը շարունակվել է ԵԷԴ/1457/02/10 համարի ներքո:

Դատարանի 08.05.2014 թվականի վճռով Մելքոն Շիթիլյանի դիմումը բավարարվել է, իսկ Նաիրա Չիլինգարյանի հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.08.2014 թվականի որոշմամբ Նաիրա Չիլինգարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.05.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Չիլինգարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մելքոն Շիթիլյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի գույքը Մելքոն Շիթիլյանի տիրապետմանն անցնելու ժամանակ վերջինիս բավարար հիմք է ունեցել ենթադրելու, որ ինքը գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես իր սեփականը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել այն, որ 01.04.1994 թվականին Թորոս Շիթիլյանի կողմից կազմված կտակի համաձայն` վերջինս իրեն սեփականության իրավունքով պատկանող ողջ ունեցվածքը, այդ թվում` Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնեմասը կտակել է Նաիրա Չիլինգարյանին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում 29.07.2013 թվականին ձևակերպված ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Նաիրա Չիլինգարյանն ընդունել է Թորոս Շիթիլյանի ժառանգությունը և ձեռնամուխ է եղել ժառանգական զանգվածի մեջ մտնող Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող, Թորոս Շիթիլյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 01.08.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Մելքոն Շիթիլյանի դիմումը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․

Նաիրա Չիլինգարյանը, նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, չի հիմնավորել, թե դատարանի կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող որ ապացույցը ճիշտ չի գնահատվել, որով խախտվել են իր իրավունքները:

Նաիրա Չիլինգարյանը չի կարողացել ապացուցել նաև, որ Թորոս Շիթիլյանը դեռևս կենդանության օրոք համաձայն չի եղել, որ ամբողջ տան սեփականատեր դառնա եղբոր որդին` Մելքոն Շիթիլյանը:

Թորոս Շիթիլյանը քաջատեղյակ է եղել այն փաստի մասին, որ տունն իր համաձայնությամբ և թույլտվությամբ բացահայտ և անընդմեջ տնօրինվել, տիրապետվել ու կառավարվել է եղբոր կողմից, վերջինիս մահից հետո շարունակվել է բացահայտ, անընդմեջ տնօրինվել, տիրապետվել և կառավարվել եղբոր որդու կողմից և այս փաստը չի վիճարկել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 տան թիվ 1758 տեխնիկական անձնագրի համաձայն` Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 տունը սեփականության իրավունքով 1/2 բաժնեմասերով պատկանում է Հակոբ և Թորոս Շիթիլյաններին (հատոր 1-ին, գ.թ. 12-19):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 14.12.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 հասցեում գրանցված անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գույքագրված է Հակոբ և Թորոս Շիթիլյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 21):

3) 01.04.1994 թվականին արված կտակի համաձայն` Թորոս Շիթիլյանը Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 տան իր բաժնեմասը կտակել է աղջկան` Նաիրա Չիլինգարյանին (հատոր 1-ին, գ.թ. 59):

4) 07.11.2012 թվականին տրված մահվան վկայականի համաձայն` Թորոս Շիթիլյանը մահացել է 28.10.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 56-57):

5) 29.07.2013 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Նաիրա Չիլինգարյանն ընդունել է Թորոս Շիթիլյանի ժառանգությունն առանց վերապահումների (հատոր 1-ին, գ.թ. 53-55):

6) 29.12.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Հակոբ Շիթիլյանի մահից հետո ժառանգությունն ընդունել են կինը` Արշալույս Շիթիլյանը, որդին` Մելքոն Շիթիլյանը (հատոր 1-ին, գ.թ. 20):

7) 14.12.2010 թվականին թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Մելքոն Շիթիլյանն իր ընտանիքի 3 անդամների հետ բնակվում է Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 տանը (հատոր 1-ին, գ.թ. 10):

8) Մելքոն Շիթիլյանը 29.12.2010 թվականին դատարան ներկայացրած` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին իր դիմումում նշել է. «Թորոսը ԱՄՆ մեկնելուց առաջ հորս ասաց, որ մենք օգտագործենք իր բաժնեմասը (...)» (հատոր 1-ին, գ.թ. 3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի սխալ մեկնաբանության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կա'մ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կա'մ գույքի սեփականատիրոջ, կա'մ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք` կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե'ս, Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններն և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործով Դատարանը, Մելքոն Շիթիլյանի դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ Մելքոն Շիթիլյանը 1994 թվականից սկսած իր ընտանիքի անդամների հետ միասին տնօրինում, տիրապետում է հորեղբորը պատկանող բաժնեմասը, այն պաշտպանում է երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից, կատարում է գույքը պահպանելու ծախսերը, 2000 թվականին տունը հիմնովին վերակառուցել է, այն դարձրել է մեկ անձի պատկանող: Դատարանը հաստատված է համարել, որ Մելքոն Շիթիլյանի կողմից գույքը տիրապետվել է բարեխղճորեն, այսինքն` առանց որևէ բռնություն գործադրելու, 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չի ընդհատվել, տիրապետումը եղել է բացահայտ, իսկ բաժնային սեփականության մասնակից Թորոս Շիթիլյանը չի առարկել նշված գույքը Մելքոն Շիթիլյանի կողմից տիրապետելու և օգտագործելու հարցում, Մելքոն Շիթիլյանի օգտագործումից տունը հետ բերելու որևէ փորձ չի արել, որպիսի հանգամանքները վկայում են գույքի սեփականատիրոջ կողմից իր գույքից մեկուսացման մասին:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի նշված եզրահանգումները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Նաիրա Չիլինգարյանը չի ապացուցել, թե ինչու շուրջ 18 տարի Թորոս Շիթիլյանը ոչ մի միջոց չի ձեռնարկել իր գույքը Մելքոն Շիթիլյանից հետ պահանջելու համար` քաջատեղյակ լինելով, որ վիճելի հասցեի ամբողջ անշարժ գույքը բացահայտ տնօրինվում և տիրապետվում է եղբոր` Հակոբ Շիթիլյանի ընտանիքի կողմից: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Թորոս Շիթիլյանն իր կենդանության օրոք չի վիճարկել Մելքոն Շիթիլյանի և նրա ընտանիքի կողմից վիճելի գույքը փաստացի օգտագործելու, տիրապետելու և այն սեփականության իրավունքով գրանցելու հանգամանքը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները` արդյո՞ք Մելքոն Շիթիլյանը հանդիսանում է վիճելի գույքը բարեխիղճ տիրապետող և արդյո՞ք Թորոս Շիթիլյանը հրաժարվել է իր գույքի տնօրինման իրավունքից:

Նշված հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը ստորադաս դատարանները պետք է պարզեին գործում առկա ապացույցների օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի հետազոտմամբ ներքին համոզման հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ այնպիսի ապացույց, որը կհավաստեր, որ Թորոս Շիթիլյանն իր գույքը հանձնել է Մելքոն Շիթիլյանին` տնօրինման իրավունքով: Ավելին, անգամ Մելքոն Շիթիլյանն իր դիմումով ընդունել է, որ վիճելի գույքը հորեղբոր` Թորոս Շիթիլյանի կողմից հանձնվել է օգտագործման իրավունքով: Մինչդեռ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության ծագման համար տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Թորոս Շիթիլյանի գույքը Մելքոն Շիթիլյանին տնօրինման իրավունքով հանձնելու վերաբերյալ ապացույցի բացակայությունը վկայում են Մելքոն Շիթիլյանի մոտ վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճության նախապայմանի բացակայության փաստի մասին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի սխալ մեկնաբանության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ գնահատելով գործում առկա ապացույցները, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում և բեկանում է միայն Մելքոն Շիթիլյանի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու պահանջի մասով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն Դատարանի վճիռը` այդ պահանջի մասով օրինական ուժի մեջ թողնելու մասով:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Նաիրա Չիլինգարյանը վերաքննիչ բողոքների համար վճարել է 28.000 ՀՀ դրամ, որից 8.000 ՀՀ դրամը` որպես գործին մասնակից չդարձված անձ 16.08.2013 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքի համար (հատոր 1-ին, գ.թ. 51) և 20.000 ՀՀ դրամը` 10.06.2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար (հատոր 3-րդ, գ․թ․ 5), ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանման և փոփոխման ենթակա է միայն Մելքոն Շիթիլյանի դիմումը բավարարելու մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 38.000 ՀՀ դրամ պետական տուրքը, որից 18.000 ՀՀ դրամը վերաքննիչ բողոքների համար վճարած, իսկ 20.000 ՀՀ դրամը` վճռաբեկ բողոքի համար վճարած, անհրաժեշտ է եղել բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Չիլինգարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 38.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման Մելքոն Շիթիլյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2014 թվականի որոշման` Երևանի Նոր Արեշի 20-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող 314,2քմ մակերեսով հողամասի և 166,7քմ մակերեսով շինության` Թորոս Շիթիլյանին սեփականության իրավունքով պատկանող 1/2 բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Մելքոն Շիթիլյանի դիմումը բավարարելու մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Մելքոն Շիթիլյանի դիմումը մերժել։

2. Մելքոն Շիթիլյանից հօգուտ Նաիրա Չիլինգարյանի բռնագանձել 18.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ