Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.10/9(1189).1 Հոդ.74.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Որոշումն ընդգրկված է «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի նախադեպային որոշումների շտեմարանի ցանկում:


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ/0913/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0913/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0913/02/13

2015թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

 2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Բեգլար Մկրտումյանի ներկայացուցիչ Հենրիկ Մաղաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անժելա և Նունե Հարությունյանների (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Բեգլար Մկրտումյանի` պարտավորագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու, վնասը հատուցելու և կատարողական վարույթը կասեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են մասնակիորեն` 90.000 ՀՀ դրամի չափով վարձավճար վճարելու մասով, անվավեր ճանաչել 15.02.2010 թվականին իրենց և Բեգլար Մկրտումյանի միջև կնքված պարտավորագիրը, Բեգլար Մկրտումյանից բռնագանձել 5.238.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, ինչպես նաև կասեցնել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից Անժելա Հարությունյանի գործով հարուցված կատարողական վարույթը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2014 թվականի վճռով հայցը` պարտավորագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասով, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Բեգլար Մկրտումյանից հօգուտ Համահայցվորների բռնագանձել 3.250.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, հայցը` մնացած մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթը կասեցնելու մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.04.2015 թվականի որոշմամբ Բեգլար Մկրտումյանի և Անժելա Հարությունյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 30.10.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, ինչպես նաև Բեգլար Մկրտումյանից պետական բյուջե բռնագանձվել է 97.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բեգլար Մկրտումյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, բավարարելով Համահայցվորների հայցը, ըստ էության, ոչ միայն «բեկանել» է թիվ ԵԿԴ/1269/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 26.12.2011 թվականի վճիռը, այլ նաև կատարել է այդ վճռի շրջադարձ` օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձված գումարները վերադարձնելով Համահայցվորներին։ Մինչդեռ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԿԴ/1269/02/10 քաղաքացիական գործն ըստ Բեգլար Մկրտումյանի հայցի ընդդեմ Անժելա և Նունե Հարությունյանների` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և բնակարանի դիմաց վարձավճար բռնագանձելու պահանջների մասին, 26.12.2011 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին` վճռելով Նունե և Անժելա Հարությունյաններին պարտադրել համապարտության կարգով Բեգլար Մկրտումյանի համար գնել Երևանի Դավթաշեն թաղամասում վերանորոգված, ոչ պակաս 67քմ բնակմակերեսով երկու սենյականոց բնակարան, Նունե և Անժելա Հարությունյաններից հօգուտ Բեգլար Մկրտումյանի բռնագանձել ամսական 90.000 ՀՀ դրամ` որպես վարձավճարի գումար` բռնագանձման հաշվարկը կատարելով 2010 թվականի մայիս ամսից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2012 թվականի որոշմամբ Անժելա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 42-49, 63, 64).

2) նշված վճռի հիման վրա 30.05.2012 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 40, 41).

3) 19.02.2013 թվականին Բեգլար Մկրտումյանը նոտարական կարգով վավերացված հայտարարություն է տվել այն մասին, որ «բնակարան գնելու նպատակով վերը նշված վճռի հիման վրա Անժելա Հարությունյանից ստացել է 19.082.000 ՀՀ դրամ և միմյանց նկատմամբ բնակարանի հետ կապված որևէ գույքային ու նյութական պարտք և պահանջ չունեն» (հատոր 2-րդ, գ.թ. 51).

4) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողը, հիմք ընդունելով, որ նաև կատարված է կատարողական թերթի պահանջը` Համահայցվորներից համապարտության կարգով հօգուտ Բեգլար Մկրտումյանի 2.980.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին, 25.09.2013 թվականին որոշումներ է կայացրել կատարողական վարույթը կարճելու և պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 80, 82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը` միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԿԴ/1269/02/10 քաղաքացիական գործն ըստ Բեգլար Մկրտումյանի հայցի ընդդեմ Անժելա և Նունե Հարությունյանների` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և բնակարանի դիմաց վարձավճար բռնագանձելու պահանջների մասին, 26.12.2011 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին` վճռելով Նունե և Անժելա Հարությունյաններին պարտադրել համապարտության կարգով Բեգլար Մկրտումյանի համար գնել Երևանի Դավթաշեն թաղամասում վերանորոգված, ոչ պակաս 67քմ բնակմակերեսով երկու սենյականոց բնակարան, Նունե և Անժելա Հարությունյաններից հօգուտ Բեգլար Մկրտումյանի բռնագանձել ամսական 90.000 դրամ` որպես վարձավճարի գումար` բռնագանձման հաշվարկը կատարելով 2010 թվականի մայիս ամսից մինչև պարտավորության փաստացի կատարումը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2012 թվականի որոշմամբ Անժելա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված վճռի հիման վրա 30.05.2012 թվականին տրվել է կատարողական թերթ: 19.02.2013 թվականին Բեգլար Մկրտումյանը նոտարական կարգով վավերացված հայտարարություն է տվել այն մասին, որ «բնակարան գնելու նպատակով վերը նշված վճռի հիման վրա Անժելա Հարությունյանից ստացել է 19.082.000 ՀՀ դրամ և միմյանց նկատմամբ բնակարանի հետ կապված որևէ գույքային ու նյութական պարտք և պահանջ չունեն»: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողը, հիմք ընդունելով, որ նաև կատարված է կատարողական թերթի պահանջը Համահայցվորներից համապարտության կարգով հօգուտ Բեգլար Մկրտումյանի 2.980.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին, 25.09.2013 թվականին որոշումներ է կայացրել կատարողական վարույթը կարճելու և պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու մասին:

Դատարանը, 30.10.2014 թվականի վճռում պատճառաբանելով, որ «չնայած 15.02.2010 թվականի պարտավորագրի օրինականությունը սույն գործի շրջանակներում քննության առարկա դարձվել չի կարող, քանի որ պարտավորագրի հիման վրա առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը դարձել է պարտադիր բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, և սույն գործով պարտավորագրի հիման վրա որևէ հանգամանք քննարկելը կհակասի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև անձի` կրկնակի պատասխանատվության սկզբունքի բացառմանը», «սույն քաղաքացիական գործով հայցվորների համար դատարանի կողմից սահմանվել է պարտականություն, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածի ուժով անվերապահորեն ենթակա է կատարման», «Բեգլար Մկրտումյանի համար վճռով սահմանված հնարավորությունը` Նունե և Անժելա Հարությունյաններից յուրաքանչյուր ամիս 90.000 ՀՀ դրամ ստանալու առումով, նույն օրինական ուժի մեջ մտած վճռով պայմանավորած է այդ գումարի իրավական կատեգորիայով` վարձավճար լինելու հանգամանքով: Այսինքն` վերոնշյալ հնարավորությունը Բեգլար Մկրտումյանի համար կարող էր դառնալ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժով երաշխավորված և պաշտպանված իրավունք միայն այն դեպքում, եթե սկսած 2010 թվականի մայիսից Բեգլար Մկրտումյանի համար ծագած լինեին օրենքով սահմանված կարգով բնակարանի վարձակալական իրավահարաբերություններ», «Զանգեզուր» անշարժ գույքի գործակալություն վերտառությամբ վարձով տրվող բնակարաններ, արտադրամասեր և տարածքների հետ կապված միջնորդական պայմանագիրը չի վավերացվել նոտարական կարգով և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 11.12.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Կոմիտասի 33ա շենքի թիվ 69 բնակարան հասցեում Բեգլար Մկրտումյանի անվամբ վարձակալության իրավունք գրանցված չէ», «բացատրությամբ և վերը նշված պայմանագրով որևէ կերպ չեն կարող հիմնավորվել, որ Բեգլար Մկրտումյանի համար քննարկվող ժամանակահատվածում ծագել են բնակելի տարածության վարձակալության պայմանագրերից բխող քաղաքացիաիրավական իրավունքներ և պարտականություններ», ու գտնելով, որ «Բեգլար Մկրտումյանի կողմից հայցվորներից որպես վարձավճար ամսական 90.000 ՀՀ դրամ ստանալու իրավունքը և վարձավճար վճարելու պարտականությունը փաստող ապացույց դատարան չներկայացնելու պայմաններում հիմնավոր է այդ առումով Բեգլար Մկրտումյանի վարքագծի ոչ օրինաչափ լինելու հանգամանքը», «ըստ էության, հայցվորները կրել են վնասներ, քանի որ վճարել են պատասխանողին 2.980.000 ՀՀ դրամ` ի ապահովումն գոյություն չունեցող իրավունքի և պարտականության, ու այդ վնասների և պատասխանողի ոչ օրինաչափ գործողության միջև առկա է պատճառահետևանքային կապ, ինչպես նաև պատասխանողի մեղքը», «Բեգլար Մկրտումյանն ընդունել է, որ մինչև 2010թ. մայիս ամիսն ստացել է հայցվորներից նաև երեք ամիսների համար 90000-ական ՀՀ դրամ վարձավճար և տվել է այդ կապակցությամբ ստացականներ», Համահայցվորների հայցը բավարարել է մասնակիորեն և վճռել է Բեգլար Մկրտումյանից հօգուտ Համահայցվորների բռնագանձել 3.250.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Բեգլար Մկրտումյանը 2010 թվականից հետո օրենքով սահմանված կարգով բնակարանի վարձակալական հարաբերությունների մեջ չի գտնվել և որպես օրենքով սահմանած կարգով բնակարանի վարձակալ` վիճելի ժամանակահատվածում վարձավճար չի վճարել», «ամսական 90.000 ՀՀ դրամի պարտավորությունը սահմանված է եղել բնակարանի վարձավճարի դիմաց», «Բեգլար Մկրտումյանը վարձավճար է ստացել մի ժամանակահատվածի համար, երբ վերջինս, օրենքի պահանջին համապատասխան, վարձակալի իրավական ռեժիմ ձեռք բերած չի եղել», «տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունը չի բխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 662-րդ և 663-րդ հոդվածի կանոնից», «գումարի հատկացումը պայմանավորված է եղել նպատակային նշանակությամբ` բացառապես վարձակալության վճար հանդիսանալու հանգամանքով», գտել է, որ «Բեգլար Մկրտումյանի բողոքը ենթակա չէ բավարարման», ուստի և Դատարանի 30.10.2014 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, արդյունքում նաև` իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, որով վճռվել էր Նունե և Անժելա Հարությունյաններից հօգուտ Բեգլար Մկրտումյանի բռնագանձել ամսական 90.000 ՀՀ դրամ` որպես վարձավճարի գումար` բռնագանձման հաշվարկը կատարելով 2010 թվականի մայիս ամսից մինչև պարտավորության փաստացի կատարումը, և որով Նունե ու Անժելա Հարությունյանների կողմից իրենց պարտավորությունը Բեգլար Մկրտումյանի հանդեպ կատարելու համար որևէ նախապայման սահմանված չէր, ստորադաս դատարանները, ըստ էության, բավարարել են Համահայցվորների պահանջը` վերը նշված վճիռը վերանայելու մասին, և, քողարկված կերպով կրկնակի քննության ենթարկելով արդեն իսկ մեկ անգամ լուծված գործը, կասկածի տակ են դրել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը` անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` Դատարանի 30.10.2014 թվականի վճիռը` Բեգլար Մկրտումյանից հօգուտ Համահայցվորների 3.250.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, բռնագանձելու մասով օրինական ուժի մեջ թողնելու և Բեգլար Մկրտումյանից պետական բյուջե 97.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասերով, բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում և բեկանում է միայն այդ մասերով, քանի որ Բեգլար Մկրտումյանի կողմից Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն բավարարված հայցապահանջի մասով:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակի բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գուքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` Դատարանի 30.10.2014 թվականի վճիռը` Բեգլար Մկրտումյանից հօգուտ Համահայցվորների 3.250.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, բռնագանձելու մասով օրինական ուժի մեջ թողնելու և Բեգլար Մկրտումյանից պետական բյուջե 97.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասերով, ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համահայցվորներից պետական բյուջե համապարտության կարգով պետք է բռնագանձել 62.760 ՀՀ դրամ` որպես հայցագինը մեծացնելու արդյունքում չվճարված պետական տուրքի գումար, 97.500-ական ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված ու համապատասխանաբար ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.12.2014 ու 22.07.2015 թվականների որոշումներով հետաձգված, վճարման ենթակա պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2015 թվականի որոշման` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.10.2014 թվականի վճիռը` Բեգլար Մկրտումյանից հօգուտ Անժելա և Նունե Հարությունյանների 3.250.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, բռնագանձելու մասով օրինական ուժի մեջ թողնելու և Բեգլար Մկրտումյանից ՀՀ պետական բյուջե 97.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասերը, և այդ մասերով փոփոխել այն` Անժելա և Նունե Հարությունյանների հայցն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի` 3.250.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, բռնագանձելու պահանջի մասով, մերժել։

2. Անժելա և Նունե Հարությունյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 62.760 ՀՀ դրամ` որպես հայցագինը մեծացնելու արդյունքում չվճարված պետական տուրքի գումար:

Անժելա և Նունե Հարությունյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 97.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Անժելա և Նունե Հարությունյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 97.500 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ