Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.06.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0046/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0046/01/14

ԵԿԴ/0046/01/14

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

Դատավորներ՝  

Ս. Համբարձումյան

Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԴԱնիելյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ
պաշտպան

Ռ. ՍԱՖԱՐՅԱՆԻ

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լևոն Վանիկի Խոստիկյանի և Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի հուլիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15136913 քրեական գործը:

2013 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13812413 քրեական գործը:

2013 թվականի հոկտեմբերի 28-ին թիվ 15136913 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ նույն թվականի դեկտեմբերի 12-ին վերսկսվել, միացվել թիվ 13812413 քրեական գործին:

Նախաքննության մարմնի 2013 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումներով Լևոն Վանիկի Խոստիկյանը և Արտյոմ Գագիկի Ալեքսանյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2014 թվականի մարտի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Լ.Խոստիկյանին և Ա.Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ նրանց նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի պաշտպան Ռ.Սաֆարյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալներ Լ.Խոստիկյանին և Ա.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[նրանք], ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով (…) Գեղամ Վարդանի Գասպարյանի հետ, 2013 թվականի հոկտեմբերի 02-ին` ժամը 19։00-ի սահմաններում, միասին գնացել են Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցք 15/6 տան բակ, որտեղ Գ.Գասպարյանը մարդկանց անցուդարձը հսկելու նպատակով մնացել է բակում, իսկ [Ա.Ալեքսանյանը], ավտոտնակի հետնամասի մետաղյա դռան փականը կոտրելու միջոցով Լ.Խոստիկյանի հետ ապօրինի մուտք գործելով Ալբերտ Ղազարյանին պատկանող՝ Նորքի 1-ին նրբանցքի 15/6 հասցեում գտնվող տան հողատարածքում գտնվող շինություն հանդիսացող ավտոտնակ, այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի հասնող՝ 195.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 50 մետր երկարությամբ բազմալարային մալուխ, երկու պղնձե կաթսա, ալյումինե կաթսա, էլեկտրական շաղափ, 15 մետր երկարությամբ պղնձյա առանց մեկուսիչ պատյանի բազմալարային մալուխ, 3 կիլոգրամանոց` թվով 2 հատ պղնձե գլանակ։

Բացի այդ, Ա.Ալեքսանյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Լ.Խոստիկյանի հետ, 2013 թվականի հուլիսի 27-ին` ժամը 24։00-ի սահմաններում, միասին գնացել են Երևան քաղաքի Նորք փողոցի 163 տան բակ, որտեղ նա մնացել է դրսում մարդկանց անցուդարձը հսկելու նպատակով, իսկ Լ.Խոստիկյանը դարպասի վերևի հատվածից մուտք է գործել տան հողատարածք և, պատուհանից ապօրինի մուտք գործելով Երևան քաղաքի Նորք փողոցի 163 տուն, այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 37.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հավաքածու կազմող արծաթյա մատանի և օղեր, արծաթյա մատանի, արծաթյա ականջօղ, բիժուտերիա հանդիսացող մատանի» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 91):

6. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 14-ի դատավճռի համաձայն. «(…) Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալներ Ա.Ալեքսանյանի և Լ.Խոստիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման [այսուհետ նաև՝ Համաներման ակտ] կիրառման սահմանափակումներն առկա չլինելու վերաբերյալ պաշտպան Ռ.Սաֆարյանի պատճառաբանություններին, հիմնավորումներին և նշված որոշումը նրանց նկատմամբ կիրառելու մասին միջնորդությանը, գտնում է, որ պաշտպանի պատճառաբանություններն անհիմն են և նրա միջնորդությունը չի կարող բավարարվել՝ հետևյալ պատճառաբանություններով.

(…) պաշտպան Ռ.Սաֆարյանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման դրույթների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունն ու դիրքորոշումը, մինչդեռ՝ նշված որոշումներում հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահմանափակումները նույնը չեն. ի տարբերություն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման, որով հանցագործությունների համակցության դեպքում նախատեսված է համաներման կիրառման սահմանափակում միայն մեկ դեպքում` կապված ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմի հետ, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ նշված դեպքում նախատեսված է նաև հանցանքների քանակական կողմի հետ կապված սահմանափակում։ Նշված որոշման 20-րդ կետի համաձայն՝ հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո՝ սակայն հաշվի առնելով սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կանոնները, իսկ 6-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, երբ մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը։

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված վերլուծությունն ու դիրքորոշումը կիրառելի չեն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման նկատմամբ, հետևաբար՝ վերը նշված հիմնավորումներով պաշտպանի միջնորդությունն անհիմն է։ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 92-93):

7. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է. «[Համաներման ակտի 20-րդ, 5-րդ, 6-րդ կետերի] պահանջները առաջին ատյանի դատարանը համադրելով սույն գործի շրջանակներում, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ այն սույն գործի շրջանակներում կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից վկայակոչված ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.11.2012թ. թիվ ԵԿԴ/0067/01/12 նախադեպային որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը, ապա այն վերաբերում է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման դրույթներին և, ըստ էության սույն գործի շրջանակներում կիրառելի չէ: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 182):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներ Ա.Ալեքսանյանի և Լ.Խոստիկյանի նկատմամբ Համաներման ակտը չկիրառելով, խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և Համաներման ակտի պահանջները, ինչը հանգեցրել է ամբաստանյալների անհիմն դատապարտման և պատժի նշանակման:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Համաներման ակտը կիրառելի է ամբաստանյալների կողմից 2013 թվականի հուլիսի 27-ին կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված արարքի նկատմամբ, քանի որ Համաներման ակտի 9-րդ կետով նախատեսված սահմանափակումները բացակայում են: Իսկ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ Համաներման ակտով սահմանված ժամկետից դուրս է:

Այս առումով դատարանները սխալ են մեկնաբանել Համաներման ակտը` եզրահանգելով, որ համակցության կանոնները կիրառելուց հետո միայն կարող են կիրառվել համաներման ակտի դրույթները, մինչդեռ տվյալ դեպքում Համաներման ակտն ընդհանրապես կիրառելի չէ դրա ընդունումից հետո կատարված արարքների նկատմամբ: Ըստ բողոքաբերի` սույն գործով կիրառելի են Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով թիվ ՍԴ3/0013/01/11 և Հակոբ Ամիրխանյանի գործով թիվ ԵԿԴ/0067/01/12 գործով կայացված որոշումները:

9. Բացի այդ, ստորադաս դատարանները անհիմն մերժել են ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջնորդությունը և հաշվի չեն առել նրանց անձը դրական բնութագրող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` նախկինում դատված չլինելը, ծանր հիվանդությամբ տառապելը, խնամքին երկու անձ ունենալը և սոցիալական ծանր վիճակում լինելը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 14-ի, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի դատական ակտերը,

ա) ամբաստանյալ Լ.Խոստիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը և նրան ազատել 4 տարի ժամկետով պատժի կրումից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով նշանակված պատիժը` 6 ամիս ժամկետով ազատազրկումը համարել կրած և նրան ազատել կալանքից կամ գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Նշված պահանջները մերժելու դեպքում Լ.Խոստիկյանի նկատմամբ սահմանված վերջնական պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան՝ նրան ազատելով կալանքից,

բ) ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը և նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատել մեկ երրորդով, դրան գումարել 2-րդ դրվագով սահմանված 6 ամիս ժամկետով ազատազրկումը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան, կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքների համակցության դեպքում Համաներման ակտի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալների նկատմամբ համաներումը կիրառելի չէ Համաներման ակտի 20-րդ և 6-րդ կետերի (համաներման կիրառումը հանցագործությունների համակցության դեպքում) հիման վրա:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վ.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(…) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

14. Համաներման ակտի 20-րդ կետը նախատեսում է, որ «Հանցագործությունների (…) համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ հանցագործությունների (…) համակցության կանոններով այն սահմանելուց հետո` սակայն հաշվի առնելով սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կանոնները»:

Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»: Իսկ 7-րդ ենթակետը սահմանում է, որ համաներումը չի կիրառվում. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 138-րդ հոդվածով, 139-րդ հոդվածով, 141-րդ հոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 263-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ»:

Համաներման ակտի 15-րդ կետի համաձայն` «Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ»:

Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերլուծելով Համաներման ակտի վերը մեջբերված կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման կիրառելիության համար օրենսդիրը նախատեսել է որոշակի ժամանակային սահմանափակումներ: Ընդ որում, այդ առումով կարևորվում է ոչ թե գործի քննության կամ Համաներման ակտի կիրառման, այլ հանցագործության կատարման պահը: Մասնավորապես, Համաներման ակտի 15-րդ կետից երևում է, որ օրենսդրի կամքն է Համաներման ակտը կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Այլ խոսքով` Համաներման ակտը կիրառելի է միայն այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են մինչև նշված օրը հանցանք կատարելու հետևանքով:

Վերոնշյալից հետևում է, որ Համաներման ակտի, դրա առանձին դրույթների վկայակոչումը սահմանափակված է մինչ այդ օրը կատարված հանցագործությունների շրջանակով: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է Համաներման ակտով սահմանված ժամանակահատվածից հետո, այդ հանցագործության համար Համաներման ակտի կիրառելիության հարցի քննարկումն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է Համաներման ակտի կիրառման համար անհրաժեշտ իրավահարաբերությունը:

Այսպես, հանցագործությունների համակցության նկատմամբ Համաներման ակտի 20-րդ կետով նախատեսված կարգավորման կիրառելիության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ այն դեպքում, երբ համակցությունը կազմող հանցագործությունները կատարվել են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, քանի որ այդ ժամանակահատվածից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ քննարկվող կարգավորումը չի կարող վկայակոչվել և կիրառվել:

15. Համաներման ակտով որպես հանցագործությունների համակցության դեպքում համաներում կիրառելու սահմանափակում նախատեսված է, որ այն չի կիրառվում մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար համաներումը կիրառելի չէ (Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետ): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված սահմանափակումը՝ որպես Համաներման ակտի բաղկացուցիչ մաս, պետք է գործի ժամանակային սահմանափակման կանոնի հաշվառմամբ: Այլ խոսքով՝ Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված սահմանափակման «մի քանի հանցագործություն» արտահայտությունը վերաբերում է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ կատարված հանցագործություններին: Հետևաբար քննարկվող կանոնը չի կարող վկայակոչվել և դրա հիմքով Համաներման ակտի կիրառումը բացառվել այն դեպքում, երբ հանցագործություններից մեկը կամ մի քանիսը կատարվել են Համաներման ակտով սահմանված ժամկետից հետո:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տվյալ սահմանափակմանը պետք է տալ բացառապես այն բովանդակային նշանակությունը, որն օրենսդիրն ի նկատի է ունեցել Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետում որոշակի հանցատեսակներ թվարկելով: Այսպիսով՝ Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված սահմանափակման «եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում» ձևակերպումը անհրաժեշտ է դիտարկել նույն կետի 7-րդ ենթակետի համատեքստում՝ Համաներման ակտի կիրառման անհնարինությունը կապելով հանցագործության բնույթի, այլ ոչ թե դրա կատարման ժամանակահատվածի հետ:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների համակցության դեպքում համաներումը հանցագործությունների համակցության կանոններով սահմանված վերջնական պատժի նկատմամբ կիրառելու վերաբերյալ Համաներման ակտի 20-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելու պայմաններն են՝

ա) հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքները կատարվել են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ,

բ) (ա) կետում նշված հանցագործություններից ոչ մեկը ընդգրկված չէ Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հանցագործությունների շրջանակում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են 2013 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա Համաներման ակտի կիրառելիության հարցը պետք է քննարկվի միայն մինչև այդ ժամանակահատվածը կատարված հանցագործության (հանցագործությունների) մասով:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալներ Լ.Խոստիկյանին և Ա.Ալեքսանյանին մեղսագրվել է երկու դրվագ գողություն, որոնցից առաջինը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով որակված արարքը կատարվել է 2013 թվականի հուլիսի 27-ին, երկրորդը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով որակված արարքը՝ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Լ.Խոստիկյանը և Ա.Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրանց նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով Համաներման ակտի 20-րդ և 6-րդ կետերը, ամբաստանյալների նկատմամբ Համաներման ակտը չի կիրառել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այն թողել է օրինական ուժի մեջ՝ վկայակոչելով Համաներման ակտի 20-րդ, 5-րդ, 6-րդ կետերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսվածը կատարվել է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը (2013 թվականի հուլիսի 27-ին), իսկ մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսվածը՝ նշված ժամանակահատվածից հետո (2013 թվականի հոկտեմբերի 2-ին): Մինչդեռ ստորադաս դատարանները Համաներման ակտի 5-րդ, 6-րդ և 20-րդ կետերի վկայակոչմամբ Համաներման ակտը կիրառելի չեն համարել ամբաստանյալների նկատմամբ: Արդյունքում ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ երկու հանցագործություններից մեկը կատարվել է Համաներման ակտով սահմանված ժամանակահատվածից հետո, որի հետևանքով հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման պայմանների առկայությունը (Համաներման ակտի 5-րդ, 6-րդ, 20-րդ կետեր) չէր կարող քննարկման առարկա դարձվել և բացառել ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառելիությունը: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված և մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործության համար Համաներման ակտի դրույթների կիրառելիության հարցը ստորադաս դատարանների կողմից ընդհանրապես չի քննարկվել:

18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալների նկատմամբ համաներումը կիրառելի չէ Համաներման ակտի 20-րդ և 6-րդ կետերի հիման վրա, հիմնավորված չէ:

Հետևաբար, հիմնավոր է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Համաներման ակտի 20-րդ կետի սխալ մեկնաբանման հետևանքով Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման պահանջները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերը նշված նյութական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում են և հանգեցրել են նույն օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դատական սխալի, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

19. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ սույն գործով կիրառելի են Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով թիվ ՍԴ3/0013/01/11 և Հակոբ Ամիրխանյանի գործով թիվ ԵԿԴ/0067/01/12 գործով կայացված որոշումները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք կայացվել են «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված համաներման ակտի կապակցությամբ, հետևաբար վերջինիս դրույթների մեկնաբանման մասերով այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն:

20. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջների չկիրառման հետ կապված բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի և Լևոն Վանիկի Խոստիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանել և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան