Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.06.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0011/11/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0011/11/14

ԵՇԴ/0011/11/14

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. ԴԱնիելյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ

դիմողի ներկայացուցիչ

Ա. Եղիկյանի

 

 

 

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ «Մարսերալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ա.Եղիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի ապրիլի 23-ին «Մարսերալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ՍՊԸ) տնօրենի օգնական Կ.Նազարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Մարսերալ» ՍՊԸ-ի նախկին առաքիչ Արման Սերգեյի Ներսեսյանը 2013 թվականի հունիսի 27-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «Մարսերալ» ՍՊԸ-ից ստացել է 30.568.127 ՀՀ դրամի տարբեր տեսակի ապրանքներ՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում գտնվող «Վիկտորյա Գրիգորյան» Ա/Ձ առաքելու նպատակով, սակայն մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը Ա.Ներսեսյանը նշված գումարից վերադարձրել է 21.898.030 ՀՀ դրամ` խաբեությամբ տիրանալով մնացած 8.670.097 ՀՀ դրամին: Կ.Նազարյանը հայտնել է նաև, որ «Վիկտորյա Գրիգորյան» Ա/Ձ գոյություն չի ունեցել, իսկ Մայակովսկի գյուղում նման խանութ չի գործել:

2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Ա.Ղազարյանի (այսուհետ՝ նաև Հետաքննիչ)՝ 2014 թվականի մայիսի 2-ի որոշմամբ «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կ.Նազարյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Ա.Ներսեսյանի և Ա.Հովհաննիսյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոնշյալ որոշման դեմ Կ.Նազարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին:

Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի (այսուհետ՝ նաև Դատախազ)՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Կ.Նազարյանի բողոքը մերժվել է, և հաստատվել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը:

3. 2014 թվականի հունիսի 17-ին «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կ.Նազարյանը բողոք է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի՝ 2014 թվականի մայիսի 2-ի և բողոքը մերժելու մասին Դատախազի՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշումները:

Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանվել վերացնելու դիմողի իրավունքների խախտմամբ կայացված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Ա.Ղազարյանի՝ 2014 թվականի մայիսի 2-ի և բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշումները:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 19-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը վերացնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա.Եղիկյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ.

«Վերաքննիչ բողոքը բավարարել:

Վերացնել «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կ.Նազարյանի բողոքը բավարարելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. սեպտեմբերի 03-ի որոշումը:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2, էջ 66):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 23-րդ, 25-րդ, 126-127-րդ, 394-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և կայացրել է անորոշ դատական ակտ, անտեսել է Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումները:

Բողոքաբերը կարծում է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է հակասություն Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշումների միջև:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանն անտեսել է սույն գործի փաստական հանգամանքների հետ նույնական փաստական հանգամանքներ ունեցող թիվ ԿԴ/0003/11/10 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

8. Բողոքաբերը փաստել է նաև, որ ստորադաս դատարանը քննության չի առել այն, թե արդյոք հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, և արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են «Մարսերալ» ՍՊԸ-ի իրավունքները և ազատությունները: Իսկ այդպիսի մոտեցումը, ըստ բողոքաբերի, չի համապատասխանում Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի՝ 2014 թվականի մայիսի 2-ի և բողոքը մերժելու մասին Դատախազի՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի դատական ակտը հակասու՞մ է արդյոք «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշմանը:

11. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումների շրջանակներում (թիվ ՎԲ-17/08, թիվ ԵԿԴ/0093/11/11, թիվ ԵԿԴ/0055/11/13 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել առ այն, որ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար: Այս ընդհանուր կանոնից բացառություն են միայն այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ տվյալ դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա ոչ կիրառելի:

Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (տե՛ս Դավիթ Վարոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշման 14-րդ կետը, Բաբկեն Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ2/0007/15/13 որոշման 13-րդ կետը):

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը սահմանում է.

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումները մանրամասն օրենսդրական կարգավորում են ստացել: Մինչդեռ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի կայացմանը վերաբերող օրենսդրական ձևակերպումն անորոշ է, քրեադատավարական օրենքը չի հստակեցնում «նոր դատական ակտ» հասկացությունը և չի սահմանում, թե վերաքննիչ դատարանի որ որոշումներն են համարվում «նոր դատական ակտ»:

(…) նշված օրենսդրական անորոշությունից խուսափելու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված վերաքննիչ դատարանի լիազորությունները պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի նկատմամբ: Այլ կերպ՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված լիազորություններով»

(…)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անորոշ դատական ակտ կայացնելու պարագայում դատարանը խախտում է իրավունքի շահը արտահայտելու իրավական պահանջը: (տե՛ս «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 10-11-րդ և 14-րդ կետերը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերացնելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

14. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի դատական ակտը հակասում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է անորոշ դատական ակտ: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանի համար պարտադիր են եղել:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, կայացրել է իր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող դատական ակտ՝ որևէ կերպ չանդրադառնալով ստորադաս դատարանի դատական ակտը վերացնելու պայմաններում գործի հետագա ընթացքին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններով ղեկավարվելու փոխարեն՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ:

15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել է «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի որոշման հիմնավորումները, որոնք վերջինիս համար պարտադիր են եղել: Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի կիրառել կիրառման ենթակա Վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

17. Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացրած փաստարկին, ապա հաշվի առնելով դրա բնույթը և նկատի ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից պարզ չէ, թե գործի հետագա ընթացքը ինչպիսի լուծում է ստացել՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ փաստարկին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դիմող «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա.Եղիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան