Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.06.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0051/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0051/01/14

ԼԴ/0051/01/14

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ՝   

Կ. Ղազարյան

Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հեղինե Մերուժանի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 53104013 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Հ.Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի 2014 մարտի 26-ի որոշմամբ Հ.Գալստյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով: Նույն դատավճռով Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում Հ.Գալստյանին ճանաչել և հռչակել է անմեղ` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

3. Մեղադրող Պ.Մարտիրոսյանի, ամբաստանյալ Հ.Գալստյանի և նրա պաշտպան Լ.Գոգինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2013 թվականի հուլիս ամսին, ծանոթացել է Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի 94 տան բնակչուհի Սյուզաննա Հովհաննիսյանի հետ և աշխատանք ու բնակության վայր չունենալու պատճառով խնդրել է նրան թույլատրել որոշակի ժամանակ բնակվել իր տանը: Ս.Հովհաննիսյանը խնդրել է ամուսնուն` Ա.Կլիմովին, թույլատրել նրան բնակվել իրենց հետ, որից հետո Հ.Գալստյանը տեղափոխվել է նշված տուն և բնակվել Ա.Կլիմովի, Ս.Հովհաննիսյանի և վերջինիս անչափահաս դստեր` Ա.Լազարբիձեի հետ: 2013 թվականի հուլիսի վերջերին Ս.Հովհաննիսյանը մեկնել է Լոռու մարզի Դսեղ գյուղ և որպես կթվորուհի աշխատանքի անցել նույն գյուղի Տուլնի ուրթ կոչվող հանդամասում, իսկ Հ.Գալստյանը շարունակել է բնակվել Ա.Կլիմովի և Ա.Լազարբիձեի հետ համատեղ: 2013 թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 00-ի սահմաններում, Հ.Գալստյանն Ա.Կլիմովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի թիվ 94 հասցեում գտնվող տան հյուրասենյակում, հենց Ա.Կլիմովի անկողնու մեջ դանակով և լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Կլիմովի մարմնի տարբեր մասերին ու սպանել նրան, որից հետո անչափահաս Ա.Լազարբիձեին առաջարկել է օգնել իրեն և Ա.Կլիմովի դիակը թաքցնել, ապա միասին դիակը տեղափոխել են նույն տան հետնամասում գտնվող նկուղ և պահել այնտեղ:

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Հ.Գալստյանը ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է և նախազգուշացված լինելով հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին հանցանք կատարելու մեջ մեղադրելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, Ա.Կլիմովին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ՝ նրա վերաբերյալ կատարել է սուտ մատնություն, իբրև թե նա 2013 թվականի հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանատանը դանակով հարվածներ է հասցրել Սյուզաննա Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան, որից հետո երկուսով դիակը թաքցրել են նույն գյուղի գերեզմանատանը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 127-135):

6. 2013 թվականի սեպտեմբերի 1-ի` կասկածյալի հարցաքննության արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ մինչև Ա.Կլիմովին սպանելը, վերջինս իրեն պատմել է, որ 2 ամիս առաջ ձորում սպանել է Սյուզաննային և ցույց է տվել նրա դիակի տեղը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 19-20):

7. 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Հ.Գալստյանի ցուցմունքները ստուգելու նպատակով կատարվել է քննչական փորձարարություն, որի արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը մանրամասն նկարագրել է իր ներկայությամբ Ա.Կլիմովի կողմից Սյուզաննա Հովհաննիսյանին սպանելու հանգամանքները և մատնացույց է արել այն տարածքը, որտեղ թողել են դիակը, սակայն կատարված որոնողական աշխատանքների արդյունքում թե՛ Ս.Հովհաննիսյանի դիակը և թե՛ սպանության այլ հետքեր չեն հայտնաբերվել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 37-48):

8. 2013 թվականի սեպտեմբերի 2-ին որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելու ժամանակ Հ.Գալստյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի հունիսի 3-ին կամ 4-ին, երեկոյան Սաշայի առաջարկով Սյուզիի, Սաշայի հետ գնացել են քայլելու դեպի Ստեփանավան քաղաքի Ղզղալ գյուղը: Ճանապարհին Սյուզիի հեռախոսին զանգեր է եկել: Սաշան, հասկանալով, որ նա ինչ-որ տղայի հետ պայմանավորվում է փախչել, սկսել է ձեռքերով ապտակներ հասցնել Սյուզիի դեմքին: Սաշայի հարվածներից Սյուզին թուլացել և վայր է ընկել, որից հետո Սաշան իր սև գույնի երկաթյա դանակով, աջ ձեռքով երկու անգամ հարվածել է Սյուզիի ձախ կողքին: Սյուզին վայր է ընկել և մահացել: Սաշան գնացել է տուն, բահ և լոմ բերել ու հենց այդտեղ մի փոս փորել, որից հետո Սաշայի հետ Սյուզիի դիակը դրել են այդ փոսի մեջ և թաղել: Նաև հայտնել է, որ Սյուզիի դիակի գտնվելու վայրը ճիշտ չի ցույց տվել, սակայն պատրաստ է ճիշտ տեղն ասել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 68-79):

9. 2013 թվականի սեպտեմբերի 2-ի` քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը մատնացույց է արել Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանատունը և հայտարարել, որ Սյուզաննա Հովհաննիսյանի դիակը ինքը և Ա.Կլիմովը թաքցրել են նշված գերեզմանատանը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 79-80):

10. 2013 թվականի սեպտեմբերի 2-ի` արտաշիրմում կատարելու վերաբերյալ արձանագրության համաձայն` Հ.Գալստյանի մատնացույց արված վայրից հայտնաբերվել են մանկահասակ երեխայի ոսկրերի մնացորդներ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 81-83), իսկ այդ կապակցությամբ Հ.Գալստյանը լրացուցիչ ցուցմունք է տվել՝ նշելով, որ հայտնաբերված ոսկրերը իր դստեր՝ 2012 թվականի ապրիլի 2-ին ծնված Պայծառ Սողոմոնի Գրիգորյանի ոսկրերի մնացորդներն են: Բացի այդ, Հ.Գալստյանը նշել է, որ. «(…) Ինչ վերաբերում է Սյուզիին Սաշայի կողմից սպանելուն, դա սուտ է, Սյուզին ողջ է, Սաշան նրան չի սպանել, ուղղակի ես նույնիսկ Սաշային սպանելուց հետո այնքան զայրացած էի, որ ասում էի, թե իբր սպանել է Սյուզիին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 84-85):

11. 2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19-ին, Ս.Հովհաննիսյանը Լոռու մարզի Դսեղ գյուղի «Տուլնի ուրթ» կոչվող վայրում հայտնաբերվել և ցուցմունք է տվել, որ բնակության վայրից բացակայել է աշխատանքի բերումով: Հայտնել է նաև, որ իրեն ոչ ոք չի առևանգել, իր նկատմամբ Ա.Կլիմովը և որևէ այլ անձ բռնություն չի գործադրել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 88, 91-95):

12. Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ Հ.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ Ա.Կլիմովի կողմից Ս.Հովհաննիսյանին սպանելու վերաբերյալ հայտարարություն է արել, քանի որ ցանկացել է նրան բնութագրել որպես վատ անձնավորություն (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 89-91, 120-121):

13. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ցուցմունք է տվել, որ նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ լարված վիճակում է եղել, և երբ քննիչները պնդել են, որ Սյուզաննան չկա ու ասել են, որ տեղն ասի, ինքը հարցերի ճնշման ներքո ասել է, որ նրան Ա.Կլիմովը սպանել է, իսկ դիակը պահել Ստեփանավան քաղաքի ձորի մոտակայքում և ոստիկաններին ուղեկցել է այնտեղ, առանց հասկանալու, թե ինչ է ասում: Սակայն ոստիկանները պարզել են, որ այնտեղ կնոջ դիակ չկա, հետո այլ վայր է ցույց տվել, որտեղ թաղված է եղել իր դուստրը: Հ.Գալստյանը հայտարարել է, որ հոգեկան ծանր վիճակում լինելով` սուտ ցուցմունք է տվել և սուտ ցուցմունք տալով` ինքը փորձել է վատաբանել Ա.Կլիմովին, ապացուցել որ նա վատ մարդ էր (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 311):

14. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Հեղինե Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, նշել է. «[Մեղադրյալը] կարող է սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, եթե սուտ մատնությունը իրեն պաշտպանելու միջոց չի հանդիսացել: Եթե մեղադրյալը սուտ մատնություն է կատարում իրեն մեղադրանքից պաշտպանելու նպատակով, ապա ենթակա չէ պատասխանատվության:

Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Հեղինե Գալստյանը օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Բացի այդ, նա կատարել է սուտ մատնություն առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, իր կատարած արարքը արդարացնելու համար այդ ընթացքում ամբաստանելով նաև ինքն իրեն, իբրև թե ինքն օգնել է Ալեքսանդր Կլիմովին թաղելու Սյուզաննայի դիակը:

(...)

Վերը շարադրվածի հիման վրա դատարանը եկավ այն եզրահանգման, որ Հեղինե Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել և հռչակել անմեղ արարքում հանցակազմի բացակայության հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 309-322):

15. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, արձանագրել է հետևյալը. «(…) սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հ.Գալստյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն մեղսագրվող հանցավոր արարքը: Մեղադրանքի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Հ.Գալստյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:

Հետևաբար, համաձայնվելով առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությունների և հետևությունների հետ՝ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների կատարման մեջ անմեղ ճանաչելիս առաջին ատյանի դատարանը պահպանել է անմեղության կանխավարկածի, ինչպես նաև ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ հոդվածների պահանջները» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 54-85):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

16. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպես՝ վերլուծելով ակնհայտ սուտ մատնության հանցակազմի տարրերը և համադրելով դրանք գործի փաստական հանգամանքների հետ` բողոքաբերը փաստարկել է, որ հիմնավոր չէ ստորադաս դատարանների հետևությունը Հ.Գալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության մասին: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ Հ.Գալստյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները Ա.Կլիմովի կողմից կնոջը սպանելու մասին կեղծ են, քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին հայտնել է անմեղ անձի կողմից քրեական օրենքով նախատեսված, սակայն տեղի չունեցած հանցագործություն` սպանություն կատարելու մասին: Իսկ իբրև ենթադրյալ դեպքի վայր Հ.Գալստյանը մատնանշել է իր երեխայի գերեզմանը` անհարկի վատնելով վարույթն իրականացնող մարմինների նյութական և մարդկային ռեսուրսները:

17. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել նաև ստորադաս դատարանների` Հ.Գալստյանի արարքում ակնհայտ սուտ մատնության հանցակազմի բացակայության վերաբերյալ այն հիմնավորմանը, որ վերջինս նախազգուշացված չի եղել ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված պատասխանատվության մասին: Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Հ.Գալստյանը ձերբակալվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, և վերջինիս անմիջապես բացատրվել են իր` որպես կասկածյալի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` որ կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

Բողոքաբերը նաև փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ հոդվածում նշում չկա այն մասին, որ հիշյալ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ պայման է անձի նախազգուշացված լինելը սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին: Սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին անձը նախազգուշացվում է միայն իրավասու մարմին հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելիս և նախազգուշացնելը որպես ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պարտադիր պայման դիտարկելու դեպքում կստացվի, որ սուտ մատնություն հնարավոր է կատարել միայն հանցագործության մասին այդ կերպ հաղորդում ներկայացնելով, մինչդեռ քննարկվող հոդվածում սուտ մատնություն կատարելու եղանակ չի հիշատակվում:

18. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, թե Ա.Կլիմովին մեղադրելով չկատարված սպանության մեջ ամբաստանյալը կատարել է սուտ մատնություն առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար` բողոքաբերը նշել է, որ Հ.Գալստյանն իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հայտարարել է, որ Ա.Կլիմովին մեղադրելով չկատարված սպանության մեջ, ցանկացել է նրան իբրև վատ, բացասական անձնավորություն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնի առջև: Մինչդեռ բողոքաբերի պնդմամբ` անձի միայն վատ անձնավորություն լինելն ամենևին էլ չի կարող պատճառ հանդիսանալ վերջինիս կյանքից զրկելու և այդ հանգամանքով պաշտպանվելով` արդարանալու համար:

19. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կասկածյալի (մեղադրյալի) դատավարական կարգավիճակ ունեցող անձին սուտ մատնություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 

I. Սուտ մատնության համար քրեական պատասխանատվության առկայության մասին նախազգուշացնելու իրավական ազդեցությունը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով անձին պատասխանատվության ենթարկելիս.

 

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` նախաքննության մարմնի կողմից Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացրած չլինելու հանգամանքն արդյոք կարող է սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքում նրան արդարացնելու հիմք հանդիսանալ:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:

2. Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: (...)

3. Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:

(...)»:

Վերոշարադրյալ քրեադատավարական նորմի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը նախատեսել է հանցագործության մասին հաղորդում տվող ֆիզիկական անձանց սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու պարտադիր պահանջ: Վերջինս դասվում է քրեական դատավարություն իրականացնող անձանց կողմից ձեռնարկվող այն միջոցառումների շարքին, որոնք ուղղված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` քրեական դատավարության խնդիրների իրացման արդյունավետությունը բարձրացնելուն: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ. «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`

(…)

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.

3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման»:

23. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է

[պատժվում է համապատասխան պատժով]»:

Նույն հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն արարքի համար, որը

«1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

(…)»:

Մեջբերված հոդվածը ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի «Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները» վերնագրված գլուխ 21-ում: Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործությունը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, որը խաթարում է իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը, որոնք հարկադրված են լինում ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար կամ կատարված հանցագործությունը քննելիս ընթանալ սխալ ուղիով: Վերջինս կարող է հանգեցնել անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, նրանց իրավունքների անհիմն սահմանափակումների: Այսպիսով, սուտ մատնության հիմնական անմիջական օբյեկտը արդարադատության բնականոն իրականացմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ լրացուցիչ անմիջական օբյեկտը՝ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Հանցագործության օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել երկու ձևով: Առաջին դեպքում հանցավորը հայտնում է տեղի չունեցած հանցագործության մասին: Այս դեպքում արարքը քննարկվող հոդվածով որակելու համար էական չէ հանցանքի կատարման մեջ որոշակի անձի մատնանշելու հանգամանքը: Երկրորդ դեպքում հանցավորը հայտնում է իրականում տեղի ունեցած հանցագործության մասին` մատնանշելով այնպիսի անձի, ով չի կատարել այն:

Սուտ մատնությունը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Քննարկվող հանցակազմն առկա է այն դեպքում, երբ երևակայական հանցագործության կամ հանցագործի մասին տեղեկությունները հաղորդվում են այն պետական մարմիններին, որոնք քրեական գործ հարուցելու իրավունք ունեն: Այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում:

Քննարկվող հանցակազմը ձևական է. հանցագործությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հասցեատերը ստանում է հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ իր տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, կեղծ է: Հանցագործության շարժառիթները կարող են ամենաբազմազանը լինել՝ վրեժ, խանդ և այլն: Բազմազան կարող են լինել նաև հետապնդվող նպատակները, օրինակ՝ անմեղին քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելը, անձին վատաբանելը և այլն:

24. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածում նկարագրված հանցակազմի վերլուծությունից հետևում է, որ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելը այս հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ չէ: Քրեական օրենսդրության որևէ այլ դրույթ նույնպես չի սահմանում սուտ մատնության համար քրեական պատասխանատվության առկայության մասին անձին նախազգուշացնելը` իբրև պատասխանատվության ենթարկելու պարտադիր պայման:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու վերաբերյալ կանոնին, ապա այն քրեադատավարական պահանջ է, որը տարածվում է հանցագործությունների մասին հաղորդումների գրանցման դատավարական կարգի նկատմամբ: Այն չի սահմանում և չի էլ կարող սահմանել (ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 7-րդ հոդվածներ), որ քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու դատավարական պահանջի խախտումը բացառում է սուտ մատնության համար անձի քրեական պատասխանատվությունը:

Քննարկվող քրեադատավարական կանոնը կիրառելի է այն դեպքում, երբ անձը հանցագործության մասին հաղորդումն անմիջականորեն ներկայացնում է իրավասու մարմիններին: Մինչդեռ հաղորդումները կամ հայտարարությունները կարող են ի սկզբանե ներկայացված չլինել վարույթն իրականացնող մարմիններին, ինչպես նաև ուղարկվել փոստի միջոցով: Նման դեպքերում օբյեկտիվորեն հնարավոր չէ անձին նախազգուշացնել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Բացի այդ, վերոշարադրյալ քրեադատավարական պահանջը նաև սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը կամ բացակայությունը որոշելու չափանիշ ծառայել չի կարող: Հետևաբար, ինքնին այդ պահանջի խախտումը չի կարող բացառել սուտ մատնություն կատարելու դիտավորության առկայությունը: Ուստի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը ողջամտորեն չի կարող պայմանավորվել դրա առկայության մասին անձին նախազգուշացնելու հանգամանքով:

Վերոշարադրյալը, իհարկե, չի ենթադրում, որ քննարկվող դատավարական պահանջի նախատեսումն ինքնանպատակ է. մասնավորապես, այն ուղղված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` քրեական դատավարության խնդիրների իրացման արդյունավետությունը բարձրացնելուն (տե'ս սույն որոշման 22-րդ կետը): Որպես պարտադիր պահանջ` քննարկվող քրեադատավարական կանոնը պետք է պահպանվի իրավասու մարմնի կողմից, իսկ այն չպահպանելը` որպես օրինականության սկզբունքի խախտում, կարող է համապատասխան իրավական հետևանքներ առաջացնել խախտում թույլ տված պաշտոնատար անձի համար (օրինակ` կարգապահական պատասխանատվություն): Միևնույն ժամանակ անձին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով պայմանավորելը վերացական և պատրանքային կդարձնի քրեական դատավարության համասոցիալական այնպիսի խնդրի նախատեսումը, ինչպիսին է անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, ինչպես նաև այդ պաշտպանությունն ապահովելու պետության պարտականությունը, ինչն անթույլատրելի է:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ այդ հանցագործության համար անձի քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք: Այս դեպքում գործում է նաև «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից (ignorantia non est argumentum)» հանրահայտ սկզբունքը:

25. Սույն գործի նյութերի համաձայն՝ Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, Ա.Կլիմովի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով 2013 թվականի սեպտեմբերի 1-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է և նախազգուշացված լինելով հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին հանցանք կատարելու մեջ մեղադրելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, Ա.Կլիմովին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, նրա վերաբերյալ կատարել է սուտ մատնություն, իբրև թե նա 2013 թվականի հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանատանը դանակով հարվածներ է հասցրել Ս.Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան, որից հետո երկուսով դիակը թաքցրել են նույն գյուղի գերեզմանատանը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել՝ ի թիվս այլնի պատճառաբանելով, որ «(...) Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Հեղինե Գալստյանը օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: (...)» (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությունները և հետևությունները (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

26. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 22-24-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու հանգամանքը չի կարող սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքում նրան արդարացնելու հիմք հանդիսանալ:

Արդյունքում` Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների դիրքորոշումն այն մասին, որ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելն այդ հանցագործության համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու պարտադիր պայման է, և գտնում է, որ այդպիսով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ և 333-րդ հոդվածները` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:

 

II. Սուտ մատնության համար քրեական պատասխանատվության (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) և կասկածյալի (մեղադրյալի) պաշտպանության իրավունքի հարաբերակցության վերաբերյալ.

 

27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գալստյանի արարքում սուտ մատնության հանցակազմը բացակայում է` այն մեղադրանքից պաշտպանվելու միջոց հանդիսանալու պատճառաբանությամբ:

28. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ. «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(…)

գ) պաշտպանելու իրեն անձամբ (…),

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն.

«1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը սահմանում է, որ.

«1. Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

(...)

3. Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

(...)»:

Նույնաբովանդակ կարգավորում է նախատեսված նաև կասկածյալի պաշտպանության իրավունքը սահմանող նորմերով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասեր):

Մեջբերված նորմերն ամրագրում են մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ` արտահայտելով հետևյալ դիրքորոշումը. «(…) Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք» (տե'ս Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի Նորիկ Սեդրակի Պողոսյանի վերաբերյալ թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը):

29. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ինստիտուտի մասը հանդիսանալով` մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքի առանձնահատուկ կարևորությունը պայմանավորված է այդ սուբյեկտի դատավարական կարգավիճակով: Մասնավորապես՝ մեղադրյալը (կասկածյալը) այն անձն է, ով պետության անունից մեղադրվում (կասկածվում) է հանցանք կատարելու մեջ: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես, հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ) իրացման միջոցներից է:

Այդուհանդերձ, իրեն առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու անձի իրավունքը բացարձակ չէ: Դրա շրջանակները սահմանված են «օրենքով չարգելված բոլոր միջոցներով» (ՀՀ Սամանադրության 18-րդ, 42-րդ, ՀՀ քրեական դատավարության 19-րդ, 63-րդ, 65-րդ հոդվածներ) և «չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները» (ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդված) չափորոշիչներով: Հետևաբար մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը չի կարող ենթադրել անօրինական, այլոց իրավունքներն ու ազատությունները խախտող, այդ թվում` հանցավոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունք: Հակառակ մեկնաբանումը կհակասի օրինականության սկզբունքին, ինչպես նաև վերացական կդարձնի անձի իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու պետության պարտականության կատարումը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված):

Մեղադրյալի պաշտպանության իրավունքի սահմանների հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բրանդշտետերն ընդդեմ Ավստրիայի գործով` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի գ) ենթակետը չի նախատեսում պաշտպանության նպատակով ցանկացած փաստարկ օգտագործելու անսահմանափակ իրավունք: Հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձանց պաշտպանության իրավունքի գաղափարը կծանրաբեռնվեր, եթե ենթադրեր, որ նրանք չեն կարող ենթարկվել պատասխանատվության, երբ նշված իրավունքն իրացնելիս դիտավորյալ կեղծ կասկած հարուցեն վկաների կամ քրեական դատավարությանը ներգրավված այլ անձանց կողմից պատժելի վարքագիծ դրսևորելու մասին: Մեղադրյալին իր պաշտպանության նպատակով արված հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն ինքնին չի ենթադրում 6-րդ հոդվածի 3-րդ կետի գ) ենթակետով երաշխավորված իրավունքների խախտում (տե՛ս Brandstetter v. Austria, 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռ, գանգատներ թիվ 11170/84, 12876/87, 13468/87, 52-53-րդ կետեր):

30. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը (տե’ս սույն որոշման 23-րդ կետը) քրեական պատասխանատվություն է նախատեսում սուտ մատնություն կատարելու համար, հետևաբար վերջինս օրենքով արգելված արարք է: Նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցագործության սուբյեկտն ընդհանուր է, այն է` 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: Հետևաբար ակնհայտ սուտ մատնության սուբյեկտ կարող է հանդիսանալ նշված պահանջներին բավարարող ցանկացած անձ` անկախ իր դատավարական կարգավիճակից:

Ավելին` մեղադրյալի (կասկածյալի) կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով սուտ մատնություն կատարելու արդյունքում կխախտվեն այլ անձանց` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մի շարք իրավունքներ (անձի պատվի, արժանապատվության, բարի համբավի, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և այլն), ինչն անթույլատրելի է իրավական պետությունում: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում իր ամրագրումը ստացած այն նորմը, ըստ որի՝ մեղադրյալի (կասկածյալի) վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ, 65-րդ հոդվածի 3-րդ մասեր), չի կարող բացառել սուտ մատնություն կատարելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

31. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը հանցակազմի բացակայության հիմքով Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել՝ ի թիվս այլնի պատճառաբանելով, որ «[Հ.Գալստյանը] կատարել է սուտ մատնություն առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, իր կատարած արարքը արդարացնելու համար այդ ընթացքում ամբաստանելով նաև ինքն իրեն, իբրև թե ինքն օգնել է Ալեքսանդր Կլիմովին թաղելու Սյուզաննայի դիակը» (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծություններին և հետևություններին (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

32. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 28-30-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գալստյանի արարքում սուտ մատնության հանցակազմը բացակայում է` մեղադրանքից պաշտպանվելու միջոց հանդիսանալու պատճառաբանությամբ:

Արդյունքում ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 42-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 63-րդ, 65-րդ հոդվածների պահանջները` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

33. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հ.Գալստյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն մեղսագրվող հանցավոր արարքը», իր այդ դիրքորոշումը չի հիմնավորել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության տեսանկյունից չի վերլուծել, չի գնահատել և չի պատճառաբանել, թե Հ.Գալստյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական որ հանգամանքները չեն հիմնավորվել, հանցակազմի որ տարրը չի հաստատվել: Այդպիսով, Վերաքննիչ դատարանի քննարկվող դիրքորոշումը պատճառաբանված չէ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում է (դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի մեկնաբանման վերաբերյալ տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի` թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, ապացուցների գնահատման պահանջների վերաբերյալ` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 32-րդ կետը):

34. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 42-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ և 333-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 63-րդ, 65-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են:

Նոր քննության ընթացքում անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում վերացնել սույն որոշմամբ արձանագրված խախտումները և դրանց արդյունքներով օրենքով սահմանված կարգով հանգել համապատասխան հետևության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հեղինե Մերուժանի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան