Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.15
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.06.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ3/0174/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ3/0174/01/14

ՍԴ3/0174/01/14

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ՝   

Մ. Պետրոսյան

Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ դատախազ

Է. Աղաբալյանի

պաշտպան

Մ. Զիլֆուղարյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մհեր Սևակի Ախնոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ պաշտպան Մ.Զիլֆուղարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում 2014 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91259914 քրեական գործը:

2014 թվականի օգոստոսի 28-ին Մհեր Ախնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախ Հակոբյանի նկատմամբ:

2014 թվականի օգոստոսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատավճռով Մ.Ախնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:

Նույն դատավճռով Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է կալանքի ձևով պատիժ` 1 (մեկ) ամիս ժամկետով:

3. Մեղադրող Է.Աղաբալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատավճիռը` բեկանել և պատժի մասով փոփոխել. Մ.Ախնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, Ա.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակման` 1 (մեկ) տարի ժամկետով` դրամական բավարարման գումարի 10 (տասը) տոկոս պահումով:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Մ.Զիլֆուղարյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրական եզրակացության համաձայն` «(…) [Շ]ուրջ 10 րոպե շարային վարժություններ կատարելուց հետո Արցախ Հակոբյանն անձնակազմին զգաստ հրաման է տվել, որի ժամանակ տեսել է, որ շարքային Մհեր Ախնոյանը չի կատարել իր հրամանը: Մի քանի անգամ կրկնել է հրամանը, որոնք Մ.Ախնոյանը կրկին չի կատարել, փոխարենը ձեռքը բարձրացրած կանգնել է: Այդ կապակցությամբ մոտեցել է նրան և հարցրել, թե արդյոք նա չի լսել, որ զգաստ հրաման է տվել: Մ.Ախնոյանը պատասխանել է, որ որովայնի շրջանում ցավեր ունենալու պատճառով չի կարողանում զգաստ կանգնել: Ապա Ա.Հակոբյանը մեկ ձեռքով բռնել է Մ.Ախնոյանի զինվորական գոտիկից և ասել, որ զգաստ կանգնի: Վերջինս դրանից նյարդայնացած, կոպիտ տոնով պահանջել է, որ Ա.Հակոբյանը բաց թողնի գոտին և հետ է քաշել նրա ձեռքը: Ապա Ա.Հակոբյանը ձեռքով բռնել է Մ.Ախնոյանի համազգեստի օձիքից և թափահարելով ասել. «Ասում եմ զգաստ կանգնի, ուրեմն զգաստ կանգնի»: Վերջինս ձեռքով բռնել է Ա.Հակոբյանի ձեռքը և կրկին հետ քաշելով ասել, որ իր համազգեստից չքաշի: Դրանից հետո Ա.Հակոբյանը մեկ ձեռքով հրել է Մ.Ախնոյանի կրծքավանդակի շրջանից, ինչից վերջինս հետ-հետ է գնացել, իսկ երբ ուղղվել է, ձախ ձեռքով հրել է Ա.Հակոբյանին կրծքավանդակի շրջանից: Այնուհետև Ա.Հակոբյանն աջ ձեռքով հարվածել է Մ.Ախնոյանի դեմքի շրջանին և վերջինիս ձախ աչքի ենթաակնակապճային շրջանում քերծվածքների ձևով պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Վերջինիս հարվածից հետո Մ.Ախնոյանն աջ բռունցքով հարվածել է Ա.Հակոբյանի դեմքի շրջանին, ինչից Ա.Հակոբյանը հետ-հետ է գնացել, իսկ երբ կրկին ցանկացել է մոտենալ, Մ.Ախնոյանը կրկին աջ բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին և ձախ ձեռքով բռնելով պարանոցից` կզակի հատվածում, ուժեղ սեղմել: Ա.Հակոբյանը նույնպես բռնել է Մ.Ախնոյանի համազգեստի կրծքավանդակի շրջանից և քաշքշել, որի ժամանակ վերջինս շարունակել է նրա պարանոցից սեղմած պահել (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 109-110):

6. Մ.Ախնոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա] հանդիսանալով ՊԲ թիվ 38401 զորամասի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստորադաս, 2014 թվականի հուլիսի 24-ին` ժամը 09:10-ի սահմաններում (…) զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` շարքում զգաստ չկանգնելու պատճառով, վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն վաշտի սպա, լեյտենանտ Արցախ Արթուրի Հակոբյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով` բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և կրծքավանդակին, ապա ձեռքով բռնել է Ա.Հակոբյանի պարանոցից և սեղմել: Արդյունքում վերջինիս առողջությանը` ձախ ակնակապճային շրջանի քերծվածքների, կապտուկի, ձախ ակնագնդի արյունազեղման, պարանոցի ձախ և աջ հատվածների քերծվածքների ձևով պատճառել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-115):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Մհեր Սևակի Ախնոյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներ են 3 պատվոգրերով, 16 դիպլոմներով, 3 վկայագրերով և 2 վկայականներով պարգևատրված լինելը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը և կատարածի համար զղջալը:

Դատարանը գտնում է, որ Մհեր Ախնոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել նախկինում արատավորված` դատապարտված չլինելը և դրականորեն բնութագրվելը:

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Մհեր Ախնոյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...)

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Մհեր Ախնոյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքները ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ նա, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից ու դատից և չի կատարել այլ հանցավոր արարքներ, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Մհեր Ախնոյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, այսինքն` կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

Դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Արցախ Հակոբյանը հայտնել է, որ հանցագործությամբ իրեն անմիջականորեն պատճառված ու չվերականգնված վնաս առկա չէ և ամբաստանյալ Մհեր Ախնոյանից որևէ պահանջ չունի, որպիսի պայմաններում պատժի նպատակներից մեկը` սոցիալական արդարության վերականգնումը, այդ մասով իրացված է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 65-66, 68):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշել է. «(...) Մհեր Ախնոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս թեև ընդհանուր իրավասության դատարանը փաստել է, որ հաշվի է առնում ամբաստանյալ Մ.Ախնոյանի կողմից կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սակայն այն իր արտացոլումը չի գտել դատարանի կողմից նշանակված պատժատեսակում և պատժաչափում:

Մասնավորապես, ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ հանցագործության կատարմամբ կոպիտ կերպով խախտվել է զինվորական ենթակայության կարգը և կասկածի տակ է դրվել զինվորական ծառայության խնդիրների պատշաճ իրականացումը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ զինված ուժերի կարգապահության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

(...)

Վերոգրյալից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանը, ամբաստանյալ Մ.Ախնոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելով, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը (...):

Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հանգում է այն հետևության, որ (...) ամբաստանյալ Մ.Ախնոյանի (...) նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար չէ, հետևաբար (...) ամբաստանյալ Մհեր Ախնոյանն իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պետք է ռեալ կրի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 79-80):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ խիստ լինելու պատճառաբանությամբ արդարացի չէ, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանքի առկայությունը, ինչպիսին է տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական վարքագիծը (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ)։ Մասնավորապես, Ա.Հակոբյանը, լինելով դասակի հրամանատար, սպա, Մ.Ախնոյանի առողջության բարելավման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն վիրավորել, սպառնացել, ապա բռնի գործողություններ է կատարել` հարվածելով և մարմնական վնաս պատճառելով վերջինիս: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը մեղադրողի բողոքի քննության արդյունքում ենթակայի նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանքի դատապարտված Ա.Հակոբյանի պատիժը փոփոխել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակով, իսկ Մ.Ախնոյանը, ով պաշտպանվել է պետի կողմից գործադրված բռնությունից, դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման, ինչը չի կարող արդարացի համարվել:

10. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին` բողոքաբերը փաստել է, որ Մ.Ախնոյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ գնահատել է վերջինիս կատարած հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը և հանգել հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խստացնելով պատիժը, չի ղեկավարվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և ընդհանուր մասի` պատժին վերաբերող նորմերով:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Մ.Ախնոյանի մասով ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերահաստատվել դիրքորոշումն առ այն, որ առանց պատիժը փաստացի կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների, այլև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի համակողմանի ու ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 և այլն):

14. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգաման[ք] [է]`

(…)

տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը (…)»:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենքով նախատեսված մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում դրանք հաշվի առնելու պահանջն օրինականության սկզբունքի կարևորագույն բաղադրիչներից է: Հետևաբար պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների առկայության պարագայում դրանք հաշվի չառնելը կամ, ընդհակառակը, նշված հանգամանքների բացակայության դեպքում դրանք հաշվի առնելը օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն պատժի կոնկրետ տեսակ և չափ ընտրելուն, այլև պատիժը պայմանականորեն չկիրառելուն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում նույնպես ամրագրված է մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պատշաճ գնահատման ենթարկելու իրավական պահանջ (օրինականության սկզբունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 15-րդ կետը):

14.1. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներից տուժողի վարքագծի հակաօրինականության կամ հակաբարոյականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է. «(…) [Տ]ուժողի վարքագծի հակաօրինականությունը չի սահմանափակվում միայն հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ` վարչական, աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով, որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում են հակաօրինական բնույթ:

Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն (…)» (տե՛ս Խաչիկ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԷԴ/0138/01/09 որոշման 16-րդ կետը):

Իսկ Ն.Չաքմազյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) [Ա]նձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը անձին մեղսագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարումից առաջ և դրա ընթացքում տուժողի դրսևորած վարքագիծը: Նշված հանգամանքի գնահատումը կարևոր է հանցավորի և տուժողի վարքագծի հնարավոր փոխպայմանավորվածությունը և հանցավոր վարքագծի մեխանիզմում տուժողի դերակատարությունը պարզելու համար (…)» (տե՛ս Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 16-րդ կետը):

15. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ցանկացած հանցագործություն հանցավորի և որոշակի իրադրության փոխներգործության արդյունք է, հետևաբար հանցավոր վարքագծի մեխանիզմում վճռորոշ դերը պատկանում է ոչ միայն հանցավորին, այլև կոնկրետ իրադրությանը, որի բաղկացուցիչ մաս է կազմում նաև տուժողի վարքագիծը: Այլ կերպ ասած՝ հանցավորի գործողությունները հաճախ պայմանավորված են լինում ոչ թե նրա անձնական առանձնահատկություններով, հակումներով կամ ձգտումներով, այլ տուժողի վարքագծով: Մասնավորապես, տուժողն իր սադրիչ` հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով որոշ դեպքերում նպաստում է հանցավոր իրադրության ստեղծմանը` «դրդելով» այլ անձի կամ անձանց կողմից հանցագործություն կատարելուն: Նման դեպքերում վերջինս հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքների առաջացման հարցում բավականին ակտիվ դերակատարություն է ցուցաբերում և հանցավոր վարքագծի մեխանիզմում «մեղքի» համեմատաբար մեծ չափաբաժին ունի, ինչը պետք է համարժեք գնահատականի արժանանա դատարանի կողմից պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս:

Բացի այդ, կոնկրետ իրադրության վերլուծության ընթացքում տուժողի վարքագծի համակողմանի և օբյեկտիվ գնահատումը թույլ է տալիս բացահայտել հանցագործության շարժառիթները, հանցավորի դիտավորության ուղղվածությունը և պատիժ նշանակելիս որոշել հանցավորի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանը:

Այսպիսով, քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը որոշելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել հետևյալ երկու հանգամանքները`

1) արդյոք տուժողի վարքագիծը կրել է հակաօրինական կամ հակաբարոյական բնույթ, և

2) արդյոք տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական բնույթով է պայմանավորված եղել հանցավոր արարքի կատարումը:

16. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք գործերով որոշումներում` նշելով, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս դատարանն արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում այլ տվյալների հետ մեկտեղ պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված իրավահարաբերության բնույթը, ինչպես նաև տուժողի վարքագիծը (ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ՏԴ/0031/01/14):

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին, 13-րդ, 32-րդ, 76-րդ, 329-րդ, 337-րդ, 350-րդ հոդվածների, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքների և զինվորական կանոնագրքերի պահանջները պահպանելու, զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերություններն ամրապնդելու պարտականություն հավասարապես կրում են թե՛ զինծառայողները, թե՛ հրամանատարները (պետերը): Այսպես` պետն իր հայեցողական լիազորություններն իրականացնելիս պետք է առաջնորդվի մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, արդարացիության, կարգապահական իրավունքի իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:

Պետը, իրավունք ունենալով հրամաններ տալու և պահանջելու դրանց կատարում, միևնույն ժամանակ պետք է ձեռնպահ մնա զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, ֆիզիկական անձեռնմխելիությունը խախտող ցանկացած վարքագիծ դրսևորելուց: Նրա կողմից զինվորական բարձր կարգապահության ապահովմանն ուղղված գործունեությունը պետք է իրականացվի ենթականերին, այդ թվում՝ իրավախախտում թույլ տված զինծառայողներին համոզելու և հարկադրելու միջոցների խելամիտ և ճիշտ համադրությամբ (մանրամասն տե՛ս Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը):

Հրամանատարների (պետերի) հիմնական պարտականություններից մեկն էլ ենթակաների առողջության նկատմամբ հոգածության դրսևորումն է, քանի որ զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական զարգացումը նրանց զինվորական պարտքի կատարման կարևոր և անբաժան մասն է: Դրան համապատասխան` զինծառայողը չպետք է թաքցնի իր հիվանդությունը, իսկ հիվանդանալու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ` բժշկական օգնություն ստանալու համար:

16.1. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքների մեջբերված դրույթների վերլուծությունը համադրելով սույն որոշման 14-16-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթակայի նկատմամբ բռնության կիրառումն օժտված է հասարակական բարձր վտանգավորությամբ, բացասական է ազդում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականության վրա, ինչի ապահովումը բոլոր զինծառայողների՝ հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Հետևաբար բոլոր դեպքերում, երբ զինծառայողի կողմից հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է լինում մեկ այլ զինծառայողի, այդ թվում՝ պետի (հրամանատարի)` իր դեմ ուղղված հանրորեն վտանգավոր արարքով, այդ հանգամանքը պետք է պատշաճ քրեաիրավական գնահատականի արժանանա հանցավորի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև պատիժը պայմանականորեն չկիրառելիս:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ Ա.Հակոբյանը, հաշվի չառնելով շարքային Մ.Ախնոյանի վատառողջ լինելու հանգամանքը, «զգաստ» հրամանը չկատարելու պատճառով բռնել է վերջինիս զինվորական գոտիից, համազգեստի օձիքից, հրել կրծքավանդակից, այնուհետև հարվածել Մ.Ախնոյանի դեմքի շրջանին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Այդ հարվածից հետո Մ.Ախնոյանը բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Հակոբյանի դեմքին և կրծքավանդակին, ապա բռնել է պարանոցից և սեղմել` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Մ.Ախնոյանի անձը դրական բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատժի նպատակների իրացված լինելու վերաբերյալ առկա տվյալները, հանգել է հետևության, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը վերացրել է Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել կատարված հանցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, մասնավորապես այն, որ դրանով կոպիտ կերպով խախտվել է զինվորական ենթակայության կարգը, և կասկածի տակ է դրվել զինվորական ծառայության խնդիրների պատշաճ իրականացումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-17.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պատշաճ վերլուծության չի ենթարկել տուժողի վարքագիծը:

Այսպես` Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել այն, որ Մ.Ախնոյանի կողմից հանցանքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի դրսևորած հակաօրինական վարքագծով: Մասնավորապես, տուժող Ա.Հակոբյանը, ով շարքային Մ.Ախնոյանի պետն է, անտեսելով վերջինիս վատառողջ լինելու հանգամանքը, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով նրան օգնություն ցույց տալու փոխարեն` բռնություն է գործադրել նրա նկատմամբ, և իր սադրիչ` հակաօրինական վարքագծով «դրդել» նրան հանցանք կատարելուն: Վերոնշյալ վարքագծով Ա.Հակոբյանը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքների` սույն որոշման 17-րդ կետում թվարկված դրույթները, այլև կատարել հանցավոր արարք, ինչի կապակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել, և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, հաշվի չի առել, որ տուժող Ա.Հակոբյանի վարքագիծը կրել է հակաօրինական բնույթ, և դրանով է պայմանավորված եղել Մ.Ախնոյանի կողմից հանցանքի կատարումը, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է, վկայում է ինչպես հանցավորի, այնպես էլ նրա կատարած արարքի նվազ հանրային վտանգավորության մասին:

19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը իրավաչափ չէ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա Մ.Ախնոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները` թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը թեև Մ.Ախնոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այլ հանգամանքների հետ մեկտեղ չի դիտել նաև այն, որ Մ.Ախնոյանի կողմից հանցանքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել է ճիշտ հետևության: Այլ խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն թերի է պատճառաբանել այն: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

20. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն պնդման կապակցությամբ, թե Վերաքննիչ դատարանը, վերացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելը, խստացրել է պատիժը, նշանակել անարդարացի` ակնհայտ խիստ պատիժ (տե՛ս սույն որոշման 9-րդ և 11-րդ կետերը): Այս առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը խստացնելը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելը երկու առանձին, ինքնուրույն քրեաիրավական ինստիտուտներ են, որոնց կիրառումը տարբեր իրավական հետևանքներ են առաջացնում: Մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժն ի կատար է ածվում, իսկ պատժի խստացման դեպքում փոփոխվում են ի կատար ածվող պատժի ժամկետները կամ պատժատեսակը (տե՛ս mutatis mutandis Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 46-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մհեր Սևակի Ախնոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը Մ.Ախնոյանի մասով բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատական ակտին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան