Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.225
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.08.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.08.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0248/11/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0248/11/14

ԵԿԴ/0248/11/14

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Ժորա Զաքարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Ժորա Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մ.Բաբայանը 2014 թվականի դեկտեմբերի 16-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ս.Բաղդասարյանի (այսուհետ նաև` Հետաքննիչ) 2014 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարվել է, այն է՝ վերացվել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշման դեմ դատախազ Տ.Ենոքյանի (այսուհետ նաև` Դատախազ) վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

3. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են Առաջին ատյանի դատարան և դրանց ուսումնասիրության արդյունքում 2015 թվականի մարտի 9-ին կայացվել է դատական ակտ (տե՛ս նյութեր, գ.թ. 34):

5. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 16-ի գրությամբ՝ բողոքի վերաբերյալ դատարանում ստացված թիվ 1190 նյութերը վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս նյութեր, գ.թ. 43):

6. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 9-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի հետ միասին Դատախազի կողմից Վերաքննիչ դատարան են ներկայացվել նաև Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը, որոնք նույն տարվա մայիսի 22-ին Վերաքննիչ դատարանի կողմից վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս նյութեր, գ.թ. 55, 96):

7. Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում առկա չեն թիվ 1190 նյութերը: Ընդ որում, ստորադաս դատարաններում կազմված նյութերում բացակայում է անգամ Հետաքննիչի վերոհիշյալ որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ սույն գործով դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավադրույթները, որն ազդել է գործի ելքի վրա, և արդյունքում կայացվել է չհիմնավորված դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի հեղինակն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ միայն հարուցված քրեական գործի շրջանակում է հնարավոր պարզել Ա.Տաշչյանի արարքում հանցակազմ առկա է, թե ոչ:

Ի հիմնավորումն իր պնդման՝ բողոքաբերը նշել է, որ Արմեն Տաշչյանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններից որևէ մեկը չի կատարել: Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ Ժորա Զաքարյանը կամավոր, սեփական ռիսկով և գիտակցաբար կատարել է քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող գործարք` որպես գումարի վերադարձման երաշխիք առևտրային բանկում գրավադրել է Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի 2-րդ հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատունը` ի ապահովում 2010 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված 084-10/ԳՎ վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի:

Վկայակոչելով Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշումը` բողոքաբերը նշել է, որ Ժորա Զաքարյանի հաղորդման ստուգմամբ ձեռք բերված փաստական տվյալներից ակնհայտ է, որ Ժորա Զաքարյանի հաղորդման մեջ նշված հանգամանքները քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում են և ներգործության քրեաիրավական ու քրեադատավարական միջոցներ չեն պահանջում: Այսինքն` Արմեն Տաշչյանի արարքում բացակայում են ինչպես խարդախության, այնպես էլ սեփականության դեմ ուղղված որևէ այլ հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշները:

9. Վկայակոչելով Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 և Ռուզաննա Ախայանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0199/11/13 որոշումները՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները չեն հետևել Վճռաբեկ դատարանի` վերոհիշյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին` ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ չհիմնավորելով, որ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դատական ակտերի հիմնավորումները կիրառելի չեն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

10. Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 6-ի որոշումն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:

12. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

(...)

4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»:

13. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան պետք է ներկայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմնավորող, այնպես էլ` հերքող:

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահովելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը:

(...) Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դատական ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գործում առկա նյութերին: Այլ խոսքով՝ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի որոշման վերանայումը հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյութերի հիման վրա, հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմնավորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (դատական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումը):

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներկայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմվում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովելու պահանջներից» (տե՛ս Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշման 14-15-րդ, 17-րդ կետերը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված՝ Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը, 2015 թվականի մարտի 9-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է ներկայացված բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին և 4-րդ կետերը), այնուհետև՝ 2015 թվականի մարտի 16-ի գրությամբ վերոհիշյալ նյութերը հետ է վերադարձրել վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Այդ նյութերը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են Վերաքննիչ դատարան, որը 2015 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժել է դատախազի բողոքը, իսկ թիվ 1190 նյութերը 2015 թվականի մայիսի 22-ի գրությամբ վերադարձրել է վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Ժ. Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում առկա չեն վերոհիշյալ՝ թիվ 1190 նյութերը: Ընդ որում, ստորադաս դատարաններում կազմված նյութերում բացակայում է անգամ Հետաքննիչի՝ 2014 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժ.Զաքարյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի՝ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը: Հիշյալ նյութերը Առաջին ատյանի դատարանի կողմից վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ գնահատման չի արժանացել Ժ.Զաքարյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ կազմված նյութերում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերի բացակայության հանգամանքը:

Առաջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելով վերջինիս կողմից ներկայացված նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը: Վերոնշյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և այդ առումով ստորադաս դատարանների որոշումներին իրավական գնահատական տալու հնարավորությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 6-ի որոշումն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ժորա Զաքարյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի բողոքը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան