Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.222
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.08.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.08.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ  ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0179/11/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0179/11/14

ԵԿԴ/0179/11/14

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հուլիսի 21-ին Վազգեն Խնոևը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժին այն մասին, որ ոմն Հրաչը, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ իրենից վերցրել է ընդհանուր առմամբ 490.000 ՀՀ դրամ գումար՝ խոստանալով վերադարձնել հաջորդ օրը, սակայն չի վերադարձրել՝ տիրանալով նշված գումարին: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

2014 թվականի հուլիսի 22-ին նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:

2014 թվականի օգոստոսի 4-ին հետաքննիչ Ս.Բաղդասարյանը (այսուհետ` նաև Հետաքննիչ) որոշում (այսուհետ նաև` Որոշում) է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

2. 2014 թվականի օգոստոսի 19-ին Վ.Խնոևը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին և խնդրել վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

2014 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Երևան քաղաքի դատախազը (այսուհետ նաև՝ Դատախազ) Վ.Խնոևի բողոքը մերժել է և հաստատել Որոշման օրինականությունը:

3. 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Վ.Խնոևը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և պարտավորեցնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին հարուցել քրեական գործ:

Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Վ.Խնոևի բողոքը բավարարել է մասնակիորեն` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված` Վ.Խնոևի իրավունքների խախտումը:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունվարի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն` Վ.Խնոևի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ. «(...) Վ.Խնոևը աշխատում է «Տոտո գեյմինգ» Ռուբինյանց 12 հասցեում գործող սպասարկման կենտրոնում: 15.06.14թ. մշտական հաճախորդներից ոմն Հրաչի խնդրանքով գումարը հետագայում վճարելու պայմանով ձևակերպել է 170.000 ՀՀ դրամ խաղադրույք: Իսկ արդեն հաջորդ օրը գնացել են «Կավալի» ակումբ, որտեղ Հրաչը նախ առաջարկել է սպասել մինչև ընկերը կբերի գումարը, իսկ հետագայում արդեն պարտքով ևս 320.000 ՀՀ դրամ գումար` խոստանալով նույն օրը վերադարձնել ամբողջ գումարը, սակայն այդպես էլ չի վերադարձրել:

Ձեռնարկված միջոցառումներով արարքը կատարած անձին հնարավոր չի եղել հայտնաբերել:

Այսպիսով, նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ ոմն Հրաչի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, քանի որ տվյալ դեպքում Վ.Խնոևը կամավոր, սեփական ռիսկով և գիտակցաբար կատարել է քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբերություն, ուստի և քաղաքացու կողմից ստանձնած պարտավորության չկատարումը չի կարող քննարկվել քրեաիրավական հարաբերությունների համատեքստում, այդ հարցերը վերաբերում են մասնավոր իրավունքի տիրույթին, կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա է լուծման օրենքով սահմանված դատական կարգով» (տե՛ս նյութեր, էջ 9)։

7. Հետաքննիչի Որոշման դեմ Վ.Խնոևի կողմից բերված բողոքը մերժելու մասին Դատախազի 2014 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրվել է, որ. «(…) ոմն Հրաչը հանդիսանում է Երևան քաղաքի Յան Ռայնիսի փողոցի թիվ 11 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Թադևոս Զոհրաբի Սիմոնյանը»:

Նույն որոշման համաձայն՝ «Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ ձեռք չեն բերվել Թ.Սիմոնյանի կողմից Վազգեն Խնոևի գույքը դիտավորությամբ հափշտակելու վերաբերյալ։ Վազգեն Խնոևի բացատրությամբ պարզվել է, որ վերջինս նշված գումարը Թ.Սիմոնյանին է տվել, նա էլ պարտավորվել է ետ վերադարձնել վերցրած գումարը։ Նյութերի նախապատրաստմամբ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կվկայեն Վազգեն Խնոևից գումարը վերցնելու, այն չվերադարձնելու և հափշտակելու Թ.Սիմոնյանի ունեցած նախնական դիտավորության մասին» (տե՛ս նյութեր, էջեր 11-12)։

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում եզրահանգել է, որ. «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս հիմք է ընդունվել միայն Վազգեն Խնոևի բացատրությունը։

Դատարանը գտնում է, որ հետաքննիչի 2014թ. օգոստոսի 04-ի` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը հիմնավոր չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի դրսևորել և չի պարզել ոմն Հրաչի ինքնությունը, բացատրություն չի վերցրել նրանից և չի պարզել, թե նա իրականում խարդախությամբ Վ.Խնոևից գումար հափշտակելու դիտավորություն ունեցել է, թե` ոչ, որի հետևանքով խախտվել են բողոքաբերի իրավունքները։ Դրանք ենթակա են վերականգնման` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով։

Ինչ վերաբերում է բողոքաբերի` որոշումը վերացնելու կոնկրետ պահանջին, ապա Դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են։ Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով (…) (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի Լ.Զարյանի վերաբերյալ գործով որոշումը, ԵԿԴ/0081/11/09, կայացված 2010 թվականի փետրվարի 12-ին, կետ 13)։

Հաշվի առնելով, որ բողոքաբերը բողոքը ներկայացրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա` դատարանը գտնում է, որ պետք է սահմանել պարտականություն` վերացնելու թույլ տրված օրինախախտումը և վերականգնել Վազգեն Խնոևի խախտված իրավունքները» (տե՛ս նյութեր, էջեր 25-28)։

9. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ստորադաս դատարանի դատական ակտի հիմքում դրված պատճառաբանությունները, եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը բողոքաբեր Վազգեն Խնոևի բողոքը մասնակիորեն բավարարելու հարցում ըստ էության հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքեր չկան (տե՛ս նյութեր, էջեր 83-95)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես՝ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ, 182-րդ և 185-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, գտել է, որ քրեական գործի հարուցման հիմքերի առկայության վերաբերյալ եզրահանգումներ անելու համար ոմն Հրաչին հայտնաբերելու, վերջինիս հայտնի՝ Վ.Խնոևի կողմից ներկայացված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները պարզելու համար անհրաժեշտ է հարուցել քրեական գործ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ և 176-րդ հոդվածների վերլուծության հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ Վ.Խնոևի բացատրություններում առկա փաստերը ճշտելու համար ոմն Հրաչին հայտնաբերելու, նրանից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը քրեական գործ հարուցելու նախապայման, առավել ևս` հիմք չէ:

11. Բողոք բերած անձը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 185-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ Վ.Խնոևի հաղորդման հիման վրա նախապատրաստել է նյութեր քրեական գործի հարուցման հիմքի` հանցագործության հատկանիշի առկայությունը ստուգելու ուղղությամբ, սակայն նախապատրաստված նյութերի արդյունքով որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել, իսկ քրեական գործի հարուցումը` միայն ոմն Հրաչին հարցաքննելու նպատակով, անթույլատրելի է:

Անդրադառնալով ոմն Հրաչի արարքում ենթադրյալ խարդախության հանցակազմի առկայության խնդրին և հիմք ընդունելով այդ հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի` Լ.Ավետիսյանի գործով թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումը` Բողոքաբերը փաստարկել է, որ Վ.Խնոևի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, այդ թվում` վերջինիս բացատրություններով չի հիմնավորվել Վ.Խնոևին մոլորության մեջ գցելու նպատակով` իրական, ճշմարիտ փաստերը դիտավորյալ խեղաթյուրելու կամ ճշմարտության մասին լռելու հանգամանքը: Ընդհակառակը, պարզվել է, որ Վ.Խնոևն իր կամքով, սեփական ռիսկով կատարել է նշված ընկերության մշտական հաճախորդներից մեկի՝ իր փոխարեն խաղադրույք կատարելու խնդրանքը: 320.000 ՀՀ դրամ գումար տալը նույնպես Վ.Խնոևի ազատ կամարտահայտության արդյունք է, քանի որ, կասկածներ ունենալով նախորդ գումարը պարտապանի կողմից չմարելու հանգամանքի վերաբերյալ, Խնոևն ազատ էր ինքնուրույն տնօրինելու իր գումարները և հրաժարվելու դրանք տրամադրելուց, ինչը, սակայն, չի արել: Ինչ վերաբերում է ոմն Հրաչի՝ Թ.Սիմոնյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությանը, ապա բողոքաբերի պնդմամբ նրա գործողությունները՝ Վ.Խնոևին հանդիպելը, գումարը վերցնելու հանգամանքը չժխտելը և այն վերադարձնելու պատրաստակամություն հայտնելը, վկայում են, որ վերջինս ի սկզբանե նպատակ չի ունեցել խարդախությամբ հափշտակելու Վ.Խնոևի գումարները:

12. Բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտը հակասում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ` Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով թիվ ԵԿԴ/0044/11/13, 2011 թվականի հուլիսի 13-ի` Հ.Հարությունյանի գործով թիվ ԵԿԴ/0004/11/11 և 2014 թվականի օգոստոսի 15-ի` Ռ.Ախայանի գործով թիվ ԵԿԴ/0199/11/13 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք գործողություններ և պարտավորեցնելով վերացնել Հետաքննիչի` 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված՝ Վ.Խնոևի իրավունքների խախտումը, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնելով, դուրս են եկել իրենց լիազորությունների սահմաններից:

13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի և Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշումները և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դատական ստուգման սահմանների կապակցությամբ առկա է առերևույթ հակասություն Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի և Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղևոնդյանի գործով կայացված որոշման միջև (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Ուստի, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ վերոնշյալ դատական ակտերի միջև հակասությունների առկայության հարցին:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասո՞ւմ են արդյոք Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով որոշմանը:

16. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը՝ եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (Վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել Անահիտ Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 14-15-րդ կետերում):

17. Վճռաբեկ դատարանը Գ.Ղևոնդյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը: (...)

Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից: (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ կետը):

Մեջբերված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը վերահաստատել է մի շարք այլ որոշումներում, այդ թվում` բողոքաբերի կողմից վկայակոչված 2014 թվականի օգոստոսի 15-ի` Ռ.Ախայանի գործով թիվ ԵԿԴ/0199/11/13 որոշման մեջ:

18. Նույն` Գ.Ղևոնդյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև. «[Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում իրականացվող դատական վերահսկողության (...) առանձնահատկություններով է պայմանավորված քրեադատավարական օրենսդրության մեջ առկա այն տարբերակված մոտեցումը, որը վերաբերում է գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման և մինչդատական վարույթի ընթացքում կայացվող այլ որոշումների կամ իրականացվող գործողությունների (անգործության) բողոքարկման արդյունքում կայացվող դատական ակտերին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ընդհանուր կարգը, ամրագրում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրավանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ:

(...)

Գտնելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրինական և հիմնավորված չէ՝ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում է կայացնում վիճարկվող որոշումը վերացնելու մասին, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը պարտադիր է: Հակառակ դեպքում դատարանը մերժում է ներկայացված բողոքը՝ հաստատելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: (...)» (տե՛ս Գագիկ Գևորգի Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 17-18-րդ կետերը):

Մեջբերված դիրքորոշումը ձևավորելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև բողոքաբերի կողմից վկայակոչված` 2011 թվականի հուլիսի 13-ի` Հ.Հարությունյանի գործով թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման իրավական դիրքորոշումները:

19. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմող Վ.Խնոևի բողոքը ճանաչել է հիմնավորված այն հիմքով, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի դրսևորել և չի պարզել ոմն Հրաչի ինքնությունը, բացատրություն չի վերցրել նրանից և չի պարզել, թե նա իրականում խարդախությամբ Վ.Խնոևից գումար հափշտակելու դիտավորություն ունեցել է, թե` ոչ, որի հետևանքով խախտվել են բողոքաբերի իրավունքները։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը բողոքը բավարարել է մասնակիորեն` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված` Վ.Խնոևի իրավունքների խախտումը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է (տե՛ս սույն որոշման 3-րդ, 8-9-րդ կետերը):

20. Նախորդ կետում վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի`Գ.Ղևոնդյանի գործով որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Գ.Ղևոնդյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Գ.Ղևոնդյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ դատարանները դատական ստուգման են ենթարկել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և անդրադարձել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական գործողություններ կատարելու նպատակահարմարությանը, ինչպես նաև կայացված որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել են վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Գ.Ղևոնդյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:

Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում անդրադարձել են դատավարական գործողություններ կատարելու նպատակահարմարությանը («վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի դրսևորել և չի պարզել ոմն Հրաչի ինքնությունը, բացատրություն չի վերցրել նրանից»), ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել են վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված` Վ.Խնոևի իրավունքների խախտումը:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել են Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով որոշման հիմնավորումները, որոնք նրանց համար պարտադիր են եղել: Ստորադաս դատարանները ոչ միայն չեն կիրառել կիրառման ենթակա՝ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չեն հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Արդյունքում ստորադաս դատարանները դուրս են եկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, արդյունքում նաև` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջները։ Խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում, պահպանելով քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դատական ստուգման սահմանները, Վերաքննիչ դատարանը պետք է քննության առարկա դարձնի նաև խարդախության հանցակազմի բացակայության վերաբերյալ բողոքաբերի փաստարկները (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) և օրենքով սահմանված կարգով գա համապատասխան եզրահանգման:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վազգեն Արսենի Խնոևի իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան