Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.406.8
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.12.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0231/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0231/01/14

ԵԿԴ/0231/01/14

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

Դատավորներ՝

Ռ. Բարսեղյան

Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ` պաշտպան

Ա. Քալաշյանի

դատախազ

Ս. Յուզբաշյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի պաշտպան Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90261814 քրեական գործը:

2014 թվականի դեկտեմբերի 2-ին Նարեկ Արմենի Արմենակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քննիչի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Ն.Արմենակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2014 թվականի դեկտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մարտի 2-ի դատավճռով Ն.Արմենակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Արմենակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները լրիվ գումարելու սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանքը փոխարինելով ազատազրկման` Ն.Արմենակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով: Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Ն.Արմենակյանի պաշտպան Ա.Քալաշյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ն.Արմենակյանի պաշտպան Ա.Քալաշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը Ն.Արմենակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 95532 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 3-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի հրաձիգ-սանիտար, կոչումով կրտսեր սերժանտ, 2014թ. սեպտեմբերի 25-ին վաշտի զինանոցի զինամթերքի արկղից հափշտակել է «ԱԿ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգների և «ՍԿՍ» կարաբինների համար նախատեսված, գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք ապօրինի կերպով պահել է զորամասի կենցաղային սպասարկման սենյակում, իսկ հաջորդ օրը փոխադրել է մարտական հենակետ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 62):

5.1. Նախաքննական մարմնի կողմից կազմված մեղադրական եզրակացությունում նշվում է. « (...) Գործով մեղադրյալ Ն.Արմենակյանը 2014թ. սեպտեմբերի 25-ին 3-րդ ՀԳՄ-ի 3-րդ ՀՎ-ի անձնակազմի հետ ներկայացել է վաշտի զինանոց՝ զինամթերք ստանալու համար, քանի որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին գումարտակի անձնակազմը մեկնելու էր մարտական հերթապահության: Ն.Արմենակյանը, զինամթերք ստանալու և պահեստատուփերը լիցքավորելու ընթացքում, տեսնելով, որ զինանոցի առջև գտնվող սպաների և մյուս զինծառայողների ուշադրությունն իր կողմը չէ, զինամթերքի արկղից հափշտակել է (...) ռազմամթերք հանդիսացող 11 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ և պահել վաշտի պահեստասենյակում: Հաջորդ օրը՝ 26.09.2014թ. առավոտյան, իր հետ վերցրել է նախորդ օրը հափշտակած 11 հատ փամփուշտները և ապօրինի կերպով փոխադրել է մարտական հենակետ: 26.09.2014թ. 3-րդ ՀԳՄ-ի հրամանատար, փոխգնդապետ Խ.Սահակյանը (...) Ն.Արմենակյանի մոտից հայտնաբերել է հափշտակած 11 հատ փամփուշտները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 79):

6. Մինչդատական վարույթում Ն.Արմենակյանը հայտնել է հետևյալի մասին. «(...) Յուրաքանչյուր զինծառայող ստանում է 4 հատ պահեստատուփ և 120 հատ փամփուշտ՝ բոլոր պահեստատուփերը լիցքավորելու համար: (...) Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 25-ին (...) [մեզ հատկացվել] էր նշված քանակով զինամթերք (...): Լիցքավորումն ավարտելուց հետո, տեսնելով, որ ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, զինամթերքի արկղի միջից բոլորից թաքուն վերցրեցի մի «բուռ» 7.62 տրամաչափի փամփուշտ, որոնք (...) [հ]աջորդ առավոտյան (...) հետս տարել եմ մարտական հենակետ»: Բացի այդ, նշել է, որ փամփուշտների քանակը հաշված չի եղել և դրանց՝ 11 հատ լինելու մասին իմացել է գումարտակի հրամանատարի կողմից փամփուշտները հայտնաբերելուց հետո (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 26-27):

Այն հարցին, թե ինչ նպատակով էր վերցրել փամփուշտները, Ն.Արմենակյանը պատասխանել է. «Փամփուշտները վերցրել եմ առանց որևէ պատճառի կամ նպատակի, նախապես ես նման բան չէի պլանավորել, դա ստացվել է պահի ազդեցության տակ, որևէ կոնկրետ պատասխան չեմ կարող տալ»: Իսկ այն հարցին, թե տեղյակ է, որ իրավունք չուներ զինանոցի արկղից փամփուշտ վերցնել, նշել է. «Գիտակցել եմ, որ դա անթույլատրելի է, սակայն չեմ մտածել, որ կարող է լուրջ հետևանք ունենա այդ արարքը»: Բացի այդ, Ն.Արմենակյանն ասել է, որ եթե փամփուշտները չհայտնաբերվեին, ապա մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո դրանք վերադարձնելու էր զինանոց (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 26-27):

Վերոգրյալը գրեթե նույնությամբ Ն.Արմենակյանը կրկնել է նաև որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ ընդգծելով, որ ինքը չի հասկանում, թե ինչու է նման բան արել, փամփուշտներն օգտագործելու որևէ նպատակ չի ունեցել, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո դրանք վերադարձնելու էր զինանոց (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 69-70): Ն.Արմենակյանի հայտնած սույն տվյալների մասին փաստել են նաև վկաներ Խ.Սահակյանը և Ա.Խաչատրյանը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 22-25 և 52-54):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ, կրտսեր սերժանտ Նարեկ Արմենի Արմենակյանի կողմից, նրա մեղավորությամբ, ռազմամթերք հափշտակելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև Նարեկ Արմենի Արմենակյանի կողմից, նրա մեղավորությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք պահելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

(...)

Հաշվի առնելով ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի կատարած յուրաքանչյուր հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքների հետ՝ դատարանը գտնում է, որ Նարեկ Արմենակյանն իր կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի` կալանքի ձևով, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները:

ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար ամբաստանյալ Նարեկ Արմենակյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 43-45):

8. Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ բողոքը, իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը քրեական գործի քննության արդյունքում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, դատավճիռն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 83):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակված պատժի մասով անհիմն է: Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների պահանջները, անտեսել է օրինականության, արդարության, պատժի անհատականացման, մարդասիրության սկզբունքները, հավուր պատշաճի չի գնահատել գործում առկա մեղմացուցիչ հանգամանքների համակցությունն ու Ն.Արմենակյանի անձը բնութագրող տվյալները, իսկ արդյունքում թույլ է տվել նյութական իրավունքի խախտում՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 գործերով որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին:

10. Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշումը պատժի մասով բեկանել և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ն.Արմենակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները (տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչ բողոքաբերի բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալը անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից, քանի որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստիև անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. հիմնավոր է արդյոք Ն.Արմենակյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:

2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»:

Հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (...)» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը):

14. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային վտանգավորությունը հանդիսանում է հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկը: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հանցագործություն է համարում միայն հանրային (հասարակական) վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքը:

Քրեական իրավունքը պաշտպանում է հասարակական հարաբերությունները վերջիններիս էական վնաս պատճառելուց: Ուստի որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել: Այդպիսի արարքը պետք է ճանաչվի քրեաիրավական առումով նվազ կարևոր:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արարքը դիտարկվում է որպես նվազ կարևոր և չի համարվում հանցագործություն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) այն ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ,

2) չի ներկայացնում հասարակական (հանրային) վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

15. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանրային վտանգավորությունը՝ որպես հանցագործության նյութական հատկանիշ, ունի որակական և քանակական արտահայտություն. հանրային վտանգավորության որակական արտահայտությունը հանրային վտանգավորության բնույթն է, իսկ քանակականը՝ հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս mutatis mutandis Գ.Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն): Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարևոր լինելը կամ չլինելը:

15.1. Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նվազ կարևոր կարող է լինել, որպես կանոն, դիտավորյալ արարքը, ընդ որում, ուղղակի դիտավորությամբ կատարված: Արարքը կատարողի գիտակցությունը և կամքը պետք է ուղղված լինի հասնելու հենց այն արդյունքին, որը հանդիսանում է կատարողի գործողության կամ անգործության հետևանք: Եվ հենց այս տեսանկյունից պետք է գնահատական տրվի, թե արդյոք արարքը քրեաիրավական առումով նվազ կարևոր է, թե ոչ: Եթե արարքը կատարողի դիտավորությունը ուղղված է եղել էական վնաս պատճառելուն, սակայն նրա կամքից անկախ պատճառներով դա նրան չի հաջողվել, ապա կատարված արարքը չի կարող համարվել նվազ կարևոր (անձի դիտավորության և փաստացի կատարածի անհամապատասխանության դեպքում պատասխանատվություն է առաջանում հանցափորձի համար): Այլ կերպ ասած՝ արարքը կատարողի կամքը և գիտակցությունը պետք է ուղղված լինեն հենց ոչ էական վնասի առաջացմանը: Ընդ որում, դա վերաբերում է վնասի բոլոր տեսակներին (նյութական, ֆիզիկական և այլն), և եթե արարքի հետևանք հանդիսացող վնասի մի տեսակն աննշան է, իսկ մյուսը՝ էական, ապա այդ դեպքում արարքը չի կարող համարվել նվազ կարևոր:

Հարկ է ընդգծել նաև, որ ենթադրյալ հանցավոր արարքի սուբյեկտի հատկանիշները (անչափահաս, պաշտոնատար անձ լինելը և այլն) չպետք է ազդեն նրա կատարած արարքի նվազ կարևոր լինելու հարցը որոշելու վրա, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ թե անձի, այլ արարքի հանրային վտանգավորությունը:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արարքի նվազ կարևորությունը կարող են պայմանավորել միայն այն հատկանիշները, որոնք արտահայտվել են կատարված արարքի մեջ: Իսկ հանգամանքները, որոնք չեն արտահայտվել արարքի մեջ (դրսևորած վարքագիծը մինչ ենթադրյալ հանցավոր արարքի կատարումը, զղջալը, վնասը կամովին հատուցելը, ընտանեկան դրությունը և այլն), արարքի նվազ կարևորության հարցը լուծելիս հաշվի չպետք է առնվեն:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս, ի թիվս այլ հանգամանքների, անհրաժեշտ է հաշվի առնել.

ա) պատճառված վնասը,

բ) արարքի կատարման եղանակը,

գ) մեղքի ձևը և տեսակը,

դ) շարժառիթը և նպատակը:

17. Սույն գործի նյութերից հետևում է, որ ՀՀ ՊՆ թիվ 95532 զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Ն.Արմենակյանը 2014 թվականի սեպտեմբերի 25-ին 3-րդ ՀԳՄ-ի 3-րդ ՀՎ-ի անձնակազմի հետ ներկայացել է վաշտի զինանոց՝ զինամթերք ստանալու համար, քանի որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, գումարտակի անձնակազմը մեկնելու էր մարտական հերթապահության: Զինամթերք ստանալու և պահեստատուփերը լիցքավորելու ընթացքում Ն.Արմենակյանը, տեսնելով, որ զինանոցի առջև գտնվող սպաների և մյուս զինծառայողների ուշադրությունն իր կողմը չէ, զինամթերքի արկղից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող 11 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ և պահել է վաշտի պահեստասենյակում: Հաջորդ օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, իր հետ վերցրել է նախորդ օրը հափշտակած 11 հատ փամփուշտները և ապօրինի կերպով փոխադրել մարտական հենակետ, որտեղ նույն օրը գումարտակի հրամանատարը Ն.Արմենակյանի մոտից հայտնաբերել է վերոհիշյալ 11 հատ փամփուշտները (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը):

Մինչդատական վարույթում Ն.Արմենակյանը, փաստելով, որ յուրաքանչյուր զինծառայող ստանում է 4 հատ պահեստատուփ և 120 հատ փամփուշտ՝ բոլոր պահեստատուփերը լիցքավորելու համար, նշել է, որ սեպտեմբերի 25-ին իրեն հատկացվել էր նշված քանակով զինամթերք: Այնուհետև ավելացրել, որ լիցքավորումն ավարտելուց հետո տեսնելով, որ իր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ զինամթերքի արկղի միջից բոլորից թաքուն վերցրել է մի «բուռ» 7.62 տրամաչափի փամփուշտ և հաջորդ առավոտյան տարել մարտական հենակետ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ն.Արմենակյանը նշել է նաև, որ չի հասկանում, թե ինչու է նման բան արել, փամփուշտներն օգտագործելու որևէ նպատակ չի ունեցել, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո դրանք վերադարձնելու էր զինանոց: Ն.Արմենակյանի հայտնած սույն տվյալների մասին փաստել են նաև վկաներ Խ.Սահակյանը և Ա.Խաչատրյանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը իր դատավճռում նշել է, որ հաշվի առնելով ամբաստանյալի կատարած յուրաքանչյուր հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքների հետ՝ Ն.Արմենակյանը իր կատարած արարքների համար ենթակա է պատժի (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ բողոքը, մերժել է այն՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ՝

1) Ն.Արմենակյանը, լինելով զինծառայող և պատրաստվելով մեկնել մարտական հերթապահության, ունեցել է փամփուշտներ ստանալու իրավունք,

2) Ն.Արմենակյանն իրեն հասանելիք զինամթերքը ստանալուց հետո լրացուցիչ վերցրել է 11 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ,

3) 11 հատ փամփուշտը Ն.Արմենակյանը փոխադրել է մարտական հենակետ,

4) Ն.Արմենակյանը փամփուշտներն օգտագործելու որևէ նպատակ չի ունեցել, դրանք վերցրել է առանց որևէ պատճառի և զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալուն պես պատրաստվել է փամփուշտները վերադարձնել զինանոց:

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Արմենակյանին մեղսագրված արարքները չեն համարվում հանցագործություն, քանի որ դրանք թեև ձևականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, սակայն իրենց նվազ կարևոր լինելու ուժով չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Արմենակյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր չէ:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ն.Արմենակյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

20. Նախորդ կետում նշված խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու Ն.Արմենակյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքներում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ն.Արմենակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, հարկավոր է վերացնել:

21. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 9-րդ կետում բարձրացրած փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 2-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանին արդարացնել, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

Ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան