Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.406.9
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.12.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ3/0028/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԿԴ3/0028/01/14

ԿԴ3/0028/01/14

Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան

Դատավորներ՝

 Գ. Ավետիսյան

 Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԴԱնիելյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Մ. Գինոսյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գոռ Հակոբի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ասատրյանի պաշտպան Մ.Գինոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 46117113 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գոռ Հակոբի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի մայիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Գ.Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Գ.Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը, Գ.Ասատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Ասատրյանի պաշտպան Մ.Գինոսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Գ.Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել և նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ «(...) [Նա] 2013թ. ամռան ամիսներին, տանը շինարարական աշխատանքներ կատարելու համար, ցեմենտ է գնել տուժող՝ Անդրանիկ Ասատրյանից և պարտք մնացել 36.000 դրամ ու խոստացել է գումարը վճարել հոր` Հակոբ Ասատրյանի ՌԴ-ից արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո:

14.12.2013թ. Ա.Ասատրյանը տեղեկացել է, որ Գոռ Ասատրյանի հայրը 2013թ. դեկտեմբերի 7-ին վերադարձել է ՌԴ-ից և Գ.Ասատրյանը չի վերադարձնում պարտքը, այդ կապակցությամբ զանգահարել է նրա բջջային հեռախոսին, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին, իսկ պատասխանելուց անհարկի ձգձգել է գումարի վերադարձը, որի պատճառով Ա.Ասատրյանը գնացել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Հրաչյա Քոչարի փողոցի 3-րդ տան բակ և դուրս հրավիրել Գ.Ասատրյանին, ով տանից խոհանոցային դանակը ձեռքին դուրս է եկել Ա.Ասատրյանին ընդառաջ:

Այնուհետև, կենցաղային հարցերի շուրջ, գումարը վերադարձնելու հետ կապված, Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում միմյանց հասցեին տվել են հայհոյանքներ և այն վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, որը տևել է շուրջ հինգ րոպե: Վիճաբանության ժամանակ, Ա.Ասատրյանը գետնին վայր է գցել Գ.Ասատրյանին, ծնկել նրա վրա և բռունցքներով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին, պատճառել ֆիզիկական ցավ, որի ժամանակ Գ.Ասատրյանը խոհանոցային դանակով դիտավորյալ հարվածել է Ա.Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին և նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրանց միջև ծագած ծեծկռտուքը տեսել է Գ.Ասատրյանի կինը` Արմինե Բալասանյանը, օգնության է կանչել ամուսնու ծնողներ Հակոբ և Թամարա Ասատրյաններին, ովքեր հարևանուհի Նինա Հարությունյանի հետ միասին մոտեցել և բաժանել են նրանց» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 137):

6. Առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել հետևյալը. «(...) Գոռ Ասատրյանը, 2013թ-ի ամռանը, իր՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Հրաչյա Քոչարի փողոց, 3-րդ հասցեում գտնվող տանը, կատարել է շինարարական աշխատանքներ, որի ժամանակ, Անդրանիկ Ասատրյանից գնել է ցեմենտ, որի գումարի մի մասը տվել է Անդրանիկ Ասատրյանին, իսկ 36.000 դրամը՝ սեպտեմբեր ամսին մնացել է պարտք և փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ Գոռ Ասատրյանը նշված գումարը Անդրանիկ Ասատրյանին կվերադարձնի հոր՝ Հակոբ Ասատրյանի, ՌԴ-ից արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո:

(...) Անդրանիկ Ասատրյանը, 2014թ-ի դեկտեմբերի 14-ին, տեղեկանալով, որ Գոռ Ասատրյանի հայրը վերադարձել է, իսկ Գոռ Ասատրյանը իրենց փոխադարձ պայմանավորվածության համաձայն՝ 36.000 դրամ պարտք գումարը չի վերադարձնում, (...) մի քանի անգամ բջջային հեռախոսով զանգահարել է Գոռ Ասատրյանին, սակայն վերջինս, հասկանալով, որ Անդրանիկ Ասատրյանը պարտք գումարը պետք է պահանջի, մինչդեռ նա այդ գումարը չի ունեցել և Անդրանիկ Ասատրյանի հեռախոսազանգերին չի պատասխանել: Անդրանիկ Ասատրյանը Գոռ Ասատրյանի վերը նշված վարքագծից զայրացած, նույն օրը (...) իր ավտոմեքենայով գնացել է Գոռ Ասատրյանի տան մոտ, ավտոմեքենայից իջել և մոտեցել է նրա տան դարպասներին և այնտեղից տեսել է պատուհանի մոտ կանգնած Գոռ Ասատրյանին ու բջջային հեռախոսով զանգահարել է նրան: Վերջինս նույնպես պատուհանից տեսել է իրենց տան դարպասների մոտ կանգնած Անդրանիկ Ասատրյանին, վերցրել է հեռախոսը և նրանք երկուսով, պարտքի շուրջ վիճաբանել են և վիրավորել միմյանց և Անդրանիկ Ասատրյանը Գոռ Ասատրյանին դուրս է կանչել: Մինչ Անդրանիկ Ասատրյանի հետ հեռախոսով խոսելը, Գոռ Ասատրյանը, գտնվելով իր տանը, իր երեխաների համար, խոհանոցային դանակով, խնձոր կտրելիս է եղել, և երբ Անդրանիկ Ասատրյանը հեռախոսով կապվել է և նրան դուրս կանչել, նա աջ ձեռքին ունենալով տան խոհանոցային դանակը, իսկ ձախ ձեռքին՝ խնձոր, դրանք, մեխանիկորեն, իր հետ վերցնելով, դուրս է եկել իրենց տան բակ և ընդառաջ գնացել Անդրանիկ Ասատրյանին:

Վերջինս, տեսնելով Գոռ Ասատրյանին, մտել է նրանց տան բակ և նրա ձեռքին տեսնելով դանակ, ավելի է զայրացել և հայհոյել Գոռ Ասատրյանին, ասելով, թե՝ պարտքը չի վերադարձնում և դանակով գալիս է իր վրա և նրանք երկուսով, փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց և քաշքշել իրար, որի ժամանակ Անդրանիկ Ասատրյանը աջ ոտքով հարվածել է Գոռ Ասատրյանի աջ ձեռքին, որից դանակը ընկել է գետնին, ձյան մեջ, 1 մետր հեռավորության վրա:

Դրանից հետո, Անդրանիկ Ասատրյանը, նույն ոտքով հարվածել է Գոռ Ասատրյանի ոտքերին, որից Գոռ Ասատրյանը մեջքի վրա վայր է ընկել գետնին, իսկ Անդրանիկ Ասատրյանը, որը ֆիզիկապես ավելի ուժեղ և հաղթանդամ է եղել, քան Գոռ Ասատրյանը, ինչպես նաև նրանից 7 տարի տարիքով մեծ է եղել, ծնկել է նրա վրա, ձախ ձեռքով բռնել է նրա օձիքից, իսկ աջ ձեռքով, բռունցքով սկսել է հարվածներ հասցնել Գոռ Ասատրյանի դեմքին:

Գոռ Ասատրյանը փորձել է դիմադրել, սակայն չի կարողացել, դիմել է Անդրանիկ Ասատրյանին, որպեսզի իրեն բաց թողնի և հարվածներ չհասցնի, սակայն Անդրանիկ Ասատրյանը գտնվելով զայրացած վիճակում, շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել Գոռի դեմքին: Նրանց աղմուկի ձայներից, նրանց է մոտեցել Գոռ Ասատրյանի կինը՝ Արմինե Բալասանյանը, այնուհետև՝ երեխաները, Արմինե Բալասանյանը նույնպես խնդրել է և պահանջել է Անդրանիկ Ասատրյանին՝ բաց թողնել Գոռ Ասատրյանին: Այդ ժամանակ, երեխաները սկսել են լաց լինել, սակայն Անդրանիկ Ասատրյանը շարունակել է հարվածել Գոռ Ասատրյանին, իսկ վերջինս, ֆիզիկապես ավելի թույլ լինելով, չի կարողացել ազատվել նրանից և նրա բռունցքների հարվածներից, շարունակելով մեջքի վրա պառկած մնալ գետնին, իսկ Անդրանիկ Ասատրյանը՝ ծնկած նրա վրա:

Այդ ժամանակ, Գոռ Ասատրյանը իր աջ ձեռքը ազատել է, շոշափելով փորձել է գետնից ինչ-որ մի իր վերցնել, Անդրանիկ Ասատրյանին վնասելու և նրանից ազատվելու համար, գետնից, ձյան միջից, նրա ձեռքն է ընկել իր ձեռքին եղած, գետնին ընկած դանակը և զգուշացրել Անդրանիկ Ասատրյանին, որ իրեն բաց թողնի, այլապես՝ կծակի նրան, սակայն Անդրանիկ Ասատրյանը բաց չի թողել և շարունակել է Գոռի վրա ծնկի եկած վիճակում, ձախ ձեռքով նրա օձիքը բռնած, աջ ձեռքով՝ բռունցքով հարվածներ հասցնել, իսկ Գոռ Ասատրյանը, իրենց տան խոհանոցային դանակով, մեկ անգամ հարվածել է Անդրանիկ Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին, սակայն, դրանից հետո, Անդրանիկ Ասատրյանը շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել Գոռ Ասատրյանի դեմքին: Այնուհետև, նրանց աղմուկից, տանից դուրս է եկել Գոռ Ասատրյանի մայրը (...) և հարևանուհին (...), ինչպես նաև (...) Գոռ Ասատրյանի հայրը (...) և նրանք երեքով բաժանել են Գոռ և Անդրանիկ Ասատրյաններին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 146-148):

7. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և այդ հոդվածով նրան մեղավոր ճանաչելով, արձանագրել է. « (...) [Դ]ատարանը հաստատված է համարում, որ Գոռ Ասատրյանը, մեջքի վրա ընկած լինելով գետնին, ձյան մեջ, և չկարողանալով ազատվել իրենից ֆիզիկապես ուժեղ և հաղթանդամ Անդրանիկ Ասատրյանից, որը նաև 7 տարի տարիքով մեծ է եղել Գոռ Ասատրյանից, Գոռ Ասատրյանի վրա ծնկի եկած վիճակում, ձախ ձեռքով Գոռ Ասատրյանի օձիքից բռնած, աջ ձեռքով բռունցքով հարվածներ է հասցրել Գոռ Ասատրյանի դեմքին, որից նա ստացել է աջ ակնագնդի արյունազեղման, դեմքի աջ կեսի աջից պարանոցի քերծվածքներ, Գոռ Ասատրյանը ինքնապաշտպանության նպատակով, իր կյանքի և առողջության դեմ Անդրանիկ Ասատրյանի կողմից իրականացվող հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելու և այն դադարեցնելու նպատակով, գետնից փնտրել և գտել է իր ձեռքից իսկ Անդրանիկ Ասատրյանի ոտքի հարվածով գետնին ընկած դանակը, դրանով մեկ անգամ հարվածել է Անդրանիկ Ասատրյանին, վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որպես կյանքին վտանգ սպառնացող, որով թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

(...)

Գոռ Ասատրյանը տուժող Անդրանիկ Ասատրյանին [որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք] է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով, պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող հանկարծակի և ինտենսիվ ոտնձգությունից։

Վերը նշվածներն ապացուցում են, որ ամբաստանյալ Գոռ Ասատրյանի նկատմամբ տուժող Անդրանիկ Ասատրյանի կողմից իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական։ Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել ոչ թե երրորդ անձի, այլ իրեն բռունցքով հարվածներ հասցնող և աջ ակնագնդի արյունազեղմամբ, դեմքի աջ կեսի աջից պարանոցի քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ պատճառող տուժող՝ Անդրանիկ Ասատրյանին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 154-155):

8. Վերաքննիչ դատարանն իր՝ 2015 թվականի մարտի 10-ի որոշմամբ արձանագրել է. «Քրեական գործի նյութերով հաստատվել է, որ (...) կենցաղային հարցերի շուրջ, գումարը վերադարձնելու հետ կապված, Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում միմյանց հասցեի տվել են հայհոյանքներ և այն վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, որը տևել է շուրջ հինգ րոպե:

(...)

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Ասատրյանի հանցանքը վերաորակելիս, չպատճառաբանված կերպով հիմնվել է վերջինիս ցուցմունքի վրա, որ «… Ինքն իրականում դանակը իր հետ տարել է մեխանիկորեն, քանի որ, երբ Անդրանիկն իրեն կանչել է, այդ ժամանակ դանակով միրգ կտրելիս է եղել, ինքը մտադրություն չի ունեցել վիճելու, կամ վնասելու Անդրանիկին...»

(...) [Տ]ուժողի գործողություններում ոտնձգությունը պայմանավորված է եղել ամբաստանյալի վարքագծով ու պահվածքով, ամբաստանյալ Գ.Ասատրյանը` դանակը ձեռքին դուրս գալով տուժողին ընդառաջ, գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ հարվածել է տուժողին` չցանկանալով դրա հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:

(...)

Տուժողի և ամբաստանյալի միջև, վերջինիս վարքագծի պատճառով առկա են եղել անբարյացկամ հարաբերություններ և այդ հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում ամբաստանյալը դիտավորությամբ հարված է հասցրել տուժողին, ինչի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ որպես կյանքին վտանգ սպառնացող։

Համադրելով գործի փաստական հանգամանքները՝ ակնհայտ է, որ ամբաստանյալ Գ. Ասատրյանը փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ է հարվածել Ա. Ասատրյանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

(...)

Վերաքննիչ դատարանը, գործի քննության արդյունքներով հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը Գ.Ասատրյանի արարքի իրավաբանական որակումը փոխել է դրա համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում և առաջադրված մեղադրանքի սահմաններում անհրաժեշտ է կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենքը` վերջինիս կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասից վերաորակելով նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 222-224):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 126-127-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ, 116-րդ հոդվածի 2-րդ մասերում ամրագրված նորմերը, որոնք պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի կիրառումը կանոնակարգող Վճռաբեկ դատարանի որոշումները:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ գործի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված ապացույցների և տուժողի ցուցմունքի համադրումից հետևում է, որ Գ.Ասատրյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանկարծակի, հանրորեն վտանգավոր, առկա և իրական, իսկ Գ.Ասատրյանի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, և վերջինս տուժողին մարմնական ծանր վնաս է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 116-րդ հոդվածի 2-րդ, այլ 112-րդ հոդվածի 1-ին մասով:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։

Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Հակոբյանի գործով կայացված որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ։ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունն իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող։ Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են.

ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը.

բ) ոտնձգության առկայությունը.

գ) ոտնձգության իրական լինելը.

դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին.

ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին.

զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը (տե՛ս Ա.Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 27-րդ կետը):

14. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցին:

Այսպես` փոխադարձ կռիվն անձանց ֆիզիկական ընդհարումն է, որը կարող է սկսվել կողմերի՝ միմյանց միաժամանակ վնաս հասցնելով, ինչպես նաև այն դեպքում, երբ կռիվը սկսվում է կողմերից մեկի նախաձեռնությամբ, սակայն մյուս կողմն ընդունում է մարտահրավերը և ընդգրկվում կռվի մեջ: Փոխադարձ կռվի ժամանակ երկու կողմն էլ հանդես են գալիս ոտնձգողի դերում, դրսևորում ոչ իրավաչափ վարքագիծ, ատելության, վրեժի, զայրույթի կամ այլ շարժառիթներով փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց՝ նպատակ ունենալով մեկը մյուսին վնաս պատճառելու:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փոխադարձ կռվի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ պաշտպանության վիճակն անհնար է, քանի որ կռվողներից յուրաքանչյուրը, հանդես գալով ոտնձգողի դերում, չի ղեկավարվում պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով և նպատակներով: Այսինքն՝ թեև կռվի մասնակից երկու կողմերի դեպքում էլ առերևույթ առկա են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները, սակայն դրանք չեզոքանում են փոխադարձ կռվի իրողությամբ: Հետևաբար այդ պարագայում նրանց արարքը ենթակա է որակման ըստ փաստացի վրա հասած հետևանքի:

15. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխադարձ կռվի ընթացքում կողմերի նպատակները և դրդապատճառները կարող են փոխվել, ինչը կարող է հանգեցնել նաև նրանց վարքագծի փոփոխմանը և անհրաժեշտ պաշտպանության վիճակ առաջացնել: Մասնավորապես` որպես այդպիսին կարող են գնահատվել այն իրավիճակները, երբ՝

ա) կռվի ընթացքում կողմերից մեկը դադարեցնում է կռիվը, իսկ մյուսը շարունակում է հարվածներ հասցնել: Այս պայմաններում փոխադարձ կռիվը, ըստ էության, ավարտված է և հարվածներ հասցնող ու կռիվը շարունակող կողմն արդեն հանդես է գալիս ոտնձգողի դերում, իսկ նրա գործողությունները դիտարկվում են ոչ իրավաչափ, ինչն էլ հիմք է հանդիսանում կռիվը դադարեցրած կողմի համար օգտվելու անհրաժեշտ պաշտպանության իրավունքից: Այլ կերպ` այն դեպքում, երբ կռիվը դադարեցրած կողմը սկսում է հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, ապա նրա գործողությունները պետք է գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված,

բ) կռվի ընթացքում կողմերից մեկի հնարավորությունները շեշտակի ուժեղանում են (օրինակ` կողմերից մեկը զինվում է, կամ նրա կողմից սկսում են կռվել այլ անձինք). այս դեպքում մյուս կողմն անհրաժեշտ պաշտպանության իրավունք է ստանում,

գ) կռիվը դադարեցնելու, ծանր հետևանքները կանխելու նպատակով կռվին չմասնակցող երրորդ անձինք վնաս են հասցնում կռվող կողմերից մեկին կամ երկուսին` ստանալով անհրաժեշտ պաշտպանության իրավունք:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է. «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը։

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

17. Ա.Հակոբյանի գործով որոշման շրջանակներում անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Անհրաժեշտ պաշտպանության համարժեքության գնահատման և որպես արդյունք` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման համար անհրաժեշտ է գնահատել ոտնձգության վտանգավորության աստիճանի և պաշտպանության միջև համապատասխանությունը։

Օրենքը չի պահանջում, որ պաշտպանվողը կիրառի ոտնձգողի կողմից կիրառվող միջոցներին հավասարազոր միջոցներ։ Պաշտպանվողը կարող է գործադրել նաև առավել արդյունավետ միջոցներ։

Ոտնձգության և պաշտպանության միջոցների միջև համամասնության խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝

ա) պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որ կարող էր հասցվել դրան,

բ) ոտնձգության ինտենսիվությունը ու հանկարծակիությունը,

գ) պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները (սեռը, տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական ուժը և այլն),

դ) ոտնձգողների և պաշտպանվողների քանակը,

ե) ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը և այլն» (տե՛ս Ա.Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 28-րդ կետը):

Զարգացնելով Ա.Հակոբյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Ա.Թորոսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) [Ա]նհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման օբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոտնձգության բնույթն ու վտանգավորությունը որոշվում են ոտնձգության օբյեկտի արժեքավորությամբ, ոտնձգության ինտենսիվությամբ, պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորություններով, նրանց քանակով, ոտնձգության իրադրությամբ և այլն: Ուստի, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ առկա է ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն ոտնձգությամբ սպառնացող և պաշտպանվողի կողմից պատճառվող վնասների միջև:

(…) Այլ կերպ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ պաշտպանվողը կիրառել է պաշտպանության այնպիսի միջոցներ և մեթոդներ, որոնց կիրառումն ակնհայտ կերպով չէր բխում ո՛չ ոտնձգության բնույթից և վտանգավորությունից, ո՛չ էլ իրադրությունից:

(…)

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման սուբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է մեղքի դիտավորյալ ձևով (տե՛ս Ա.Թորոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0118/01/11 որոշման 15-16-րդ կետերը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Գ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ կենցաղային հարցերի շուրջ Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ Ա.Ասատրյանը գետնին վայր է գցել Գ.Ասատրյանին, ծնկել նրա վրա, բռունցքներով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ, որի ժամանակ Գ.Ասատրյանը խոհանոցային դանակով դիտավորյալ հարվածել է Ա.Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին և նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, Գ.Ասատրյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, պատճառաբանել է, որ Գ.Ասատրյանը, մեջքի վրա ընկած լինելով գետնին և չկարողանալով ազատվել իրենից ֆիզիկապես ուժեղ և հաղթանդամ Ա.Ասատրյանից, ով Գ.Ասատրյանի վրա ծնկի եկած վիճակում, ձախ ձեռքով նրա օձիքից բռնած՝ աջ ձեռքի բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին (որից նա ստացել է աջ ակնագնդի արյունազեղման, դեմքի աջ կեսի աջից պարանոցի քերծվածքներ), ինքնապաշտպանության, իր կյանքի և առողջության դեմ Ա.Ասատրյանի կողմից իրականացվող հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելու և այն դադարեցնելու նպատակով գետնից փնտրել և գտել է իր ձեռքից իսկ Ա.Ասատրյանի ոտքի հարվածով գետնին ընկած դանակը, դրանով մեկ անգամ հարվածել Ա.Ասատրյանին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, որով թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը տուժող Ա.Ասատրյանին ծանր մարմնական վնասվածք է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով՝ պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող հանկարծակի և ինտենսիվ ոտնձգությունից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Գ.Ասատրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, արձանագրել է, որ տուժողի գործողություններում ոտնձգությունը պայմանավորված է եղել ամբաստանյալի վարքագծով ու պահվածքով, ամբաստանյալ Գ.Ասատրյանը, դանակը ձեռքին դուրս գալով տուժողին ընդառաջ, գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ հարվածել է տուժողին` չցանկանալով դրա հետևանքները, բայց գիտակցաբար թույլ տվել դրանք: Համադրելով գործի փաստական հանգամանքները՝ ակնհայտ է, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ հարվածել է Ա.Ասատրյանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գ.Ասատրյանի հանցանքը վերաորակելիս չպատճառաբանված կերպով հիմնվել է վերջինիս հետևյալ ցուցմունքի վրա. «… Ինքն իրականում դանակը իր հետ տարել է մեխանիկորեն, քանի որ, երբ Անդրանիկն իրեն կանչել է, այդ ժամանակ դանակով միրգ կտրելիս է եղել, ինքը մտադրություն չի ունեցել վիճելու, կամ վնասելու Անդրանիկին...» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18.1. Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ`

ա) ամբաստանյալ Գ.Ասատրյանը դանակը ձեռքին դուրս է եկել տուժող Ա.Ասատրյանին ընդառաջ, սակայն չի փորձել նրան դանակով հարվածել կամ չի սպառնացել, որ կհարվածի, դա տեղի չի ունեցել նաև այն ժամանակ, երբ տուժողը, զայրանալով, որ ամբաստանյալի ձեռքին առկա է դանակ, հայհոյել է նրան, կողմերը քաշքշել ու փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը),

բ) Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագած վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց հասցեին տվել են հայհոյանքներ, այն վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, ինչը տևել է շուրջ հինգ րոպե: Վիճաբանության ժամանակ տուժողը սկզբում աջ ոտքով հարվածել է ամբաստանյալի աջ ձեռքին, որից դանակը ընկել է գետնին՝ 1 մետր հեռավորության վրա, իսկ այնուհետև ամբաստանյալի ոտքերին տուժողի ոտքով հարվածից հետո ամբաստանյալն է ընկել գետնին: Գ.Ասատրյանի ընկնելուց հետո տուժողը ծնկել է նրա վրա, ձախ ձեռքով բռնել նրա օձիքից, իսկ աջ ձեռքի բռունցքով սկսել հարվածներ հասցնել ամբաստանյալի դեմքին (տե՛ս սույն որոշման 6-րդ, 8-րդ կետերը),

գ) ամբաստանյալը փորձել է դիմադրել, սակայն չի կարողացել, դիմել է Ա.Ասատրյանին, որպեսզի իրեն բաց թողնի և հարվածներ չհասցնի, սակայն տուժողը շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել ամբաստանյալի դեմքին, ինչը չի դադարեցրել նաև Գ.Ասատրյանի կնոջ և երեխաների՝ իրենց մոտենալու ժամանակ, երբ Գ.Ասատրյանի կինը խնդրել և պահանջել է դադարեցնել բռունցքով հարվածներ հասցնել իր ամուսնուն, իսկ երեխաներն այդ ամենը տեսնելով՝ լաց են եղել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը),

դ) այդ ժամանակ Գ.Ասատրյանն իր աջ ձեռքը ազատել է, շոշափելով փորձել է գետնից ինչ-որ մի իր վերցնել՝ Ա.Ասատրյանին վնասելու և նրանից ազատվելու համար, նրա ձեռքն է ընկել գետնին ընկած դանակը, ինչից հետո զգուշացրել է Ա.Ասատրյանին, որ իրեն բաց թողնի, այլապես կվնասի նրան, սակայն Ա.Ասատրյանը բաց չի թողել և շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել: Արդյունքում Գ.Ասատրյանը իրենց տան խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Ա.Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

19. Սույն որոշման 18-18.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը տուժող Ա.Ասատրյանին դանակով դիտավորյալ հարվածել է փոխադարձ կռվի ընթացքում, անհիմն է և չի բխում սույն գործի փաստական հանգամանքներից: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանի կողմից տուժողին դանակով հարվածելու պահին նրանց միջև ծագած փոխադարձ կռիվն արդեն իսկ դադարել էր, ինչի մասին են անմիջականորեն վկայում ստորադաս դատարանների կողմից հաստատված այն հանգամանքները, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը, մեջքի վրա ընկած լինելով գետնին և չկարողանալով դիմադրություն ցույց տալ իր վրա ծնկի եկած և իրեն հարվածող տուժողին, թե՛ մինչ դանակն իր ձեռքում հայտնվելը, թե՛ դանակով հարվածելուց անմիջապես առաջ դիմել է վերջինիս, որ իրեն բաց թողնի և հարվածներ չհասցնի՝ երկրորդ դեպքում տուժողին նախազգուշացնելով նաև, որ հակառակ պարագայում վերջինիս կվնասի: Սակայն երկու դեպքերում էլ տուժողը շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել ամբաստանյալին (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գ.Ասատրյանի հանցանքը վերաորակելիս չպատճառաբանված կերպով հիմնվել է վերջինիս այն ցուցմունքի վրա, որ «… Ինքն իրականում դանակը իր հետ տարել է մեխանիկորեն, քանի որ, երբ Անդրանիկն իրեն կանչել է, այդ ժամանակ դանակով միրգ կտրելիս է եղել, ինքը մտադրություն չի ունեցել վիճելու, կամ վնասելու Անդրանիկին...» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դատողությունն անելիս Վերաքննիչ դատարանն այլ փաստարկների միջոցով, ըստ էության, չի հաստատել մատնանշված տվյալների անարժանահավատ լինելը:

Ինչ վերաբերում է Գ.Ասատրյանի ձեռքին դանակ տեսնելու հետևանքով վերջինիս կողմից հարձակում գործելու տուժողի հնարավոր ընկալմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ամբաստանյալի ձեռքին եղած դանակը տուժողի կողմից հարվածով վայր գցելու պահից ողջամտորեն չեզոքացել էր այդպիսի հարձակման սպառնալիքը:

19.1. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծագած փոխադարձ կռիվը դադարելուց հետո, երբ միայն տուժողն է հանդես եկել ոտնձգողի դերում և միայն նրա կողմից է այդ պահին դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծ, Գ.Ասատրյանը, դանակով վնաս պատճառելով ոտնձգող տուժողին, իրականացրել է իր իրավունքների և ազատությունների իրավաչափ պաշտպանություն, սակայն դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից՝ թույլ տալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Այլ կերպ՝ հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ Գ.Ասատրյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 116-րդ հոդվածի 2-րդ, այլ 112-րդ հոդվածի 1-ին մասով, հիմնավոր չեն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ, 116-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և այդ հոդվածով նրան մեղավոր ճանաչելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գոռ Հակոբի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան