Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.406.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.12.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0016/11/15 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0016/11/15

ԵԿԴ/0016/11/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ դատախազ

Վ. Պողոսյանի

դիմողի ներկայացուցիչ

Ա. Թորոսյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արսեն Մակարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով (այսուհետ՝ նաև ՀԿԳ) քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կ.Սահակյանի (այսուհետ՝ նաև Քննիչ)՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ հարուցվել է թիվ 69110614 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

2014 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ.Պողոսյանի (այսուհետ՝ նաև Դատախազ) որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69110614 քրեական գործի վարույթը կարճվել է` Կարեն Հարությունյանի և երկու այլ անձանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Ա.Մակարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Ա.Մակարյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. 2015 թվականի փետրվարի 9-ին Ա.Մակարյանը և նրա ներկայացուցիչ Ա.Թորոսյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով պարտավորեցնել վերացնելու Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումները:

Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ա.Թորոսյանի բողոքը բավարարվել է. ՀՀ գլխավոր դատախազությանը պարտականություն է սահմանվել վերացնելու Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումներով թույլ տրված և դատարանի որոշմամբ արձանագրված Ա.Մակարյանի իրավունքների խախտումը:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. 2014 թվականի նոյեմբերի 25-ին Դատախազ Վ.Պողոսյանը, վկայակոչելով Լ.Ավետիսյանի որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և արդյունքում եզրահանգելով, որ Ա.Մակարյանի և Կ.Հարությունյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 134-138):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «Դատախազը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածներում ամրագրված իմպերատիվ պահանջները, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով, թույլ չի տվել քրեական վարույթն իրականացնող մարմնին` տվյալ դեպքում քննիչին, ձեռնարկել քրեադատավարական օրենսգրքով նախատեսված բոլոր արդյունավետ միջոցները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձի (անձանց) մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները։

Այսպիսով, դատարանը, չանդրադառնալով քննարկվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների գնահատմանը, Կարեն Հարությունյանի կամ այլ անձանց կողմից ենթադրաբար քրեական օրենքով արգելված որևէ արարք կատարելու կամ այդպիսի արարքի բացակայության մասին հանգամանքներին, դատողություններ չի ներկայացնում, թե Կարեն Հարությունյանի և Արսեն Մակարյանի միջև տեղի ունեցած իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական, թե քրեաիրավական բնույթ, այլ արձանագրում է, որ դրանց բացահայտման համար քրեական վարույթն իրականացնող մարմինը` քննիչը, չի ունեցել բավարար հնարավորություն, քանի որ գործը կարճվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից` զրկելով ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություն տվող, իսկ սույն միջնորդությամբ դիմող հանդիսացող անձին իրացնելու իր՝ Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված իրավունքները։» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 100-101)։

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր դատական ակտում փաստել է. «(…) [Ք]րեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջի պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է իրականացնել մի շարք դատավարական գործողություններ, որպեսզի պարզվի, թե իրականում Կարեն Հարությունյանի և Արսեն Մակարյանի միջև նախնական պայմանավորվածություն, մասնավորապես, որ վերջինը պարտավոր էր հետևեր, որպեսզի մեկ տարի հետո ստացված եկամուտներից Տիգրան Գաբրիելյանը մարի պարտքը, ինչպես նաև Կարեն Հարությունյանի առաջարկով նշված պայմանավորվածությունը պետք է ձևակերպվեր գրավոր, թե՝ ոչ: Այսինքն՝ նշված փաստաթուղթը պետք է կրեր Տիգրան Գաբրիելյանի գործողությունների վերաբերյալ երաշխիքային բնույթ (հետևողական լինել, որպեսզի Տիգրան Գաբրիելյանը ստացված եկամտից մարի պարտքը), թե Արսեն Մակարյանի համար՝ բնույթով և պարտավորվածությամբ այլ իրավական փաստաթուղթ` փոխառության պայմանագիր:

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է քննության առարկա դարձվի այն հանգամանքը, թե ինչպես է ստացվել, որ Տիգրան Գաբրիելյանը, Կարեն Հարությունյանին գումար պարտք լինելով (ի դեպ նշված հանգամանքի մասին պնդում է նաև Տիգրան Գաբրիելյանը), փոխառության պայմանագիրը կնքել է Արսեն Մակարյանի հետ: Ավելին` հարկ է ուշադրություն դարձնել, որ Կարեն Հարությունյանն արդեն իսկ քաղաքացիադատավարական կարգով 500.000 ԱՄՆ դոլար գումարի (այն նույն գումարի չափով, որքանով Արսեն Մակարյանի հետ է կնքել փոխառության պայմանագիր) պահանջով հայց է ներկայացրել Տիգրան Գաբրիելյանի դեմ, և հայցն էլ դատարանի կողմից բավարարվել է: Իսկ, եթե Արսեն Մակարյանն իրականում գումար պարտք չէ Կարեն Հարությունյանին, ապա դիմումատուի այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեաիրավական գնահատական պետք է տրվի ենթադրյալ խաբեության արդյունքում փոխառության պայմանագիր կնքելու և հետագայում դրա հիման վրա գումար վերցնելու Կարեն Հարությունյանի գործողություններին, արդարացված է:

Հետևապես` քրեական գործում առկա նյութերը վկայում են այն մասին, որ վերը նշված անձանց միջև ձևավորված հակասական հարաբերությունների պայմաններում խարդախության հանցակազմի առկայության կամ բացակայության հարցը հնարավոր է պարզել միմիայն քրեադատավարական գործողությունների արդյունքում, այլապես՝ տվյալ փուլում վերը նկարագրված իրավիճակը դիտարկել քաղաքացիաիրավական հարաբերություն, վաղաժամ է և չի բխի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջներից:

(...)

Բացի այդ, (...) քրեական գործ հարուցելու որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին և նույն օրը որոշման պատճենը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: 2014 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է թիվ 69110614 քրեական գործը, որն էլ ստացվել է նույն թվականի նոյեմբերի 14-ին, իսկ նոյեմբերի 25-ին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերը նշվածից պարզ է դառնում, որ դատախազի կողմից յոթօրյա ժամկետում քրեական գործ հարուցելու որոշումը չի վերացվել (ինչը վկայում է այն մասին, որ որոշման օրինականությունը ընդունելի է եղել վերջինի կողմից), այլ միայն հարուցումից 10 օր անց թիվ 69110614 քրեական գործը ստուգման նպատակով պահանջվել է և այնուհետև՝ կարճվել: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործի հարուցումից հետո՝ մինչև քրեական գործի պահանջելը, առերևույթ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք միանշանակ կվկայեին խարդախության հանցակազմի բացակայության մասին, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար: Ավելին՝ նշված ժամանակահատվածում քրեական գործում առկա տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ է ձեռնարկվել (ՌԴ գրություն է ուղարկվել, հեռախոսային զանգերի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել), սակայն նշված գործողությունների պատասխանները դեռևս ստացված չեն եղել» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2, թերթեր 33-40):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, թե դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացնելով թույլ չի տվել քրեական վարույթն իրականացնող մարմնին ձեռնարկել քրեադատավարական օրենսգրքով նախատեսված բոլոր արդյունավետ միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, գտել է, որ դրանք անհիմն են և չեն բխում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից: Բողոքաբերն անհիմն է համարել նաև դատարանների կողմից բերված այն պատճառաբանությունը, թե դատախազի կողմից կայացրած որոշումը վարույթն իրականացնող մարմնին սահմանափակել է մի շարք դատավարական գործողություններ իրականացնելու հնարավորությունը, որոնց կատարումից կպարզվեին ինչպես Կ.Հարությունյանի և Ա.Մակարյանի միջև եղած հարաբերությունների բնույթը, այնպես էլ ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձի մեղավորությունը հիմնավորող կամ արդարացնող հանգամանքները:

9.1. Վկայակոչելով Լ.Ավետիսյանի գործով թիվ ԵԿԴ/0176/01/09 և Ռ.Բալասանյանի գործով թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշումներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ խարդախության հանցակազմի և քաղաքացիաիրավական հարաբերությունների սահմանազատման վերաբերյալ՝ բողոքաբերը եզրահանգել է, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով, մասնավորապես՝ Ա.Մակարյանի, Ս.Մարգարյանի և Տ.Գաբրիելյանի ցուցմունքներով, հիմնավորվել է, որ Կ.Հարությունյանի և Ա.Մակարյանի միջև եղած հարաբերությունները քաղաքացիաիրավական բնույթի են, որն էլ հիմք է հանդիսացել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քրեական գործի վարույթը կարճելու համար:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ՝ Վերաքննիչ դատարանն արդյոք կայացրել է պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(…)»:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս Ն.Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը): Նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ (տե՛ս վկայակոչված որոշման 5-րդ կետը):

Վերահաստատելով վերոհիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Մ]ինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին» (տե՛ս Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը):

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

14. Վերահաստատելով և զարգացնելով Ֆ.Գալստյանի և Գ.Խնուսյանի գործերով արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր: Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա: Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ 2014 թվականի նոյեմբերի 25-ին Դատախազ Վ.Պողոսյանը, վկայակոչելով Լ.Ավետիսյանի որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և արդյունքում եզրահանգելով, որ Ա.Մակարյանի և Կ.Հարությունյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթն արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանը, քննարկելով Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ բերված բողոքը, 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ այն մերժել է անհիմն լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն իր՝ 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ա.Թորոսյանի բողոքը բավարարել է. ՀՀ գլխավոր դատախազությանը պարտականություն է սահմանել վերացնելու Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումներով թույլ տրված և դատարանի որոշմամբ արձանագրված Ա.Մակարյանի իրավունքների խախտումը: Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը հիմնավորել է նրանով, որ Դատախազը, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով, թույլ չի տվել քննիչին ձեռնարկել Քրեադատավարական օրենսգրքով նախատեսված բոլոր արդյունավետ միջոցները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձի (անձանց) մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր դատական ակտը պատճառաբանել է այլ դատողությունների հետ զուգահեռ նաև նրանով, որ եթե Ա.Մակարյանն իրականում գումար պարտք չէ Կ.Հարությունյանին, ապա դիմումատուի այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեաիրավական գնահատական պետք է տրվի ենթադրյալ խաբեության արդյունքում փոխառության պայմանագիր կնքելու և հետագայում դրա հիման վրա գումար վերցնելու Կ.Հարությունյանի գործողություններին, արդարացված է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «[Դ]ատախազի կողմից յոթօրյա ժամկետում քրեական գործ հարուցելու որոշումը չի վերացվել (ինչը վկայում է այն մասին, որ որոշման օրինականությունը ընդունելի է եղել վերջինի կողմից), այլ միայն հարուցումից 10 օր անց թիվ 69110614 քրեական գործը ստուգման նպատակով պահանջվել է և այնուհետև՝ կարճվել: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործի հարուցումից հետո՝ մինչև քրեական գործի պահանջելը, առերևույթ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք միանշանակ կվկայեին խարդախության հանցակազմի բացակայության մասին, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունը, որ եթե Ա.Մակարյանն իրականում գումար պարտք չէ Կ.Հարությունյանին, ապա դիմումատուի այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեաիրավական գնահատական պետք է տրվի ենթադրյալ խաբեության արդյունքում փոխառության պայմանագիր կնքելու և հետագայում դրա հիման վրա գումար վերցնելու Կ.Հարությունյանի գործողություններին, արդարացված է, իր բնույթով վերացական է. այն չի կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ դատողություն:

Բացի այդ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմանը, որ քրեական գործի հարուցումից հետո մինչև քրեական գործի պահանջելն առերևույթ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք միանշանակ կվկայեին խարդախության հանցակազմի բացակայության մասին, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հիմնավոր չէ նման փաստարկով քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափությունը կասկածի տակ դնելը:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ՝ Վերաքննիչ դատարանը չի կայացրել պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները՝ կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական ակտ:

19. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության պահանջների խախտման պարագայում Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 9.1-րդ կետում բարձրացրած փաստարկին անդրադառնալու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արսեն Հայկարամի Մակարյանի իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 27-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան