Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1035
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.03.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/0024/11/15 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0024/11/15

ԵԱՔԴ/0024/11/15

Նախագահող դատավոր` Վ. Ռշտունի

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ  
դիմող

Փ. Թերոյանի

2016 թվականի մարտի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մ. Հարությունյանի 2013 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Ա. Աղաջանյանի կողմից խարդախությամբ Փնջիկ Թերոյանից առանձնապես խոշոր չափերով` 22.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված թիվ 62207512 քրեական գործի վարույթը կարճվել է, և Ա. Աղաջանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցակազմի բացակայության հիմքով:

2014 թվականի օգոստոսի 27-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ թիվ 62207512 քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մ. Հարությունյանի և նույն բաժանմունքի ավագ քննիչ Ս. Մխիթարյանի կողմից կատարվել են խախտումներ, մասնավորապես, մի շարք զննություններ կատարվել են առանց ընթերակաների:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մինասյանը (այսուհետ նաև` Քննիչ) 2014 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

2014 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին հիշյալ որոշումը վերացվել է, և դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի 2014 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ընդունվել է վարույթ, և դրան շնորհվել է թիվ 62226614 համարը:

Քննիչի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Մ. Հարությունյանի և Ս. Մխիթարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և գործի վարույթը կարճվել է:

Քննիչի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման դեմ Փնջիկ Թերոյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բողոքները ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Է. Արամյանի համապատասխանաբար 2015 թվականի հունվարի 28-ի և փետրվարի 5-ի որոշումներով մերժվել են:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Քննիչի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման դեմ Փ. Թերոյանի և Ա. Սաքունցի բողոքները մերժել է:

3. Փ. Թերոյանի և Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 19-ի որոշումը բեկանել և Քննիչի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը վերացրել է:

4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը:

5. Դատավարության մասնակիցներ Փ. Թերոյանի և Ա. Սաքունցի կողմից 2015 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որտեղ վերջիններս, գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է օրինական և հիմնավորված դատական ակտ, խնդրել են այն թողնել օրինական ուժի մեջ` մերժելով վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` «ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի 26.12.2014թ-ի թիվ 62226614 քրեական գործով Մհեր Հարությունյանի և Սասուն Մխիթարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է օրենքին համապատասխան, և որևէ անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն, ուստի ներկայացված բողոքները ենթակա են մերժման» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 88):

7. Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, բեկանել է այն և վերացրել Քննիչի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնին` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու հարցին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածը շահագրգիռ անձին իրավունք է տալիս քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները բողոքարկել սկզբում դատախազին, իսկ դատախազի կողմից չբավարարվելու դեպքում` դատարան: Իսկ 264-րդ հոդվածի 1-ին մասը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի տրամաբանական շարունակությունն է, առանց բացառության նախատեսում է ընդհանուր կարգավորում, համաձայն որի` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու դեպքում քրեական գործով վարույթը վերսկսվում է: Վերը նշված նորմերի իմաստային վերլուծությունը Վերաքննիչ դատարանին բերում է այն հետևության, որ կարճման որոշումը վերացնելու իրավասությունը հավասարապես վերապահված է ինչպես դատախազին, այնպես էլ` դատարանին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 72):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, քանի որ դատական ակտ կայացնելիս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

Բողոքաբերը, մասնավորապես, փաստարկել է, որ ստորադաս դատարանը, վերացնելով Քննիչի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 290-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պահանջները, քանի որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացնելու իրավունքը պատկանում է բացառապես դատախազին, իսկ դատարանը կարող է միայն որոշում կայացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։

Բողոքաբերի պնդմամբ` բողոքարկվող դատական ակտը հակասում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Լաուրա Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշումներին և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմանը։

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դատական ստուգման սահմանների կապակցությամբ առկա է առերևույթ հակասություն Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի և Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումների, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշման միջև (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Ուստի, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոնշյալ դատական ակտերի միջև հակասությունների առկայության հարցին:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է արդյոք Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Լաուրա Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշումներին և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմանը:

11. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

12. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ դատական օրենսգրքի վերոհիշյալ նորմերը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը` եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն» (տե'ս Վճռաբեկ դատարանի` Վազգեն Խնոևի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0179/11/14 որոշման 16-րդ կետը, mutatis mutandis, Անահիտ Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 14-15-րդ կետերը):

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

2. (…) Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել (…) քրեական գործը (…) կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ պարտականությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:

14. ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իրավակարգավորման վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 290 հոդվածի 1-ին մասի համաձայն` ինչպես դատախազը, այնպես էլ դատարանն իրավասու են քննելու [հետաքննության մարմնի, քննիչի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի], այդ թվում` նաև դատախազի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր լինելու դեմ բերված բողոքները: Սակայն տարբեր են այդ բողոքների քննության արդյունքում խախտված իրավունքի վերականգնման եղանակները, ձևերը և իրավական հետևանքները, մասնավորապես, դատական վերահսկողությունն իրականացվում է անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականության մասին որոշման կայացմամբ: Հետևաբար, դրանով է պայմանավորված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի` սույն գործով վիճարկվող 5-րդ մասի նորմատիվ պահանջը, որին համապատասխան բողոք քննելու արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե հետաքննության մարմնին, քննիչին և օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես տեղի ունի դատախազական հսկողության դեպքում, այլ այդ մարմինների ու պաշտոնատար անձի կողմից թույլ տրված օրինախախտումը վերացնելը և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելը պարտավորեցնելով, որը բխում է դատական իշխանության սահմանադրաիրավական բովանդակությունից և դրան համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատարանի լիազորություններից (…) (տե´ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման 8-րդ կետը):

14.1. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանն իր հերթին իրավական վերլուծության է ենթարկել Ներսես Միսակյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «[Ն]ախաքննության մարմնի` քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը (վարույթի մասը) կարճելու վերաբերյալ որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության օբյեկտ են, այդ որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը` դատական վերահսկողության առարկա:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով դատարանը պարտավոր է բողոքի քննության արդյունքներով կայացնել կամ ներկայացված բողոքը մերժելու որոշում, եթե գտնի, որ անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, կամ կայացնի որոշում` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին, եթե հիմնավորված կհամարի, որ տեղի է ունեցել անձի իրավունքների կամ ազատությունների խախտում (…)» (տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

Լ. Զարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «[Մ]ինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և դատախազական հսկողության հետ համատեղ կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը, սակայն, դատախազական հսկողության համեմատ ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք իրենց հերթին պայմանավորում են վերահսկողության օբյեկտի (առարկայի), վերահսկողության իրականացման ընթացակարգի (դատավարական ձևի), ընդունվող որոշումների և դրանց իրավական նշանակության տարբերությունները:

Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով» (տե´ս Վճռաբեկ դատարանի` Լաուրա Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Լ. Զարյանի գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը (տե´ս Վճռաբեկ դատարանի` վերը հիշատակված Լաուրա Զարյանի գործով որոշման 14-րդ կետը):

15. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի խախտված իրավունքների վերականգնման ձևի առումով կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի` անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կարգավորումը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Քննիչի` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ դիմող Փ. Թերոյանի և նրա ներկայացուցիչ Ա. Սաքունցի բողոքները մերժել է (տե´ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը և վերացրել Քննիչի որոշումը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Նախորդ կետում վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-րդ և 14-15-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 և Լաուրա Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշումներին, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Ն. Միսակյանի և Լ. Զարյանի գործերով կայացված դատական ակտերի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 14.1-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված և սույն գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ դատարանները դատական ստուգման են ենթարկել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Լ. Զարյանի գործով և սույն գործով վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու մասին: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Ն. Միսակյանի և Լ. Զարյանի գործերով որոշումների հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանի համար պարտադիր են եղել:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Վճռաբեկ դատարանի կողմից Ն. Միսակյանի և Լ. Զարյանի գործերով որոշումների, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու շրջանակներում որոշում է կայացրել այն վերացնելու, այլ ոչ թե անձի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել է Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշումների հիմնավորումները, որոնք դատարանի համար պարտադիր են եղել: Ստորադաս դատարանը ոչ միայն չի կիրառել կիրառման ենթակա` Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումները, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է` վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 264-րդ հոդվածների կարգավորումները, մինչդեռ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ, այնպես էլ 264-րդ հոդվածներով նախատեսված չէ որևէ նորմ, որը դատարանին լիազորություն կվերապահի քրեական գործի վարույթը կարճելու որոշման դատական ստուգման արդյունքում վերացնելու այդ որոշումը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչած նորմերը դատարանի լիազորությունների առումով որևէ բացառություն չեն նախատեսում մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր նորմի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներից: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման կառուցակարգի վերաբերյալ` Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես` խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, արդյունքում նաև` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջները։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի վիճարկում Վերաքննիչ դատարանի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քննիչի որոշմամբ Փ. Թերոյանի իրավունքների ու ազատությունների խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ դիրքորոշման իրավաչափությունը: Նման պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կաշկանդված լինելով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակով` Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում Քննիչի վերոհիշյալ որոշման անօրինական և ոչ հիմնավորված լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները: Վերոնշյալի հաշվառմամբ, արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները բավարար են Վերաքննիչ դատարանի դատական ակտը փոփոխելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թ. նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Փնջիկ Հովհաննեսի Թերոյանի և նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և փոփոխել` եզրափակիչ մասի երկրորդ պարբերությունը շարադրելով հետևյալ խմբագրությամբ` «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 19-ի որոշումը բեկանել` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ թույլ տրված դիմող Փնջիկ Թերոյանի իրավունքների խախտումները»:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան