Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
24.06.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
24.06.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ/0034/01/15 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՇԴ/0034/01/15

ՇԴ/0034/01/15

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ՝

 Մ. Պետրոսյան
 Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

 

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի և Սեյրան Մանվելի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 68121914 քրեական գործը:

2014 թվականի դեկտեմբերի 20-ին Հովհաննես Մարտիրոսյանը, Մկրտիչ Պողոսյանը և Սեյրան Պետրոսյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով Հովհաննես Մարտիրոսյանը և Մկրտիչ Պողոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով Հ.Մարտիրոսյանի և Մ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Սեյրան Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Ս.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

2015 թվականի ապրիլի 27-ին Մ.Պողոսյանին, Հ.Մարտիրոսյանին և Ս.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2015 թվականի մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճռով Մ.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատավճիռների համակցությամբ Մ.Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով:

Հ.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ս.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել տուգանքի` 1.000.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Ս.Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 ՀՀ դրամի չափով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 11-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մ.Պողոսյանին, Հ.Մարտիրոսյանին և Ս.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, «նախնական համաձայնությամբ 2014թ-ի դեկտեմբերի 19-ին` ժամը 22-ի սահմաններում, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակի 2 հասցեում գտնվող գնացքների կայարանից դեպի արևելք ընկած տեղանքում Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի բնակիչ Արսեն Մամբրեի Գրիգորյանի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, տեղյակ լինելով, որ Արսեն Գրիգորյանը տեղանքին անծանոթ է, խանութ է փնտրում` գնումներ կատարելու համար և նրա մոտ գումար կա, օգտվելով նրա միայնակ լինելու, շրջապատում մարդ չլինելու և տեղանքն ամայի լինելու հանգամանքներից, պահանջել են գումար: Արսեն Գրիգորյանից մերժում ստանալով` Մկրտիչ Պողոսյանը, Արսեն Գրիգորյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել` մեկ անգամ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո Հովհաննես Մարտիրոսյանը բռնել է Արսեն Գրիգորյանի ձեռքերից, իսկ Մկրտիչ Պողոսյանը և Սեյրան Պետրոսյանը ստուգել են Արսեն Գրիգորյանի գրպանները և բաճկոնի գրպանից հայտնաբերելով հափշտակել են զգալի չափի` 57.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 123-131):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) [Ա]մբաստանյալներ Մկրտիչ Պողոսյանի, Սեյրան Պետրոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի [նկատմամբ] պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, յուրաքանչյուրի կատարած գործողությունները և հանցավորների անձը.

Ամբաստանյալ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի պատասխանատվությունը և պատիժն ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի նշում, իսկ անձը բնութագրող հանգամանք է համարում բնակության վայրում դրական բնութագրվելը, անկեղծորեն խոստովանելն ու զղջալը:

Ամբաստանյալ Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի պատասխանատվությունը և պատիժն ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի նշում, իսկ անձը բնութագրող հանգամանք է համարում բնակության վայրում դրական բնութագրվելը:

Ամբաստանյալ Սեյրան Մանվելի Պետրոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում պատճառված վնասը կամովին վերականգնելը, խնամքին մինչև 14 տարեկան (...)` հիվանդ երեխա ունենալը, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարում կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը:

Պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի նշում:

(...) [Ա]նդրադառնալով ամբաստանյալներ Մկրտիչ Պողոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի [նկատմամբ] նշանակվող պատժի տեսակի հարցին, (...) [Առաջին ատյանի դատարանը] հանգում է հետևության, որ նրանց [նկատմամբ] պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:

(...) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Սեյրան Մանվելի Պետրոսյանի [նկատմամբ] նշանակվող պատժի տեսակի հարցին, (...) հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` հանգում է հետևության, որ նրա [նկատմամբ] պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 74-78):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրող Կ.Հովհաննիսյանը նշել է. «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` Մկրտիչ Պողոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի արարքում որպես ծանրացնող հանգամանք չի նշել հանցանքը կատարելու ռեցիդիվը:

Այսպես.

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն` Մկրտիչ Պողոսյանը 15.06.2012 թվականին ՌԴ Լազարևսկի շրջանի դատարանի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով /գողություն, որը կատարվել է զգալի չափերով/ դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով: Այնուհետև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 19.12.2014 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամի չափով:

Հովհաննես Մարտիրոսյանը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 26.09.2012 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով, այնուհետև 13.12.2012 թվականին տուգանքի վճարման համար սահմանվել է 1 տարի ժամանակ, որից հետո 04.03.2013 թվականին տուգանքը փոխարինվել է 2200 ժամ հանրային աշխատանքով:

(...)

Ինչ վերաբերում է Սեյրան Պետրոսյանի նկատմամբ տուգանքի ձևով պատիժ նշանակելուն, ապա ակներև է, որ դատարանն անհամաչափ, ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել և հաշվի չի առել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված դատական պրակտիկան, կատարված հանցագործության բնույթն ու հանրորեն վտանգավորության աստիճանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 2-9):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Սույն քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և Ս.Պետրոսյանի նկատմամբ պատիժներ նշանակելիս ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել նրանց կողմից կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի` բնակության վայրում դրական բնութագրվելը, անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի` բնակության վայրում դրական բնութագրվելը, Սեյրան Մանվելի Պետրոսյանի կողմից պատճառված վնասը կամովին վերականգնելը, խնամքին մինչև 14 տարեկան (...)՝ հիվանդ երեխա ունենալը, կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը: Տուժող Ա.Գրիգորյանը գրավոր դիմում է ներկայացրել այն մասին, որ ամբաստանյալներից որևէ պահանջ կամ բողոք չունի, խնդրում է նրանց նկատմամբ մեղմ մոտենալ: (…)

Ընդհանուր իրավասության դատարանը նման պայմաններում ամբաստանյալներ Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և Ս.Պետրոսյանի [նկատմամբ] նշանակել է արդարացի պատիժներ, որոնք բխում են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Այսպիսով, մեղադրողի վերաքննիչ բողոքը, որով վերջինս ըստ էության վիճարկում է ամբաստանյալների կողմից կատարած արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը և գտնում, որ դատարանը, ամբաստանյալների նկատմամբ նշանակելով մեղմ պատիժներ, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ դրույթների /10-րդ, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-62-րդ հոդվածների/ պահանջները` պետք է մերժել` նկատի ունենալով, որ մեղադրողի վերաքննիչ բողոքի փաստարկները բավարար չեն ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները խստացնելու համար: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 68-76):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների պահանջները` կայացնելով անհիմն և անօրինական դատական ակտ:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկների` բողոքաբերը վկայակոչել է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 84-րդ հոդվածներով ամրագրված նորմերը և գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ արձանագրել, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի և Հ.Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել հանցանքը կատարելու ռեցիդիվը` որպես այդ անձանց պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, բողոք բերած անձը վերլուծել է Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը չի բխում նրան մեղսագրվող հանցագործության դեմ իրականացվող քրեական քաղաքականության պահանջներից: Հետևաբար, ըստ բողոքաբերի` նշանակված պատժով անտեսվել է քրեական օրենսդրությամբ պահպանվող` կոնկրետ հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը:

Ամփոփելով` բողոքի հեղինակը գտել է, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակվել են անհամաչափ պատիժներ, ինչը հակասում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին:

10. Բողոքաբերը վերլուծել է նաև դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ քրեադատավարական նորմերն ու դրանց մեկնաբանման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված դատական ակտ: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ չի կատարվել մեղադրողի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկներին, ինչը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ, 393-րդ հոդվածի 2-րդ մասերին, ինչպես նաև` Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0058/11/09, թիվ ԵԷԴ/0030/01/12 և թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշների տեսանկյունից վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը գնահատման ենթարկել է արդյոք մեղադրողի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները, և նույն դատարանի որոշումը բավարարու՞մ է դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (…)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի, Գ.Խնուսյանի, Է.Մարգարյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (…)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Զարգացնելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Գ.Խնուսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` (…) քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (…)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

Է.Մարգարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

(…) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգելու կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանվածության չափանիշների տեսանկյունից վերլուծելով մեջբերված նորմը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին` արդյոք վերաքննիչ դատարանը պարտավոր է անդարադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին և պատճառաբանել դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ իր եզրահանգումները:

Այսպես` արդար դատաքննության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ չնայած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է դատարաններին պատճառաբանել իրենց դատական ակտերը, սակայն դա չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած փաստարկի առնչությամբ պատճառաբանված պատասխան ներկայացնելու պահանջ (տե՛ս Van de Hurk v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի` 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61): Դատարանի որոշումից պետք է պարզ դառնա, որ գործի համար էական նշանակություն ունեցող հարցերը քննարկվել են (տե՛ս Boldea v. Romania գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի փետրվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 19997/02, կետ 30), և ներկայացված պատճառաբանությունները սոսկ` առանց լրացուցիչ հիմնավորումների, ստորադաս ատյանի եզրահանգումների հավանություններ չեն (տե՛ս Helle v. Finland գործով Եվրոպական դատարանի` 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 20772/92, կետ 60):

15. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ պետք է անդրադառնա բողոքի հիմքերին: Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները (ՀՀ քերական դատավարության օրենսգրքի 308.1-րդ հոդված): Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով:

Ինչ վերաբերում է բողոքի հիմնավորումներին անդրադառնալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Մ.Պողոսյանի և Հ.Մարտիրոսյանի պատասխանատվությունն ու պատիժն ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, հաշվի է առել ամբաստանյալների դրական բնութագրվելը, Մ.Պողոսյանի դեպքում նաև` անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով: Առաջին ատյանի դատարանը Ս.Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, մեղմացնող է համարել պատճառված վնասը կամովին վերականգնելը, խնամքին մինչև 14 տարեկան` վատառողջ երեխա ունենալը, ինչպես նաև հաշվի է առել մեղքն անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և պատիժ է նշանակել տուգանքի ձևով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեղադրող Կ.Հովհաննիսյանն իր վերաքննիչ բողոքում փաստել է, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի և Հ.Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես ծանրացնող հանգամանք պետք է հաշվի առնվեր հանցագործությունների ռեցիդիվը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված արարքի համար: Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է ոչ համաչափ պատիժ` տուգանք, ինչը չի համապատախանում կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթին: Ավելին` ըստ մեղադրողի` նշանակված պատժով անտեսվել է քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը և այս ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է դատախազի վերաքննիչ բողոքը, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել բողոքի փաստարկներին` բավարարվելով Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքները վերաշարադրելով: Արդյունքում առանց որևէ լրացուցիչ հիմնավորման Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների նկատմամբ նշանակել է արդարացի պատիժներ, որոնք բխում են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

17. Սույն որոշման 15-րդ կետում ձևավորած իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմնավորումներն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս ամբաստանյալներ Մ.Պողոսյանի և Հ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես ծանրացնող հանգամանք հանցագործությունների ռեցիդիվը, իսկ Ս.Պետրոսյանի նկատմամբ` կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը հաշվի չեն առնվել, ողջամտորեն կարող են ազդել գործի համար նշանակություն ունեցող հարցի` պատժի արդարացիության գնահատման վրա: Նման պայմաններում դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքի նշված հիմնավորումները և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե ո՞ր իրավանորմերով ղեկավարվելու արդյունքում և ի՞նչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները գնահատման չենթարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժների անհամաչափ լինելու մասին բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի և Սեյրան Մանվելի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի և Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, և ամբաստանյալ Սեյրան Մանվելի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան