Համարը 
ՀՕ-150-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1471
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի կարգավորումն ու զարգացումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական և բանկային համակարգի կայունության ապահովումը, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգումը:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների և վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հաշվարկների վերջնականության կանոնները:

Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքներից, ինչպես նաև ֆոնդային բորսայում կնքված ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող հաշվարկներ (այդ թվում` ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում) իրականացնող վճարահաշվարկային համակարգերի վրա:

(1-ին հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-180-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-201-Ն)

 

Հոդված 2. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը

 

1. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով և իրավական այլ ակտերով:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության ընթացակարգը կարգավորվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման հիմքերը և ընթացակարգերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`

ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:

Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.

բ) վճարահաշվարկային կազմակերպությունները սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք են.

գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.

դ) վճարահաշվարկային համակարգի օպերատորը վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցն է, որը պատասխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության համար, և որը համակարգի այլ մասնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ.

ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.

զ) քլիրինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաև վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մասնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է.

է) վերջնահաշվարկը գործողություն է, որի արդյունքում մարվում են միջոցների փոխանցման հետ կապված վճարահաշվարկային համակարգի երկու կամ ավելի մասնակիցների միջև ծագած դրամական պարտավորությունները.

ը) զուտացումը վճարահաշվարկային համակարգի երկու կամ ավելի մասնակիցների կողմից միմյանց ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթերից բխող դրամական պահանջների կամ պարտավորությունների հաշվանց է.

թ) ռեզիդենտը և ոչ ռեզիդենտը «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններն են.

ժ) պրոցեսինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաև մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաստագրումն է.

ժա) վճարային քարտը դեբետային, վարկային, էլեկտրոնային քսակի կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ տեսակի քարտի ձևով վճարային գործիք է, որն օգտագործվում է կանխիկ դրամ ստանալու կամ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու, ինչպես նաև վճարային քարտ թողարկողի սահմանած այլ գործառնություններ կատարելու համար.

ժբ) անվերադարձելիության պահն այն պահն է, որից հետո վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթուղթը, համաձայն վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնների, չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել.

ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.

ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով.

ժե) վճարային գործիքի սպասարկումը վճարային գործիքի թողարկողի սահմանած ծառայությունների կամ դրանց մի մասի իրականացման ապահովումն է վճարային գործիք թողարկողի կամ երրորդ անձի կողմից, ում նման իրավասություն է տրված թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն.

ժզ) վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) իրավասու մարմնի որոշմամբ վճարահաշվարկային համակարգի մասնակցին վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունքից զրկելու պահն է (վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, այդ լիցենզիայի գործողության կասեցումը, վճարահաշվարկային համակարգում նրա գործունեության կասեցումը և նման այլ որոշումը, որի հետևանքով վճարահաշվարկային համակարգի մասնակիցը չի կարող մատուցել վճարահաշվարկային ծառայություններ): Սույն օրենքի իմաստով այն վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք, բացի վճարահաշվարկային ծառայություններ մատուցելուց, իրականացնում են այլ գործունեություն, վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահ է համարվում նաև այն պահը, երբ օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով տվյալ կազմակերպությունը լուծարվում կամ սնանկ կամ անվճարունակ է ճանաչվում, կամ իրավասու մարմինն ընդունում է նման այլ որոշում, որի հետևանքով տվյալ կազմակերպությունը չի շարունակում կամ չի կարող շարունակել իր բնականոն գործունեությունը.

ժէ) ժամանակավոր կառավարիչը վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը վրա հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր ադմինիստրացիան է, լուծարային կամ մրցութային կառավարիչը, լուծարման հանձնաժողովը կամ նման լիազորություններ իրականացնող այլ անձ.

ժը) ներբանկային վճարահաշվարկային համակարգը վճարահաշվարկային համակարգն է, որում ներգրավված են միայն տվյալ բանկի կամ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը.

ժթ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կատարումն ապահովող վճարահաշվարկային համակարգն է կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումն ապահովող վճարահաշվարկային համակարգը, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է.

ի) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումն ապահովող օտարերկրյա կամ միջազգային վճարահաշվարկային համակարգն է, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ.

իա) էլեկտրոնային փողը թողարկողի նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեքն է, որը`

- պահվում է էլեկտրոնային սարքի վրա,

- թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը չի կարող ավելի փոքր լինել, քան թողարկված էլեկտրոնային փողի արժեքը,

- ընդունվում է որպես վճարամիջոց թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից.

իբ) շահառուն վճարման ստացման վերջնական հասցեատերն է:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Հոդված 4. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցները

 

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ կարող են լինել Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերն ու օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը (այսուհետ` բանկ), վճարահաշվարկային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այն կազմակերպությունները, որոնք իրենց երկրում իրավունք ունեն իրականացնելու սույն օրենքով սահմանված վճարահաշվարկային և (կամ) նմանատիպ ծառայություններ:

2. Սույն հոդվածում չնշված անձանց արգելվում է ստեղծել հայաստանյան վճարահաշվարկային համակարգեր կամ լինել դրանց մասնակից:

 

 Հոդված 5. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը և դրա կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը

(վերնագիրը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերն ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում:

Սույն մասով սահմանված թույլտվություն ստանալու պահանջը չի տարածվում այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր:

2. Բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք, իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, իրավասու են մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ) Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել հետևյալ չափանիշները, որոնց առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված թույլտվությունը տրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով`

ա) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների քանակը.

բ) համակարգով կատարվող առանձին վճարման ծավալը.

գ) ընդհանուր վճարումների ծավալները.

դ) մասնակիցների կապիտալի և վճարումների ծավալի հարաբերակցությունը.

ե) վճարահաշվարկային համակարգերի անվանացանկը (հիմք ընդունելով համակարգերին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և (կամ) միջոցառումների առկայությունը):

4. Կենտրոնական բանկը կարող է փոփոխել իր սահմանած չափանիշների մեծությունները: Չափանիշների մեծությունը խստացնող Կենտրոնական բանկի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի սահմանվում:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր թույլտվությունը, եթե հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը և (կամ) մասնակիցները, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը`

ա) խախտել են սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

բ) սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում:

Կասեցման ողջ ժամանակաշրջանում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը և այլ մասնակիցներ, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը չեն կարող տվյալ վճարահաշվարկային համակարգով որևէ վճարահաշվարկային ծառայություն մատուցել, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կասեցման որոշման մեջ նշված առանձին վճարահաշվարկային ծառայությունների:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշների մեծության փոփոխման կամ վճարահաշվարկային համակարգի գործունեության փոփոխման հետևանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքերում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության դեպքում` դրա մասնակիցը, պարտավոր են համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վճարահաշվարկային համակարգերի համար սահմանել տեխնիկական, անվտանգության, ծրագրային, ինչպես նաև համակարգի գործունեության կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջներ:

8. Կենտրոնական բանկը վարում է իր տված թույլտվությունների գրանցամատյանը: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները, համընդհանուր ծանոթացման համար տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(5-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 6. Վճարահաշվարկային համակարգին ներկայացվող պահանջները

 

1. Կենտրոնական բանկի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված թույլտվությունը ստանալու համար վճարահաշվարկային համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

ա) ունենա վճարահաշվարկային համակարգի օպերատոր, որի գործադիր մարմնի ղեկավարը պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման պահանջներին.

բ) առկա լինի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջև կնքված` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դրույթներով գործունեության պայմանագիրը.

գ) բավարարի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` վճարահաշվարկային համակարգերին ներկայացվող տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության, ինչպես նաև համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջները:

 

Հոդված 7.    Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը

 

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու համար վճարահաշվարկային համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու միջնորդագիր, վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրի` իրավասու կառավարման մարմնի որոշումը համակարգին անդամակցելու մասին.

բ) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջև կնքված գործունեության պայմանագրի (պայմանագրերի) պատճենը, որում պետք է սահմանված լինի, թե ով է համակարգի օպերատորը, նշվեն համակարգի մասնակիցների իրավասությունները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի մասնակիցների հայեցողությամբ այլ դրույթներ.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով տեղեկանք, որը պետք է պարունակի տեղեկություններ համակարգի մասնակիցների, մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին.

դ) վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի հաստատած վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը, իսկ սույն օրենքով սահմանված գործունեության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում` այդ կարգով սահմանված ձևով հաստատված կանոնակարգը: Կանոնակարգը ներառում է համակարգի գործունեության կանոնները, նախատեսված գործառույթները և ընթացակարգերը, կառավարման և կազմակերպման կարգը և պայմանները, դիտորդ խորհուրդ ունենալու դեպքում` վերջինիս ձևավորման, գործունեության կարգը և պայմանները: Սույն կետով սահմանված կանոնակարգի դրույթները պարտադիր են համակարգի բոլոր մասնակիցների համար.

ե) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է պարունակի համակարգի ստեղծման տնտեսական հիմնավորումը, ֆինանսավորման աղբյուրները, առաջիկա երեք տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը, հեռանկարային զարգացման միտումները, համակարգում հաշվարկների բնագավառում առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցները.

զ) վճարահաշվարկային համակարգի օպերատորի ղեկավարների մասին տեղեկանք` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է վճարահաշվարկային համակարգի գործունեության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը:

Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին վճարահաշվարկային համակարգի օպերատորին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

3. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված թույլտվությունն ստանալու համար վճարահաշվարկային համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր` վճարահաշվարկային համակարգ ստեղծելու մասին, և սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից քսան օր հետո թույլտվությունը համարվում է տրված, եթե Կենտրոնական բանկն այդ ժամկետում չի տեղեկացնում վճարահաշվարկային համակարգի օպերատորին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:

5. Վճարահաշվարկային համակարգի օպերատորի փոփոխման կամ համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխության վերաբերյալ որոշումը վճարահաշվարկային համակարգի օպերատորը ներկայացնում է Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

Կենտրոնական բանկը դիմումն ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է սույն հոդվածով նախատեսված համաձայնությունը, եթե տվյալ փոփոխությունը չի հակասում սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջներին, կամ տվյալ փոփոխությամբ չի վտանգվի վճարահաշվարկային համակարգի կայունությունը կամ անվտանգությունը: Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի` համաձայնություն տալու պահից:

Եթե Կենտրոնական բանկը երկամսյա ժամկետում դիմումը չի մերժում, ապա համաձայնությունը համարվում է տրված:

6. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կազմում կատարված փոփոխության մասին վճարահաշվարկային համակարգի օպերատորը փոփոխության կատարման պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում սահմանված փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացման տեխնիկական պայմանները և ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

8. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման թույլտվությունն անժամկետ է:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 8. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը

 

1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար բանկերը, այլ կազմակերպություններ, որոնք իրավասու մարմնի տված լիցենզիայի հիման վրա իրավունք ունեն մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ (այսուհետ` դիմորդ), Կենտրոնական բանկ են ներկայացնում`

ա) թույլտվություն ստանալու միջնորդագիրը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.

բ) մասնակցության տնտեսական հիմնավորումը.

գ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը (համակարգի գործունեության նպատակը, աշխարհագրությունը, մասնակիցները, կիրառվող վճարային գործիքները, իրականացվող գործառնությունների տեսակները).

դ)  դիմորդի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որն առնվազն պարունակում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.

ե) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագիրը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը.

զ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.

է) Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված տեղեկանքը կարող է չպարունակել այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ ներառված են սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված պայմանագրում կամ պայմանագրի նախագծում կամ Կենտրոնական բանկ ներկայացված այլ փաստաթղթերում:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում դիմորդի մասնակցության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը:

Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

3. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

4. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում որոշակի տեսակի փոփոխության դեպքերում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է առնվազն եռամսյա ժամկետում տեղեկացնել այդ մասին Կենտրոնական բանկին: Սույն մասով նախատեսված փոփոխությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե համակարգի գործունեության կանոնների կամ համակարգի օպերատորի և հայաստանյան մասնակցի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխության կամ այլ հանգամանքների ի հայտ գալու հետևանքով Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցի համաձայն կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունն ստանալու համար դիմորդը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով չափանիշների վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր` վճարահաշվարկային համակարգում մասնակցելու մասին, և սույն հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «է» կետերով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից քսան օր հետո թույլտվությունը համարվում է տրված, եթե Կենտրոնական բանկն այդ ժամկետում չի տեղեկացնում դիմորդին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 8.1.

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մերժումը: Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մերժումը

 

1. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը, եթե`

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

գ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության կամ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջներին.

դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով հաստատված ուղեցույցի համաձայն` այդպիսի համակարգի գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը.

ե) վճարահաշվարկային համակարգի ստեղծումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը կհանգեցնի համակարգի մասնակից բանկի` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված ֆինանսական վիճակի վատթարացմանը:

(8.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն) 

 

Հոդված 8.2.

Վճարահաշվարկային միությունները

 

1. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են օրենքով սահմանված կարգով հիմնադրել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող վճարահաշվարկային միություններ և (կամ) մասնակցել դրանց:

2. Վճարահաշվարկային միությունը չի կարող մատուցել վճարահաշվարկային ծառայություններ:

3. Վճարահաշվարկային միությունը պետական գրանցման օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է Կենտրոնական բանկին` նշելով տեղեկություններ իր գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների մասին: Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու դեպքում վճարահաշվարկային միությունը Կենտրոնական բանկին այդ մասին տեղեկացնում է 10 օրվա ընթացքում:

(8.2-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-37-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԶՈՒՏԱՑՄԱՆ ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 9.  Վճարահաշվարկային փաստաթղթերի անվերադարձելիությունը

 

1. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի մինչև վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորություններն ուժի մեջ են մնում և ենթակա են անվերապահ կատարման ժամանակավոր կառավարչի կողմից:

2. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահից հետո, սակայն վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը վրա հասնելու օրվա ընթացքում, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորություններն ուժի մեջ են մնում և ժամանակավոր կառավարչի կողմից ենթակա են անվերապահ կատարման, եթե համակարգի օպերատորն ապացուցում է, որ տեղյակ չէր և (կամ) չէր կարող տեղյակ լինել մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահի մասին:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահի մասին իրավասու մարմնի որոշումը հետադարձ ուժ չունի մասնակցի այն իրավունքների կամ պարտավորությունների վրա, որոնք կապված են վճարահաշվարկային համակարգում հաշվարկների իրականացման հետ և ծագել են մինչև վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը:

4. Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթի մուտքագրման, ինչպես նաև վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահը սահմանվում է վճարահաշվարկային համակարգի` Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կանոններով, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 10.  Զուտացման անվերադարձելիությունը

 

1. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` համակարգում իրականացվում է զուտացում, ապա զուտացման արդյունքում վճարահաշվարկային համակարգի մասնակցի մոտ այլ մասնակցի (մասնակիցների) հանդեպ կարող է առաջանալ վճարում կատարելու միայն մեկ զուտ պարտավորություն կամ վճարում ստանալու միայն մեկ զուտ պահանջ:

2. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` վճարահաշվարկային համակարգում իրականացվում է զուտացում, և վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի մինչև վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա այդ վճարահաշվարկային փաստաթղթերի զուտացումը չի կարող անվավեր ճանաչվել և հետ հաշվարկվել:

3. Զուտացման հիման վրա հաշվարկներ իրականացնող համակարգերում գործում են սույն օրենքի 9-րդ հոդվածի կանոնները:

 

Հոդված 11.  Ֆինանսական ակտիվների օգտագործումը Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող մասնակցի կողմից

 

1. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահն սկսելու օրվա դրությամբ նրա` Կենտրոնական բանկում, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունում վճարահաշվարկային փաստաթղթերի կատարման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով դեպոնացված միջոցները (փող կամ արժեթղթեր) կարող են առանց որևէ սահմանափակման (արգելանքի) տնօրինվել, տիրապետվել և օգտագործվել Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպության կողմից սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով անվերադարձելի համարվող վճարումների վերջնահաշվարկն իրականացնելու նպատակով` այն չափով, որն անհրաժեշտ է վերջնահաշվարկի իրականացման համար:

2. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների դրույթները տարածվում են, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Կենտրոնական բանկի թույլտվությամբ գործող վճարահաշվարկային համակարգերի մասնակիցների, ինչպես նաև այն վճարահաշվարկային համակարգերի մասնակիցների վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր և (կամ) հաշվարկային բանկ:

 

Հոդված 12.  Վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանումը

 

1. Վճարահաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաև վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող տվյալները (այդ թվում` էլեկտրոնային կրիչների վրա գտնվող) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետով, բայց ոչ պակաս, քան վերջիններիս ստեղծման պահից հինգ տարի ժամկետով:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցները բանկային հաշիվների, սույն օրենքով սահմանված այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման մասին պայմանագրերը, համաձայնագրերը և նման այլ փաստաթղթեր և տեղեկություններ, դրանց փոփոխությունները կամ լրացումները, պահպանում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետներով, բայց ոչ պակաս, քան սույն մասով սահմանված պայմանագրերի, համաձայնագրերի և նման այլ փաստաթղթերի գործողության դադարման պահից հինգ տարի ժամկետով:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է իրենից առգրավվող փաստաթղթերի կրկնօրինակները պահպանել իր մոտ:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված փաստաթղթերի և տեղեկությունների պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13.  Վճարահաշվարկային համակարգի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգի և դրա մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

2. Կենտրոնական բանկը կարող է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորից և այլ մասնակիցներից, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ կապված տեղեկատվություն, անգամ եթե այդ տեղեկությունը բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություն է:

3. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային համակարգի և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղերում ստուգումներ իրականացնելու միջոցով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման տեխնիկական պայմաններն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց մոտ Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանն ու Կենտրոնական բանկը վճարահաշվարկային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում կառավարության լիազորած մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով:

7. (մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-180-Ն)

8. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեության նկատմամբ Կենտրոնական բանկի` սույն հոդվածով նախատեսված վերահսկողության իրավասության վերաբերյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի վրա:

(13-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 14.

 Վճարահաշվարկային համակարգի դիտորդ խորհրդի վերահսկողությունը վճարահաշվարկային համակարգի մասնակիցների նկատմամբ

 

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով վճարահաշվարկային համակարգի մասնակիցները կարող են ստեղծել դիտորդ խորհուրդ, որտեղ ընդգրկվում են վճարահաշվարկային համակարգի օպերատորի, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցների ներկայացուցիչները: Դիտորդ խորհրդի ձևավորման, գործունեության կարգը և պայմանները սահմանվում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգով:

 

Հոդված 15.

 Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի օպերատորին և այլ մասնակցին տալ նախազգուշացում և խախտումները վերացնելու կամ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելու հանձնարարական: Հանձնարարականում Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ, որը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականը չկատարելու կամ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է արգելել վճարահաշվարկային համակարգի մասնակցի (բացառությամբ օպերատորի) գործունեությունը հայաստանյան վճարահաշվարկային համակարգում, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի դեպքում` կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր թույլտվությունը:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում կրկին թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել փոխել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, իսկ նման պահանջը չբավարարելու դեպքում` կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության վերաբերյալ իր թույլտվությունը:

4. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երեք անգամ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի և (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում չորս և ավելի անգամ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի և (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված տուգանքների գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Բացի սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներից, վճարահաշվարկային համակարգի մասնակիցը և օպերատորը կրում են նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

(15-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 16. 

 Տեղեկությունների հրապարակումը

 

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը պարտավոր է պարբերաբար հրապարակել վճարահաշվարկային համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկություններ` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով և հաճախականությամբ:

2. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի վրա:

(16-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-180-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 17.

 Վճարահաշվարկային ծառայությունները

 

1. Սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերի իմաստով վճարահաշվարկային ծառայություններ են համարվում`

ա) բանկային հաշիվների բացումը և վարումը.

բ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներով հաշվարկների իրականացումը.

 գ) հայկական դրամով կամ արտարժույթով վճարողներից որպես ձեռնարկատիրական գործունեություն վճարումների ընդունումը շահառուին ցանկացած եղանակով անմիջականորեն կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ անձի միջոցով վճարելու նպատակով կամ հայկական դրամով կամ արտարժույթով շահառուներին որպես ձեռնարկատիրական գործունեություն վճարումների կատարումն այդ անձանց օգտին ցանկացած եղանակով ստացված միջոցների հաշվին.

դ) վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների թողարկումը.

ե) վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների սպասարկումը և իրացումը (տարածումը).

զ) պրոցեսինգի իրականացումը.

է) քլիրինգի իրականացումը.

ը) երրորդ անձանց համար դրամարկղային գործառնությունների իրականացումը.

թ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձանց բնորոշ` միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործառնություններ:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել վճարահաշվարկային ծառայությունների իրականացման կանոններ և (կամ) վճարային գործիքների շրջանառության կանոններ և (կամ) հաշվարկների իրականացման ձևեր, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների առանձին տեսակների ցանկը, որոնք կարող են մատուցել սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում չնշված անձինք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները և հաշվարկների իրականացման ձևերը պետք է միևնույնը լինեն միևնույն տեսակի լիցենզիա ունեցող վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձանց համար:

(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 18. 

 Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք

 

1. Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք են և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն`

ա) Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

բ) բանկը` բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

գ) վճարահաշվարկային կազմակերպությունները` սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանը` գանձապետական համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-180-Ն)

զ) այլ անձինք, որոնք վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով:

2. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-180-Ն, 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 19.

 Վճարահաշվարկային կազմակերպությունները

 

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է: Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են`

ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացումը.

բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը:

2. Սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային կազմակերպությունների տեսակներն են`

ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայություններ, ինչպես նաև վերջիններիս հետ կապված և Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ.

բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունները չեն կարող իրականացնել առևտրային, արտադրական և այլ տիպի գործունեություն, բացառությամբ օրենքով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Առանց Կենտրոնական բանկի տված համապատասխան լիցենզիայի արգելվում է վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել վճարահաշվարկային փաստաթղթերի և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, փոստային կապի ծառայությունների մատուցում:

Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեություն, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումներ` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

5.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է առանց մասնաճյուղ ստեղծելու վճարումներ կատարել իր գտնվելու վայրից դուրս` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. «Վճարահաշվարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:

7. Վճարահաշվարկային կազմակերպությունները վճարահաշվարկային ծառայությունները մատուցում են իրենց բարձրագույն կառավարման մարմնի հաստատած աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

Կենտրոնական բանկը լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից տասնհինգօրյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ տասնհինգօրյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները հակասում են սույն oրենքին կամ այլ oրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին:

Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացնելու տեխնիկական պայմաններն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(19-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-10-Ն, 13.11.07 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 19.1.

Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը

 

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է պատվիրակման պայմանագրով իր գործառույթներից որևէ մեկի կամ դրանց մի մասի կատարումը որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ անձի:

2. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության ներքին հսկողության որակի կամ վճարահաշվարկային կազմակերպության` օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգի կարողության վատթարացմանը:

3. Վճարահաշվարկային ծառայությունների պատվիրակումը չի թույլատրվում:

4. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է իր գործառույթների իրականացումը պատվիրակել այլ անձի, եթե բավարարում է հետևյալ պայմանները միաժամանակ`

ա) պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինների պատասխանատվության փոխանցման.

բ) վճարահաշվարկային կազմակերպության հարաբերությունները հաճախորդների հետ և նրա պատասխանատվությունը հաճախորդների առջև չպետք է ենթարկվեն փոփոխության.

գ) չպետք է վտանգվի այն իրավական ակտերի պահանջների կատարումը, որոնք անհրաժեշտ են լիցենզիայի ստացման և պահպանման համար.

դ) վճարահաշվարկային կազմակերպությանը լիցենզիայի տրամադրման որևէ այլ պայման չպետք է փոփոխվի կամ վերացվի:

5. Իր գործառույթների կատարումն այլ անձի պատվիրակելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այդ անձի կողմից պատվիրակված ծառայության հետ կապված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

6. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ սույն oրենքով և այլ oրենքներով սահմանված վերահսկողության իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնց պատվիրակվել է գործառույթների կատարումը` պատվիրակված գործառույթների իրականացման մասով:

7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարահաշվարկային կազմակերպության կողմից գործառույթների պատվիրակման պայմանները, առանձին գործառույթների պատվիրակման սահմանափակումները, ինչպես նաև այն գործառույթների ցանկը, որոնց պատվիրակումն արգելվում է:

(19.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 20.

 Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման կարգը

 

1. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգով:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը.

բ) վճարահաշվարկային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունը` երեք օրինակից.

գ) վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը` վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին.

դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնակիցների և ղեկավարների մասին տեղեկանքը` կազմված Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով, ներառյալ` մասնակցի և ղեկավարի անունը, ազգանունը, հասցեն, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները.

ե) վճարահաշվարկային կազմակերպության աշխատանքի կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը և ներառում է նրա կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, կարգն ու պայմանները.

ե.1) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագիրը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.

զ) (կետն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

է) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում անհրաժեշտ դրամական միջոցների կամ արժեթղթերի դեպոնացման մասին պայմանագրի օրինակը կամ անվերադարձելի բանկային երաշխիքը, եթե նման պահանջ սահմանված է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.

է.1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթեր.

ը) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից երկամսյա ժամկետում լիցենզավորում է վճարահաշվարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա լիցենզավորումը:

Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով:

(պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

3. Լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տալիս է լիցենզիա:

4. Լիցենզավորման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված:

5. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

6. Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված` օրենքով սահմանված պետական տուրքը վճարված լինելու պայմանով:

6.1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Կենտրոնական բանկը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա Կենտրոնական բանկը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել դրանք:

7. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառակապակցությունը, լիցենզիայի համարը, լիցենզիան տալու ամսաթիվը, վճարահաշվարկային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում), վճարահաշվարկային կազմակերպության պետական գրանցման համարը, գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան, լիցենզիայի գործողության ժամկետը, Կենտրոնական բանկի նախագահի ստորագրությունը և Կենտրոնական բանկի` պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 20.1.

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը

 

1. Կենտրոնական բանկը կարող է մերժել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե`

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

գ) կազմակերպության ընդհանուր կապիտալը փոքր է օրենքով սահմանված նվազագույն չափից.

դ) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վայրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջներին.

ե) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին.

զ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող ապահովել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համապատասխանությունը իր աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգին կամ պայմաններին:

(20.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

 Հոդված 21.

 Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը, դրանց հաշվառումը

(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում հաշվառման պահից: Օտարերկրյա պետություններում վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերը ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի հաշվառման կարգը, հաշվառման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի հաշվառման դիմումը Կենտրոնական բանկի խորհուրդը բավարարում կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը և տալիս է հաշվառման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճարահաշվարկային կազմակերպությանը:

4. Կենտրոնական բանկը կարող է մերժել մասնաճյուղի հաշվառման դիմումը, եթե`

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին.

գ) դիմումի տրմանը նախորդող մեկտարյա ժամկետում, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածում վճարահաշվարկային կազմակերպությունը թույլ է տվել սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի երեք և ավելի խախտումներ.

դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության վայրը կամ պայմանները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

5. Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը հաշվառումից հանվում է`

ա) վճարահաշվարկային կազմակերպության դիմումի հիման վրա` դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում.

բ) վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում:

(21-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Հոդված 22.

 Վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշները և որակավորման կարգը

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ են համարվում վճարահաշվարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը:

2. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը հանված կամ մարված չէ.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.

ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը, Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցով հիմնավորված, Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել վճարահաշվարկային կազմակերպության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է սահմանվել, որ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության քննություններն անցկացնում են մասնագիտացված այլ անձինք:

4. Անձը կարող է վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար աշխատել Կենտրոնական բանկում գրանցվելու պահից, ընդ որում` գրանցվելու համար անձը պետք է ունենա վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական: Սույն մասով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 23.

 Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվներ և այլ պահանջներ

(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

1.1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ` հարյուր միլիոն դրամի չափով:

1.2. Կենտրոնական բանկի խորհուրդը վճարահաշվարկային կազմակերպությունների համար կարող է սահմանել իրացվելիության տնտեսական նորմատիվ:

1.3. Տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

1.4. Տնտեսական նորմատիվները պարտադիր են վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ:

Սույն մասով նախատեսված դեպոնացվող գումարի չափը, արժեթղթերի տեսակները, գումարի և արժեթղթերի դեպոնացման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև բանկային երաշխիքի պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Ընդ որում` Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել դեպոնացվող գումարի կամ արժեթղթերի նվազագույն չափը, ինչպես նաև այն գործակիցը, որը կարող է կիրառվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար` ելնելով տվյալ կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների քանակից և (կամ) փոխանցումների ծավալներից և (կամ) աշխարհագրությունից և (կամ) կիրառվող վճարային գործիքից: Ընդ որում` գործակիցը կարող է սահմանվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ կազմակերպությունների խմբերի համար:

3. Դեպոնացված գումարը, արժեթղթերը, բանկային երաշխիքը հանդիսանում են երաշխավորող միջոց, որը կարող է օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության պարտավորություններն այն անձանց նկատմամբ մարելու համար, որոնք դրամական միջոցներ են տրամադրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը, կամ որոնց օգտին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը դրամական միջոցներ է ստացել` դրամական փոխանցումներ կատարելու նպատակով: Պարտավորությունների մարման կարգը, պայմանները, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը տնօրինելու դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չմարված պարտավորությունները:

5. Դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը չեն կարող օգտագործվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության այլ պարտավորությունների մարման համար, քան սահմանված են սույն հոդվածի 3-րդ մասով, իսկ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` օրենքով սահմանված հիմքերով լուծարման (ինքնալուծարման) դեպքում չեն ընդգրկվում օրենքով սահմանված լուծարային միջոցների կազմում:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 24.

 Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման գծով վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իր իրավական ակտերով սահմանած կարգով:

2. Կենտրոնական բանկի ծառայողները վճարահաշվարկային կազմակերպություններում ստուգումներն ու վերստուգումները կատարում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ժամկետներում, դեպքերում և հաճախականությամբ:

 

Հոդված 25.

 Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

 

 1. (նախադասությունը հանվել է 26.12.08 ՀՕ-230-Ն) Վճարահաշվարկային կազմակերպություններն առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը` կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ հաշվետվություններ:

2.1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Յուրաքանչյուր տարի վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային բնագավառում գործունեությունն ստուգվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որին ընտրում է վճարահաշվարկային կազմակերպությունը:

4. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում:

5. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում, հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը` առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց վճարահաշվարկային գործունեության վերաբերյալ տեղեկություններ` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և հաճախականությամբ:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-230-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 26.  

 Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները

 

Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե`

ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով.

բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքի կանոնակարգի դրույթները.

գ) խախտվել են հաշվապահական հաշվառման կանոնները, հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ.

դ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի տված հանձնարարականը.

ե) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվները.

զ) չի վճարվել տարեկան պետական տուրքը:

(26-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 27.

 Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը

(վերնագիրը խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

1. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության և (կամ) վերջինիս ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով.

բ) տուգանք.

գ) որակավորման վկայականից զրկում.

դ) լիցենզիայի գործողության կասեցում.

ե) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միաժամանակ` օրենքների և այլ իրավական ակտերի յուրաքանչյուր պահանջի խախտման համար:

3. Խախտումը վերացնելու հանձնարարականը պարտադիր է վճարահաշվարկային կազմակերպության համար և կարող է նախատեսել խախտումը վերացնելու որոշակի ժամկետ:

4. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, իսկ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

5. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կամ ուժը կորցրած ճանաչել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության համապատասխան դիմումի հիման վրա: Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

8. Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում:

(27-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 27.1.

Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը

 

1. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալու կամ հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

3. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, վճարահաշվարկային կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` ֆիզիկական անձ պարտատերերի քանակի և պարտավորությունների ընդհանուր չափի վերաբերյալ:

4. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և պարբերականությամբ:

5. Ֆիզիկական անձ պարտատերերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը:

(27.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28.

 Լիցենզավորման և ղեկավարների որակավորման հետ կապված վճարները

 

1. Սույն օրենքով սահմանված լիցենզիաների կամ դրանց կրկնօրինակների տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է (վճարվում է) պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:

2. Կենտրոնական բանկում մասնագիտական համապատասխանության և որակավորման քննություններ անցկացնելու, որակավորման վկայականներ տրամադրելու, կորցրած վկայականները վերականգնելու համար Կենտրոնական բանկը կարող է գանձել ծառայության վճար` իր սահմանած կարգով և չափով:

 

Հոդված 29.

 Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

Հոդված 30. 

 Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`

ա) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք ստեղծել են վճարահաշվարկային համակարգեր, պարտավոր են դիմել և ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.

բ) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում, պարտավոր են դիմել և ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.

գ) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացել են վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա, պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշված կազմակերպություններին տրամադրված լիցենզիաները վերաձևակերպվում են: Լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրք չի գանձվում.

դ) այն կազմակերպությունները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որպես հիմնական գործունեություն իրականացրել են սույն օրենքով սահմանված` վճարահաշվարկային կազմակերպության գործունեություն, սակայն չեն ունեցել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման լիցենզիա, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով դիմում են Կենտրոնական բանկ` որպես վճարահաշվարկային կազմակերպություն լիցենզավորվելու համար: Կենտրոնական բանկը լիցենզավորում է նշված անձանց, եթե պահպանվել են սույն օրենքով սահմանված պահանջներն ու պայմանները.

ե) վեցամսյա ժամկետում սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում տեղեկացնել Կենտրոնական բանկին` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում` Կենտրոնական բանկին չտեղեկացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում սահմանված ժամկետի ավարտից հետո վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը համարվում են դադարած, և վճարահաշվարկային կազմակերպությունը ենթակա է լուծարման:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-150-Ն