Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.21
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.11.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ3/0034/01/15 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԿԴ3/0034/01/15

ԿԴ3/0034/01/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ` Ա. Խաչատրյան

                           Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. թԱԴևՈՍՅԱՆԻ

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ դատախազ`

Վ. Ռուստամյանի

 

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Վարդան Մանվելի Մկրտչյանի, Արբակ Առնակի Առաքելյանի և Գրիշա Իվանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20140614 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

2015 թվականի հունվարի 19-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հունվարի 26-ի որոշումներով անչափահաս Արբակ Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, անչափահաս Գրիշա Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, անչափահաս Վարդան Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հունիսի 15-ի որոշումներով Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել 3 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 4 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Վ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2015 թվականի հունիսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 11-ի դատավճռով Վարդան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Արբակ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 5 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 4 տարի 3 ամիս ժամկետով:

Գրիշա Մուրադյանը մեղավոր է ճանաչվել 3 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 4 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 4 տարի 3 ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Տիգրան Օհանյանը:

3. Ամբաստանյալ Վ.Մկրտչյանի օրինական ներկայացուցիչ Մանվել Մկրտչյանի, ամբաստանյալ Ա.Առաքելյանի օրինական ներկայացուցիչ Առնակ Առաքելյանի, ամբաստանյալ Գ.Մուրադյանի օրինական ներկայացուցիչ Գյուլնարա Մուրադյանի և ամբաստանյալ Վ.Մկրտչյանի պաշտպան Վահագն Դանիելյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 17-ին որոշում է կայացրել բողոքները բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 11-ի դատավճիռը` ամբաստանյալներ Վ.Մկրտչյանին, Ա.Առաքելյանին և Գ.Մուրադյանին մեղսագրված արարքների քրեաիրավական որակման և նշանակված պատիժների մասով բեկանելու և փոփոխելու մասին:

Վ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (ներառված 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցագործությունները) և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Վ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով:

Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (ներառված 5 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 3 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցագործությունները) և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով:

Գ.Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (ներառված 3 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 4 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցագործությունները) և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վ.Մկրտչյանին, Ա.Առաքելյանին և Գ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի օգոստոս ամսին անցել են Գառնի գյուղում գտնվող Ա.Վարդանյանի` Զ.Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բակ, ֆիզիկական ուժ գործադրելով` պոկել, բացել են պատուհանի ճաղավանդակը, այնուհետև ապօրինի մուտք են գործել բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի` 8.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով 12 տուփ ծխախոտ` յուրաքանչյուրը 500 դրամ արժողության, մեկ հատ 1.500 ՀՀ դրամ արժողության գինի և 2.000 ՀՀ դրամ արժողության մեկ կոնյակ:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը և Ա.Առաքելյանը, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի սեպտեմբեր ամսին գնացել են Գառնի գյուղում գտնվող Զ.Անդրանիկի 2-րդ փակուղու Վ.Սարգսյանի` թիվ 2 առանձնատան տարածք, բացել մուտքի դռան վերևի հատվածում գտնվող պատուհանը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի` 15.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ հատ «Շարպ» ապրանքատեսակի ձայնարկիչ, 2 շիշ օղի և 1 շիշ գինի:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը, Գ.Մուրադյանը և Ա.Առաքելյանը, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի սեպտեմբեր ամսին գնացել են Գառնի գյուղի «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող Մ.Սարգսյանին պատկանող ամառանոց, բացել մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի` 2000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 31.100 ՀՀ դրամի տնտեսական ապրանքներ` 15 տարա 22.500 ՀՀ դրամ արժողության ներկեր, թղթի արագակարներ (ստեպլեր), 6.000 ՀՀ դրամ արժողության թվով երեք խոտհնձիչներ, 2.000 ՀՀ դրամ արժողության լապտերներ և 600 ՀՀ դրամ արժողության կրակայրիչ:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը 2014 թվականի դեկտեմբեր ամսին գնացել է Գառնի գյուղի Իսահակյան փողոցի Բ.Աբելյանի թիվ 43 տան բակ, որից հետո բացել է ավտոտնակի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և գողացել զգալի չափի` 20.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության զոդման սարքի էլեկտրական լարը և մոտ 15 մետր այլ պղնձյա և ալյումինե հաղորդալարեր:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը և Գ.Մուրադյանը, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբեր ամսին գնացել են Գառնի գյուղի Գեղարդի խճուղու վրա գտնվող` Ս.Բաղդասարյանին պատկանող կրպակի տարածք, որտեղ Գ.Մուրադյանը բարձրացել է կրպակի տանիքը, իսկ Վ.Մկրտչյանը մտել է ներս և այնտեղից գողացել զգալի չափի` 2.600 ՀՀ դրամ կանխիկ գումար և 3.600 ՀՀ դրամ արժողության 3լ մեքենայի շարժիչի յուղ:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը, Ա.Առաքելյանը, Գ.Մուրադյանը և Տ.Օհանյանը, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը կոտրելու եղանակով բացել են Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 5/1 հասցեում գտնվող` Թ.Գաբրիելյանի կրպակի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և այնտեղից գողացել զգալի չափի` 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով 15 տարաներում պահածոյացված մուրաբաներ, 3 տարա մեղր և թվով 4 հատ գաթա:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը 2014 թվականի դեկտեմբեր ամսին գնացել է Գառնի գյուղի Շահումյան փողոցի Բ.Ազիզյանի թիվ 29 հասցեում գտնվող կրպակի տարածք, կտրելու եղանակով ցանկացել է բացել դռան երկաթյա ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել ավարտին հասցնել գողությունը և ոչինչ չգողանալով` հեռացել է:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը 2014 թվականի դեկտեմբեր ամսին տան բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել Վ.Ստեփանյանի` Գառնի գյուղի վերջնամասում գտնվող ամառանոց և այնտեղից գողացել զգալի չափի` 80.000 ՀՀ դրամ արժողության «Մակիցա» ապրանքանիշի էլեկտրական պտուտակահան գործիք:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը 2014 թվականի դեկտեմբեր ամսին պատուհանը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Գառնի գյուղի վերջնամասում գտնվող` Կ.Ենոքյանի առանձնատուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, չկարողանալով ավարտին հասցնել գողությունը, ոչինչ չգողանալով` հեռացել է:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանը, 2015 թվականի հունվարի 1-ին գտնվելով Կոտայքի մարզի Գառնի գյուղի Զ.Անդրանիկի 1-ին փակուղի 10 հասցեում գտնվող Տ.Կարապետյանին պատկանող հանգստյան գոտու տարածքում, նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել հանգստյան գոտու տարածք և պահեստարան և այնտեղից գողացել են զգալի չափերի` ընդհանուր 60.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ 10.000 ՀՀ դրամ արժողության ձայնարկիչ, 10.000 ՀՀ դրամ արժողության թվով 5 հատ իշխան տեսակի և մեկ հատ 10.000 ՀՀ դրամ արժողության ստերլետ տեսակի ձկներ, 30.000 ՀՀ դրամ արժողության` 30 լիտր գինի և 0.5 կգ զանգվածով պղնձալարեր:

Բացի այդ, Վ.Մկրտչյանը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանը, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում` քննությամբ չպարզված օրը, գնացել են «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող` Մ.Սարգսյանին պատկանող ամառանոց, արդեն իսկ բաց վիճակում գտնվող դռնից ապօրինի մտել բնակարան և այնտեղից գողացել են զգալի չափի` 23.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 3 կգ զանգվածով 9.000 ՀՀ դրամ արժողության մեղր և 2 կգ զանգվածով 14.000 ՀՀ դրամ արժողության ընկույզ:

Բացի այդ, Ա.Առաքելյանը 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում` քննությամբ չպարզված օրը, դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Գառնի գյուղի «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող` Մ.Սարգսյանին պատկանող ամառանոց և բնակարանի պահարանի միջից գողացել զգալի չափի` 45.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Բացի այդ, Ա.Առաքելյանը, Գ.Մուրադյանը և Տ.Օհանյանը, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբեր ամսին` ժամը 19:00-ի սահմաններում, գնացել են Գառնի գյուղի Շահումյան փողոցի Բ.Ազիզյանի թիվ 29 հասցեում գտնվող կրպակի տարածք, կտրելու եղանակով բացել են մուտքի դռան երկաթյա ճաղավանդակը, ապօրինի մուտք գործել շինություն և այնտեղից գողացել են զգալի չափերի` 15.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 4 տուփ ծխախոտ, բջջային հեռախոսի պատյաններ, հաղորդալար, պղնձյա մալուխ, պտուտակահան գործիքի կոմպլեկտ, տարբեր տեսակի թվով 15 կպչուն ժապավեններ և անսարք համակարգչի էլեկտրական մարտկոց (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 205-226):

6. Ամբաստանյալ Վ.Մկրտչյանի ցուցմունքների համաձայն` «(...) 2014 թվականի օգոստոս ամսին ինքը, Գ.Մուրադյանը և Ա.Առաքելյանը, լինելով միասին, ցանկացել են ծխախոտ ծխել, սակայն չեն ունեցել գումար այդ գնելու համար և որոշել են ինչ-որ արժեքավոր իր գողանալու նպատակով մուտք գործել Ալվարդ Վարդանյանին պատկանող առանձնատուն (...):

2014 թվականի օգոստոս ամսին ինքը և Ա.Առաքելյանը գողություն կատարելու համար գնացել են Գառնի գյուղի վերջնամասում գտնվող ինչ-որ ճտանոցի հարևանությամբ գտնվող առանձնատուն, որտեղ մուտքի դռան վերևի հատվածում գտնվող փայտանման հատվածը հանել են և մուտք գործել բնակարան (...):

2014 թվականի սեպտեմբեր ամսին Ա.Առաքելյանն իրեն հայտնել է, որ ինքը մտել է գյուղի «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող մի տուն և այնտեղից գողացել է 45.000 ՀՀ դրամ գումար: Իմանալով այդ մասին` ինքը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանը որոշել են մուտք գործել այդ բնակարան (...):

2014 թվականի դեկտեմբեր ամսին, նախապես իմանալով, որ տանը մարդ չկա, գողություն կատարելու համար միայնակ մուտք է գործել իր տան հարևանությամբ բնակվող Բորիսի տան բակ (...):

Այնուհետև, կրկին դեկտեմբեր ամսին ինքը և Գ.Մուրադյանը երեկոյան ժամերին, անցնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղով, նկատել են համագյուղացի Սանասարի կրպակը, ով զբաղվում է գունավոր մետաղների ընդունմամբ, որոշել են մուտք գործել կրպակ և այնտեղից կատարել գողություն (...):

Կրկին դեկտեմբեր ամսին ժամը 20-21-ի սահմաններում, ինքը, Ա.Առաքելյանը, Գ.Մուրադյանը և Տ.Օհանյանը միասին գողություն կատարելու նպատակով գնացել են Գառնի գյուղի Գեղարդի խճուղու վրա գտնվող Թամարի կրպակ, ով զբաղվում է պահածոների առուվաճառքով (...):

2014 թվականի դեկտեմբեր ամսին ինքը, Ա.Առաքելյանը, Գ.Մուրադյանը և Տ.Օհանյանը գողություն կատարելու նպատակով գնացել են Գառնի գյուղի «Մանասեր» կոչվող կամրջի հարևանությամբ գտնվող չգործող կրպակի տարածք, ցանկացել են կտրել և բացել դռան ճաղավանդակը, սակայն չեն կարողացել և թողել են ու հեռացել այդտեղից (...):

Օրեր անց ինքը Գ.Մուրադյանից իմացել է, որ նա, Ա.Առաքելյանը և Տ.Օհանյանը կրկին գնացել են այդ կրպակ և կատարել են գողություն (...):

2014 թվականի դեկտեմբեր ամսին, կարծելով, որ գյուղի վերջնամասում գտնվող ջրավազանի հարևանությամբ առկա նորակառույց տանը հնարավոր է լինեն պղնձյա հաղորդալարեր, գնացել է այնտեղ, տան բաց պատուհանից մուտք գործել բնակարան (...):

2014 թվականի դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գնացել է համագյուղացի Կարեն Ենոքյանի առանձնատուն, տան եվրոպական արտադրության պատուհանը բացելուց հետո մուտք է գործել ներս, սակայն ոչինչ չգողանալով` թողել է և հեռացել այնտեղից (...):

2015 թվականի հունվարի 1-ին ինքը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանն, ամանորը նշելու համար գնացել են Տիգրանին պատկանող ամառանոցի տարածք, որտեղ ձայն են տվել նրան, համոզվել են, որ մարդ չկա, իմանալով, որ տարածքում կան ձկներ և դրանցից մի քանիսը հանելու պարագայում սեփականատերը չի նկատի դրանց բացակայությունը, բաց դռնից անցել են ներս (...):

2014 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում ինքը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանը ևս մեկ անգամ մուտք են գործել «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող ամառանոց և այնտեղից գողացել են ընկույզ և մեղր (...)»:

Ամբաստանյալ Ա.Առաքելյանի ցուցմունքների համաձայն` «(...) 2014 թվականի դեկտեմբեր ամսին ինքը, Վ.Մկրտչյանը, Գ.Մուրադյանը և Տ.Օհանյանը, նախապես պայմանավորվելով, գողություն կատարելու համար գնացել են «Մանասերի» կամրջի մոտ գտնվող կրպակի տարածք` իրենց հետ տանելով սղոց` կտրելու դռան վրա առկա երկաթյա ճաղավանդակները, սակայն չեն կարողացել կտրել այն և թողել են դեպքի վայրը և հեռացել են (...):

Մեկ օր անց` ժամը 19-ի սահմաններում, ինքը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանը գնացել են նույն կրպակի տարածք, կտրել են դռան վրա ամրացված երկաթյա ճաղավանդակներից մեկը վերևի հատվածից, ֆիզիկական ուժի ազդեցությամբ թեքել այն, որից հետո բացված հատվածով մուտք գործել տարածք (...):

2014 թվականի դեկտեմբեր ամսին ինքը, Վ.Մկրտչյանը, Գ.Մուրադյանը և Տ.Օհանյանը գնացել են Գառնի գյուղի Գեղարդի խճուղու վրա գտնվող Թամարին պատկանող կրպակի տարածք, կոտրել են դռան վրա ամրացված կախովի փականը, բացել դուռը, մուտք գործել ներս (...):

2014 թվականի օգոստոս ամսին, ինքը, Վ.Մկրտչյանը և Գ.Մուրադյանը պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով մուտք են գործել Ալվարդ Վարդանյանի առանձնատուն և գողացել են մեկ շիշ գինի և ծխախոտ, որոնք բաժանել են միմյանց միջև (...):

2014 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում ինքը, Վ.Մկրտչյանը և Գ.Մուրադյանը մուտք են գործել Գառնի գյուղի «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող առանձնատուն և այնտեղից գողացել են ընկույզ և մեղր (...):

2014 թվականի օգոստոս ամսին ինքը և Վ.Մկրտչյանը գողություն կատարելու համար միասին գնացել են գյուղում գտնվող ճտանոցի մոտ առկա իրեն անծանոթ առանձնատան բակ, որտեղ դռան վերևի հատվածում գտնվող փայտանման հատվածքը հանելուց հետո երկուսով մուտք են գործել ներս (...):

 2014 թվականի սեպտեմբեր ամսին ինքը, Վ.Մկրտչյանը և Գ.Մուրադյանը գնացել են Գառնի գյուղում գտնվող «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող առանձնատուն և այնտեղից գողացել են ներկեր, 2.000 ՀՀ դրամ գումար, պահածոյացված ձկներ, թղթի արագակարներ, որոնք բաժանել են միմյանց միջև (...):

Այդ տուն ինքը մուտք է գործել նաև 2013 թվականին, և այդ անգամ գողացել է 45.000 ՀՀ դրամ գումար, իսկ այդ մասին հետագայում հայտնել է ընկերներին (...):

2015 թվականի հունվարի 1-ին ինքը, Վ.Մկրտչյանը և Գ.Մուրադյանը մուտք են գործել Գառնիից Գողթ տանող ճանապարհին գտնվող Տիգրանին պատկանող հանգստյան գոտու տարածք և այնտեղից գողացել են 5 հատ իշխան տեսակի, մեկ հատ ստերլետ տեսակի ձկներ, 2 մեծ տարաներում լցված գինի, որոնք միասին օգտագործել են (...)»:

Ամբաստանյալ Գ.Մուրադյանի ցուցմունքների համաձայն` «(...) 2014 թվականի օգոստոս ամսին` առավոտյան ժամերին, ինքը, Ա.Առաքելյանը և Վ.Մկրտչյանը գնացել են Գառնի գյուղում գտնվող Ալվարդ Վարդանյանի առանձնատուն, բակի կողմից պատուհանի ճաղավանդակը բացելուց հետո պատուհանով մուտք են գործել ներս (...):

2014 թվականի սեպտեմբեր ամսին ինքը, Վ.Մկրտչրյանը և Ա.Առաքելյանը որոշել են գողություն կատարելու համար գնալ Գառնի գյուղում գտնվող «Փշանոց» կոչվող տարածք: Այնտեղ Ա.Առաքելյանն ինչ-որ եղանակով բացել է դռան վրա կախված փականը, և երեքով մուտք են գործել այդ ամառանոց (...):

2014 թվականի դեկտեմբերի կեսերին ինքը և Վ.Մկրտչյանը գտնվել են Գառնի գյուղում գտնվող` համագյուղացի Սանոյի կրպակի հարևանությամբ, որտեղ վերջինս զբաղվում է գունավոր մետաղների ընդունմամբ և մեքենայի շարժիչի յուղի վաճառքով: Գողություն կատարելու նպատակով ինքը բարձրացրել է կրպակի տանիքը, իսկ Վ.Մկրտչյանը մուտք է գործել ներս և այնտեղից գողացել է 2.000 ՀՀ դրամ գումար բաղկացած մետաղադրամներից, շարժիչի յուղ և օգտագործված վիճակում տուփով ծխախոտ (...):

Նշված գողությունից մոտ 5-6 օր անց ինքը, Ա.Առաքելյանը, Վ.Մկրտչյանը և Տ.Օհանյանը գնացել են Գառնի գյուղում գտնվող Թամարին պատկանող կրպակի տարածք, մետաղական ձողի օգնությամբ կոտրել են դռան կախովի փականը, որից հետո մյուսները մուտք են գործել կրպակ, իսկ ինքը մնացել է դրսում` մարդկանց գալու պարագայում նրանց իմաց տալու համար (...):

2014 թվականի դեկտեմբերի սկզբներին ինքը, Ա.Առաքելյանը և Տ.Օհանյանը զրուցելիս են եղել, երբ առաջարկ է եղել գողություն կատարելու «Մանասեր»-ի կամրջի հարևանությամբ գտնվող կրպակից: Սկզբում ինքը համաձայն չի եղել այդ մտքի հետ, սակայն, երբ Ա.Առաքելյանը զանգահարել է իրեն, որպեսզի ինքը ևս գնա այդ կամրջի մոտ, դուրս է եկել տանից և միացել է նրանց (...):

2015 թվականի հունվարի մեկին ինքը, Վ.Մկրտչյանը և Ա.Առաքելյանը գնացել են համագյուղացի Տիգրան Կարապետյանին պատկանող հանգստյան գոտու տարածք: Այնտեղ համոզվելով, որ տարածքում որևէ մեկը չկա, մուտք են գործել օբյեկտի տարածք և այնտեղից գողացել են 5-6 հատ իշխան տեսակի և մեկ հատ ստերլետ տեսակի ձկներ, երկու` մոտ 20 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված գինի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 63-96):

6.1. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) [Ա]մբաստանյալ Վարդան Մանվելի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետին /5 դրվագ/, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին /3 դրվագ/, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետին, ամբաստանյալ Արբակ Առնակի Առաքելյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետին /5 դրվագ/, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետին /3 դրվագ/, ամբաստանյալ Գրիշա Իվանի Մուրադյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետին /3 դրվագ/, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետին /4 դրվագ/, ամբաստանյալ Տիգրան Սիմոնի Օհանյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին /2 դրվագ/, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն վերը նշված հոդվածներով:

(...) [Հ]աշվի առնելով ամբաստանյալներ Վարդան Մկրտչյանի, Գրիշա Մուրադյանի, Արբակ Առաքելյանի կողմից կատարված արարքների բնույթը և հանրորեն վտանգավորության աստիճանը, հանցագործություններին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը, նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն, իրենց համակցությամբ` (...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ նրանց նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 64 և 70 հոդվածների կանոնները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 63-96):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [Ա]ռաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալներին մեղսագրված արարքների մասով հիմնավորված չէ և չի բխում քրեական գործի փաստական հանգամանքներից, քանի որ քրեական գործի նյութերի, մասնավորապես` ամբաստանյալների ցուցմունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կարող են վկայել, որ ամբաստանյալների կողմից կատարված հափշտակությունները միասնական դիտավորությամբ չեն իրականացվել, այլ դիտավորությունները ծագել են յուրաքանչյուր արարքի կատարումից հետո:

(...) Այսինքն` նշվածը վկայում է այն մասին, որ ամբաստանյալների մոտ մեկից ավելի, որոշակի քանակությամբ հափշտակություններ կատարելու ցանկությունն առաջացել է միաժամանակ և այդ իսկ նպատակով նախապես պլանավորել են գողություն կատարելու վայրերը, գողոնը փոխադրելու և այն միմյանց միջև բաժանելու եղանակը և այլն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի համար միասնական դիտավորությունը ընդգծելու տեսանկյունից հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալների կողմից կատարված գողությունները հիմնականում իրականացվել են նույն ոճով, եղանակով և ուղղված են եղել միևնույն առարկաների դեմ, ինչպես նաև հափշտակությունները կատարվել են 2014 թվականի օգոստոս ամսից մինչև 2015 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, ավելին` եղել են դեպքեր, որ նույն օրերի ընթացքում կատարվել են մեկից ավելի գողություններ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անչափահաս ամբաստանյալներ Վարդան Մանվելի Միրտչյանին, Արբակ Առնակի Առաքելյանին և Գրիշա Իվանի Մուրադյանին առաջադրված մեղադրանքները պետք է ինքնուրույն և համակցությամբ չորակել, այլ դրանք պետք է դիտարկել որպես միասնական դիտավորությամբ կատարված` շարունակվող հանցագործություն: Հակառակ մոտեցումը խիստ կասկածելի է, և նման հետևությունը հիմնված կլինի բացառապես ենթադրության վրա:

(...)

Վերը նշված եզրահանգումը կատարելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում քրեական գործով ձեռք բերված ապացույցների ողջ համակցությունը:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է, որ բոլոր երեք ամբաստանյալների խնամքով և դաստիարակությամբ զբաղվում են նրանց ծնողները, բոլորի կյանքի և դաստիարակության պայմանները բարվոք են, հոգեկան զարգացման աստիճանը և, ընդհանրապես, զարգացման վիճակը բավարար են, երեք ամբաստանյալներն էլ բնակության վայրից բնութագրվում են բացառապես դրական կողմերով, երեքն էլ նախկինում դատապարտված չեն եղել, տվել են ճշմարտացի, խոստովանական ցուցմունքներ, իրենց գործողություններով ակտիվորեն աջակցել են խմբի կատարած հանցանքը բացահայտելուն:

Վերը նշվածի հետ միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է նաև այն հանգամանքը, որ բոլոր երեք ամբաստանյալների ընտանիքներն էլ նյութապես բավարար ապահովված չեն:

(…)

Այսինքն` ոչ բավարար նյութական պայմանները, դրանով պայմանավորված բազմաբնույթ դժվարությունները, մասնավորապես, ծխելու ցանկությունը, այն գնելու համար գումար չունենալը նպաստել են անչափահաս ամբաստանյալների հանցավոր մտադրությունների ձևավորմանը, խթանել /ստիմուլացրել/ դրանք, նախապես ձևավորել հանցավոր դիտավորությունը, այդ դիտավորությունը դարձրել միասնական` գողությունների ընթացքում հնարավոր բարդությունները հաղթահարելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի տարբեր մասերով ամբաստանյալներին մեղսագրված հանցանքների սուբյեկտիվ կողմը` մեղքը, դիտավորության ձևով, ամբաստանյալների մոտ անորոշ չի եղել, այն հանկարծահաս չի առաջացել, առաջացել է նախօրոք, կոնկրետացվել, միասնականացվել` կատարել գողություններ և դրանով հոգալ իրենց կենսական պահանջները:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով անչափահաս ամբաստանյալներ [Վ.Մկրտչյանին], [Ա.]Առաքելյանին և [Գ.]Մուրադյանին առաջադրված մեղադրանքները պետք է դիտարկել որպես միասնական դիտավորությամբ կատարված շարունակվող հանցագործություն, քանի որ սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այդ թվում` ամբաստանյալների խոստովանական ցուցմունքներով հաստատվում է, որ վերջիններիս կողմից կատարված գողությունները հիմնականում իրականացվել են նույն ոճով, եղանակով, նույնատիպ կամ նույնանման աղբյուրներից և ուղղված են եղել միևնույն առարկաների դեմ:

(...)

Վերաքննիչ դատարանը սույն քրեական գործով ամբաստանյալներ Վ.Մկրտչյանին, Ա.Առաքելյանին և Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքները վերը նշված կարգով փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքների նման փոփոխությունով ամբաստանյալների վիճակը չի վատթարանում:

Ավելին` դրանով ամբաստանյալների վիճակը բարելավվում է, քանի որ տվյալ դեպքում այլևս չի գործի պատիժների համակցության կանոնը, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (միասնական դիտավորության մեջ ընդգրկված հանցագործություններով) կնշանակվի մեկ պատիժ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 5-59):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի համոզմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ, ինչպես նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 64-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի` ապացույցների գնահատման վերաբերյալ թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և շարունակվող հանցագործությունների վերաբերյալ թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ապացույցները յուրովի է գնահատել և արդյունքում ամբաստանյալների կողմից կատարված արարքներին տրված քրեաիրավական որակման վերաբերյալ եկել է սխալ եզրահանգման: Այսպես` ամբաստանյալներին մեղսագրվող գողությունները կատարվել են յուրաքանչյուր դեպքում առանձին ծագած դիտավորությամբ, տարբեր աղբյուրներից, տարբեր եղանակներով և տարբեր ժամանակահատվածներում, որպիսի պայմաններում դրանց` մեկ միասնական դիտավորությամբ իրականացված լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում գործի նյութերից:

9. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի, Գ.Մուրադյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար որպես բացառիկ հաստատված է համարել այնպիսի հանգամանքներ, որոնց իրավական վերլուծությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-145/07, թիվ ՎԲ-13/08, թիվ ԳԴ/0014/01/14 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, հետևաբար չեն կարող ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմք լինել:

Բողոք բերած անձը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՇԴ/0029/01/08 և թիվ ՏԴ/0018/01/13 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալներին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի վրա ազդող մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել է սխալ հետևության:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շարունակվող հանցագործության և հանցագործությունների իրական համակցության կանոնների կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի և Գ.Մուրադյանի արարքները որպես շարունակվող հանցագործություններ դիտելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների համակցություն է համարվում սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել (...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Գարսևան Ոսկանյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտնել առ այն, որ հանցագործությունների իրական համակցության դեպքում մեկից ավելի արարքներով կատարվում են երկու կամ ավելի հանցագործություններ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է ինքնուրույն քրեաիրավական գնահատական: Վճռաբեկ դատարանը գտել է, որ իրական համակցությունն առկա է, երբ

ա) կատարվել են միմյանց հետ միասնական դիտավորությամբ չկապված մեկից ավելի հանցավոր արարքներ,

բ) հանցավոր արարքները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կամ միևնույն հոդվածներով,

գ) կատարված հանցագործությունների նկատմամբ պահպանված են քրեաիրավական նշանակություն ունեցող հետևանքները (տե՛ս mutatis mutandis Գարսևան Ոսկանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13 որոշման 15-րդ և 16-րդ կետերը):

Շարունակվող հանցագործությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Ս.Ղամբարյանի և այլոց գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Շարունակվող հանցագործությունները բաղկացած են մեկից ավելի նույնական արարքներից, որոնցից յուրաքանչյուրը թեկուզև ինքնուրույն հանցակազմ է պարունակում, բայց ընդգրկված են միասնական դիտավորության մեջ, հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ, հետևաբար դիտվում են իբրև մեկ հանցագործություն, որն ավարտված է համարվում հանցավորի դիտավորությամբ ընդգրկված վերջին արարքի կատարման պահից: (…)» (տե՛ս Ս.Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը):

13. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թե՛ իրական համակցությունը, թե՛ շարունակվող հանցագործությունը դրսևորվում են մեկից ավելի արարքների կատարմամբ, հետևաբար կատարվող արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում կարևոր է դրանց տարանջատման հստակ չափանիշների սահմանումը: Այսպես` հանցագործությունների իրական համակցությունը հանցագործությունների բազմակիության տեսակներից մեկն է (հանցագործությունների ռեցիդիվի հետ միասին) և բնութագրվում է վերջինիս բնորոշ այնպիսի ընդհանուր հատկանիշով, ինչպիսին է միևնույն անձի կողմից մեկից ավելի արարքներով երկու կամ ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող հանցանքներ կատարելով: Ընդ որում, իրական համակցություն են կազմում տարբեր, միասնական դիտավորությամբ չկապված այնպիսի արարքներ, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կամ միևնույն հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործությանը, ապա այն բարդ (եզակի) հանցագործության տեսակ է, որը թեպետ դրսևորվում է որոշակի ժամանակային ընդմիջումներով կատարվող մեկից ավելի հակաիրավական արարքներով, այնուամենայնիվ դիտվում է որպես մեկ հանցագործություն և որակվում է քրեական օրենսգրքի հատուկ մասի մեկ հոդվածով կամ հոդվածի մասով: Վերոնշյալը պայմանավորված է կատարվող արարքների միջև գոյություն ունեցող սերտ կապով, ինչը թույլ է տալիս դրանք գնահատել որպես մեկ ամբողջություն: Մասնավորապես, շարունակվող հանցագործությունը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ այնպիսի հատկանիշներով, որոնցով տարանջատվում է հանցագործությունների իրական համակցությունից:

Այսպես` շարունակվող հանցագործության օբյեկտիվ հատկանիշը ենթադրում է, որ`

- կատարվող արարքներից յուրաքանչյուրը ոտնձգում է միևնույն օբյեկտի, ընդ որում, որպես կանոն, միևնույն անմիջական օբյեկտի դեմ, այսինքն` այն հասարակական հարաբերության, որը վնասվում է կոնկրետ հանցագործության կատարման արդյունքում (օրինակ` հափշտակությունների դեպքում անմիջական օբյեկտը կոնկրետ անձի սեփականության պաշտպանությանն ուղղված հարաբերություններն են): Միևնույն ժամանակ, կատարված մեկից ավելի արարքները շարունակվող հանցագործություն դիտելու հարցում, կոնկրետ հանցակազմի առանձնահատկություններով պայմանավորված, հաշվի են առնվում նաև օբյեկտիվ բնույթի այլ հատկանիշներ, ինչպիսիք են, օրինակ, հանցագործության եղանակը (միևնույն կամ նմանատիպ եղանակով), միևնույն աղբյուրից կատարված լինելու հանգամանքը (օրինակ` հափշտակությունների դեպքում), հանցավոր հետևանքի (արդյունքի) միասնականությունը և այլն,

- կատարվող արարքները նույնական են, այսինքն` նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով: Ընդ որում, խոսքն իրավաբանական առումով նույնականության մասին է, իսկ փաստական կողմով արարքները կարող են միմյանցից տարբերվել (օրինակ` հրազենի ապօրինի ձեռքբերումն ու իրացումը փաստական հատկանիշներով թեպետ տարբերվում են, սակայն իրավաբանորեն դրանք նույնական արարքներ են, քանի որ միևնույն` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի եղանակ են):

13.1. Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործության սուբյեկտիվ հատկանիշին, ապա այն ենթադրում է հանցավորի մոտ միասնական դիտավորության և նպատակի առկայություն: Այլ կերպ ասած` անձը պետք է նախնական մտադրություն ունենա կատարելու կոնկրետ հանցանքը մեկից ավելի, որոշակի ժամանակային ընդմիջումներով առանձնացված նույնական արարքներով: Ընդ որում, շարունակվող հանցագործությունների դեպքում միասնական դիտավորությունը կարող է արտահայտվել հետևյալ կերպ`

- շարունակվող հանցագործության մաս կազմող բոլոր արարքների և ընդհանուր հանցավոր արդյունքի նկատմամբ անձի դիտավորությունը կոնկրետացված է և առաջանում է նախքան առաջին արարքը կատարելը (դասական միասնական դիտավորություն),

- կատարվելիք հետագա արարքների նկատմամբ միասնական դիտավորությունն առաջանում է նախորդող արարքը կատարելու ընթացքում (վերաճող միասնական դիտավորություն),

- ընդհանուր հանցավոր արդյունքի նկատմամբ հանցավորի դիտավորությունը թեպետ կոնկրետացված չէ, սակայն վերջինս ունի միասնական դիտավորություն` հանցագործության միևնույն անմիջական օբյեկտի դեմ ոտնձգությունն իրականացնելու մեկից ավելի նույնական արարքներով:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սուբյեկտիվ հատկանիշի բացահայտումը կարևոր նշանակություն ունի հանցագործության ճիշտ քրեաիրավական որակման հարցում, քանի որ արարքների նույնականությունը, ոտնձգության օբյեկտի, աղբյուրի և եղանակի միասնականությունը դեռևս հիմք չեն կատարվածը շարունակվող հանցագործություն դիտելու համար: Այսպես` իրական համակցության պարագայում նույնպես կատարվող արարքները կարող են օժտված լինել շարունակվող հանցագործությանը բնորոշ, սույն որոշման 13-րդ կետում թվարկված օբյեկտիվ հատկանիշներով: Հետևաբար նման դեպքերում շարունակվող հանցագործությունն իրական համակցությունից տարանջատելու հիմնական չափանիշը հանցավորի մոտ համապատասխան արարքները կատարելու միասնական դիտավորության առկայության հավաստումն է և միաժամանակ դիտավորության` ամեն արարքից հետո կրկին ծագած լինելու հավանականության բացառումը, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է իրականացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման արդյունքում:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված մեկից ավելի արարքները կարող են դիտվել որպես շարունակվող հանցագործություն և որակվել ՀՀ քրեական օրենսգրքի մեկ հոդվածով (հոդվածի մասով կամ կետով) միայն սույն որոշման 13-13.1-րդ կետերում շարադրված օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների միաժամանակյա առկայության պայմաններում:

Այսպիսով, շարունակվող հանցագործությունը մեկ միասնական բարդ հանցագործության տեսակ է, որը ձևավորվում է նույնական այնպիսի արարքներից, որոնց միջև, որպես կանոն, առկա է հարաբերականորեն ոչ մեծ ժամանակային խզում, և որոնք ոտնձգում են միևնույն անմիջական օբյեկտի դեմ, ընդգրկված են մեկ միասնական դիտավորությամբ և հանդես են գալիս որպես մեկ ամբողջական հանցագործության առանձին օղակ:

Միևնույն ժամանակ, եթե կատարված արարքները եղել են ոչ նույնական, այլ տարաբնույթ կամ միաբնույթ, ուղղված են եղել տարբեր անմիջական օբյեկտների դեմ, կատարվել են տարբեր աղբյուրներից, կապված չեն եղել միասնական դիտավորությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կատարված արարքները թեպետ եղել են նույնական և ուղղված են եղել միևնույն անմիջական օբյեկտի դեմ, սակայն ընդգրկված չեն եղել միասնական դիտավորությամբ, այլ յուրաքանչյուր դեպքում դիտավորությունն առանձին է ծագել, կատարվածը չի կարող դիտվել որպես շարունակվող հանցագործություն և ենթակա է որակման հանցագործությունների համակցության կանոններով:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցագործությունների իրական համակցության կամ շարունակվող հանցագործության կանոնները կիրառելու և հանցավորի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար քրեական վարույթն իրականացնող մարմինը հատուկ ուշադրություն պետք է դարձնի կոնկրետ հանցագործության օբյեկտին, կատարվող արարքների բնույթին, կատարման եղանակին, աղբյուրին, դիտավորության ու նպատակի առանձնահատկություններին:

15. Սույն գործի նյութերից երևում է, որ Վ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում շինություն ապօրինի մուտք գործելով գողություն, երեք դրվագով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ, հինգ դրվագով` բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ կատարելու համար: Ա.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ դրվագով` բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն, երեք դրվագով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու համար: Գ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում երեք դրվագով` բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն, չորս դրվագով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Վ.Մկրտչյանին, Ա.Առաքելյանին և Գ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել վերը նկարագրված արարքների կատարման մեջ և պատիժ է նշանակել հանցագործությունների համակցության կանոնների կիրառմամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6.1-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալներին մեղսագրված արարքների որակման մասով անհիմն է և չի բխում քրեական գործի փաստերից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալների ցուցմունքները, փաստել է, որ առկա չեն տվյալներ առ այն, որ ամբաստանյալների կողմից կատարված հափշտակությունները միասնական դիտավորությամբ չեն իրականացվել, այլ դիտավորությունները ծագել են յուրաքանչյուր արարքի կատարումից հետո: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ մեկից ավելի` որոշակի քանակությամբ հափշտակություններ կատարելու ցանկությունն ամբաստանյալների մոտ առաջացել է միաժամանակ, և այդ իսկ նպատակով վերջիններս նախապես պլանավորել են գողություն կատարելու վայրերը, գողոնը փոխադրելու և այն միմյանց միջև բաժանելու եղանակը և այլն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը միասնական դիտավորությունն ընդգծելու տեսանկյունից հատկանշական է համարել այն, որ ամբաստանյալների կողմից կատարված գողությունները հիմնականում իրականացվել են նույն ոճով, եղանակով, նույնանման աղբյուրներից և ուղղված են եղել միևնույն առարկաների դեմ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները համադրելով սույն որոշման 12-14-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի և Գ.Մուրադյանի գործողություններում բացակայում են շարունակվող հանցագործության հատկանիշները: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքների միջև առկա չէ օբյեկտիվ և սուբյեկտիվ այնպիսի կապ, որը թույլ կտա դրանք գնահատել որպես մեկ ամբողջություն:

Այսպես` գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեպետ վերջիններս կատարել են մեկից ավելի նույնական արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն` 177-րդ հոդվածի տարբեր մասերով, այնուամենայնիվ այդ ոտնձգություններն ուղղված էին տարբեր անմիջական օբյեկտների դեմ և կատարվել էին տարբեր աղբյուրներից:

Ինչ վերաբերում է ամբաստանյալների մոտ համապատասխան գողությունները միասնական դիտավորությամբ կատարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, ապա գործի փաստական հանգամանքների և ամբաստանյալների ցուցմունքների ամբողջական վերլուծությունից հետևում է, որ վերջիններս գործել են ոչ թե միասնական և նախնական դիտավորությամբ, այլ յուրաքանչյուր դեպքում դիտավորությունը կրկին է ծագել: Մասնավորապես, այդ մասին են վկայում ամբաստանյալների տված ցուցմունքներն այն մասին, որ «(...) չեն ունեցել գումար [ծխախոտ] գնելու համար և որոշել են ինչ-որ արժեքավոր իր գողանալ (...)», «(...) Ա.Առաքելյանն իրեն [Վ.Մկրտչյանին] հայտնել է, որ ինքը մտել է գյուղի «Փշանոց» կոչվող տարածքում գտնվող մի տուն և այնտեղից գողացել է 45.000 ՀՀ դրամ գումար: Իմանալով այդ մասին` ինքը, Ա.Առաքելյանը և Գ.Մուրադյանը որոշել են մուտք գործել այդ բնակարան (...)», «(...) ինքը [Վ.Մկրտչյանը] և Գ.Մուրադյանը երեկոյան ժամերին, անցնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղով նկատել են համագյուղացի` Սանասարի կրպակը, ով զբաղվում է գունավոր մետաղների ընդունմամբ, որոշել են մուտք գործել կրպակ և այնտեղից կատարել գողություն (...)», «(...) 2014 թ.-ի դեկտեմբերի սկզբներին, ինքը [Գ.Մուրադյանը], Ա.Առաքելյանը և Տ.Օհանյանը զրուցելիս են եղել, երբ առաջարկ է եղել գողություն կատարել «Մանասեր»-ի կամրջի հարևանությամբ գտնվող կրպակից (...)» և այլն (մանրամասն տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ ոչ բոլոր դեպքերում են երեք ամբաստանյալները հանցանքը համատեղ կատարել, իսկ գործում բացակայում է որևէ տվյալ, որ նրանք նախապես պլանավորել են կատարել որոշակի քանակությամբ հափշտակություններ և ունեցել են միասնական հանցավոր մտադրության իրականացման ընդհանուր նպատակ: Հատկանշական է, որ սույն գործի շրջանակներում քննվող 13 դրվագ գողություններից և դրանց փորձերից 6-ը կատարվել են Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի և Գ.Մուրադյանի կողմից, 1-ը` Վ.Մկրտչյանի և Ա.Առաքելյանի կողմից, 1-ը` Վ.Մկրտչյանի և Գ.Մուրադյանի կողմից, 1-ը` Ա.Առաքելյանի և Գ.Մուրադյանի կողմից, 3-ը` միայն Վ.Մկրտչյանի կողմից և 1-ը` միայն Ա.Առաքելյանի կողմից (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։

Այլ կերպ ասած, կատարված արարքները շարունակվող հանցագործություն գնահատելու համար անհրաժեշտ, սույն որոշման 13-13.1-րդ կետերում մեջբերված օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները բացակայում են, ուստի քննարկվող արարքների նկատմամբ կիրառման են ենթակա հանցագործությունների իրական համակցության կանոնները:

16.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդումներին, որ որոշակի քանակությամբ հափշտակություններ կատարելու ցանկությունն ամբաստանյալների մոտ առաջացել է միաժամանակ, և վերջիններս նախապես պլանավորել են գողություն կատարելու վայրերը, գողոնը փոխադրելու և այն միմյանց միջև բաժանելու եղանակը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ո՛չ Վ.Մկրտչյանի, ո՛չ Ա.Առաքելյանի և ո՛չ էլ Գ.Մուրադյանի ցուցմունքներում առկա չէ գողությունների կատարման վայրը, գողոնը փոխադրելու և այն միմյանց միջև բաժանելու եղանակը նախապես պլանավորելու վերաբերյալ որևէ հիշատակում: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալների մոտ միասնական դիտավորության առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են և չեն բխում գործի նյութերից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողություններին, որ «ոչ բավարար նյութական պայմանները, դրանով պայմանավորված բազմաբնույթ դժվարությունները, մասնավորապես` ծխելու ցանկությունը, այն գնելու համար գումար չունենալը նպաստել են անչափահաս ամբաստանյալների հանցավոր մտադրությունների ձևավորմանը, խթանել (ստիմուլացրել) դրանք, նախապես ձևավորել հանցավոր դիտավորությունը, այդ դիտավորությունը դարձրել միասնական` գողությունների ընթացքում հնարավոր բարդությունները հաղթահարելու համար», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ թվարկված հանգամանքների և 13 դրվագ հափշտակություններով ու դրանց փորձերով ամբաստանյալների դիտավորության ձևավորման, առավել ևս` այն միասնական դարձնելու միջև որևէ ողջամիտ կապ չի կարող լինել: Ինչ վերաբերում է «ոչ բավարար նյութական պայմաններին», ապա Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի ու Գ.Մուրադյանի ընտանիքների սոցիալապես անապահով վիճակում գտնվելն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի է առնվել որպես այդ անձանց բնութագրող հանգամանք:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, որպես միասնական դիտավորությամբ կատարված շարունակվող հանցագործություն դիտարկելով ամբաստանյալներին մեղսագրված արարքները, սխալ եզրահանգման է եկել շարունակվող հանցագործության և հանցագործությունների իրական համակցության կանոնների կիրառման կապակցությամբ:

Հետևաբար ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի և Գ.Մուրադյանի արարքները որպես շարունակվող հանցագործություններ դիտելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության:

19. Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Առաքելյանի և Գ.Մուրադյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժներ նշանակելու և դրանք պայմանականորեն չկիրառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ և 70-րդ հոդվածներ) աննպատակահարմարության մասին բողոքաբերի բարձրացրած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Մկրտչյանի և Ա.Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, պետք է թողնել անփոփոխ, իսկ Գ.Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, պետք է փոփոխել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին` այդ անձի չափահաս դառնալու կապակցությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Վարդան Մանվելի Մկրտչյանի, Արբակ Առնակի Առաքելյանի և Գրիշա Իվանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի մարտի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Վարդան Մանվելի Մկրտչյանի և Արբակ Առնակի Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, թողնել անփոփոխ, իսկ ամբաստանյալ Գրիշա Իվանի Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, փոփոխել և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան