Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.40
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
12.04.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/0039/01/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0039/01/12

ԱՎԴ/0039/01/12

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան

Դատավորներ՝

Տ. Սահակյան
Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի և օգոստոսի 28-ի որոշումները վերանայելու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի հունիսի 10-ի դատավճռով Վարդան Բաղշիի Երիցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) տարի 6 (ամիս) ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հուլիսի 25-ի դատավճռով նշանակված պատիժը, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է պատժի կրած մասը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2013 թվականի փետրվարի 14-ից։

Արթուր Վարդգեսի Քանանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2012 թվականի ապրիլի 20-ից։

Վճռվել է նաև տուժող Արմեն Սարգսյանի քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում ամբաստանյալ Վ.Երիցյանից հօգուտ Արմեն Սարգսյանի բռնագանձել 47.589.395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար, ամբաստանյալներ Վ.Երիցյանից և Ա.Քանանյանից համապարտության կարգով՝ 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար։ Մնացած մասով տուժող Ա.Սարգսյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության։

2. Մեղադրող Վ.Պողոսյանի, տուժողի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի, ամբաստանյալ Ա.Քանանյանի պաշտպան Մ.Դավթյանի և ամբաստանյալ Վ.Երիցյանի պաշտպան Հ.Ճարոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 10-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի, տուժողի ներկայացուցիչ Ա.Զաքարյանի, ամբաստանյալ Ա.Քանանյանի պաշտպան Մ.Դավթյանի վճռաբեկ բողոքների, իսկ նույն թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ՝ ամբաստանյալ Վ.Երիցյանի պաշտպան Հ.Ճարոյանի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:

4. Թիվ 62233615 քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Պ.Մարտիրոսյանի` 2016 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցվել է վարույթ:

2016 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են վերոնշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերը, և կազմվել է նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:

5. Հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի քննության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Արթուր Քանանյանի, Կարեն Խաչատրյանի և Արսեն Սարգսյանի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Արմեն Սարգսյանից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված թիվ 69106311 քրեական գործից Ա.Քանանյանի և Վ.Երիցյանի մասերն անջատվել են և առանձնացվել առանձին վարույթներում (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 156-157, հատոր 12-րդ, թերթ 5-8):

 7. Առաջին ատյանի դատարանի դատավճռով Արթուր Քանանյանը և Վարդան Երիցյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հետևյալ արարքների համար. «(…) Արթուր Քանանյանը 2005թ. օգոստոս ամսին ստանձնելով Արմեն Սարգսյանի և նրա գործընկերների կողմից ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ մոտ 4.500 գծամետր խոշոր տրամաչափի խողովակներ ձեռք բերելու գործընթացում նրանց օժանդակելու առաքելությունը, խողովակների անհրաժեշտ քանակությունից շուրջ 2.500 գծամետրի ձեռք բերման դիմաց Արմեն Սարգսյանից մաս-մաս ստացված ընդհանուր 270.000 ԱՄՆ դոլարից 103.408 ԱՄՆ դոլարը «Ցեոֆոս» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Երիցյանին փոխանցելով, ձեռք է բերել 930.27 գծամետր 1.200 մմ տրամաչափի խողովակներ:

(…) Վարդան Երիցյանը, Արմեն Սարգսյանից ոմն Մուշեղի հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, խարդախությամբ հափշտակել են 1.200 մմ տրամաչափի, ընդհանուր 930.27 գծամետր խողովակների արժեքը կազմող 47.589.395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլարը, և ոմն Մուշեղի ու Ա.Քանանյանի հետ նախնական համաձայնության գալով հափշտակել են 1500 գծամետր խողովակների արժեքը կազմող 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլարը՝ ընդհանուր 124.324.824 ՀՀ դրամին համարժեք 270.148 ԱՄՆ դոլարը, որն արտահայտվել է հետևյալում.

«Ցեոֆոս» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Երիցյանը ոմն Մուշեղի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2005թ. օգոստոս ամսին, Արմեն Սարգսյանին և նրա գործընկերներին խաբեությամբ ներկայացնելով, որ շահել է Կապուտան-Ջրաբեր համայնքների տարածքով անցնող գազատարի ապամոնտաժման իրավունքը, որն իրականում գտնվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվեկշռում, և որի ապամոնտաժման իրավունքը 2005թ. որևէ կազմակերպության չի տրվել, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ՝ նրան ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ 2500 գծամետր խողովակներ վաճառելու վերաբերյալ, ապա նշված գազատարից ապօրինի ապամոնտաժել են ընդհանուր 930.27 գծամետր 1.200 մմ տրամաչափի խողովակներ և որպես խողովակների նկատմամբ սեփականության իրավունքի հավաստիք կազմել է «Ցեոֆոս» ՓԲԸ-ի անունից կեղծ հաշիվ ապրանքագիր, որը խողովակների հետ միասին հանձնելով Արմեն Սարգսյանի վստահորդ Արթուր Քանանյանին՝ դրա դիմաց ստացել է 47.589.395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար։

Այնուհետև Վարդան Երիցյանը Արթուր Քանանյանը և ոմն Մուշեղը, մոտ 1.500 գծամետր խողովակների ձեռք բերման համար նախատեսված գումարները խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Միկ Մասիս» ՓԲ ընկերության բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, որոնք իրականում պատկանել են Դավիթ Բեգլարյանին, չարաշահելով Արմեն Սարգսյանի վստահությունը, 2005թ. սեպտեմբեր ամսին նրա կողմից ուղարկված՝ վերջինիս գործընկեր Արմեն Գևորգյանին խաբեությամբ մատնացույց են արել հիշյալ բազայում առկա` իրականում իրենց կողմից չգնված և այլ անձին պատկանող 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող ընդհանուր մոտ 1.500 գծամետր խողովակները և այդ կերպ Արմեն Սարգսյանի մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք արդեն գնված են և պատկանում են իրենց՝ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասում Արթուր Քանանյանը Անդրանիկ Մելոյանից ստացել է Արմեն Սարգսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումարը, դրա մի մասը Վոլոդիա Քոչինյանին պատկանող աշխատասենյակում Արթուր Քանանյանը տվել է Վարդան Երիցյանին և ոմն Մուշեղին, իսկ մի մասը պահել իրեն և այդ ձևով խարդախությամբ հափշտակել են նշված գումարը՝ Արմեն Սարգսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Խարդախությունը կատարելուց հետո իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու և «Միկ Մասիս» ընկերության տարածքից իրականում խողովակներ չգնելու փաստը խեղաթյուրելու համար կազմել և Արմեն Սարգսյանին են ներկայացրել կեղծ փաստաթղթեր՝ իբր 111.632.400 ՀՀ դրամով «Ցեոֆոս» ՓԲԸ-ից գնել են 930.27 գծամետր խողովակ՝ 1 գծամետրը 120.000 ՀՀ դրամով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 19-րդ, թերթ 81-83):

8. ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 69106311 քրեական գործով շարունակվող նախաքննության ընթացքում 2015 թվականի հուլիսի 9-ին նախաքննության մարմնի որոշմամբ հարուցվել և առանձին վարույթով առանձնացվել է թիվ 62218515 քրեական գործը` «Տրանսգազշին» ՍՊԸ-ի մոտ 2005 թվականին տեղափոխված առանձնապես խոշոր չափերի խողովակներն անհայտ անձի (անձանց) կողմից 2010-2011թթ. ընթացքում գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:

Վերոնշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է ոմն Մուշեղի ինքնությունը (Մուշեղ Շիրազի Գրիգորյան), ով ցուցմունք է տվել, որ Վ.Երիցյանը որևէ կապ չունի «Միկ Մասիս» ՓԲԸ-ի բազայում տեղադրված խողովակների վաճառքի գործընթացի հետ, այլ որպես միջնորդ ինքն է կազմակերպել դրանց վաճառքը, իսկ թե հետագայում այդ խողովակներն ինչ են արել, Արթուրը երբ է դրանք տարել, կամ տարել է, թե ոչ, ինքը տեղեկություն չի ունեցել (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 173):

9. Թիվ 62218515 քրեական գործի նյութերով 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62233615 քրեական գործը (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 158-159):

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Բեգլարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Մասիսի խողովակները վաճառել է, սակայն հետո Ա.Քանանյանն իրեն հայտնել է, որ գնորդը չի ցանկանում դրանք գնել և Դ.Բեգլարյանն իր աշխատող Հրաչյա Հովսեփյանի միջոցով խողովակների համար տրված գումարը հետ է վերադարձրել Արթուր Քանանյանին և Արսեն Սարգսյանին (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 16):

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Դ.Բեգլարյանի կինը` Հերմինե Նաղդալյանը, և հայտնել է, որ խողովակների գումարները Հ.Հովսեփյանի միջոցով վերադարձվել է Արթուրին կամ Արսենին (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 24):

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Հրաչյա Հովսեփյանը և նշել, որ գումարները վերադարձնելու ժամանակ Վարդան Երիցյան տվյալներով անձ չի ճանաչել, իսկ Դ.Բեգլարյանի տված գումարները փոխանցել է Ա.Քանանյանին և Ա.Սարգսյանին (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 19-21):

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել նաև Ա.Քանանյանն այն մասին, որ իրականում Վ.Երիցյանը Մասիսի խողովակների գործարքի հետ որևէ կապ չի ունեցել և բազա չի գնացել: Փոխարենը, այդ գործարքին առնչություն է ունեցել Արսեն Սարգսյանը: Ա.Քանանյանն իր ցուցմունքում մանրամասն նկարագրել է դրվագի հանգամանքները (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 4-5):

10. Նախաքննության մարմնի` 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ Արսեն Սարգսյանը թիվ 62233615 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «Արթուր Քանանյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով 2005 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2008 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ խարդախությամբ Ա.Սարգսյանից հափշտակել են 1.200-1.400 մմ տրամաչափի, ընդհանուր 1500 գծամետր խողովակների արժեքը կազմող առանձնապես խոշոր չափերով 37.813.100 ՀՀ դրամին համարժեք 100.300 ԱՄՆ դոլար գումար» (տե՛ս նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 78-80):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

11. Բողոքաբերը նշել է, որ թիվ 69106311 քրեական գործով շարունակվող նախաքննության ընթացքում գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված թիվ 62218515 քրեական գործի, ինչպես նաև այդ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված թիվ 62233615 քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի փաստեր, որոնք հիմք են Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի և 28-ի որոշումները նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու համար:

Ի հիմնավորումն իր փաստարկների բողոքաբերը նշել է, որ թիվ 62218515 քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է ոմն Մուշեղի ինքնությունը (Մուշեղ Շիրազի Գրիգորյան), ով ցուցմունք է տվել առ այն, որ Վ.Երիցյանը որևէ կապ չունի «Միկ Մասիս» ՓԲԸ-ի բազայում տեղադրված խողովակների վաճառքի գործընթացի հետ: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված թիվ 62233615 քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Արսեն Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա Ա.Քանանյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով 2005 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2008 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ խարդախությամբ Արմեն Սարգսյանից հափշտակել է 1.200-1.400 մմ տրամաչափի, ընդհանուր 1500 գծամետր խողովակների արժեքը կազմող առանձնապես խոշոր չափերով 37.813.100 ՀՀ դրամին համարժեք 100.300 ԱՄՆ դոլար գումար:

Վերոգրյալի պայմաններում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության արդյունքում ստացված նյութերը, ըստ բողոք բերած անձի, վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, ինչպես նաև վերջիններս վկայում են թիվ 62233615 քրեական գործով մեղադրյալ Արսեն Սարգսյանի կողմից Մասիսում գտնվող խողովակների դրվագով այլ հանգամանքներում, ժամանակահատվածում և պայմաններում ծանր հանցագործություն կատարելու, իսկ դատապարտյալ Վ.Երիցյանի կողմից տվյալ հանցագործության դրվագի հետ առնչություն չունենալու մասին:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի և օգոստոսի 28-ի որոշումները, ինչպես նաև բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 10-ի դատավճիռն ու Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը: Բողոքաբերը նաև միջնորդել է Ա.Քանանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված նյութերը արդյո՞ք նոր երևան եկած հանգամանք են Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի և օգոստոսի 28-ի որոշումները վերանայելու համար:

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»:

Անդրադառնալով իրավական որոշակիության և կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքներին՝ Վճռաբեկ դատարանը Ժ.Սեֆիլյանի գործով որոշմամբ փաստել է, որ «(…) այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակը գերակայում է իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) հիմնարար պահանջի (Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետ) նկատմամբ:

ՀՀ օրենսդիրը, ելնելով Եվրոպական կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներից, դրանցում նշված չափանիշներին և պայմաններին համապատասխան, նախատեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու դատավարական ընթացակարգ» (նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման առանձնահատկությունների վերաբերյալ տե՛ս Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումը):

14.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած (…) հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած (…) հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

(…)

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

(…)»:

15. Գործի փաստերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով, ի թիվս այլնի, հաստատված է համարվել, որ Վ.Երիցյանը, Ա.Քանանյանը և ոմն Մուշեղը, մոտ 1.500 գծամետր խողովակների ձեռք բերման համար նախատեսված գումարները խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Միկ Մասիս» ՓԲ ընկերության բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով Արմեն Սարգսյանի վստահությունը, 2005թ. սեպտեմբեր ամսին նրա կողմից ուղարկված՝ վերջինիս գործընկեր Արմեն Գևորգյանին խաբեությամբ մատնացույց են արել հիշյալ բազայում առկա` իրականում իրենց կողմից չգնված և այլ անձին պատկանող 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող ընդհանուր մոտ 1.500 գծամետր խողովակները: Այդ կերպ Ա.Սարգսյանի մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք արդեն գնված են և պատկանում են իրենց՝ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասում Արթուր Քանանյանը Անդրանիկ Մելոյանից ստացել է Արմեն Սարգսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումարը, դրա մի մասը Վոլոդիա Քոչինյանին պատկանող աշխատասենյակում Արթուր Քանանյանը տվել է Վարդան Երիցյանին և ոմն Մուշեղին, իսկ մի մասը պահել իրեն և այդ ձևով խարդախությամբ հափշտակել են նշված գումարը՝ Արմեն Սարգսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Խարդախությունը կատարելուց հետո իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու և «Միկ Մասիս» ընկերության տարածքից իրականում խողովակներ չգնելու փաստը խեղաթյուրելու համար կազմել և Արմեն Սարգսյանին են ներկայացրել կեղծ փաստաթղթեր՝ իբր 111.632.400 ՀՀ դրամով «Ցեոֆոս» ՓԲԸ-ից գնել են 930.27 գծամետր խողովակ՝ 1 գծամետրը 120.000 ՀՀ դրամով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Միևնույն ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 69106311 քրեական գործի շարունակվող նախաքննության շրջանակներում հարուցված թիվ 62218515 քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել է ոմն Մուշեղի ինքնությունը, ով ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Երիցյանը որևէ կապ չի ունեցել «Միկ Մասիս» ՓԲԸ-ի բազայում տեղադրված խողովակների վաճառքի հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Բացի այդ, թիվ 62218515 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված թիվ 62233615 քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ Արսեն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա «Արթուր Քանանյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով 2005 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2008 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ խարդախությամբ Ա.Սարգսյանից հափշտակել են 1.200-1.400 մմ տրամաչափի, ընդհանուր 1500 գծամետր խողովակների արժեքը կազմող առանձնապես խոշոր չափերով 37.813.100 ՀՀ դրամին համարժեք 100.300 ԱՄՆ դոլար գումար» (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության արդյունքներով փաստվել է, որ Վ.Երիցյանն առնչություն չի ունեցել 2005 թվականի սեպտեմբեր ամսին Մասիս քաղաքում գործող «Միկ Մասիս» ՓԲ ընկերության բազայում պահեստավորված և ուրիշին պատկանող խոշոր տրամաչափի խողովակները վաճառելու պատրվակով Արմեն Սարգսյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դրվագի հետ, իսկ Արթուր Քանանյանն էլ այդ դրվագով հանցագործությունը կատարել է թիվ 62233615 քրեական գործով մեղադրյալ Արսեն Սարգսյանի հետ այլ հանգամանքներում, ժամանակահատվածում և պայմաններում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

16. Սույն որոշման 14-14.1-րդ կետերում շարադրված իրավական դրույթների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում կատարված քննության արդյունքներով ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելիս, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելիս հայտնի չեն եղել: Հիշյալ հանգամանքները մինչև այդ պարզված հանգամանքների հետ առերևույթ վկայում են Արթուր Քանանյանի կողմից թիվ 62233615 քրեական գործով մեղադրյալ Արսեն Սարգսյանի հետ Մասիսի դրվագով այլ հանգամանքներում, ժամանակահատվածում և պայմաններում ենթադրյալ հանցագործություն կատարելու, իսկ Վ.Երիցյանի կողմից հանցագործության տվյալ դրվագի հետ առնչություն չունենալու մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ նոր երևան եկած հանգամանքներ, ինչն էլ հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 25-ի և օգոստոսի 28-ի որոշումները վերանայելու, իսկ վերանայման արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 10-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ա.Քանանյանի և Վ.Երիցյանի խափանման միջոցների հարցին, գտնում է, որ

- Ա.Քանանյանի պարագայում առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը, հաշվի առնելով, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված նյութերը վկայում են Ա.Քանանյանի կողմից 2005-2008թթ. ընթացքում կատարված ենթադրյալ ծանր հանցագործության մասին, և մնալով ազատության մեջ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը:

- Վ.Երիցյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չի կարող ընտրվել հետևյալ պատճառաբանությամբ.

Անձի ազատության սահմանափակման դեպքում, ի թիվս կալանավորման այլ պայմանների, էական նշանակություն ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը: Եթե առերևույթ առկա է քրեական վարույթը բացառող որևէ հանգամանք, ապա անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը չի կարող օրինական և հիմնավորված համարվել (տե՛ս mutatis mutandis Արամ Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա և հաշվի առնելով, որ Վ.Երիցյանին մեղսագրված հանցանքը կատարվել է 2005 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու դեպքում ի հայտ է գալիս վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները կիրառելու խնդիրը, բացի այդ նշված հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը դեռևս ճշտված չէ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.3-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արթուր Վարդգեսի Քանանյանի և Վարդան Բախշիի Երիցյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 25-ի և 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշումները վերանայել:

2. Արթուր Վարդգեսի Քանանյանի և Վարդան Բախշիի Երիցյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 10-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Արթուր Վարդգեսի Քանանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

4. Վարդան Բախշիի Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը և նրան անհապաղ ազատ արձակել:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան