Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
22.06.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0093/01/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0093/01/09

ԵՇԴ/0093/01/09

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Լ. Թադևոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով Հայրապետ Արամի Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նույն հոդվածի 4-րդ մասով, 215-րդ հոդվածի 2-րդ մասով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանքի՝ 100.000 դրամի չափով:

2. 2016 թվականի հուլիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ.Մելքոնյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) դիմում է ներկայացրել, որով խնդրել է վերանայել իր նկատմամբ կայացված դատավճիռը` հաշվի առնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի ընդունումը:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ դատապարտյալ Հ.Մելքոնյանի դիմումը մերժվել է:

3. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Տ.Խաչատրյանի և դատապարտյալ Հ.Մելքոնյանի կողմից բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ բողոքները մերժել է:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը։

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Հ.Մելքոնյանը դատապարտվել է այն բանի համար, որ «նա 2009 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքում ոմն Ալիից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 400 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և 0.7 մլ պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ: Թմրամիջոցը թաքցրել է հագին եղած վարտիքի մեջ, իսկ քացախաթթվի անհիդրիդի լուծույթը ձեռքի ճամպրուկի մեջ և 24.04.2009թ. ՀՀ մաքսային սահմանով` Մեղրիի մաքսակետով, տեղափոխել է ՀՀ: Ափիոն տեսակի թմրամիջոցը մինչև 2009թ. հուլիսի 11-ը, պարբերաբար, 1 գրամը 7000 ՀՀ դրամով, կրկին անգամ, մաս-մաս վաճառել է Երևանի Շարուրի օժանդակ տնտեսության 28 տան բնակիչ Սարգիս Ռազմիկի Պետրոսյանին, որից 0.4 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը և 0.7 մլ քացախաթթվի անհիդրիդը 11.07.2009թ. կրկին անգամ վաճառել է վերջինիս: 2009թ. հուլիսի 12-ին ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հ.Մելքոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք, որտեղ անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 39.88 գրամ հաստատուն չոր քաշով ափիոն տեսակի թմրամիջոց» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 257-260):

6. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ փաստել է. «(…) «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն օրենքի 9-րդ հոդվածով գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-ին հոդվածի 4-րդ մասը` նախատեսելով արարք, որը հանդիսանում է առանձնապես ծանր հանցագործություն, դատապարտյալ Հայրապետ Մելքոնյանի պատիժը խստացնող և նրա վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք է, քանի որ դրանով նախատեսված է ավելի խիստ պատիժ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներին համապատասխան` այդպիսի արարք կատարած և պատիժ կրող անձանց համար, ի համեմատ ծանր հանցագործություններ կատարած անձանց, նախատեսվում է պատժից ազատվելու կարգի ու պայմանների հետ կապված ոչ նպաստավոր պայմաններ:

(…) «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն օրենքով գործողության մեջ դրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության համար պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-ին հոդվածի 4-րդ մասը Հայրապետ Մելքոնյանի նկատմամբ ենթակա չէ կիրառման, և վերջինիս նկատմամբ շարունակում են կիրառվել մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն օրենքն ուժի մեջ մտնելը` նրա կատարած արարքի համար պատասխանատվություն նախատեսող, նրան պատժից ազատող և դատվածության մարման հարցերը կարգավորող ՀՀ քրեական օրենսգրքի իրավադրույթները» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 304-311):

7. Վերաքննիչ դատարանը, միանձնյա կարգով քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը, 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «[Առաջին ատյանի դատարանի] (…) եզրահանգումները հիմնավոր են, քանի որ դրանք բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 44-56):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որոնց պարագայում կայացված դատական ակտն անհիմն է և ենթակա է բեկանման։

8.1. Մասնավորապես՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Հ.Մելքոնյանի վերաբերյալ դատավճիռը վերանայելու և օրենքին համապատասխանեցնելու դիմումը մերժելու մասին որոշման դեմ մեղադրողի և դատապարտյալի բողոքները քննել է միանձնյա։ Մինչդեռ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1.-րդ կետը, 387-րդ հոդվածը, «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ինչպես նաև Ա.Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոք բերած անձը փաստել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը վերանայելու կամ դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը գործն ըստ էության լուծող դատական ակտ է, ուստի դրա դեմ բերված բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանը պետք է կատարեր կոլեգիալ կազմով: Հետևաբար բողոքի հեղինակը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքների քննությունն իրականացրել է ոչ օրինական կազմով, ինչի արդյունքում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի։

8.2. Բացի այդ, բողոք բերած անձը փաստել է, որ ստորադաս դատարանները, վկայակոչելով անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքի կանոնը և արձանագրելով, որ Հ.Մելքոնյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, որով նկարագրված հանցագործությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, իսկ նոր օրենքը վատթարացնում է անձի վիճակը, մերժել են Հ.Մելքոնյանի՝ արարքը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու դիմումը՝ դիրքորոշում չհայտնելով ուժը կորցրած հոդվածով նախատեսված և նոր օրենքին համապատասխանեցման ոչ ենթակա արարքի համար անձին քրեական պատասխանատվության հնարավորության վերաբերյալ` արդյունքում չլուծելով անձի քրեական պատասխանատվության հիմքը կազմող օրենքի որոշակիության խնդիրը:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատապարտյալ Հ.Մելքոնյանի դիմումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելը։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտեր են համարվում առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:

Վերոնշյալ իրավանորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանն Ա.Արծրունու գործով կայացված որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]անցանք կատարած անձի վիճակը նոր քրեական օրենքի ուժով բարելավելու հիմքով դատավճիռը վերանայելու, մասնավորապես՝ անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցը լուծելով՝ դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ՝ արարքի քրեաիրավական որակում, պատժատեսակի և պատժաչափի որոշում): Հետևաբար այդ որոշումը ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և այն ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս» (տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը):

12. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Արծրունու գործով արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն Է.Ծռնվերանցի գործով որոշմամբ իրավական դիրքորոշումներ է հայտնել առ այն, որ «(…) անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ դիտարկելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենքով արգելված արարքը նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցը լուծելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցերի (արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին, ենթակա է արդյոք պատժի հանցավորն իր կատարած հանցանքի համար, ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որոնք օրենքի ուժով (ex lege) վերապահված են գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը։ Հետևաբար քրեական օրենքով արգելված արարքը նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցը լուծելիս կայացվող դատական ակտի բողոքարկումը և բողոքի քննությունը ենթակա է իրականացման նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար։ Այլ կերպ՝ քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ և 387-րդ հոդվածներով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները:

(…)

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ [«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված] արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ նշյալ եզրույթը ոչ միայն կազմում է «դատարանի»՝ առհասարակ գոյության իրավական հենքը, այլև այն ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե՛ս Buscarini v. San Marino գործով 2000 թվականի մայիսի 4-ի որոշումը, գանգատ թիվ 31657/96, Posokhov v. Russia գործով 2003 թվականի մարտի 4-ի վճիռը, գանգատ թիվ 63486/00, կետ 39, Yegorychev v. Russia գործով 2016 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 8026/04, կետ 64)։ Ուստի այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացվող պահանջներն ապահովված չեն, ապա խաթարվում է օրինականության սկզբունքը` անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առջև կանգնելու իրավունքից (տե՛ս, mutatis mutaոdis, Jorgic v. Germany գործով 2007 թվականի հուլիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 74613/01, կետ 64, Richert v. Poland գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 41)» (տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշման 11.1-րդ և 12-րդ կետերը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Հ.Մելքոնյանը 2016 թվականի հուլիսի 6-ին Առաջին ատյանի դատարան դիմում է ներկայացրել, որով խնդրել է վերանայել իր նկատմամբ կայացված դատավճիռը` հաշվի առնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի ընդունումը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը)։

Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ մերժել է Հ.Մելքոնյանի դիմումը` փաստելով, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն օրենքը դատապարտյալ Հ.Մելքոնյանի պատիժը խստացնող և նրա վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք է, քանի որ դրանով նախատեսված է ավելի խիստ պատիժ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներին համապատասխան` այդպիսի արարք կատարած և պատիժ կրող անձանց համար, ի համեմատ ծանր հանցագործություններ կատարած անձանց, նախատեսվում են պատժից ազատվելու կարգի ու պայմանների հետ կապված ոչ նպաստավոր պայմաններ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանը, միանձնյա կարգով քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները, 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ արձանագրել է, որ ստորադաս դատարանի եզրահանգումները հիմնավոր են, քանի որ դրանք բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 18-ի որոշման` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 387-րդ հոդվածով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ այն քննության է առնվել միանձնյա կարգով` այդ կերպ չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայությունը:

14.1. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Հ.Մելքոնյանի դիմումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելն իրավաչափ չէ:

15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի, 387-րդ հոդվածի խախտումներ, այն է` դատական ակտը կայացրել է դատարանի ոչ օրինական կազմով, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտման պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ սույն որոշման 8.2-րդ կետում բողոքաբերի բարձրացրած՝ նյութական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Հայրապետ Արամի Մելքոնյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Լ. Թադևոսյան
    Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան