Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.19
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
22.06.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0002/11/16 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0002/11/16

ԵԷԴ/0002/11/16

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Լ. Թադևոսյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ՝

Մ. Ավագյանի

մասնակցությամբ՝
դատախազ

Վ. Հարությունյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Վեհանուշ Բերբերյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 12135615 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նույն մարմնի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով հետապնդում չի իրականացվել, և թիվ 12135615 քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի` 2015 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ դիմող Վ.Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի ներկայացրած բողոքը բավարարվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը՝ վերացվել:

Նախաքննության մարմինը (այսուհետ` նաև Քննիչ) 2015 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել թիվ 12135615 քրեական գործի վարույթը կարճելու և Կարապետ Սիմբլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

Երևան քաղաքի դատախազի (այսուհետ` նաև Դատախազ)՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2015 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ դիմող Վ.Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի ներկայացրած բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2. Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Վ.Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի կողմից ներկայացված բողոքը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանվել է` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել որոշմամբ արձանագրված՝ բողոքաբեր կողմի իրավունքի խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի` 2015 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերացվել է` հաշվի առնելով, որ` «(…) Վ.Բերբերյանի և Կ.Սիմբլյանի ցուցմունքներում առկա էական հակասությունների պայմաններում քննիչը առերեսում չի կատարել վերջիններիս միջև, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության թիվ 2019 եզրակացությամբ նշված Վ.Բերբերյանի աջ դաստակի ափային և թիկնային մակերեսների և աջ նախաբազկի վերին երրորդականի հետին մակերեսի արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքների առկայության պարագայում, չի հարցաքննել փորձագետին նշված մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի շուրջ (…)» (տե'ս գործի նյութեր, հատոր 1, թերթ 12):

6. Քննիչի կողմից հարցաքննվել է Վ.Բերբերյանի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Ս.Սևոյանը, ով ցուցմունք է տվել այն մասին, որ «կոնկրետ տվյալ շրջանում, կախված անատոմիական առանձնահատկությունից հնարավոր է մեկ հարվածի հետևանքով հակադիր մակերեսներին երկու նույնաբնույթ վնասվածքների առաջացումը» (տես գործի նյութեր, հատոր 1, թերթ 14):

7. Քննիչի՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ի Կարապետ Սիմբլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման համաձայն` «[Ք]ննարկելով նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները հիմնավորված պետք է համարել այն հանգամանքը, որ 17.07.2015 թ. Կ.Սիմբլյանը Վ.Բերբերյանի վարքագծից առաջացած զայրույթի ժամանակ` չկոնկրետացված` անուղղակի դիտավորությամբ պլաստիկե աթոռը նետել է վերջինիս ուղղությամբ, որը դիպչել է Վ.Բերբերյանի ձեռքին և անզգուշությամբ պատճառել է թեթև մարմնական վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված չէ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև մարմնական վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված հանցակազմ, հետևաբար` Կ.Սիմբլյանի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել` հանցակազմի բացակայության հիմքով (…)» (տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 45-47):

8. Դատախազի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման համաձայն` «[Ք]րեական գործով ձեռք չի բերվել օբյեկտիվ ապացույցների բավարար համակցություն, որը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով կհիմնավորեր Կ.Սիմբլյանի կողմից Վ.Բերբերյանին մեկից ավելի հարվածներ հասցնելու փաստը, որպիսի պայմաններում Կ.Սիմբլյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները (…)» (տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 12-15):

9. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ գտել է, որ. «(…) [Բ]ողոքաբերի ներկայացուցիչ Վ.Բաբայանի կողմից որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույցներ չներկայացվեցին դատարանին` Կարապետ Սիմբլյանի կողմից Վ.Բերբերյանին դիտավորութամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ, այն է` նրա մեղքը հիմնավորող ապացույցների առկայության մասին: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից քննչական փորձարարություն և առերեսում չկատարելու մասին բողոքաբերի ներկայացուցիչ Վ.Բաբայանի պնդմանը, ապա դատարանը գտնում է, որ նախաքննության տվյալ փուլում դրանք վարույթն իրականացնող մարմնի հայեցողությամբ են պայմանավորված եղել, քանի որ կողմերի դատավարական կարգավիճակը բացառել է դրանց պարտադիր կատարումը, ինչպես նաև նշված գործողությունները կատարելու անհրաժեշտությունը հերքվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ամբողջական ապացույցներով: Դատարանը գտնում է, որ [Քննիչի] 16.11.2015 թ. որոշումը հիմնավոր և օրինական է, այն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջներից և վերացնելու որևէ հիմքեր չկան: (…)

(…) Քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից իրականացված մոտ 4 ամիս տևած նախաքննության տվյալներով հերքվել է Կարապետ Սիմբլյանի կողմից դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, ուստի նախաքննական մարմնի 16.11.2015 թ. որոշմամբ իրավացիորեն որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և գործի վարույթը իրավացիորեն կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ նախաքննության ողջ ընթացքում Կ.Սիմբլյանի կողմից բողոքաբեր Վ.Բերբերյանին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել: Դատարանը գտնում է, որ հիմնավոր է նաև [Դատախազի] 15.12.2015 թ. որոշումը` բողոքաբերի ներկայացուցիչ Վ.Բաբայանի բողոքը մերժելու մասին, քանի որ լրացուցիչ քննությամբ նախաքննական մարմինն ամբողջությամբ կատարել է դատախազի ցուցումի պահանջները և իրականացրել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Նման հիմքերի առկայության պայմաններում դատարանը գտնում է, որ բողոքաբեր Վ.Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի բողոքը հիմնավոր չէ և ենթակա չէ բավարարման (…)»:

10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանը կարճված գործի նյութերի ուսումնասիրությամբ եկավ այն համոզման, որ վարույթն իրականացնող մարմինն ըստ էության անհրաժեշտ և բավարար ջանասիրություն չի ցուցաբերել` պարզելու գործի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, այդ թվում նաև պատշաճ վերլուծության և գնահատության չի ենթարկել համապատասխան փորձագետի եզրակացությամբ Վեհանուշ Բերբերյանի մոտ վնասվածքներ (մեկից ավելի) արձանագրված լինելու, վերջինիս Կ.Սիմբլյանի կողմից մեկից ավել անգամ, հարված(ներ) հասցնելու, միջադեպն այլ անձի միջամտությամբ դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալներում պարունակող տեղեկություններին առնչվող հանգամանքները:

Այսպիսով, հիշյալ և նմանատիպ մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը համապատասխան դատավարական և քննչական գործողություններ չի կատարել, ինչը վկայում է քրեական գործով ոչ լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու մասին:

Ինչ վերաբերում է առերեսմանը, ապա քննարկվող դեպքում (Վ.Բերբերյանի կողմից ներկայացված հաղորդման և այդ առնչությամբ ձեռք բերված փաստական տվյալների և դրանցում տեղ գտած տեղեկությունների էական հակասությունների համատեքստում) Կ.Սիմբլյանի իրավունքներն ու օրինական շահերն առերևույթ շոշափվելու պարագայում, վարույթն իրականացնող մարմնի կողմից այն որպես այդպիսին հայեցողական դիտարկելու առումով բավարար չափով փաստարկված չէ:

Այլ խոսքով, վարույթը կարճված գործի նյութերի հետազոտմամբ վերաքննիչ դատարանը եկավ այն եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական և դատավարական գործողությունները լիարժեքորեն չեն ներառում գործով պարզաբանման ենթակա բոլոր հարցերի շրջանակը, դրանք թերի են, իսկ արդյունքում կայացված որոշումը` չհիմնավորված:

Վերը նշվածի համատեքստում վարույթն իրականացնող մարմինը խախտել է բողոքաբեր կողմի իրավունքները, վերջինիս համար չի ստեղծել մրցակցային քրեական դատավարության մասնակից դառնալու իրական հնարավորություն:

Այլ կերպ ասած, անհամաչափորեն սահմանափակվել են նաև բողոքաբեր կողմի իրավունքներն ու օրինական շահերը, և նա զրկվել է դատավարական օրենքով իրեն վերապահված իրավունքներից օգտվելու փաստացի հնարավորությունից:

(…)

 [Վ]իճարկվող դատական ակտը բավարար չափով պատճառաբանված չէ, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և սույն որոշմամբ արձանագրված բողոքաբեր կողմի իրավունքի խախտումը վարույթն իրականացնող մարմնին վերացնել պարտավորեցնելու առնչությամբ դատական ակտ կայացնելու համար (…)» (տե՛ս գործի նյութեր, հատոր 2, թերթեր 127-145):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ դատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ըստ բողոքաբերի՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատշաճ գնահատված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը չի բխում գործում առկա փաստական տվյալներից, մասնավորապես՝ փորձագետի ցուցմունքից, հետևաբար այն անհիմն է:

Բողոքի հեղինակը նշել է, որ այլ անձի միջամտությամբ միջադեպն ավարտված լինելու հանգամանքը պատշաճ գնահատման չարժանացնելը գործով օրինական որոշում կայացնելու վրա ազդած լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը պատշաճ պատճառաբանված, հետևաբար նաև հիմնավոր չէ: Որոշման մեջ իսպառ բացակայում է պատճառաբանությունն այն մասին, թե միջադեպն այլ անձի միջամտությամբ դադարեցնելու հանգամանքն արդյոք կարող էր վկայել Կարապետ Սիմբլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության մասին, եթե այո, ապա ինչպես է արտահայտվում հիշյալ հանգամանքի բացահայտման և Կ.Սիմբլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ Հատուկ մասի որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության միջև կապը:

Բողոքաբերը գտել է, որ դեպքին ականատես վկաների ցուցմունքները ևս հիմք են սույն գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները հաստատված համարելու համար. այդ ցուցմունքները նույնպես վկայում են Կ.Սիմբլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Վ.Բերբերյանի և Կ.Սիմբլյանի միջև առերեսում կատարելու օբյեկտիվ անհնարինությունը՝ Կ.Սիմբլյանի՝ արտերկրում գտնվելու բերումով: Բացի այդ, անտեսել է նաև, որ գործով ձեռք բերված փաստական տվյալները (Վ.Բերբերյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, փորձագետի ցուցմունքը, դեպքին ականատես վկաների ցուցմունքները) եղել են բավարար` եզրահանգելու, որ Կ.Սիմբլյանի արարքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Նման պարագայում Վ.Բերբերյանի և Կ.Սիմբլյանի միջև առերես հարցաքննության արձանագրությունը չէր կարող գնահատվել որպես միակ և վճռորոշ ապացույց, հետևաբար չէր կարող ազդել Կ.Սիմբլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին հետևության հիմնավորվածության և արժանահավատության վրա:

 Բողոք բերած անձը գտել է, որ քրեական գործով ձեռք է բերվել թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը հաստատել է գործով ապացուցման առարկան կազմող բոլոր էական հանգամանքները և վարույթն իրականացնող մարմնին թույլ տվել կայացնելու հիմնավորված և պատճառաբանված, այլ խոսքով՝ օրինական որոշում:

12. Վերոնշյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 26-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք բողոքաբերի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին (տե՛ս mutatis mutandis, Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 և Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշումները):

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Վճռաբեկ դատարանը Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր: Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա: Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի: Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշման 14-րդ կետը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Քննիչի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով թիվ 12135615 քրեական գործի վարույթը կարճվել է:

Քննիչի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի կողմից վերացվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ.Բերբերյանի և Կ.Սիմբլյանի ցուցմունքներում առկա էական հակասությունների պայմաններում քննիչն առերեսում չի կատարել վերջիններիս միջև, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության թիվ 2019 եզրակացությամբ նշված` Վ.Բերբերյանի աջ դաստակի ափային և թիկնային մակերեսների և աջ նախաբազկի վերին երրորդականի հետին մակերեսի արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքների առկայության պարագայում, նշված մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի շուրջ չի հարցաքննել փորձագետին (տե'ս սույն որոշման 5-րդ կետը):

Քննիչը 2015 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել թիվ 12135615 քրեական գործի վարույթը կարճելու և Կարապետ Սիմբլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե'ս սույն որոշման 7-րդ կետը): Նշված որոշման դեմ ներկայացված դիմող Վ.Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի բողոքը Դատախազի՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ գործով ձեռք չի բերվել օբյեկտիվ ապացույցների բավարար համակցություն, որը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով կհիմնավորեր Կ.Սիմբլյանի կողմից Վ.Բերբերյանին մեկից ավելի հարվածներ հասցնելու փաստը (տե'ս նաև սույն որոշման 8-րդ կետը):

Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Վ.Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի կողմից ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը մերժել է` արձանագրելով, որ բողոքաբերի կողմից որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց չի ներկայացվել Կ.Սիմբլյանի կողմից Վ.Բերբերյանին դիտավորութամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ, այն է` նրա մեղքը հիմնավորող ապացույցների առկայության մասին: Իսկ ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից քննչական փորձարարություն և առերեսում չկատարելու մասին բողոքաբերի ներկայացուցիչ Վ.Բաբայանի պնդմանը, ապա Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախաքննության տվյալ փուլում դրանք վարույթն իրականացնող մարմնի հայեցողությամբ են պայմանավորված եղել, քանի որ կողմերի դատավարական կարգավիճակը բացառել է դրանց պարտադիր կատարումը, ինչպես նաև նշված գործողությունները կատարելու անհրաժեշտությունը հերքվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ամբողջական ապացույցներով (տե'ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է և որոշել վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված բողոքաբեր կողմի իրավունքի խախտումը` արձանագրելով, որ վիճարկվող դատական ակտը բավարար չափով պատճառաբանված չէ, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և որոշմամբ արձանագրված բողոքաբերի իրավունքի խախտումը վարույթն իրականացնող մարմնին վերացնել պարտավորեցնելու առնչությամբ դատական ակտ կայացնելու համար (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

17. Սույն որոշման 14-րդ և 15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտ ու բավարար ջանասիրություն չի ցուցաբերել` պարզելու գործի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, այդ թվում նաև` «պատշաճ վերլուծության և գնահատության չի ենթարկել համապատասխան փորձագետի եզրակացությամբ Վեհանուշ Բերբերյանի մոտ վնասվածքներ (մեկից ավելի) արձանագրված լինելու, վերջինիս Կ.Սիմբլյանի կողմից մեկից ավել անգամ հարված(ներ) հասցնելու» հանգամանքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում գործի փաստական տվյալներից: Հիշյալ հանգամանքների կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննվել է Վ.Բերբերյանի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Ս.Սևոյանը, ով ցուցմունք է տվել այն մասին, որ «կոնկրետ տվյալ շրջանում, կախված անատոմիական առանձնահատկությունից հնարավոր է մեկ հարվածի հետևանքով հակադիր մակերեսներին երկու նույնաբնույթ վնասվածքների առաջացումը» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանություններին այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտ ու բավարար ջանասիրություն չի ցուցաբերել` պարզելու նաև «միջադեպն այլ անձի միջամտությամբ դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալներում պարունակող տեղեկություններին առնչվող հանգամանքները», ինչպես նաև «քննարկվող դեպքում, (Վ.Բերբերյանի կողմից ներկայացված հաղորդման և այդ առնչությամբ ձեռք բերված փաստական տվյալների և դրանցում տեղ գտած տեղեկությունների էական հակասությունների համատեքստում) Կ.Սիմբլյանի իրավունքներն ու օրինական շահերն առերևույթ շոշափվելու պարագայում, առերեսումն որպես այդպիսին հայեցողական դիտարկելու առումով բավարար չափով փաստարկված չէ», Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը որպես վարույթն իրականացնող մարմնի կողմից չպարզված փաստեր է մատնանշել այնպիսի հանգամանքներ, որոնք գործում առկա փաստական տվյալների պայմաններում որևէ նշանակություն չէին կարող ունենալ Կ.Սիմբլյանի գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունները, որ «վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական և դատավարական գործողությունները լիարժեքորեն չեն ներառում գործով պարզաբանման ենթակա բոլոր հարցերի շրջանակը, դրանք թերի են, իսկ արդյունքում կայացված որոշումը` չհիմնավորված», «(…) վարույթն իրականացնող մարմինը խախտել է բողոքաբեր կողմի իրավունքները, վերջինիս համար չի ստեղծել մրցակցային քրեական դատավարության մասնակից դառնալու իրական հնարավորություն», «(…) անհամաչափորեն սահմանափակվել են նաև բողոքաբեր կողմի իրավունքներն ու օրինական շահերը, և նա զրկվել է դատավարական օրենքով իրեն վերապահված իրավունքներից օգտվելու փաստացի հնարավորությունից» իրենց բնույթով վերացական են. այդպիսիք չեն կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ դատողություններ:

Վերոհիշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վեհանուշ Բերբերյանի ներկայացուցիչ Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 26-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան