Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.25
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
22.06.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ/0004/06/16 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՏԴ/0004/06/16

ՏԴ/0004/06/16

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

ե. դԱՆԻԵԼյանի

Հ. Ասատրյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 36100816 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Դ.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Դ.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

1.1. 2016 թվականի մարտի 9-ին Դ.Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, և նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննության մարմինը 2016 թվականի մարտի 10-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին: Նույն դատարանի` 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը՝ մերժվել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

2016 թվականի մայիսի 26-ին նախաքննությունը շարունակելու համար թիվ 36100816 քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի հուլիսի 1-ի և սեպտեմբերի 2-ի որոշումներով Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է յուրաքանչյուր դեպքում 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը՝ մերժվել:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը՝ մերժվել:

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին: Նույն օրը պաշտպան Գ.Հարությունյանը ստացել է Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը (տե՛ս նյութեր, թերթ 51-65, 66-67):

Առաջին ատյանի դատարանն իր որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «(…) Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հնգօրյա ժամկետում» (տե՛ս նյութեր, թերթ 65):

5. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Գուրգեն Հարությունյանն ստացել է 2016 թվականի նոյեմբերի 02-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների իմաստով` Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել մինչև 2016 թվականի նոյեմբերի 07-ի գիշերվա ժամը քսանչորսը:

Վերաքննիչ բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2016 թվականի նոյեմբերի 14-ին, այսինքն` վերաքննիչ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, հետևաբար վերաքննիչ բողոքը ժամկետանց է (…)» (տե՛ս նյութեր, թերթ 88-90):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ, դրանով խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի և օրինականության սկզբունքները:

Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին, իսկ այդ որոշմամբ կալանքի հետ քննարկվել է նաև գրավի կիրառման հարցը, ուստի գրավի կիրառման մասով վերաքննիչ բողոք ներկայացնելու առավելագույն ժամկետը 2016 թվականի նոյեմբերի 12-ն է, որը ոչ աշխատանքային օր է եղել, հետևաբար բողոքը փոստին հանձնելու միջոցով ներկայացվել է հաջորդող աշխատանքային օրը` 2016 թվականի նոյեմբերի 14-ին: Վերոնշյալ պայմաններում, ըստ բողոքաբերի, բողոքը ժամկետանց չի եղել:

Բողոքաբերը, ընդգծելով, որ կալանքի ժամկետի երկարացման դեմ վերաքննիչ բողոքները կարող են բերվել 5-օրյա, իսկ գրավի դեմ` 10-օրյա ժամկետներում, գտել է, որ նույն որոշման բողոքարկման երկու ժամկետների առկայության դեպքում պետք է կիրառվի այն ժամկետը, որն առավել բարենպաստ է կողմի համար, այսինքն` բողոքարկման 10-օրյա ժամկետը:

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (…) քննության իրավունք»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից (…) դատաքննության իրավունք (…)»:

Մեջբերված նորմերով նախատեսված է, ի թիվս այլոց, անձի ազատության իրավունքի ապահովման կարևոր դատավարական երաշխիք՝ ի դեմս իրեն ազատությունից զրկելը դատական կարգով վիճարկելու իրավունքի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատական վարույթին, արձանագրել է, որ պարտադիր չէ, որ դրա վրա տարածվեն քրեական և քաղաքացիական վարույթների համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքները: Այդուհանդերձ, էական է, որ տվյալ անձն օգտվի դատարանի մատչելիության իրավունքից և անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացուցչի միջոցով լսված լինելու հնարավորություն ունենա, հակառակ դեպքում կհամարվի, որ նրան չեն տրամադրվել «ազատությունից զրկելու վարույթի հիմնարար երաշխիքները» (տե՛ս Winterwerp v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի՝ 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 6301/79, կետ 60):

Դատարանի մատչելիության իրավունքի ապահովումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է նշված հոդվածի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Golder v. The United Kingdom գործով 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, կետեր 28, 36):

Դատարանի մատչելիության իրավունքը մշտապես կարևորվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից։ Այսպես, բացահայտելով այդ իրավունքի էությունը` Վճռաբեկ դատարանը Լ.Հարությունյանի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(...) դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձը ողջամիտ սահմանափակումների պայմաններում պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն ունենա։ Հակառակ դեպքում կխախտվեն անձի ազատության և դատարանի մատչելիության իրավունքները (...) (տե՛ս Լևոն Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը):

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է]` առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

Անդրադառնալով վերոնշյալ իրավանորմում նշված դատական ակտերի իրավաչափությունը վիճարկելու ժամկետային սահմանափակումների առանձնահատկություններին` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրել է հետևյալը. «(...) [Մ]ինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ կալանավորումը գրավով փոխարինելու, ինչպես նաև գրավը մերժելու և կալանավորումը որպես խափանման միջոց թողնելու մասին որոշումները, նախատեսված չլինելով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված որոշումների շրջանակում, ենթակա են բողոքարկման հրապարակման պահից տասնօրյա ժամկետում» (տե՛ս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի N 150 որոշման 4-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն իր հերթին, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման և գրավի միջնորդությունների քննարկման արդյունքում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի ժամկետը երկարացնելու) և միաժամանակ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու մասին մեկ դատական ակտի բողոքարկման ժամկետների հիմնախնդրին, արձանագրել է, որ «(...) [Ք]րեական դատավարության օրենսգրքում կալանավորման (կալանքի ժամկետը երկարաձգելու) և միաժամանակ գրավը թույլատրելու կամ մերժելու մասին մեկ միասնական որոշման բողոքարկման առանձին ժամկետ նախատեսված չէ, այլ կերպ ասած` այն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա որոշումների շարքում: Հետևաբար կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը բավարարելու հետ մեկտեղ գրավի միջնորդությունը քննարկելու և արդյունքում գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում` որպես գործն ըստ էության չլուծող այլ դատական ակտ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը վերաբերում է այն դեպքերին, երբ կալանավորման (կալանքի ժամկետի երկարաձգման) և գրավի վերաբերյալ հարցերը լուծվում են մեկ դատական ակտի շրջանակներում: Հակառակ պարագայում, եթե առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում են կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու և գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու մասին առանձին դատական ակտեր, ապա դրանցից յուրաքանչյուրը ենթակա է բողոքարկման ինքնուրույն կարգով՝ կալանավորումը (կալանքի ժամկետի երկարաձգումը)՝ հնգօրյա, իսկ գրավի վերաբերյալ որոշումը՝ տասնօրյա ժամկետում» (տե՛ս Դավիթ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՏԴ/0004/06/16 որոշման 12-րդ կետը):

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով կալանավորման ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները, կայացրել է կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին մեկ միասնական դատական ակտ` եզրափակիչ մասում կողմերին պարզաբանելով, որ այն կարող է բողոքարկվել հնգօրյա ժամկետում (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

Նշված դատական ակտի դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանի կողմից ստացվել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին, ուստի Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել հնգօրյա ժամկետում` մինչև 2016 թվականի նոյեմբերի 7-ի ժամը քսանչորսը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

12. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում շարադրված իրավական նորմերի, արտահայտված իրավական դիրքորոշումների և կատարված վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել, և այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է մեկ միասնական դատական ակտով, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ հրապարակման պահից հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի այն պետք է բողոքարկվեր տասնօրյա ժամկետում։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

13. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ըստ էության քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան