Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.02.14/11(1369) Հոդ.154
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
21.08.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
21.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՄԴ/0004/11/16 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0004/11/16

ԵՄԴ/0004/11/16

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`  
դատախազ

Վ. Պետրոսյանի

տուժողի ներկայացուցիչ

Մ. Բաղիրյանի

 

2017 թվականի օգոստոսի 21-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հոկտեմբերի 3-ին Արման Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին, որի հիման վրա նախապատրաստված նյութերով 2014 թվականի հոկտեմբերի 21-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Վ.Պետրոսյանի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին։

Նախաքննական մարմնի` 2015 թվականի մայիսի 19-ի որոշումներով «Արտադրատպագրական» ՓԲ ընկերությունը ճանաչվել է տուժող, իսկ Մասիս Բաղիրյանը` տուժողի ներկայացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Նավոյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2015 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, և քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքը Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի (այսուհետ` նաև Դատախազ)` 2016 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ մերժվել է։

2. Քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման և Դատախազի` բողոքը մերժելու մասին որոշման դեմ Մ.Բաղիրյանը բողոք է ներկայացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը 2016 թվականի հունիսի 7-ի որոշմամբ մերժվել է։

3. Մ.Բաղիրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ բողոքը բավարարել է և վերացրել վիճարկվող որոշումները` Դատախազին պարտավորեցնելով վերացնել «Արտադրատպագրական» ՓԲ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումը։

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը։

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատարի` Առաջին ատյանի դատարանին ուղղված 2016 թվականի մարտի 30-ի գրության համաձայն` «(…) [Ու]ղարկում եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված, վարույթը կարճված թիվ 16201514 քրեական գործը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 21)։

Առաջին ատյանի դատարանի` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատարին ուղղված 2016 թվականի հունիսի 13-ի գրության համաձայն` «(…) Անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ վերադարձվում է թիվ 16201514 քրեական գործը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 21)։

5.1. Վերաքննիչ դատարանի` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատարին ուղղված 2016 թվականի հուլիսի 15-ի գրության համաձայն` «(…) Անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ դատարան ուղարկել թիվ 16201514 քրեական գործը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 27)։

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Թ]իվ 16201514 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Նավոյանի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 30-ին կայացված` քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ չեն խախտվել դիմող Մասիս Բաղիրյանի իրավունքները, ներկայացված բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 48-56)։

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Ա]ռաջին ատյանի դատարանը եկել է սխալ եզրահանգման` նշելով, որ բողոքարկվող որոշումներով (…) չեն խախտվել Մասիս Բաղիրյանի իրավունքները, իսկ ներկայացված բողոքը հիմնավոր չէ։

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2009 թվականի օգոստոսի դրությամբ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 3.704.7 քմ մակերեսով արտադրատպագրական շենքը գրավի առարկա չի հանդիսացել, սակայն (…) [վերջինիս] նկատմամբ գրանցվել է «Պրոմեթեյ բանկ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը, իսկ նախաքննական մարմնի կողմից այդ կապակցությամբ քննություն չի իրականացվել և քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ որևէ իրավական գնահատական չի տրվել այդ հարցին։

(…) [Ն]ախաքննության ընթացքում Մասիս Բաղիրյանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է միջնորդություն` վկաների հետ առերես հարցաքննություններ կատարելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը նշված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ (…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի 2016թ. հունիսի 7-ի որոշումը պետք է բեկանել` վերացնելով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Նավոյանի 2015թ. դեկտեմբերի 30-ի և բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի դատախազի 2016թ. փետրվարի 3-ի որոշումները, և Երևան քաղաքի դատախազին պարտավորեցնել վերացնել սույն որոշմամբ արձանագրված` «Արտադրատպագրական» ՓԲ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 42-59)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, հետևաբար կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

8.1. Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների առկայության պայմաններում՝ առանց Մ.Բաղիրյանի և նրա կողմից մատնանշված վկաների առերես հարցաքննությունների կատարման, վարույթն իրականացնող մարմինը կարող էր հանգել վերջնական որոշման։ Ուստի առերես հարցաքննությունների կատարման միջնորդության մերժումը, վերջինիս համոզմամբ, չէր կարող հիմք հանդիսանալ «Արտադրատպագրական» ՓԲ ընկերության իրավունքների և ազատությունների խախտում արձանագրելու համար։

8.2. Բողոք բերած անձը, վկայակոչելով Լ.Զարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 30-ի և Դատախազի` բողոքը մերժելու մասին 2016 թվականի փետրվարի 3-ի որոշումները, կայացրել է ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից։

8.3. Բացի այդ, բողոքաբերը, վկայակոչելով Ռ.Բալասանյանի և Լ.Ավետիսյանի գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, նշել է, որ ստորադաս դատարանը չի հետևել դրանցում արտահայտված այն իրավական դիրքորոշումներին, որ դատարանն իրավասու չէ քրեական դատավարության կարգով քննություն իրականացնել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ և հաստատել այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր։

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 7-ի դատական ակտին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավասո՞ւ էր արդյոք Վերաքննիչ դատարանը վերացնելու նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն` «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ (…)»։

 Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Լ.Զարյանի գործով որոշման շրջանակներում և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են։ Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով։

(…) Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը» (տե՛ս Լաուրա Զարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ և 15-րդ կետերը)։

Վճռաբեկ դատարանը Փ.Թերոյանի գործով որոշմամբ ընդգծել է. «[Ք]րեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի խախտված իրավունքների վերականգնման ձևի առումով կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի՝ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կարգավորումը» (տե՛ս Փնջիկ Թերոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշման 15-րդ կետը)։

11.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավասությունը դուրս է գտնվում դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից և հանդիսանում է դատախազի բացառիկ լիազորությունը։ Ուստի, այն դեպքում, երբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը վիճարկվող որոշումը վերացնելու միջոցով գործադրում է դատախազի՝ քրեական վարույթի հետագա շարժը վերսկսելու բացառիկ լիազորությունը, դուրս է գալիս քրեադատավարական օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններից։

12. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա խնդիրների շրջանակն է պայմանավորում դատարանի կողմից կայացվող որոշման բնույթը։ Մասնավորապես, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որը նպատակ է հետապնդում թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրների վերաբերյալ տե՛ս Ներսես Միսակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 գործով որոշման 12-րդ կետը)։

Հետևաբար, գտնելով, որ վիճարկվող որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) թույլ չեն տրվել մարդու իրավունքների և ազատությունների խախտումներ` դատարանը մերժում է բողոքը դրանք իրավաչափ համարելու հիմքով։ Մինչդեռ դատարանը, եզրահանգելով, որ վիճարկվող որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) թույլ են տրվել մարդու իրավունքների և ազատությունների խախտումներ, որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով այդ որոշման հասցեատեր «վարույթն իրականացնող մարմին» է համարվում ինչպես քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը (վիճարկվող որոշումը վերացնելիս, ինչպես նաև դատարանի կողմից արձանագրված` խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման նկատմամբ հսկողություն իրականացնելիս), այնպես էլ նախաքննությունն իրականացրած մարմինը (դատարանի կողմից արձանագրված` խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելիս)։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու և Դատախազի` ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումնների դեմ բերված բողոքի քննության արդյունքում գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի իրավունքների խախտումներ թույլ չեն տրվել, ուստի ներկայացված բողոքը մերժվել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը, վիճարկվող որոշումները՝ վերացրել՝ պարտավորեցնելով Երևան քաղաքի դատախազին վերացնել «Արտադրատպագրական» ՓԲ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը և դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու շրջանակներում որոշում է կայացրել վիճարկվող որոշումները վերացնելու, այլ ոչ թե անձի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին՝ դրանով իսկ դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից։

Բացի այդ, արձանագրված իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու պարտականություն սահմանելով բացառապես դատախազի համար` Վերաքննիչ դատարանը կայացված դատական ակտը չի հասցեագրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «վարույթն իրականացնող մարմին» համարվող նախաքննության մարմնին։

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերացնելու նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները։

 

II. Վարույթն իրականացնող մարմնից բողոքի վերաբերյալ ստացված նյութերի կազմումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների դատական ակտերն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը։

17. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք։

(...)

4. (...) [Ք]րեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»։

Վերոնշյալ նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Պյեր Ժան Մուրադյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Վ]արույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը։ Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան պետք է ներկայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմնավորող, այնպես էլ` հերքող։

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահովելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը։ Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը։

Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դատական ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գործում առկա նյութերին (...)։

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներկայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելու վերաբերյալ պահանջ։ Իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմվում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը։ Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովելու պահանջներից» (տե՛ս Ժան Պյեր Մուրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 գործով որոշման 14-15-րդ, 17-րդ կետերը)։

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմնի կողմից 2016 թվականի մարտի 30-ին դատարան ուղարկված նյութերը, 2016 թվականի հունիսի 13-ի գրությամբ դրանք հետ է վերադարձրել վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պահանջել է վարույթն իրականացնող մարմնից բողոքի վերաբերյալ նյութերը (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը), սակայն Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում դրանք բացակայում են։

19. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Արտադրատպագրական» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Մ.Բաղիրյանի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարանների կազմած նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի՝ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը, այդ թվում` վճռաբեկ բողոքով վիճարկվող նախաքննական մարմնի` քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բողոքի քննությունն ավարտելուց հետո Առաջին ատյանի դատարանն իր կազմած վարույթում պետք է պահեր կայացրած որոշման հիմքում դրված դատավարական փաստաթղթերի պատճենները, որոնց բացակայության պայմաններում սահմանափակված է Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի կայացրած դատական ակտն ըստ էության դատական ստուգման ենթարկելու և իրավական գնահատականներ տալու, այդ թվում` բողոքաբերի կողմից բարձրացված այլ փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8.1-րդ և 8.3-րդ կետերը) անդրադառնալու հնարավորությունը։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերի բացակայության պայմաններում ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված չեն։

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն։ Այդ խախտումներն իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների, հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ «Արտադրատպագրական» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Մասիս Բաղիրյանի բողոքի հիման վրա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 7-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան