Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.02.14/11(1369) Հոդ.152
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
21.08.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
21.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ3/0088/01/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ3/0088/01/09

ՍԴ3/0088/01/09

Նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան  
                 Դատավորներ` Մ. Սիմոնյան  
                                            Ա. Խաչատրյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

ե. դԱՆԻԵԼյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

   

Հ. Ասատրյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

     
  քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2017 թվականի օգոստոսի 21-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դավիթ Ֆրունզիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ Դ.Ավետիսյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 32101709 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Դ.Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

2009 թվականի նոյեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճռով Դ.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

3. Ամբաստանյալ Դ.Ավետիսյանի պաշտպան Կ.Մկրտումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունիսի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը։

4. Վերաքննիչ դատարանի` 2010 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Ավետիսյանի պաշտպան Կ.Մկրտումյանը։ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է։

5. Դ.Ավետիսյանի (դիմումատու) գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2016 թվականի նոյեմբերի 10-ին Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 13479/11) կայացրել է վճիռ` արձանագրելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ` դիմումատուի՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորությունից զրկվելու առումով։

6. Դ.Ավետիսյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի հիշյալ վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Դ.Ավետիսյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2017 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Դ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա «(...) իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով` 0,65 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց, 2009թ ապրիլի 27-ին` ժամը 17։25-ի սահմաններում, այն տեղադրել է տորթի մեջ և ցանկացել առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մ.Խաչատրյանին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ այն հայտնաբերվել և առգրավվել է «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից»։

8. Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճռի համաձայն` «(...) Գնահատելով հետազոտված ապացույցները [ամբաստանյալ Դ.Ավետիսյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, վկաներ Գ.Բաբայանի և Ա.Առաքելյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, վկաներ Մ.Ստեփանյանի, Դ.Թադևոսյանի, Դ.Օհանյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները և այլ ապացույցները] և գործի նյութերն իրենց համակցությամբ, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, լուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածով նշված հարցերը` դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Դ.Ավետիսյանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով` 0,65 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց, 2009թ ապրիլի 27-ին` ժամը 17։25-ի սահմաններում, այն տեղադրել է տորթի մեջ և ցանկացել առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մ.Խաչատրյանին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ այն հայտնաբերվել և առգրավվել է «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 357-359)։

9. Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունիսի 29-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17, 18, 23, 25, 124-127, 358 և 360 հոդվածներով, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատության ենթարկելով ամբաստանյալ Դ.Ավետիսյանի մեղադրանքի հիմքում դրված (...) ապացույցները, հանգել է ճիշտ հետևության, որ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը և նրա մեղավորությունը այդ արարքը կատարելու մեջ լիովին հաստատվել է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 435)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերի պնդմամբ՝ Եվրոպական դատարանի կողմից 2016 թվականի նոյեմբերի 10-ին Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի՝ բողոք բերած անձը, մեջբերելով Եվրոպական դատարանի հիշյալ վճռի հիմնավորումները, նշել է, որ ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտերով խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը։ Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ ինքը հնարավորություն չի ունեցել առերես հարցաքննելու վկաներ Մ.Ստեփանյանին, Դ.Թադևոսյանին և Դ.Օհանյանին, որոնց նախաքննական ցուցմունքները որոշիչ են եղել իր դատապարտման համար։

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշումը, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 15-ի, Վերաքննիչ դատարանի` 2010 թվականի հունիսի 29-ի դատական ակտերը և իրեն արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյոք Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշումը վերանայելու հիմք է։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշումները)։

14. Այսպես` Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ, քանի որ դիմումատու Դ.Ավետիսյանը զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորությունից։

14.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առնչությամբ իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) [Կոնվենցիայի] 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված երաշխիքներն այդ դրույթի 1-ին կետով սահմանված` արդար դատաքննության իրավունքի հատուկ ասպեկտներ են (…)։

(…) [Բ]ոլոր ապացույցները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար։ Այս սկզբունքից բացառություններ կան, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի` իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (…)։

(…) Ալ-Խավաջայի և Թահերիի գործի 119-147-րդ պարբերություններում Մեծ պալատը հստակեցրել է այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, երբ վկան դռնբաց դատական քննությանը չի ներկայանում։ Այդ սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ`

i) Դատարանը նախապատրաստական փուլում նախ պետք է քննի այն հարցը, թե արդյոք հիմնավոր պատճառ կա չներկայացած վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար` հաշվի առնելով, որ վկաները պետք է, որպես կանոն, ցուցմունք տան դատական քննության ժամանակ, և որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` նրանց ներկայանալն ապահովելու համար.

ii) չներկայանալու ամենահաճախ հանդիպող պատճառներն են, օրինակ, ինչպես Ալ-Խավաջայի և Թահերիի գործում, վկայի մահը կամ վախը վրեժխնդրությունից։ Այնուամենայնիվ, վկան դատական քննությանը կարող է չներկայանալ նաև այլ օրինական պատճառներով.

iii) այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել վարույթի նախորդ որևէ փուլում, դատական քննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված գրավոր ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է ծայրահեղ միջոց լինի.

iv) չներկայացած վկաների` նախկինում տված գրավոր ցուցմունքները որպես ապացույց ճանաչելն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում ամբաստանյալի համար, որը, ըստ էության, քրեական դատավարության ընթացքում պետք է իր դեմ ներկայացված ապացույցները վիճարկելու արդյունավետ հնարավորություն ունենա։ Մասնավորապես, նա պետք է կարողանա ստուգել վկայի ներկայացրած ապացույցների ճշմարտացիությունը և հավաստիությունը` դրանք վկայի ներկայությամբ բանավոր քննելու միջոցով` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.

v) «միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքի» համաձայն` այն դեպքում, երբ ամբաստանյալը դատապարտվում է բացառապես կամ հիմնականում այն վկաների տված ցուցմունքների հիման վրա, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել վարույթի փուլերից որևէ մեկում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվում են.

vi) այս համատեքստում «վճռորոշ» բառը պետք է հասկանալ միայն այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունք, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար։ Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա դրա վճռորոշ լինելու հանգամանքը գնահատելը կախված կլինի հիմնավորող ապացույցների նշանակությունից. որքան հավաստի են մեղավորությունը հաստատող մյուս ապացույցները, այնքան քիչ հավանական է, որ չներկայացած վկայի ցուցմունքը վճռորոշ կհամարվի.

vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի դատաքննության արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքստում, միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքը չպետք է կիրառվի ոչ ճկուն եղանակով.

viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցն է ամբաստանյալի դեմ, ապա այն որպես ապացույց ճանաչելն ինքնըստինքյան չի հանգեցնի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման։ Միևնույն ժամանակ, եթե դատապարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են հանդիսանում չներկայացած վկաների ցուցմունքները, ապա Դատարանը պետք է դատական քննությունը հանգամանորեն ուսումնասիրի։ Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ այդպիսի ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, այն շատ կարևոր գործոն կհանդիսանա հավասարակշռությունն ապահովելու հարցում, և դրա համար անհրաժեշտ կլինեն բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` հուսալի ընթացակարգային երաշխիքներ։ Յուրաքանչյուր դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ ձևով գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը` դրանք որպես ապացույց ճանաչելու համար։ Սա թույլ կտա, որ անձը դատապարտվի այդպիսի ցուցմունքների հիման վրա միայն այն դեպքում, եթե դրանք բավականաչափ հավաստի լինեն` հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը։

(…) [Եվրոպական դատարանը նշում է, որ] վկայի չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը չի կարող ինքնին վկայել դատաքննության արդարացի չլինելու մասին, թեև ընդհանուր արդարացիությունը գնահատելիս այն ամեն դեպքում կարևոր գործոն է հավասարակշռությունը որոշելու համար և կարող է որոշիչ դեր ունենալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում արձանագրելու հարցում։ Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք դատաքննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել, այն պետք է ուսումնասիրի ոչ միայն բավարար հակակշռող գործոնների առկայությունն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել դիմումատուին դատապարտելու համար, ինչպես նաև այն գործերում, որոնցում այն չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները։ Հակակշռող գործոնների՝ դատաքննությունն արդար համարելու համար անհրաժեշտ շրջանակը կախված է չներկայացած վկայի ցուցմունքի նշանակությունից։ Որքան կարևոր նշանակություն ունենա այդ ցուցմունքը, այնքան ավելի կարևոր նշանակություն պետք է ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատաքննությունն ընդհանուր առմամբ համարվի արդարացի (…)» (տե՛ս Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 46-49-րդ կետերը)։

15. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանը վերլուծության առարկա է դարձրել այդ չափանիշների՝ ներպետական դատարանների կողմից պահպանված լինելու հարցը։

15.1. Մասնավորապես՝ անդրադառնալով այն խնդրին, թե արդյոք վկաների` դատական քննությանը չներկայանալու համար եղել են հիմնավոր պատճառներ, Եվրոպական դատարանը նշել է. «(…) Դատարանը սովորաբար կոշտ մոտեցում է ցուցաբերում, երբ պետք է որոշի` արդյոք ներպետական դատարանը բավարար փաստական կամ իրավական հիմքեր է ունեցել` վկայի` դատական քննությանը ներկայանալը չապահովելու համար։ Օրինակ, այն գտել է, որ վկայի բացակայությունն այն երկրից, որտեղ իրականացվում է վարույթը, ինքնին հիմնավոր պատճառ չէ` դատական քննությունից նրա բացակայությունն արդարացնելու համար (…)։ Մասնավորապես, ըստ Դատարանի` եթե վկայի գտնվելու վայրը պարզել հնարավոր չէ, ապա մարմինները պետք է «ակտիվորեն փնտրեն վկային» և ձեռնարկեն «բոլոր հնարավոր միջոցները՝ վկայի ներկայությունն ապահովելու համար»։

(…) [Սույն գործով] վկաների ներկայանալը չապահովելու համար ներկայացված պատճառաբանությունը, որի վրա հիմնվել է առաջին ատյանի դատարանի դատավորը, և որն այնուհետև ընդունվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, այն է, որ Մ.Ս.-ն և Դ.Օ.-ն գտնվել են արտերկրում, իսկ Դ.Թ.-ն բուժում է ստացել մայրաքաղաքում։

Հաշվի առնելով Դատարանի որդեգրած խիստ մոտեցումը նախորդ գործերով՝ Դատարանը չի կարծում, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են՝ տվյալ վկաների ներկայանալն ապահովելու համար։Ճիշտ է, որ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վկաներ Մ.Ս.-ին և Դ.Թ.-ին ոստիկանության աջակցությամբ բերման ենթարկելու մասին։ Այս միջոցը, այնուամենայնիվ, որևէ արդյունք չի տվել։Այդպիսի պայմաններում առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնությանը՝ ապահովելու համար վկաներ Մ.Ս.-ի և Դ.Օ.-ի ներկայանալը, որոնք ենթադրաբար բացակայում էին երկրից։Ավելին` առաջին ատյանի դատարանը նույնիսկ չի փորձել պարզել, թե Դ.Թ.-ն երբ է դուրս գրվելու հիվանդանոցից, որպեսզի կարողանա ներկայանալ դատական քննությանը։ Առաջին ատյանի դատարանը հեշտությամբ ընդունել է վկաների բացակայության համար ոստիկանության կողմից տրված պատճառաբանությունները, որոնք, ընդ որում, հիմնված են եղել ոչ թե ոստիկանության՝ վկաների գտնվելու վայրը պարզելուն ուղղված գործողությունների, այլ այդ վկաների բարեկամների տված ցուցմունքների վրա (…)» (տե՛ս Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 51-53-րդ կետերը)։

15.2. Անդրադառնալով չներկայացած վկայի ցուցմունքը «միակը և վճռորոշը» լինելու հարցին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) [Ն]երպետական դատարանների վճիռներում վկաներ Մ.Ս.-ի, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի ցուցմունքները նշվել են որպես դիմումատուի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ՝ առանց այդ ապացույցների հավաստիությունը գնահատելու, որը կօգներ Դատարանին որոշել՝ արդյոք դիմումատուի դատապարտումը հիմնված է եղել միայն վկաների՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների վրա կամ արդյոք դրա համար այդ ցուցմունքները վճռորոշ են եղել (…)։ Այդ պատճառով Դատարանը պետք է ինքը գնահատի չներկայացած վկաների կողմից տրված ցուցմունքների նշանակությունը` մեղավորությունը հաստատող առկա լրացուցիչ ապացույցները հաշվի առնելով (…)։

(…) Դատարանն այս առնչությամբ նշում է, որ դիմումատուի մեղավորությունը հաստատվել է հետևյալ ապացույցների հիման վրա. քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ Գ.Բ.-ի և Ա.Ա.-ի դատական քննության ժամանակ տված ցուցմունքները, վկաներ Մ.Ս.-ի, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի նախաքննական ցուցմունքները, այն փաստը, որ համապատասխան փաստաթղթերը, որպես ծանրոցն ուղարկող, ստորագրել է դիմումատուն և նրան զգուշացվել է բանտարկյալին անօրինական իրեր ուղարկելու արգելքի մասին, տորթի մեջ գտնված իրերի հայտնաբերման և առգրավման մասին արձանագրությունը և դատական փորձագետի եզրակացությունը, որի համաձայն` հայտնաբերված նյութերը եղել են թմրամիջոցներ (…)։

(…) Հաշվի առնելով այս ապացույցները՝ Դատարանը չի կարող չնշել, որ վկաներ Մ.Ս.-ի, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի ցուցմունքները միակ ապացույցներն են եղել, որոնցով հաստատվել է, որ տորթի մեջ թմրամիջոցները դրել է դիմումատուն։ Մ.Ս.-ն ուղղակիորեն մեղադրել է դիմումատուին՝ նշելով, որ տեսել է, թե ինչպես է նա ներարկիչը դնում տորթի մեջ, մինչդեռ Դ.Թ.-ն և Դ.Օ.-ն նշել են, որ իրենք տորթը տվել են դիմումատուին՝ մինչև այն վարչակազմին փոխանցելը։ Ամեն դեպքում չներկայացած բոլոր երեք վկաների ցուցմունքներով հերքվում է դիմումատուի առարկությունն այն մասին, որ նա ձեռք չի տվել տորթին՝ մինչև այն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին փոխանցելը։ Առկա մյուս ապացույցները, այդ թվում` քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ Գ.Բ.-ի և Ա.Ա.-ի ցուցմունքները, երկրորդական և ոչ կարևոր բնույթ են կրում, իսկ մյուս ապացույցները բավարար չեն՝ դիմումատուի կողմից հանցագործությունը կատարելու փաստը հաստատելու համար։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը կարծում է, որ չներկայացած վկաների ցուցմունքները դիմումատուի դատապարտման համար վճռորոշ են եղել» (տե՛ս Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 56-58-րդ կետերը)։

15.3. Բավարար «հակակշռող գործոններ» լինելու չափանիշի առնչությամբ Եվրոպական դատարանը փաստել է.«(…) 2010 թվականի մարտի 9-ի դատական նիստի ժամանակ դիմումատուի փաստաբանը համաձայնել է շարունակել դատական քննությունը՝ հաշվի առնելով ոստիկանության նամակն այն մասին, որ վկաների ներկայանալն ապահովել հնարավոր չէ։ Ավելին` դիմումատուն ինքը նշել է, որ համաձայն է, որ դատական քննությունը շարունակվի, սակայն նշել է, որ իր կինը դատական նիստից երեք օր առաջ տեսել է Մ.Ս.-ին՝ դրանով իսկ վիճարկելով Մ.Ս.-ի՝ քաղաքից բացակայելու մասին տեղեկությունը (…)։ Այս առնչությամբ տվյալ գործը տարբերվում է Դատարանի կողմից քննված մյուս գործերից, որոնց դեպքում քրեական գործով ամբաստանյալը հրաժարվել էր խաչաձև հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկաներին (…)։ Այս հանգամանքներում չի կարելի ասել, որ համաձայնելով շարունակել դատական քննությունը՝ դիմումատուն անվերապահորեն՝ անուղղակի կամ ուղղակի կերպով հրաժարվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու իրավունքներից։ Ընդհակառակը, առաջին ատյանի դատարանի և ոստիկանության կողմից տվյալ վկաների ներկայանալը բազմիցս չապահովելու արդյունքում այլընտրանք չունենալով՝ դիմումատուն համաձայնել է շարունակել դատական քննությունը նրանց բացակայության պայմաններում և այդ հարցը բարձրացրել է իր հետագա բողոքներում։

(…) Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ այն, որ դիմումատուն համաձայնել է դատական քննությունը շարունակել տվյալ վկաների բացակայության պայմաններում, չի նշանակում, որ նա հրաժարվել է իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու իրավունքից`

(…) Ինչ վերաբերում է ներպետական դատարաններ չներկայացած վկաներ Մ.Ս.-ի, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի ցուցմունքները որպես ապացույց ճանաչելուն, ապա Դատարանը նշում է, որ Մարզային դատարանը այդ ցուցմունքները հաշվի առնելիս շրջահայացություն չի ցուցաբերել։ Մարզային դատարանի դատավճիռը չի պարունակում որևէ նշում այն մասին, որ այն տեղյակ է եղել վկաների չստուգված ցուցմունքի սահմանափակ ապացուցողական նշանակության մասին։ Ընդհակառակը, վկաների չստուգված ցուցմունքները դասվել են դիմումատուի մեղավորությունը հիմնավորող ապացույցներին՝ առանց դրանց հավաստիությունը գնահատելու (…)։ Այդ պատճառով Դատարանը կարծում է, որ Մարզային դատարանը պատշաճ կերպով չի քննել չներկայացած վկաների ցուցմունքների հավաստիությունը։

(…) Դատարանը նաև նշում է, որ Մարզային դատարանը (…) չի ունեցել մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցներ, որոնք կհաստատեին Մ.Ս.-ի, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի տված ցուցմունքները`

(…) Ինչ վերաբերում է դատավարական այն գործողություններին, որոնք ձեռնարկվել են՝ դատական քննության ժամանակ վկաներին խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը լրացնելու համար, ապա Դատարանը նշում է, որ նախաքննության ընթացքում դիմումատուի և վկա Մ.Ս.-ի միջև կատարվել է առերեսում (…)։ Թեև Մ.Ս.-ն կարող է համարվել մեղադրանքի կողմի հիմնական վկան՝ հաշվի առնելով, որ նա ուղղակիորեն մեղադրել է դիմումատուին, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի ցուցմունքները Մարզային դատարանի համար հավասար հիմք են ծառայել հանցագործությունը կատարելու մեջ դիմումատուի մեղավորությունը հաստատված համարելու համար, և Մ.Ս.-ի ցուցմունքին հատուկ նշանակություն չի տրվել (…)։ Դատարանը նաև նշում է, որ դիմումատուին նախաքննության փուլում վկաներ Դ.Թ.-ին և Դ.Օ.-ին հարցաքննելու որևէ հնարավորություն չի տրվել։

(…) Դատարանը նաև նշում է, որ առաջին ատյանի դատարանն իր վճռի մեջ միայն նշել է, որ Մ.Ս.-ն առերեսման ժամանակ հաստատել է նախկինում տված իր ցուցմունքները, սակայն իր գնահատականը չի տվել դիմումատուի և Մ.Ս.-ի միջև առերեսման արդյունքների վերաբերյալ՝ Մ.Ս.-ի ցուցմունքների հավաստիությունը գնահատելու համար։

(…) Այդպիսի հանգամանքներում Դատարանը կարծում է, որ չներկայացած երեք վկաներից միայն մեկի հետ կատարված առերեսումը, որը նաև չի ազդել նրանց վկայությունների գնահատման վրա, բավարար չի եղել՝ դատական քննության ժամանակ վկաներին խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը լրացնելու համար» (տե՛ս Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 61-67-րդ կետերը)։

15.4. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է. «(…) Հաշվի առնելով չներկայացած վկաների չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը, մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների բացակայությունը և դիմումատուի վերաբերյալ գործի դատական քննության ժամանակ վկաներ Մ.Ս.-ի, Դ.Թ.-ի և Դ.Օ.-ի բացակայությանը հակակշռող ընթացակարգային երաշխիքների անբավարարությունը՝ Դատարանը կարծում է, որ քրեական գործով վարույթն ընդհանուր առմամբ անարդարացի է եղել այն պատճառով, որ այդ չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները ճանաչվել են որպես ապացույց։

(…) Հետևաբար տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում» (տե՛ս Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 68-69-րդ կետերը)։

16. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշումը վերանայելու հիմք է։

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյոք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։

18. Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրվելու դեպքում վարույթը վերաբացելու առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, արձանագրել է. «Դատարանը (...) անհրաժեշտ է համարում նշել, որ վճիռը, որով այն Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող Պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, եթե այդպիսիք կան, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական բնույթի միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրելու համար, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (...)։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (...)։

(...) Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.4 հոդվածներով նախատեսվում է ներպետական դատական ակտը վերանայելու հնարավորություն, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (...)։ Ինչպես Դատարանը վճռել է նախորդ նման գործերում, հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի պատշաճ կարգով գործի վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան (...)» (տե՛ս Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 74-75-րդ կետերը)։

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 15-ի և Վերաքննիչ դատարանի` 2010 թվականի հունիսի 29-ի դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դավիթ Ֆրունզիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշումը վերանայել։

2. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի հունիսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Դանիելյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

    Հ. Ասատրյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան