Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.05.10/37(1395).1 Հոդ.620.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
20.12.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0061/01/15 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0061/01/15

ԱՐԴ/0061/01/15

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան  

Դատավորներ՝

 Տ. Սահակյան
   Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     
  մասնակցությամբ`  
  պաշտպան

Կ. Հովհաննիսյանի

  դատախազ

Ա. Շահբազյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ Սամվել Քյարամի Ավդոյանի պաշտպաններ Հունան Բաբայանի և Կարեն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Ա.Կարապետյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62227514 քրեական գործը։

2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Կարապետյանը (այսուհետ՝ նաև Քննիչ) որոշում է կայացրել Սամվել Քյարամի Ավդոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 315-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։

2015 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ վերոհիշյալ որոշումը վերացնելու մասին։

2. Քննիչի՝ 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Ս.Ավդոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։

2015 թվականի ապրիլի 27-ին Քննիչը որոշում է կայացրել թիվ 62227514 քրեական գործից մաս անջատելու, դրան թիվ 62209115 համարը շնորհելու, այն վարույթ ընդունելու և նախաքննության կատարմանը ձեռնամուխ լինելու մասին։

2015 թվականի մայիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը որոշում է կայացրել թիվ 62209115 քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու մասին։

3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ս.Ավդոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության և ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 22-ին որոշում է կայացրել գործով մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին։

5. Ս.Ավդոյանի պաշտպաններ Հ.Բաբայանը և Կ.Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշման դեմ բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, Ս.Ավդոյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության։

6. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հունիսի 26-ին որոշել է մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճիռը բեկանել, Ս.Ավդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

7. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ Ս.Ավդոյանի պաշտպաններ Հ.Բաբայանը և Կ.Հովհաննիսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Ս.Ավդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի հատուկ կոչում, լինելով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կազմել և հանձնել, շրջանառության մեջ է դրել պաշտոնեական կեղծ փաստաթուղթ։

Այսպես.

Սամվել Ավդոյանը որպես հերթապահ քննիչ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդման քննարկման և լուծման իր լիազորությունների շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից տեղեկանալով բնակարանից գողություն կատարելու վերաբերյալ Թեհմինա Արգամի Գրիգորյանի ահազանգի մասին, օպերատիվ-քննչական խմբի կազմում մեկնել է հանցագործության դեպքի վայր հանդիսացող Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 1-ին շենքի 6-րդ բնակարան։ Սամվել Ավդոյանը, հանդիսանալով դեպքի վայրի զննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունների իրականացման ընթացքի, արդյունքների ճշգրիտ և ըստ էության արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձ, փորձագետի` դեպքի վայր ժամանելուն չսպասելու և ժամանակ չվատնելու նկատառումներով, ինչպես նաև առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրը զննելու համար նյութերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու և կարգապահական պատասխանատվության չենթարկվելու անձնական դրդումներից ելնելով, դեպքի վայրի զննության` 2014 թվականի սեպտեմբերի 21-ի արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Մասնավորապես, նույն օրը` ժամը 14։40-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի բնակարանում դեպքի վայրի զննություն կատարելու ընթացքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի պահանջները՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության արձանագրությունում մտցրել է դեպքի վայր չժամանած և զննությանն իրականում չմասնակցած ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ Արմեն Ղարիբյանի՝ որպես զննության մասնակցի, ինչպես նաև վերջինիս՝ որպես փորձագետի իրավունքներն ու պարտականություններն իր կողմից բացատրելու և պարտականությունները չկատարելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացնելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, այնուհետև նշված արձանագրությունը կցելով դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերին՝ այն դրել է շրջանառության մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 315-316)։

9. Հետազոտելով գործով ձեռքբերված ապացույցները՝ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում, ի թիվս այլնի, արձանագրել է. «Սամվել Ավդոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և դատարանին հայտնեց, որ (…) Հերթական անգամ, սահմանված գրաֆիկով, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին հանդիսացել է Վաղարշապատի քննչական բաժանմունքի հերթապահ քննիչը։ Նույն օրը` կեսօրին, ոստիկանության հերթապահ մասի տեսուչ-հերթապահ Արման Վարդանյանից տեղեկացել է բնակարանային գողության դեպքի մասին։ Դրանից հետո դուրս է եկել աշխատասենյակից, մոտեցել ոստիկանության բաժնի հերթապահ մասին և հաշվի առնելով, որ գործող կարգի համաձայն փորձագետին դեպքի վայր հրավիրելու պարտականությունը կատարում է հերթապահ մասի անձնակազմը, ուստի ինքը հերթապահ մասից տեղեկացել է, որ դեպքի վայր է ժամանելու փորձագետ Արմեն Ղարիբյանը։ Այնուհետև, ահազանգի հիման վրա օպերատիվ-քննչական խմբի կազմում (…) մեկնել է դեպքի վայր (…)։ Ընդ որում դեպքի վայր է ուղևորվել Մ.Խաչատրյանի հետ և նրան հայտնել է փորձագետ Ա. Ղարիբյանի դեպքի վայր ժամանման մասին։ Դեպքի վայրում (…) ձեռնամուխ են եղել դեպքի վայրի զննությանը` մինչև փորձագետի դեպքի վայր ժամանելը։ Այդ կապակցությամբ լրացրել է դեպքի վայրի զննության արձանագրության ձևաթղթի առաջին էջը` հիշյալ քննչական գործողության մասնակիցների և ներկաների տվյալներով, այդ թվում` ձևաթղթի վրա նախատեսված տողում լրացրել է նաև փորձագետ Ա.Ղարիբյանի անունը, կրկին պնդում է` նախապես տեղեկացած լինելով դեպքի վայր վերջինիս ժամանման մասին։ Զննության տվյալներն արձանագրելուց հետո, արձանագրությունը բարձրաձայն ընթերցել է, որից հետո, քանի որ ինքն ապամոնտաժել է բնակարանի մուտքի դռան փականի միջուկը` օտար մարմնի կամ հարմարեցված բանալու հնարավոր ներգործության հանգամանքը հետագայում պարզելու համար, այդ ընթացքում խնդրել է օպեր լիազոր Փայլակ Շմավոնյանին որպեսզի մասնակիցներին ստորագրել տա արձանագրությունը` ձևաթղթում նախատեսված համապատասխան տեղերում։ Փականի միջուկն ապամոնտաժելուց հետո, տեսնելով, որ դեպքի վայրի զննության արձանագրության նախանշված տեղերում ստորագրություններն առկա են, վերջում ստորագրել է ինքը և վերադարձել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ճիշտ է, փորձագետ Ա.Ղարիբյանը չի ժամանել դեպքի վայր` իրեն անհայտ պատճառներով, և այդ հանգամանքն անուշադրության է մատնել, ուշադրություն չի դարձրել նաև այն հանգամանքին, որ դեպքի վայրի զննության արձանագրության` առաջին էջում նախատեսված տողում որպես գրառում մնացել է փորձագետ Ա.Ղարիբյանի անունը։ Ինքն ընդունում է, որ մինչև փորձագետի դեպքի վայր ժամանելը նրա տվյալները լրացրել է արձանագրության նախանշված տողի վրա, սակայն կրկին պնդում է, որ նախապես տեղեկացված է եղել Ա.Ղարիբյանի դեպքի վայր ժամանման մասին և հաշվի առնելով Արմավիր քաղաքից մինչև Վաղարշապատ քաղաք, այնուհետև Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածը՝ ավելի շուտ հասնելով` համոզված է եղել, որ փորձագետը կժամանի դեպքի վայր։ (…) Վերջնական արդյունքում ինքը դեպքի վայրի զննության հիշյալ արձանագրությունում չի լրացրել մտացածին տվյալ, այսինքն ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբում աշխատում է ոստիկանության մայոր Ա.Ղարիբյանը և փորձագետների միջև կատարված աշխատանքային բաշխման համաձայն, նա է սպասարկել Էջմիածնին հարող համայնքները։ (…) Հատկանշական է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը, 01.04.2015թ. որոշում է կայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ (…) Ինքը` հաստատապես համոզված է եղել, որ փորձագետը գալու է, դրա համար էլ գրել է նրա տվյալները, նրա չգալը չի նշել, քանի որ դուրս է մնացել իր ուշադրությունից։ Կարող էր հետո պատռել փոխել, սակայն չի արել, շահ չի ունեցել, պարզապես չի նկատել, որ փորձագետ չի եղել` տեղը բաց է մնացել։ Եթե շահ ունենար, վարչություն կմտներ, կասեր, որ ստորագրի և նա կաներ, կստորագրեր և հիմա չէր կանգնի դատարանի առջև։ Այդ (…) պահին անուշադիր է եղել, ինքը կեղծիքի չէր գնա (…)։

Նախաքննական մարմնի կողմից Սամվել Քյարամի Ավդոյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են հետևյալ ապացույցները.

(…)

Քրեական գործի դատական քննությամբ վկա Արմեն Ղարիբյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը և դատարանին հայտնեց, որ իր ստորագրությունը կեղծված է եղել։ Դեպքի վայրից ահազանգ չի ստացել։ Ինքը դեպքերի մասին տեղեկացվում է հեռախոսով հերթապահ մասի միջոցով։ Ս.Ավդոյանի հետ ինքը գտնվել է նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ։ Թե ով է կեղծել իր ստորագրությունը, դա իր իրավասություններից դուրս է։ (…) Փորձագետ ուզելու ահազանգ չի եղել, Ավդոյանը լավ քննիչ է։

(…) Վկա Փայլակ Բարիսի Շմավոնյանի ցուցմունքն այն մասին, որ (…) Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ Արմեն Ղարիբյանին ճանաչել է, սակայն իր հիշողության մեջ չի տպավորվել, որ վերջինս դեպքի օրը Թեհմինա Գրիգորյանի բնակարան ժամանած լինի։

Մինչ դեպքի վայր մեկնելը, քննիչին սպասել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի շենքի բակում, ուստի չի լսել, թե Սամվել Ավդոյանն ու հերթապահը ինչ են խոսել` փորձագետի կողմից դեպքի վայր ժամանելու մասին։ (…) Քրեական գործի դատական քննությամբ վկա Փայլակ Շմավոնյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը (…)։

Վկա Գարիկ Հրայրի Հովհաննիսյանի ցուցմունքն այն մասին, որ 2010 թվականից աշխատում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում` որպես օպերլիազոր։ Չի հիշում փորձագետը դեպքի վայր ժամանե՞լ է, զննությանը մասնակցե՞լ է, թե՞ ոչ։ (…) Քրեական գործի դատական քննությամբ վկա Գարիկ Հովհաննիսյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը (…)։

Վկա Արման Գևորգի Վարդանյանի ցուցմունքով այն մասին, որ 2011 թվականից աշխատում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում սկզբում որպես տեսուչ-հերթապահ, ապա` որպես ավագ տեսուչ-հերթապահ։ (…) 2014 թվականի սեպտեմբերի 21-ին եղել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահը։ (…) Չի հիշում` Սամվել Ավդոյանը մինչ դեպքի վայր մեկնելը փորձագետի` դեպքի վայր մեկնելու անհրաժեշտության մասին իրեն տեղյակ պահել է, թե ոչ, սակայն անգամ իր կողմից այդ հանգամանքը մոռանալու և փորձագետին դեպքի վայր մեկնելու մասին չհայտնելու դեպքում Սամվել Ավդոյանը` որպես դեպքի վայր մեկնած քննիչ, պետք է հետևողական լիներ փորձագետի կողմից դեպքի վայր ժամանելու հարցում։

Քրեական գործի դատական քննությամբ վկա Ա.Վարդանյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը և դատարանին հայտնեց, որ (…) Ս.Ավդոյանը չի ասել, դրա համար էլ ինքը չի կանչել փորձագետ։

(…) Քրեական գործի դատական քննությամբ վկա Թ.Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ մտածելով, թե իր կասը գողացել են, դիմել է ոստիկանություն։ Ինքը չի խաբել։ Եկել են, գրել, ինքը հարցերին է պատասխանել։ Ս.Ավդոյանը հարցեր է տվել, նկարել, գրել։ Փականը հանել է, որ տանի փորձաքննության (…)։ Գործը կարճվել է, ինքը վատ է զգում, որ իր պատճառով է եղել։

(…) Փորձաքննությանը տրամադրված` ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Ավդոյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կազմված դեպքի վայրի զննության մասին արձանագրության 4-րդ էջի ստորին «Ստորագրություններ» հատվածում` «3.Մասնագետ» տպագիր գրառման և ստորագրության դիմաց տեղավորված «Ա.Ղարիբյան» ձեռագիր գրառումը կատարվել է Ս.Ավդոյանի կողմից։

(…) Դատաձեռագրաբանական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 15-0174 եզրակացությունը, համաձայն որի, փորձաքննության ներկայացված` 2014 թվականի սեպտեմբերի 21-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրության առաջին թերթի դիմերեսի ստորին աջ մասում` «Ստորագրություն» տողագծի վրա և 2-րդ թերթի դարձերեսի ստորին մասում` «3.Մասնագետ» տպագիր գրառման դիմաց տեղավորված ստորագրությունները չեն կատարվել Արմեն Ղարիբյանի կողմից։

2014 թվականի սեպտեմբերի 21-ի` դեպքի վայրի զննության մասին արձանագրության 2-րդ թերթի դարձերեսի ստորին մասում` «3.Մասնագետ» տպագիր գրառման դիմաց տեղավորված «Ա. Ղարիբյան» ձեռագիր գրառումը կատարվել է Սամվել Ավդոյանի կողմից։

(…) Իրեղեն ապացույց ճանաչված` դեպքի վայրի զննության մասին 2014 թվականի սեպտեմբերի 21-ի արձանագրությունը, համաձայն որի` որպես զննությանը մասնակից փորձագետի տվյալներ լրացվել են ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձագիտական խմբի փորձագետ Արմեն Ղարիբյանի տվյալները։

(…) Իրեղեն ապացույց ճանաչված` դեպքի վայրի զննության մասին 2014 թվականի սեպտեմբերի 21-ի արձանագրության զննության մասին արձանագրությունը, համաձայն որի` զննության է ենթարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Ավդոյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կազմված դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, որի ընթացքում պարզվել է, որ արձանագրության 1-ին էջի և 4-րդ էջի վրա որպես զննությանը մասնակից փորձագետի տվյալներ լրացվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ Արմեն Ղարիբյանի տվյալները, բացի այդ, 1-ին էջի վրա Սամվել Ավդոյանը նշում է կատարել Արմեն Ղարիբյանին` որպես փորձագետի իրավունքներն ու պարտականությունները բացատրելու և պարտականությունները չկատարելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացնելու վերաբերյալ։

(…) Բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումների զննության մասին 2015 թվականի մարտի 31-ի արձանագրությունը, համաձայն որի, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին` Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Բարեկամության փողոցի 1-ին շենքի 6-րդ բնակարանի զննությանը նախորդած ժամանակահատվածում, Արմեն Ղարիբյանի 093-52-16-12 բջջային հեռախոսահամարին զանգահարել են միայն 077-33-02-09 բջջային հեռախոսահամարից, որն օգտագործում է Արմեն Ղարիբյանի եղբայրը` Նորայր Ղարիբյանը (…)։

10. Վերլուծելով հետազոտված ապացույցները՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է. «(...) Համակցության մեջ գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը, գտնում է, որ Ս.Ավդոյանի` ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը` հիմնավորված չէ, ավելին, նրա արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը, մասնավորապես դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող սուբյեկտիվ կողմը։

(...)

(...) գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ` հիմնավորելու Ս.Ավդոյանին մեղսագրվող արարքը։

(...) Գործի հանգամանքները, դատարանի համոզմամբ, խեղաթյուրվել են, իրավական գնահատականը և որակումը տրված է ոչ ճիշտ։ Գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի կատարվել։ Բացակայում է գործին վերաբերելի և փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությունը, արդյունքում` մեղադրանքն ապացուցված չէ, բացակայում է նաև հանցակազմը։

(...)

Քրեական գործի քննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված որևէ ապացույցով չի հիմնավորվել այն, որ Ս.Ավդոյանին վերագրվող որևէ գործողություն նա կատարել է անձնական, շահադիտական դրդումներով, կամ այլ նպատակով կամ խմբային շահերից ելնելով, ինչը հանդիսանում է պարտադիր և միաժամանակյա պայման` տեղի ունեցած հանցագործությունը հիմնավորված համարելու և փաստելու համար։

(...)

(...) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Ավդոյանի մեղքը` ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում հիմնավորված չէ, վերջինիս արարքում բացակայում է հանցակազմը, գործի ապացույցներն անբավարար են` մեղադրական դատական ակտ կայացնելու համար, նա ենթակա է արդարացման» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 150-157)։

11. Վերաքննիչ դատարանն իր՝ 2017 թվականի հունիսի 26-ի որոշման մեջ արձանագրել է. «(...) [Ա]պացույցների ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն փաստական հանգամանքները, համաձայն որոնց՝ [նշվում են առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերը]։

(…) [Այդ] փաստական հանգամանքները հաստատվել են ամբաստանյալ Սամվել Ավդոյանի, վկաներ Արմեն Ղարիբյանի, Փայլակ Շմավոնյանի, Գարիկ Հովհաննիսյանի, Արման Վարդանյանի, Թեհմինա Գրիգորյանի, Գոհար Թադևոսյանի, Լյուսյա Պետրոսյանի, Ալվարդ Դավթյանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքներով, վկա Նորայր Ղարիբյանի նախաքննական ցուցմունքով, դատաձեռագրաբանական փորձաքննության թիվ 54251401 եզրակացությամբ, դատաձեռագրաբանական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 15-0174 եզրակացությամբ, իրեղեն ապացույց ճանաչված՝ դեպքի վայրի զննության մասին 2014թ. սեպտեմբերի 21-ի արձանագրությամբ, բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումների զննության մասին 2015թ. մարտի 31-ի արձանագրությամբ, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ դեպքի վայրի զննություններում և քննչական գործողություններում մասնակցելու գրանցման մատյանի զննության մասին արձանագրությամբ։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված փաստական հանգամանքներով հերքվում են ամբաստանյալ Սամվել Ավդոյանի այն պատճառաբանությունները, որ ինքը դիտավորություն չի ունեցել փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև՝ տեղյակ չի եղել, որ փորձագետ Արմեն Ղարիբյանն ի վերջո չի ժամանել դեպքի վայր, և այդ մասին տեղեկացել է միայն ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելուց հետո։

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ փորձագետ Արմեն Ղարիբյանը դեպքի վայր ներկայանալիս պարտավոր էր աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել դատավարական գործողության կատարման վայրում, և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի՝ քննիչ Սամվել Ավդոյանի, թույլտվության։

Հատկանշական է նաև այն, որ Սամվել Ավդոյանի կողմից դեպքի վայրի զննության մասին 2014թ. սեպտեմբերի 21-ի արձանագրության մեջ փորձագետ Արմեն Ղարիբյանի տվյալները լրացվել է ոչ միայն առաջին, այլ նաև վերջին էջերում, որտեղ դատավարական գործողություններն ավարտելուց հետո նշված գործողությանը մասնակցած անձանց կողմից ստորագրությամբ հաստատվում են արձանագրությանը ծանոթանալու հանգամանքը։

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ Սամվել Ավդոյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հանցակազմը, մասնավորապես դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող սուբյեկտիվ կողմը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման դատողությունն անհիմն է, քանի որ քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներով, ինչպես նաև ներքին համոզմամբ կարելի է գալ եզրահանգման, որ Սամվել Ավդոյանը պաշտոնեական կեղծիքը կատարել է ուղղակի դիտավորությամբ՝ փորձագետի դեպքի վայր ժամանելուն չսպասելու և ժամանակ չվատնելու նկատառումներով, ինչպես նաև առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրը զննելու համար նյութերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու և կարգապահական պատասխանատվության չենթարկվելու անձնական դրդումներից ելնելով։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Սամվել Ավդոյանի կատարած արարքը որակված է ճիշտ, և այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին։

(…)

Վերաքննիչ դատարանն օբյեկտիվ ստուգման ու գնահատման ենթարկելով Սամվել Ավդոյանի կողմից կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, հանցագործության կատարման շարժառիթները, եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում գտնում է, որ Սամվել Ավդոյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի տուգանքի ձևով, ինչն արդարացի է և համապատասխանում է նրա կատարած հանցագործության ծանրությանը և հանցավորի անձին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 26-50)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքի հեղինակները գտնում են, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը հիմնավորված է և օրինական, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 26-ի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով։

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ վճռաբեկ բողոքի հեղինակները, ի թիվս այլ հիմնավորումների, անդրադարձել են Նարեկ Արմենակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0231/01/14 որոշման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմին տրված մեկնաբանությանը, և կատարելով համեմատական վերլուծություն՝ փաստարկել են, որ Ս.Ավդոյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով սահմանված հանցակազմը։

13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռին կամ գործը վերադարձնել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ս.Ավդոյանին մեղսագրված արարքը արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չի՞ համարվում նվազ կարևոր։

15. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»։

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»։

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով։

2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»։

16. Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Նարեկ Արմենակյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «Հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ։

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (...)» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը)։

Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը)։

(...) Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային վտանգավորությունը հանդիսանում է հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկը։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հանցագործություն է համարում միայն հանրային (հասարակական) վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքը։

Քրեական իրավունքը պաշտպանում է հասարակական հարաբերությունները վերջիններիս էական վնաս պատճառելուց։ Ուստի որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել։ Այդպիսի արարքը պետք է ճանաչվի քրեաիրավական առումով նվազ կարևոր։

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արարքը դիտարկվում է որպես նվազ կարևոր և չի համարվում հանցագործություն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) այն ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ,

2) չի ներկայացնում հասարակական (հանրային) վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել։

(...) Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանրային վտանգավորությունը՝ որպես հանցագործության նյութական հատկանիշ, ունի որակական և քանակական արտահայտություն. հանրային վտանգավորության որակական արտահայտությունը հանրային վտանգավորության բնույթն է, իսկ քանակականը՝ հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս mutatis mutandis Գ.Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը)։

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն)։ Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարևոր լինելը կամ չլինելը։

(...) Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նվազ կարևոր կարող է լինել, որպես կանոն, դիտավորյալ արարքը, ընդ որում, ուղղակի դիտավորությամբ կատարված։ Արարքը կատարողի գիտակցությունը և կամքը պետք է ուղղված լինի հասնելու հենց այն արդյունքին, որը հանդիսանում է կատարողի գործողության կամ անգործության հետևանք։ Եվ հենց այս տեսանկյունից պետք է գնահատական տրվի, թե արդյոք արարքը քրեաիրավական առումով նվազ կարևոր է, թե ոչ։ Եթե արարքը կատարողի դիտավորությունը ուղղված է եղել էական վնաս պատճառելուն, սակայն նրա կամքից անկախ պատճառներով դա նրան չի հաջողվել, ապա կատարված արարքը չի կարող համարվել նվազ կարևոր (անձի դիտավորության և փաստացի կատարածի անհամապատասխանության դեպքում պատասխանատվություն է առաջանում հանցափորձի համար)։ Այլ կերպ ասած՝ արարքը կատարողի կամքը և գիտակցությունը պետք է ուղղված լինեն հենց ոչ էական վնասի առաջացմանը։ Ընդ որում, դա վերաբերում է վնասի բոլոր տեսակներին (նյութական, ֆիզիկական և այլն), և եթե արարքի հետևանք հանդիսացող վնասի մի տեսակն աննշան է, իսկ մյուսը՝ էական, ապա այդ դեպքում արարքը չի կարող համարվել նվազ կարևոր։

Հարկ է ընդգծել նաև, որ ենթադրյալ հանցավոր արարքի սուբյեկտի հատկանիշները (անչափահաս, պաշտոնատար անձ լինելը և այլն) չպետք է ազդեն նրա կատարած արարքի նվազ կարևոր լինելու հարցը որոշելու վրա, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ թե անձի, այլ արարքի հանրային վտանգավորությունը։

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արարքի նվազ կարևորությունը կարող են պայմանավորել միայն այն հատկանիշները, որոնք արտահայտվել են կատարված արարքի մեջ։ Իսկ հանգամանքները, որոնք չեն արտահայտվել արարքի մեջ (դրսևորած վարքագիծը մինչ ենթադրյալ հանցավոր արարքի կատարումը, զղջալը, վնասը կամովին հատուցելը, ընտանեկան դրությունը և այլն), արարքի նվազ կարևորության հարցը լուծելիս հաշվի չպետք է առնվեն։

(...) Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս, ի թիվս այլ հանգամանքների, անհրաժեշտ է հաշվի առնել.

ա) պատճառված վնասը,

բ) արարքի կատարման եղանակը,

գ) մեղքի ձևը և տեսակը,

դ) շարժառիթը և նպատակը (տե՛ս Նարեկ Արմենակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0231/01/14 որոշման 13-16-րդ կետերը)։

17. Սույն գործի նյութերից երևում է, որ, ի թիվս այլնի, սույն որոշման 9-րդ կետում մատնանշված ապացույցների վերլուծության արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Ս.Ավդոյանի մեղքը` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում հիմնավորված չէ, վերջինիս արարքում բացակայում է հանցակազմը, գործի ապացույցներն անբավարար են` մեղադրական դատական ակտ կայացնելու համար, և նա ենթակա է արդարացման (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)։

Իսկ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից արված դատողություններին, իր հերթին արձանագրել է, որ նախաքննության մարմնի կողմից Ս.Ավդոյանին մեղսագրված արարքը որակված է ճիշտ, և այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին։ Ի թիվս այլ հիմնավորումների՝ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ Ս.Ավդոյանի արարքում բացակայում է համապատասխան հանցակազմի սուբյեկտիվ կողմը, արձանագրել է, որ այդպիսի դատողությունն անհիմն է, և նշել է, որ Ս.Ավդոյանը պաշտոնեական կեղծիքը կատարել է ուղղակի դիտավորությամբ՝ փորձագետի դեպքի վայր ժամանելուն չսպասելու և ժամանակ չվատնելու նկատառումներով, ինչպես նաև առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրը զննելու համար նյութերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու և կարգապահական պատասխանատվության չենթարկվելու անձնական դրդումներից ելնելով։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, ի թիվս այլնի, Ս.Ավդոյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այդ թվում՝ գործի կոնկրետ հանգամանքները, հանցագործության կատարման շարժառիթները, եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, եզրահանգել է, որ Ս.Ավդոյանի նկատմամբ պետք է նշանակվի տուգանքի ձևով պատիժ, ինչն արդարացի է և համապատասխանում է նրա կատարած հանցագործության ծանրությանը և հանցավորի անձին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը)։

18. Սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը կիրառելով սույն որոշման 8-11-րդ, ինչպես նաև 17-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ անհիմն են Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ Ս.Ավդոյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը, ինչպես նաև այն, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Ս.Ավդոյանին մեղսագրված արարքին վերջինիս մասնակցությունը ապացուցված համարելու համար (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համապատասխան հետևությունների ոչ իրավաչափ լինելը հիմնավորվում է Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված փաստարկներով, որոնք Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված են (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը)։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Ս.Ավդոյանին մեղսագրված փաստերը հաստատվում են սույն գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցներով։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Ավդոյանին մեղսագրված արարքը չի համարվում հանցագործություն, քանի որ այն թեև ձևականորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, սակայն իր նվազ կարևոր լինելու ուժով չի ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել։

Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ դեպքում Ս.Ավդոյանի կողմից կատարված արարքի հետևանքով դեպքի վայրի զննության իսկությունը կասկածի տակ չի առնվել, դրա լիարժեքությունը կամ օբյեկտիվությունը չի տուժել, հանցագործության մասին հաղորդման լուծման հարցում սխալ թույլ չի տրվել, դրանով չեն խախտվել հաղորդում տված անձի կամ այլ անձի իրավունքները, որևէ մեկը քրեական պատասխանատվությունից չի խուսափել, ավելին՝ գործի նյութերից երևում է, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ումուրշատյանի՝ 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ Թեհմինա Գրիգորյանի հաղորդման կապակցությամբ հարուցված թիվ 57200414 քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 274-276)։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ս.Ավդոյանի կողմից կատարված արարքը ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Ավդոյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվում է նվազ կարևոր։

18.1. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ս.Ավդոյանին վերագրված արարքը վերջինիս կողմից կատարված լինելու մասին փաստող բավարար ապացույցների, ինչպես նաև տվյալ արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության առնչությամբ Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության, սակայն անտեսել է, որ թեև Ս.Ավդոյանի արարքը ձևականորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում։

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։

20. Նախորդ կետում նշված խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանելու Վերաքննիչ դատարանի դատական ակտը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով արդարացման դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը սխալ է պատճառաբանել իր կողմից կայացված դատական ակտը, սակայն դա չի ազդել գործի ելքի վրա։ Ուստի հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Սամվել Քյարամի Ավդոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան