Համարը 
N 1461-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.12.21/93(1451).1 Հոդ.1283.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.12.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ, ՄԱՐԶԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՈՒ ՕՐԱՊԱՀԻԿԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1461-Ն

 

ՄԱՐԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ, ՄԱՐԶԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՈՒ ՕՐԱՊԱՀԻԿԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի ու օրապահիկի չափը և հատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 
2018 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1461-Ն որոշման

 

ՄԱՐԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ, ՄԱՐԶԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՈՒ ՕՐԱՊԱՀԻԿԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Իր պաշտոնավարման վայրից դուրս մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ վայրում անցկացվող Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելիս մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին (այսուհետ՝ դատավոր) հատուցվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

2. Իր պաշտոնավարման վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ վայրում անցկացվող Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելիս դատավորին հատուցվում են Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը և օրապահիկը, իսկ նույն օրը վերադառնալու հնարավորության բացակայության դեպքում՝ նաև գիշերավարձը:

3. Դատավորին Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը հատուցվում է Դատական դեպարտամենտի կողմից դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության դեպքում:

4. Դատավորին օրապահիկը և գիշերավարձը հատուցվում են, եթե Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայրը դատավորի մշտական բնակության վայրը չէ, և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

5. Դատավորին հատուցման ենթակա ճանապարհածախսի առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:

6. Դատավորին հատուցման ենթակա օրապահիկի չափ է համարվում 3 000 դրամը:

7. Դատավորին հատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ է համարվում` Երևան քաղաքի դեպքում՝ 25 000 դրամը, իսկ մարզերի դեպքում՝ 20 000 դրամը:

8. Սույն հավելվածի 5-7-րդ կետերով նախատեսված չափերը չեն ներառում վճարման ենթակա հարկերը:

9. Ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցումը տրամադրվում է դատավորի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստին հաջորդող մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա, որում նշվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի նիստի վայր մեկնելու և վերադառնալու հեռավորությունը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կողմից դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության մասին տեղեկացումը: Ընդ որում, Դատական դեպարտամենտի կողմից դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության մասին տեղեկացումը դատավորին տրվում է դատավորի կողմից Դատական դեպարտամենտին Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման մասին տեղեկացնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում:

10. Գիշերավարձի և օրապահիկի հատուցում պահանջելու դեպքում դիմումի մեջ ներառվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայրը դատավորի մշտական բնակության վայր չհանդիսանալու և տվյալ վայրում դատավորին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ դատավորի հայտարարությունը:

11. Ճանապարհածախսը և գիշերավարձը հատուցելու նպատակով դիմումին կցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

12. Ճանապարհածախսը հաստատող փաստաթուղթ է համարվում տրանսպորտային միջոցի տոմսը կամ ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, իսկ դատավորի անձնական ավտոմեքենայով մեկնելու և վերադառնալու դեպքում՝ վառելիքի ձեռքբերման անդորրագիրը:

13. Գիշերավարձի վճարումը հաստատող փաստաթուղթ է համարվում դատավորի՝ հյուրանոցում գտնվելու ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը:

14. Դիմումը կարող է վերաբերել Բարձրագույն դատական խորհրդի մեկից ավելի նիստերին մասնակցելու համար ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցմանը:

15. Դատավորին ճանապարհածախսի, գիշերավարձի և օրապահիկի հատուցումն ապահովում է Դատական դեպարտամենտը՝ դատավորի կողմից դիմումը, իսկ սույն հավելվածով նախատեսված դեպքերում նաև կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան